Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Վահան Տերյան

Երբ կյանքը սուր փշերով

Երբ կյանքը սուր փշերով
Կարյունոտե քո հոգին,
Հիշի՛ր, որ սուրբ հուշերով
Շղթայված ես դու մեկին։

Երբ մենք հեռու կըլինենք,
Երբ կանջատվենք առհավետ,
Հիշի՛ր, որ կա սրբազան
Հանդիպումի արահետ։

Հիշի՛ր, որ երբ մի անգամ
Մահին հաղթեց խնդագին,
Էլ չի կարող մոռանալ
Ակնթարթն այն մեր հոգին։

Քո խոսքերը սրբազան
Չեն խավարիլ խավարում,
Շուրջը, շուրջը ամեն ինչ
Կերգե անդարձ քո հեռուն։

Դու կըլինես իմ հոդում,
Դու ամեն տեղ կըլինես,
Որպես քաղցր մի խոկում,
Ե՛վ անմարմին, և՛ անտես։

Մեզ ամեն ինչ այս երկրում
Հմայում է և խաբում,
Բայց կա անհաս մի բերկրում,
Հրաշք-անկարծ հանդիպում…

Երբ կըլինենք մենք հեռու,
Անվերադարձ և օտար,
Հիշի՛ր, որ ինձ մի անգամ
Հավերժաբար դու գտար…