Երկու խոսք Վասիլի Բելովի մասին
Պատերազմում զոհված Իվանի որդի Վասիլի Բելովը հիսուն տարի առաջ ծնվել, ապրում ու ապրելու է Հայաստանից հազարավոր վերստերով հեռու հյուսիսում՝ վաղանցուկ ամառների ու ծանրորեն նստող ձմեռների Վոլոգդայում։ Պատերազմից անմիջապես հետո, բոլոր որբերի նման, արհեստագործական ուսումնարանում վարժեցվել է հյուսնության՝ ինչը դեռ պապերի ժամանակներից գիտեր, բանաստեղծական երկու ժողովածուից հետո մայրաքաղաքի գրականության ինստիտուտում բարեխղճորեն ուսումնառել է գրական գործը՝ ինչի առաջին, միակ ու անփոխարինելի ուսուցանողը տատերի ու պապերի լեզուն է, լեզվի օրորուն կյանքը, փորձը, բարոյականությունը, հստակ լավատեսությունը, ժողովրդային տառապանքի ու հերոսացման վավերական հիշողությունը։ Հայաստանում (Երևանում) եղել է։ Քչախոս էր, խոսքը՝ կշռված, տպավորվող, սառը մամլիչի պես ծանր։ Կոչված էր կլոր սեղանի շուրջը բանավիճելու կարևոր հարցերի մասին, վիճարկեց հենց կլոր սեղանը։ Սիրո մասին ուսանողուհիների հավերժական հարցին պատասխանեց, թե իրենց կենսաբանական թրթիռները նրանք շփոթում են մարդկային ամենամեծ զգացմունքի հետ՝ որ տաղանդ է և, ինչպես տաղանդը, եզակիների կարողությունը։ Հակակրանքով արտահայտվեց զբոսաշրջիկության մասին, ժամանակակից սպորտը համարեց անհեթեթություն և այլն, և պատասխանների միասնությունը մերժում էր աշխարհի այս «խելակորույս, խելակորույս, խելակորույս» սլացքը։
Գրական ու ընթերցող լայն հասարակայնությունից նկատվել է մոտ քսան տարի առաջ «Պրիվիչնոյե դելո» («Էս է», «Կյանք է», «Մեր կյանքն է», «Ինչ ասեմ»...) ծավալուն վիպակով։ Նկատվել, առանձնացվել և գրականության մեջ, թերևս նաև համաշխարհային գրականության, մնալու է առաջին հերթին այդ վիպակով։ Չնայած հետագա տարիները նրա փառքին միայն փառք են ավելացրել, չնայած «Լադ» («Կատարելություն») համայնագիտարանային աննախադեպ գրքի արդեն առկայության (1982) և չնայած գրական գործին ու իր վոլոգդյան հայրենիքին (որոնք իր համար հավասարազորներ ու մեկ և նույն բանն են) նախանձախնդիր մշակի իր խիղճը գրասեղանի մոտ և ոչ մեկ պարապ օր է անցնելու, այդուհանդերձ «Պրիվիչնոյե դելո» վիպակն է չգերազանցված մնալու, քանի որ դրա հեղինակը ուրիշ ոչ մի անգամ չի զորելու անկողմնակալ տարեգրողի կեցվածք պահել, մեծ գրականությունն այնինչ վստահում է հենց անկողմնակալ տարեգիրներին։ Ինքն այլևս չի զորելու այդ «սառը պատմողը», այսօրվա լավի ու վատի վրա այդ անտարբեր տիրակալը լինել, որովհետև երբեք է հաշտվելու երեկվա օրով պառավ բադերի պես թոռների երամներ գլխավորող տատիկների այսօրվա քաղաքային թոշակավորված ավելորդության հետ, չի հաշտվելու կյանքի երեկվա մշակի ու տիրուհու՝ ռուս գեղջկուհու այսօրվա ֆաբրիկավորված հասարակացման, գեղջուկ ունիվերսալի այսօրվա կոնվեյերացման, հին, հազարամյա գյուղի՝ մարդկայնության օրորոցի, այդ «խղճավոր դպրոցի» կործանման հետ, չի կարողանալու լքել «գեղջկաքրիստոնեական մշակույթի» մեծ մայրցամաքի կտրտված, մաշված, հալված, փոքրացած, արդեն սուզվող կղզին և դարի քաղաքա֊կրթության բետոնակուռ եզերքից դիտել սպառումը նրա, ինչը դեռ երեկ հոգու և մարմնի հավերժական հայրենիք էր թվում, և այսօրվա մեր կեցության նոր ոլորտներում ոչ մի իրավիճակ ու մարդկանց ոչ մի հանրություն չի կարողանալու իր տարեգրից այնքան կարեկցանք կորզել, ինչքան այդ վիպակի գյուղը՝ թերևս իր դառը պատանության գյուղը։
Այդ գեղջկական առաքյալի ու իր ավետարանի իմ վաղեմի սերը նորոգելու համար պատահական մի էջ բացեցի, և ահա.
«Նա արդեն ճանաչում էր ծնողական խրճիթի բոլոր ձայները։ Առանձնապես՝ դռան ձայնը։ Ամեն անգամ նրա սիրտը մարում էր հուսահատությունից, երբ տատը դույլն առած ելնում էր խրճիթից, գնում կորչում։ Տրտմությունն անտանելի էր դառնում, արտասուքը հավաքվում, հիմա-հիմա ուզում էր ցայտել, բերանն անհույս կեռվում, վերջնական պայտի պես մնում էր։
Անտանելի վայրկյանները հոգին կրծում էին, այլևս անհնար էր դառնում զսպել արցունքոտ ճիչը։ Սեղմված կոկորդը հիմա կարձակեր այդ ճիչը, բայց դուռն այդտեղ բացվում ու ներս էր բերում իրական, առոք-փառոք Եվստոլյա տատին, որ խրճիթն իրենով լցնում ու, երեխաներին անուշադիր, վառարանին էր գնում։ Եվ ճիչի ու արցունքի կուտակը նստում, անհույս լքված Վալոդկան հայտնվում էր հրճվալից թեթևության մեջ։ Տատը մինչև կազատվեր տան գործերից, դա այդպես կրկնվում էր անընդհատ, նա ուղղակի չէր հաշտվում իր վիճակի հետ։ Միշտ բացակա, անվերջ բացակա մոր կարոտը մաշում էր նրա փոքրիկ սիրտը, և երբ տատն էր հեռանում՝ երեխան այլևս չէր կարողանում, արդեն փլվում էր, արդեն չէր ուզում նրանց նույնիսկ օրորը։
Օրորոցի երկու եղբոր մեծը՝ Մարուսյա քույրիկը մոտենում, խաղալիքը եղբայրների վրա չխչխկացնում էր։ Մարուսյան չորս տարեկան էր, օրորոցի բոլոր ճաղերն ու ոստերը Վալոդկայից ավելի իրեն էին ծանոթ, և ինքն էր ուզում իրենից թաքուն օրորոց մտնել։
Օրորիր դրանց, Մարուսյա, օրորիր, անուշ աղջիկ, որ մեծանան ու քեզ ավտո նստեցնեն»։
Այսպես, ամեն ինչ այնքան է այստեղ բնական, խորը, նշանակալի, հարկավոր ու կարևոր և սիրտ սեղմելու չափ մոտիկ, որ անհնար է առանց սեփական ձեռքի վրա բռնանալու սահմանա-փակել քաղվածքը։ Այսպես՝ քրեստոմատիական հստակությամբ, նա կարողանում է պատմել վաթսուննոց տատի և վեցշաբաթյա երեխայի, կոլխոզային չարքաշ ձիու և Ռոգուլյա «քրիստոնյա» կովի, սրբուհիների և անառակների, լրջորեն կառավարողների և հնազանդորեն հպատակվողների մասին, ինչպես որ իր մի կարճ պատկերների շարքն է գլխագրված՝ «Աստծու ամեն արարածի»։
Մի առիթով ես հպարտացել եմ, թե մարդկային հիշողության նահանջի դեպքում, ինչը որ համառ հետևողականությամբ ամեն օր ու մեր բոլոր ժամերին է լինում, ես կարող էի համայն մարդկության համար վերականգնել հողագործության - անասնապահության հին մեծ մշակույթը,- բայց ահա թե ով էր կարող և ում էր կարելի վստահել։
Ընթերցումը, ինչպես մի գրողի մասին ուրիշներն են արտահայտվել, ստեղծագործական նախանձի բուռն ալիք է բարձրացնում, ուզում ես շատ ու շատ էջեր, մինչև որևէ ծանծաղ տեղի կամ ընթերցողից ներողամտորեն միշտ հանդուրժվող որևէ մոտավոր ճշմարտության հանդիպելը, արտագրել, կողոպտել, և չկա այդ պայմանականորեն ճշմարիտը, և չկա այդ խանգարիչ անկարևորը։
Այս դեպքում ես նախանձում եմ նաև թարգմանչին՝ հետքսաներորդհամագումարյան մեր սերնդի ստեղծած այս ամենալավի, մեր մայրերի մասին այս ամենաճշմարիտ խոսքի, մեր բոլորիս այս գլուխգործոցի յուրացման իր հնարավորության ու կարողության համար։ Վերոբերյալ հատվածը քաղելիս ես մի քանի անգամ կանգ առա անթարգմանելությունների առջև։ ՊՈԴԿՈՎԿԱՆ պայտն է, ԳՈՐԿԻՆ՝ դառը, բայց «դառը պայտը» անհեթեթություն է։ Գեղարվեստական գործի թարգմանությունը պարզապես անհնար է։ Անհնար է ոչ միայն մի լեզվից մի այլ լեզվի թարգմանելը, այլև մեկ և նույն լեզվի մեջ մի գրողի, ասենք թե Շոլոխովին, մի այլ գրողի, ասենք թե Բելովի, լեզու փոխադրելը։ Դա նշանակում է գրողին հանել իր լեզվական միջավայրից այն դեպքում, երբ գրողն ինքը հենց իր լեզուն է։ Պետք է լեզվական նոր միջավայրի օրենքներով վերստեղծե՞լ թարգմանվող գործը, ասենք թե հայացնել կամ գերմանացնել, թե՞ հայերենի կամ գերմաներենի մեջ ռուսերեն կամ անգլերեն թողնել. ինչի հնարավորությունը նկատել է դեռևս Թոմաս Մաննը։ Չգիտեմ, գիտեմ միայն, որ փոխադրության ճանապարհին երկը չպիտի սպանել։ Վաստակաշատ թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանը, որ մասնավորապես շուկշինյան քմայքոտ պատմվածքների թարգմանությամբ շահել էր հայ ընթերցողի շնորհակալ վստահությունը, այստեղ իր հաջողությունն առնվազն կրկնել է։
Իրեն՝ իր ժամանակի ու երկրի վրա որպես առակավոր զավակ գուրգուրացող Վասիլի Իվանովիչ Բելովին թվում է, թե զուտ գորշահողային Ռուսաստանի ու զուտ վոլոգդյան ճակատագրերի վրա է հեծեծում, բայց դրանք ահա հենց հայաստանյան ճակատագրեր են, հենց մեր օրուկյանքն է այդպես լավատեղյակորեն ներկայացված նրա «հյուսիսային» վիպակներում։ Ինքը բացահայտել է ջանում իր տեղի ու ժամանակի եզակիությունը, այնինչ բացահայտվում են հենց համընդհանուրն ու համամարդկայինը, սիրո, հավատարմության ու կարեկցանքի այն հունդը, որ մեր բոլորիս տարբերությունների յոթ ծալքի տակ այնուամենայնիվ կա և մեզ դեռ մարդ ու մեր մարդկայնությամբ միմյանց շատ նման է պահում։
Երևան, 24.10.1983