Մեղմիվ փռվեց քնքուշ մութ
Մեղմիվ փռվեց քնքուշ մութ
Խորհրդավոր, թափանցիկ,
Երեկոնե՜ր իմ կապույտ,
Երազնե՜ր իմ փութանցիկ...
Ժանյակները լուսազարդ
Լայն երկնքի ծովերում
Հյուսվածներով անավարտ
Մոռացումս են օրորում...
Ժըպիտներով խաղացկուն
Երգն է ձուլվել իմ կյանքին,
Սեր ու երգ է իմ հոգում,
Սիրո երգ է իմ հոգին...
Իմ սիրո պես խորն ու մեծ
Շուրջըս աշխարհն է ծփում.
Ոսկի հեքիա՛թ, ո՞վ պատմեց
Քեզ կախարդված իմ հոգուն...
Մեղմիվ փռվեց քնքուշ մութ,
Խորհրդավոր, թափանցիկ,
Երեկոնե՜ր իմ կապույտ,
Երազնե՜ր իմ փութանցիկ...