Զապել Եսայան

Որբերը հայ մայրերուն

Հա՛յ մայրեր, ձեզի կնվիրեմ այս գրությունս, ինչպես ահավոր և անպատմելի աղետը՝ ձեր խնամակալության, ձեր սիրույն կնվիրե հազարավոր որբացածներ: Իրենց անունը լսած ատեն մի՛ խորհիլ այնպես, ինչպես սովոր են խորհիլ հեռավոր և տարտամ դժբախտության վրա այլ յուրաքանչյուր որբի մեջ ձեր զավակը տեսեք ու ամեն մեկ հատի համար առանձին տառապեցեք, ու ձեր սիրտերը լայնորեն, անսահմանորեն բացեք այս անակնկալ, այս վշտագին մայրության:

Դեռ Մերսին չհասած, ճամփորդության միջոցին իմացանք թե ադանացի որբեր կան պատսպարված Իզմիրի մեջ Գերմանական որբանոցը: Երբ Իզմիր հասանք, ցավագին, ջղագրգիռ անհամբերություն մը զիս մղեց տեսնելու այդ քսան և վեց որբերը. ասիկա մեր առաջին հանդիպումը եղավ արկածյալներու հետ:

Մայրապետը, նիհար, ազնվական դեմքով կին մը, մոխրագույն մազերով, երկարորեն պատմեց մեզի այրիացած մայրերուն հուսահատությունը, ոմանց տրտմությունը և գրեթե ամենքին վարանումը իրենց զավակները հանձնելու մեջ:

«Աոաջին անգամ, երբ լսեցի Ադանայի դեպքերը, պարտական զգացի ինքզինքս տեղին վրա գտնվելու, անմիջապես ճամփա ելա հայ օրիորդի մը հետ, որ 95-ի դեպքերուն որբացածներեն էր և որ հիմա իմ լավագույն օգնականներես մեկն է… Մեր միսիոնը տաժանելի ու դժնդակ էր. երևակայեցե՛ք անգամ մը. Ադանա այդ միջոցին դժոխք մըն է. դեռ տաք մոխիրներուն վրա ոգևար մայրեր, վիրավորված և խեղանդամ մայրեր, իրենց զավակները կհանձնեին մեզի, սիրտներնին հանգիստ մեռնելու համար: Հաճախ անմիջապես կզղջային… մեր ետևեն կգոչեին ու իբր թե իրենց զավակը հափշտակած ըլլայինք իրենց գիրկեն, սրտմտած ու ցավագին աչքերնին մեզի հառած կպաղատեին, որ մանկիկը վերադարձնենք: Անհրաժեշտ էր անխոնջ համբերությամբ համակերպվել իրենց փոփոխվող տրամադրություններուն:

«Մեր քովը կմնային այն տղաքը, որոնք ծնողքնին կորսնցուցած, վիրավոր և կիսամերկ կթափառեին ավերակներուն մեջ. երբեմն նույնիսկ այս փախստական փոքրիկները, այս ահաբեկած և ուղեկորույս որբերը կգտնեին իրենց մայրերը, երեսնին արյունով ու փոշիով ծածկված կիներ, աչքերնին կուրացած արցունքեն, հաճախ վիրավորված, տաժանելիորեն կսգային և գավակնին ետ կառնեին, երբեմն կհայհոյեին, երբեմն կսպառնային մեզի, մատակ առյուծի ուժգնություններ կար իրենց շարժումներուն և խոսքերուն մեջ… նույն այդ կիները երկու օր ետքը վատուժցած անոթութենե և վատթարացած ֆիզիկական ցավերե, կբերեին իրենց զավակները ու կրկին կհանձնեին մեզի ու այլևս, առանց խոսելու, ետ կդառնային:

Այդ մայրերեն շատեր մեռած էին վերջեն:

Երբ մայրապետը մեզ կառաջնորդեր դեպի այն սրահը, ուր ադանացի որբերը պիտի գտնեինք, նրբանցքին մեջ հանդիպեցանք երիտասարդ սիրուն աղջկա մը, որ երկու տարեկան տղեկ մը ուներ գիրկը: Երկուքն ալ որբ էին, և առաջին դեպքերու հայ որբուհին՝ մայրություն կըներ երկրորդին:

Գլուխը մեկ կողմ ծռած, աչքերը մթին ու անսահմանելի խռովքով մը լեցուն այդ մանկիկը, դաժան ու կասկածոտ, ակնարկը սևեռած էր գետին:

Երբե՛ք, այն օրեն ի վեր, որ զինքն առեր էին դիակնացած հոր դիրքեն, երբեք գլուխը չէր բարձրացուցած և ոչ մեկ օր իր մանկական աչքերը չէին ժպտած. ի՜նչ անօրինակ և իր երեխայի հասկացողության հետ անհաշտ պատկեր դրոշմած էր իր մատղաշ ուղեղին մեջ. ի՞նչ տեսած և ի՞նչ հիշատակ պահած էր տեսածեն. ի՞նչ ցավով էր, որ կտառապեր այդ հեք տղեկը, ան ի՞նչ տրտմություն էր աշխարհի ու մարդոց դեմ ու ինչ խորունկ, անհատակ յուրահատկություն կար իր թոթովելու անվարժ շրթունքներուն վրա:

Գիրուկ էր ու գեղեցիկ, ճակտին վրա խարտյաշ խոպոպիկներ կիյնային, կարծես դեռ խոնավ մորը համբույրներեն: Ո՞ր գիրկեն խլած էին այդ տխուր ու դժբախտ մանկիկը, ո՞ր մայրական գուրգուրալի ուշադրությունեն, երազներեն, հույսերեն ու հպարտութենեն զրկած էր զինքը թշնամին, որ իր ատելության անողոք կնիքը գտած էր վշտացած շրթունքներուն վրա. որովհետև դաշույնի հարվածի երկար սպի մը կերևեր այտին վրայեն մինչև շրթունքը:

Լեզու ելա՞ծ էր արդյոք, կհիշեր այն խանդաղատանքը, այն մեծ ուրախությունը, որով իր հայրն ու մայրը ողջունած էին իր առաջին վանկերը, իր ծնողքին սուգը պահելու համա՞ր էր, որ կմերժեր օտարներու քով արտասանել զանոնք:

Անոնք որ տեսան զինքը՝ անկարող պիտի ըլլան մոռնալ այլևս այդ անմխիթարելի վիշտով համրացած տղեքին պատկերը, ամբողջ ցեղին մանկությունը տխրած էր անոր աչքերուն մեջ…

Մնացյալ որբերը, հինգեն տասը տարեկան, հավաքված էին դասարանի մը մեջ. ամենքն ալ անջնջելի կերպով կկրեին արհավիրքի ու վշտի հետքերը՝ իրենց արևեն այրած դեմքերուն և արցունքի հաճախումեն կարմրած կոպերուն վրա: Ամբողջ ցավի, կարոտի աշխարհներ կընդնշմարվեին երբեմն իրենց սև և ցավագին աչքերուն ու հիմարական ժայթքումներ՝ իրենց նայվածքներուն մեջ. հրդեհված քաղաքին բոցերեն էին, որ կարծես կպարեին իրենց հիշողության առաջ ու տղաք այդ րոպեներուն կզգուշանային իրարու նայելե:

«Սկսած են մոռնալ ու սովորական կյանքի մեջ մտնել», կհաստատեր մեզի մայրապետը: Բայց չէ՜, անոնք չէին մոռցած ու մանավանդ իմանալով, որ դեպի Ադանա պիտի երթանք, բռնված անզսպելի վշտի տագնապե մը՝ սկսան լալ հեկեկալով, ու իրենց փոքրիկ մարմինները, զրկված մայրական գգվանքներե, կգալարվեին հուսահատորեն նստարաններու վրա:

Իրենց ցավը չարծարծելու համար որոշեցինք հեռանալ, բայց իրենց խելահեղ նայվածքն արցունքի ամպի մը ետևեն կհետևեր մեզի, կկառչեր մեզի ու չէինք գիտեր այլևս թե պարտական էինք իրենց մոտ մնա՞լ թե մեկնել:

Հեռանալե առաջ՝ փափագեցանք տեսնել երկու փոքրիկներ, որոնք տենդե բռնված էին ու մայրապետը մեզի առաջնորդեց անոնց քով: Ճերմակ և մաքուր սավաններու մեջ երկու թխորակ գլուխներ կհանգչեին․ մեռելային տժգնություն մը երևան կհաներ իրենց հոնքերուն և թարթիչներուն սևությունը, շրթունքները կապուտցած, պրկված էին ջղաձգորեն: Սարսափով խորհեցա այն մղձավանջներուն վրա՝ որով այդ տենդե բռնված պզտիկ ուղեղները տանջված ըլլալու էին. երկուքին ալ մայրերն այրած էին Ժեզուիթներու դպրոցին մեջ ու տղաքը հրաշքով ազատված, մեկուն այտը խոռոչացած էր գնդակի հարվածե մը:

Ու այդ երկու մարտիրոսացած պզտիկներում մոտ աթոռի մը վրա կտեսնեմ պուպրիկ մը. ի՞նչ անհագուրդ մնացած ու մեզի անծանոթ խանդաղատանքի ու սիրո ծարավ է, որ այդ որբացած աղջիկները կփոխադրեին անշունչ խաղալիքին վրա: Ուզեցի, որ աչքերնին բանային ու տեսնեին մեզ, տեսնեին մեր կարեկցության մերձավորությունը. ուզեցի, որ իրենց մայրենի լեզվով բառեր լսեին, ու իրենց խոսեինք այնպես, ինչպես իրենց ծնողքը պիտի խոսեին:

Բայց տենդի սաստկութենեն ծանրացած, անոնց աչքերը փակ մնացին մինչև մեր մեկնած պահուն:

٭٭٭

Երբ Մերսին հասանք՝ արդեն պատրաստված էի ամենամեծ դժբախտության պատկեր մը տեսնելու, իմ երևակայությունս՝ սարսափելի համեմատությամբ իրականության մը կսպասեր: Բայց ինչ որ տեսա՝ վեր էր ամեն երևակայութենե. ինծի դժվար է ամբողջական գաղափար մը տալ. բառերը իրենց առօրյա և ընթացիկ իմաստով անկարող են արտահայտելու ահավոր անպատմելի երևույթը, որ իմ աչքերս տեսան:

Այն օրերուն՝ երբ հրդեհե ազատողները հրացաններու գնդակներուն զոհ կերթային, այն օրերուն՝ ուր սարսափահար և խուճապի բռնված մարդիկը ոտնակոխելով տկարներն ու անկարողները, ինքզինքնին ազատել կճգնեին, տղոց մեծ մասը բաժնված իրենց ծնողներեն՝ ցրված էին ասդին անդին: Պատրիարքական առաջին պատվիրակությունը մաս առ մաս հավաքելով զիրենք ղրկեր էր Մերսին՝ պատսպարելու ազգային վարժարանին և եկեղեցիին մեջ, որպեսզի, հեռու աղետավայրեն, այդ հեք մանկությունն աստիճան մը մոռնա ահռելի օրերուն հիշատակը ու որբերուն ոտքերը չկոխեին այն հողին վրա, ուր իրենց ծնողին արյունը թափված էր:

Շատեր պատմեցին իրենց հասնիլը, գրեթե մերկ կամ ցնցոտիներով ծածկված, որոնց վրա հաճախ իրենց մոր արյան հետքը կար. գլուխնին բաց, աչքերնին մոլորած, խումբերով կմտնեին Մերսին ու իրենց բոբիկ ոտքերուն հանած փոշիին մեջ՝ իրենց մարմիններեն արտաշնչված քրտինքի և աղտեղության հոտը կծածաներ երկար ատեն:

Երբ զիրենք հավաքեր էին եկեղեցին, անոնք դեռ ահաբեկած՝ չէին խոսեր, չէին լար: Սարսափն այնքան մեծ էր այդ տղեկներուն մեջ, որ, որևէ մարդ տեսնելուն, կդողային ջերմե բռնվածի պես: Մարդիկ՝ այդ մատղաշ և անմեղ տղոց երևակայությանը կներկանային մեկ ձևով մը. անոնք ամեն մեկ չափահաս այրի մեջ ոճրագործ մը կտեսնեին, սարսափելի նմանություններե կմոլորեին, ահավոր պատկերներ կտեսնեին և կուզեին փախչիլ, խելակորույս, սահմռկած, հիմարացած… իրենց մանկական հասկացողությունը խանգարված եր, որովհետև օրերով և օրերով տեսել էին ոճրագործները դանակը կամ հրացանը ձեռքերնին, աչքերնին վառած չարագործության մոլուցքեն ու բերաննին գալարված հայհոյություններով ու սպառնալիքներով: Արյունն անձրևի պես ժայթքած էր իրենց շուրջը և իրենց բիբերը ժամերով ընդլայնած հրդեհին արհավիրքովը:

Տղաքը կհանդարտեին երբ աոանձին կմնային ու երբեմն կխոսակցեին, բայց իրենց խոսակցությունն ընդհատված էր երկար լռություններով, երբեմն, ամենքը մեկ տարված նոր ցավեն, կուլային հեկեկալով և կմերժեին մխիթարվիլ կորսված, գրեթե վերացած իրենց վշտին սաստկության մեջ, ու իրենց մանկական ուժերեն վեր ըլլալով իրենց տառապանքը, ոմանք աչքերնին դեռ արցունքոտ և կուրծքերնին հեծկլտանքեն ուռած՝ գլուխնին կդնեին գրասեղանի վրա ու կքնանային երկար ատեն: Ուրիշներ՝ գուրգուրանքի, ընտանեկան սիրո հանկարծական պետքե մը մղած կեղբայրանային իրենց թշվառության ընկերներուն հետ: Երկու տղաք առանձնացած կխոսակցեին.

- Հայր ունի՞ս:

-Ո՛չ:

- Մա՞յր:

-Ոչ:

- Ես ալ հայր-մայր չունիմ:

- Սպաննեցի՞ն:

- Այո՛:

- Իմս ալ սպաննեցին:

Երկար, ցավագին լռություն կտիրե ու քիչ հետո.

- Կուզե՞ս, որ եղբայր ըլլանք իրարու:

Ու զիրար կորդեգրեն:

Այդ է խոսակցության ընդհանուր եղանակը 5-են 10 տարեկան հարյուրավոր տղոց: Երբեմն ալ կորսված քույրեր ու եղբայրներ զիրար կգտնեին և իրարու աչքերի մեջ կճանչնային իրենց անցուցած սարսափելի ժամերը ու չէին համարձակեր իրարու մոտենալ, կարծես բաժանված, խողխողված մոր մը կամ հոր մը դիակին սարսափելի հիշատակովը: Որովհետև ամենքն ալ, գրեթե առանց բացառության, կյանքի բնազդական հրայրքեն մղված կուզեն մոռնալ ու թշնամիի պես կնային անոնց վրա, որ իրենց արյունոտ սրտին կիրքերը կբանա, կամ նույնիսկ իր ներկայությամբ այդ ժամուն հիշատակը կարծարծե:

Երբ աոաջին անգամ տեսա այդ հարյուրավոր տժգույն, մռայլադեմ որբերը, հակառակ ըրած գերմարդկային ջանքերուս չկրցա ըմբռնել իրենց դժբախտության ամբողջությունը, մինչև այսօր այդ բանն անկարելի եղած է ինծի համար. մանրամասնություններ կամ մասնակի պատկերներ կերևան մտքիս, բայց երբեք չեմ կարող հաշվել այն անսահմանելի, այն արյունոտ պատմության գումարը, որ յուրաքանչյուր տղու գլուխ կներկայացնե: Երկար ատեն ես չէի կրնար զբաղիլ իրենցմե յուրաքանչյուրով: Շփոթ, տարտամ անսահմանելի եղերերգություն մըն էր, որ այդ դեռ զարմացած դեռ չապրած, դեռ չհասկցած մանկական նայվածքներու ամբողջությունը կարտահայտեր: Այն նախճիրը, այն թափված արյան հոսանքը, կրակին ու դաշույնին մեջ բռնված խելահեղ մարդկության մը հուսահատությունը՝ իմ հասկացողությանս սահմանեն դուրս կմնար և այսպես եղած է, կկարծեմ, ամեն մարդու համար:

Ու այս տղաքը գիտեն թե սարսափ կազդեին ինծի, իրենց հոգեբանությունը զիս կվրդովեր և չէի կարող իրենց աչքերուն մեջ նայել. սուր և անդիմադրելի ցավով կնշմարեի, որ անջնջելի մղձավանջներ կան հոն և թե մանկական ժպիտը, մանկական պայծառ ու մաքուր լույսը մաքուր էր անոնց աչքերուն մեջ. իրենց թուխ, մթին, մռայլ դեմքերուն վրա ամբողջ արհավիրքն անպատմելի ժամերուն երբեմն կարելի էր կարդալ ինչպես բաց գիրքի մը վրա, բայց երբեմն ամեն բան կսևնար և անթափանցելի կդառնային․ ասիկա ալ ավելի խռովիչ էր:

Շատ անգամ լուռ կմնային ու համր՝ մեր հարցումներուն դիմաց․ բայց երբ կխոսեին, իրենց յուրաքանչյուր բառը հոգեվարքի վայրկյան մը, անմարելի տվայտանքներու․ վշտի ու մանավանդ կարոտի աշխարհ մը ընդնշմարել կուտար: Որբերեն ոմանք մայր ունեին ու ամեն օր սրտաճմլիկ տագնապներու ականատես կըլլայինք:

Երբեմն, հակառակ բոլոր նյութական դժվարություններուն, մայրեր իրենց կարգին կարոտե բռնված կուգային Մերսին, աճապարանքով ու անձկությունով կփնտրեին իրենց զավակը որբերուն խումբին մեջ, ու ցավագին ջղագրգռությամբ մը մերձենալով անոր՝ քարի պես անշարժ կմնային ու չէին համարձակեր զայն համբուրելու… այդ իրարմե բաժնված մոր և զավակին մեջ պետք չէր, որ գորովանքի նոր կապեր հաստատվեին․ այս դառն ճակատագիրը կհասկնային բնազդով ու կվերադառնային ալ ավելի հրահրված վիշտով ու կարոտով:

Գիշեր մը ուզելով այցելել․ պառկելնուն ետքը՝ առաջնորդվեցա որբերուն ննջարանը․ անմոռանալի ու զարհուրելի պատկեր մը ներկայացավ աչքիս… Ընդարձակ սրահին մեջ, կարգով գետինը փռված անկողիններու վրա, կիսամերկ մանկական անդամներու շփոթություն մըն էր… տեղը նեղ ըլլալուն՝ տղաքն իրարու կից պառկած էին կարծես. շնչառութենեն և ուրիշ այլ և այլ արտաշնչումներն օդն անշնչելի և խեղդիչ դարձած էր: Կես մութին մեջ չեմ գիտեր ինչ կը կծածաներ խռովիչ ու մղձավանջային: Տղոց մարմինները կորսված անսավան անկողիններու սևության հետ, միմիայն անդամներու գիծերը կերևային ասդին-անդին, բազուկներ ու թևեր… և այդ սրահները սրբապղծված ու խառնշտկված գերեզմաններու պես տխուր թվեցան ինծի:

Երբեմն մեկը գեշ երազե մը դրդված՝ գլուխը կբարձրացներ և շուրջը կնայեր սոսկալով, ու իր մեկ աղաղակեն բոլոր այդ անձև, գրեթե զանգվածային կույտերը կխլրտեին ու երբեմն՝ ասդին անդին անհանգիստ գլուխներ ալ կցցեին: Աոաջին օրերուն պատահեր է, որ մեկ տղու մը զառանցանքներեն վրդովված ու կես քունի մեջ չհասկնալով, թե ո՞ւր են, ամբողջ սրահի մը տղաքը կանգներ են աղաղակելով, կարծելով թե ջարդի ժամերու մեջ կգտնվին:

Հակառակ մտադրած ըլլալուս բոլոր պաղարյունությունս պահելու, այդ գորովանքն, մայրական խնամքե ու սերե զրկված մանկական դեզը զիս դղրդեց խորապես… ուզեցի մեկնիլ ու մեր ներկայությունով չխանգարել տղոց քունը… ոմանք կհառաչեին, ու ամենքն արթնցած անհանգիստ նայվածքները կուղղեին մեզի…

Մեկնելու կպատրաստվեինք, երբ գրեթե ոտքերուս առաջքն աղջնակ մը տեսա․ երկու պայծառ և անթարթ բիբեր ինծի կնայեին… խարտյաշ մազեր ցրված էին բարձին վրա, վտիտ վիզը, վտիտ անդամներն այնպիսի հոգեկան և ֆիզիկական թշվառություն մը կներկայացնեին, որ չկրցա ինքզինքս բռնել ու սկսա լալ. որքա՜ն ալ հեծեծանքներս խեղդված էին, տղաքը լսեցին ու արթնցան: Վայրկյան մը զարմանալի լռություն տիրեց, բոլորը շունչերը բռնած էին… գլուխնին բարձրացան, ու մեկը սկսավ լալ. այս նշանին վրա բոլորը մեկեն, հարյուրավոր տղաքներ, սարսափելի ջղաձգութենե մը բռնված իրենց վտիտ ու անզոր անդամները գալարելով, իրենց թշվառ խշտյակներուն վրա սկսան հեծեծագին աղաղակել ու արտասվել, իրենց կորսնցուած ծնողքները կանչելով…

Երկար ատեն հարկ եղավ մեզի, որպեսզի կարենայինք զիրենք հանդարտեցնել: Երբ վերջապես իրենց հոգնած գլուխները հանգչեցուցին բարձին վրա, զույգ մը պայծառ աչքերն աղջնակին միշտ ինձի կնայեին ու մեկնելե առաջ ուզելով գիտնալ թե ինչո՞ւ չէր քնացեր, երբ իրեն մոտեցա, երկու թևերը երկնցուց վզիս ու երկար ատեն զիս պահեց իր մոտ… Մեկնելե առաջ կրկին նայեցա ամենուն վրա. սրահը լուռ և խաղաղած էր. ինծի հավաստեցին նաև, որ այլև հանդարտ կքնանան մինչև առավոտ: Ինծի թվեցավ սակայն, որ այդ մանուկներն առանց դադարի և անողոք համառությամբ մը կերազեն իրենց անցուցած սարսափի օրերը և թե մղձավանջը շարունակաբար կծածանի իրենց թխորակ գլուխներուն վերև:

Առաջին օրեն խոսած էին ինծի առևանգած ութամյա աղջկան մը վրա. ու թեև զինքը դեռ չէին նշանակած ինծի, կզգայի թե ան էր… անխուսափելիորեն ան ըլլալու էր. այդ վշտագին ու ցավատանջ աչքերուն մեջ այնպիսի անդարմանելի բան մը կար, որ միշտ զիս վատ ու երկչոտ կդարձներ և կխուսափեի դիմագրավելու այդ նորատեսակ տառապանքին հայտնությանը:

Ամեն օր, երբ որբուկներուն և որբուհիներուն շարքը կայցելեի, արդեն իսկ ընտանեցած իրենց յուրաքանչյուրին արհավրալի պատմություններուն, կանցնեի արագ այդ մեկ մանկական դեմքին առաջքեն, բնազդաբար զգալով թե արտակարգ պարագա մը կա կապված այդ փոքրիկ աղջկան պատմության մեջ:

Ինծի պատմած էին սակայն անոր պատմությունը՝ իր բոլոր դժնդակ մանրամասնություններով: Արդյոք կարելի՞ էր… Ես չէի կրնար ըմբռնել այդ հրեշությունը:

Բայց օր մը վերջապես իմ մոտս բերին այդ աղջիկը ու ես շփոթված ու ամոթահար մնացի իր առջև: Երբ բոլորովին առանձին մնացինք, այն ատեն միայն բարձրացուցի աչքերս դեպի ինքը, ու ձեռքը բռնած՝ երկար ատեն նայեցա իր վտիտ ու դողահար էության՝ առանց խոսելու և առանց որևէ հարցում ուղղելու: Ինծի թվեցավ որոշ կերպով թե այդ բանին վրա որևէ ակնարկություն, որևէ հետաքրքրություն մեղսակցության մը պես հրեշային բան էր… Եվ արդեն ի՞նչ հարկ կար մանրամասնություններ գիտնալու, հուզելու այդ անբախտ մանկիկին հիշողությունը. իր պատկերը բավական էր ու իր աչքերը, իր վիրավորված, մատղաշ անասունի աչքերը՝ կպատմեին ամեն բան:

Շատ վտիտ էր ու տխեղծ երևույթով․ իր բարակ բազուկները երկու դյուրաբեկ ձողերու պես կիյնային մարմնո երկայնքին․ տկար սրունքները կվերջանային բոբիկ և խոշոր ոսկրոտ ոտքերով՝ որոնց վրա հոդվածները պինդ հանգույցներ կկազմեին, մարմինը կորսված էր լայն բլուզին ծալքերուն մեջ՝ որուն օձիքեն վեր կցայտեր երկայն ու նուրբ վիզը, շնորհալի ճկունությունով մը հակած մեկ կողմին՝ կարծես ընկճված գլխուն ծանրութունեն. հարդի գույն ողորկ մազեր․ անհավասար կերպով կտրտած կիյնային ծոծրակի գծին… Այդ արևի տակ ծնած և արևի տակ մեծցած գունատ մազերու պսակին տակ՝ իր աչքերը, իր մռայլ ու վշտագին աչքերն իրենց անակնկալ արտահայտությամբ կսգավորեին այդ ճղճիմ, այդ վատուժ ու խղճալի էություն… Իր անարգված և նախատինքի ենթարկված մանկությունն արթնցած էր վաղահասորեն մարդկային գերագույն դժբախտության: Ի՞նչ մտածում և ի՞նչ խորհուրդ կվետվետեր իր ճակտին ներքև… Այն օրերուն ի վեր, որ մտած էր անիկա որբանոցին մեջ, այն օրեն ի վեր չէր ժպտած ու չեր խոսած ոչ մեկ անգամ․ մյուս տղաքը կխմբվեին, իրենց դժբախտությունն ու թշվառությունը կմիացնեին, իրարու կհաջորդեին իրենց ցավերն ու կարոտները, և շատ անգամ կմիթարվեին՝ ավելի մեծ վշտի մը արտահայտության մեջ: Բայց անիկա չէր մոտենար ոչ մեկուն և իր ցավին մեջ, առանձին ու դաժան մնացած էր միշտ:

Հիմա կնայեի իրեն՝ խանդաղատանքով և վրդովված ուշադրությամբ մը. իր դեմքին ամեն մեկ մանրամասնությունները կտպավորվեին իմ հոգիիս մեջ: Իր ձեռքը պաղ էր ու երբեմն կդողդոջեր ձեռքիս մեջ, երբեմն կդիմադրեր իմ փայփայանքներիս ու երբեմն կլքեր մանկական վստահությամբ: Հետզհետե կանդրադառնայի, թե այդ անսովոր բանը, որ ինծի թե՛ երկյուղ թե՛ հուզում պատճառած էր, այն աններդաշնակությունն էր, որ կար իր ութը տարու մանկան ֆիզիկական կազմվածքին ու դեմքի արտահայտության մեջ: Այդ կանխահաս հոգեկան տագնապը, այդ չհասկցված, չըմբռնված դժբախտության մը անսահմանելի տվայտանքը, այդ ատելությունը և մշտատև ոխը՝ իր մատղաշ, վտիտ ու տժգույն դեմքին վրա այնպիսի պատկեր էր, որուն արտահայտութենեն ամեն բան կխախտեր հոգիիս մեջ, ու անկայուն և դողդոջուն հուզմունքով մը ուժաբեկ կզգայի ինքզինքս:

Ինքը ապահոված իմ լռութենես, աչքերը սևեռեց վրաս, ու իր ողբագին հոգիեն բան մը հաղորդակցության մեջ մտավ ինծի հետ: Մեկեն. իր մթին ու տանջված նայվածքը քողարկվեցավ հանդարտ տխրությունով ու բիբերը շատոնց ի վեր վառած ու մոխիրով ծածկված ածուխի կապտորակ տմույնությունը ստացան: Իր սուր ուսերը բարձրացուց դեպի վեր և հակառակ տոթագին միջօրեին` սկսավ դողալ ամբողջ մարմնով` իր փոքրիկ կզակը կկափկափեր չարագուշակ աղմուկով մը, ու իր նայվածքն իմ հուզված մտածումիս կհետևեր և կարծես ցոլք մը իր բիբերուն մեջ, տխրության քողին ներքևեն կպլպլար ու կելևէջեր համաձայն իմ վրդովմունքիս վետվետումներուն:

Օ՜հ ճղճիմ, ցավատանջ… լքված էակը. ո՞ւր այդ փոքրիկ մարմնո մեջ բուսնած էր ահարկու վիշտը. ինչպե՜ս իր մկանունքները նյարդ առ նյարդ դեռ կթրթռային կրած նախատինքին ըմբոստութենեն…:

Հիմարական ջերմություն մը խուժեց ուղեղիս մեջ:

- Մայրի՜կ… մայրի՜կ…

Ի՞նքն էր, որ արտասանեց այդ գերագույն կոչը, նման մյուս որբերուն, որ հաճախ ցավի կամ կարոտի մեջ իրենց մայրը կփնտրեին, թե ես էի, որ գոչեցի այդ բառերը, չեմ գիտեր: Իմ բազուկներուս մեջ առի զինքը ծունկիս վրա, օրորեցի իր թեթև մարմինը և ջանացի, որ գոնե պահ մը անիկա իմ խելահեղ վշտիս մեջ իրը մոռնա, ինքզինքը մոռնա՜…

Դուրսը որբերու ժխորը կլսվեր. աչքերուս կհանդիպեին թթենիի մը գագաթին ճյուղերը ճերմկոտած տերևներով` շողշողո՜ւն արևին մեջ. բզեզներ ոսկի կայծկլտումներով կանցնեին միջոցին մեջեն ու կենսավետ հևք մը կծածաներ Կիլիկիան ջինջ և կապույտ երկնքին տակ և իմ տենդե վարակված երազներուս մեջ այնպիսի գլխապտույտ պատճառող արագություն մը կզգայի, որ գուրգուրանքով դողդոջուն` հիմարաբար կսեղմեի խեղճ փոքրիկին մարմինը կուրծքիս վրա:

Անկանոն և շտապ սրտի զարկեր կպատասխանեին իմ փայփայանքիս… ուրիշ ոչինչ…: Անիկա աչքերը փակեր էր ու այդ սառած ու տժգույն մարմինը ծունկներուս վրա դիակի մըն անշարժություն ուներ. հարդի գույն ողորկ մազերը, քրտինքե խոնավ, փակած էին ճակատին վրա. ու երբ շրթունքս մոտիկցուցի` զգացի, որ անոնք հուզված էին դեռ այն գազանի շունչովը` որ մոտիկցեր էր այդ տղեկին: Ատանայի մեջ` այդ միջոցին որբերը տեղ մը հավաքված չըլլալով ու չունենալով որոշ արձանագրություն մը, անմիջապես ձեռնարկեցինք գիտնալ իրենց գտնված տեղերը և անունները նշանակել: Առաջնորդարանի մեջ նստած կխոսեինք այդ մասին:

- Որբեր ամեն տեղ կան,-ըսավ ծերունի քահանա մը` ձեռքի լայն շարժում մը ընելով և ցուցնելով հրդեհված քաղաքին չորս կողմը… Իր ճերմակ մորուքը պահ մը դոդդոջեց ու իր հուզված ու արտասվալից աչքերը, իր ծեր մարդու մարած ու տխուր աչքերը, բարձրացնելով դեպի մեզ մրմնջեց.

- Գացե՛ք հիվանդանոցները, գացեք դեպի վրանները, նայեցե՛ք նույնիսկ եկեղեցիի բակին մեջ… ամեն կողմ որբեր կգտնեք…

Դուրսը խռնված ժողովուրդն իմանալով մեր պաշտոնը և մեր նպատակը, արդեն դիզված էր դռան առջև. ճերմակ քողերու ներքևեն կնոջ և մոր աչքեր, աղերսող և ողբագին տխրությունով մը կհառեին ինծի. շատեր տղոց ձեոքեն բռնած էին, բայց մեծ մասը կկրեին զանոնք բազուկներու վրա` սքողած. իրենց լաչակին ներքև, և այնպես անշարժ ու վտիտ` որ կարծես պատանքներու մեջ ծալծլված դիակներ ըլլային: Մեկիկ, մեկիկ կիները մոտիկցան մեզի:

- Ցավերս ասեմ… առյուծի պես առողջ ու կայտառ էր տղաս, հիմակ աս հալին հասավ… երեսներեն վարդ կկաթեր, հիմակ մոխրի գույն առավ… աչքերս կուրնա՛ն… աչքերուս մեջ լույս ու արև չմնաց… ամեն օր թևերուս վրա իր մարմինն ավելի թեթևցավ, մեծնալու տեղ պզտիկցավ, մորթ ու ոսկորը մնաց…

Հեծկլտանքներ ձայնը խեղդեցին:

Մոտեցանք իրեն և ուզեցինք լաչակը մեկ կողմ առնել տեսնելու համար տղեկը: Կինը պահ մը վարանեցավ. իր մայրական հպարտությունը խփնեցավ այդ վիժածը ներկայացնելու. իր սև աչքերուն մեջ ոխի և դժբախտության կայծեր կփայլատակեին: Բայց հակառակ իր ընկրկումին` կտեսնեինք հեք և տխեղծ տղեկը, ինքն իր վրա կզկտած, ափ մըն անգույն, գրեթե անկենդան նյութի վերածված, որ սաստիկ լույսեն և մեր ներկայութենեեն խրտչած սկսավ ճչալ մոր կուրծքը ճանկռտելով… չորցած շրթունքները տաժանքով կպրկվեին, կգալարվեին, և ճերմկած ու վտիտ լեզուն կթրթռար մեղմորեն… իր պառավի խորշոմած դեմքի վրա այնպիսի թշվառություն կար, որ անկարելի էր հավատալ իր մանկությանը:

- Քանի տարեկան է,- հարցուցինք մորը:

- Երեք տարեկան,- մրմնջեց, ու պահ մը մտածկոտ մնալե ետքը, կարկառեց զայն մեզի.

- Առեք ու պահեցեք… օտարականներ ուզեցին չտվի… մարդս զարկին, տագրերս սպանեցին, տունս ու այգիս այրեցին, խարապաթ դարձուցին… չոր գլուխս ու գավակս մնաց աշխարհիս վրա, անոր համար չտվի, հուրեն ու սուրեն ազատեցանք… ամա ցավը մեր ետևեն եկավ շուքի պես: Անտեր անտիրական՝ գիշերները գլուխս հողին, ցերեկներն անոթի, արյունս ցամքեցուցի… իմ անիծված արևս չմարեցավ, որ այս օրն ալ տեսնեմ… առեք ու դուք պահեցեք, ասկե ետքը… իմ ճարս չէ մնացեր:

Տղեկը կշարունակեր ճչալ ու երկու սև ու վտիտ ձեռքեր, երկայն և ջղաձգված մատներով սարդի պես կգալարվեին կնոջ կրծքի վրա ու ոխերիմ համառությամբ մը կճանկռտեին զայն․ կզգայիր, որ երախային վտանգված կենսականությունը թշնամացած էր մորն անկարողությանը դեմ:

- Այսպես շատեր կան՝ կըսեր ծերունի քահանան, երբ փղձկված ու անհանգիստ մեր մտածումները կհաղորդեինք իրարու…

Երկար տողանցումը որբացած տղոց իրենց անհավատալի, սահմռկեցուցիչ պատմությունները թմրեցուցած էին գրեթե մեր ջղայնությունը. ամեն կարգի թշվառ մանկիկներ կային հոն. ոմանք կայտառ և առողջ մնացած էին՝ կարծես անգիտակ իրենց պատահած դժբախտությանը, դիմանալով տաքին, անոթության, մերկության… անպատմելի կենսականություն մը կժայթքեր ցնցոտիներու մեջեն երևան եկած իրենց թուխ և պինդ անդամներեն, սև աչքեր կփայլատակեին համառ լույսով և կարծես մեզի կխոստանային շարունակել ցեղին կյանքը, հակառակ ամեն բանի: Ու այդ սրտապնդող երևույթը՝ հավատք ու քաջություն կներշնչեր մեզի…

Ու հանկարծ պատկերը կփոխվեր… շարքով կբերեին երկարատև հոգեվարքի մը մեջ տվայտող տղաք, համաճարակե հազիվ ազատած, երկար ու տաժանելի ապաքինման մը մեջ սպառած էություններ, կենդանի վիժածներ, տղաք, որ հանկարծ դադրել էին ապրելե, մեծնալե, զարգանալե, բայց մահը մոռցեր էր զիրենք իրենց մորը գիրկին մեջ: Ու պատկերը սարսափելի էր:

Այսպես ծանոթացանք յոթնամյա աղջկան մը, որ կմախքի պես վտիտ պառկած էր մորը ծունկներուն վրա. միայն գլուխն իր ծավալը պահած էր և համեմատությամբ նսեմացած մարմնին՝ արտակարգ կերպով խոշոր կթվեր․ երկու խելացի ու սև աչքեր կբացվեին խոռոչացած կապիճներուն մեջ…

Մայրը կհեծեծեր.

- Ինչ որ ալ ընենք՝ պարապ է՜… պիտի մեռնի, պիտի մեռնի՜…

Վտիտ մարմինն անշարժ կմնար, և այտերուն ցցված ոսկորներուն վրա մկանունքները չէին շարժեր հուզմունքե… Միայն աչքերը կհասկնային այդ չարագուշակ բառերուն իմաստը ու թախծութենե խոնավ, անսահմանելիորեն դժբախտ, այդ աչքերը մեզի կնայեին պաղատելով:

Ուզեցինք լռեցնել մայրը, հույս ներշնչել իրեն, որպեսզի մանկիկն ալ հույսով լցվեր: Բայց մեր բոլոր խրախուսող բառերուն մայրը՝ կպատասխաներ համառությամբ.

- Պիտի մեռնի՜… պիտի մեռնի՜…

Ու աչքերը պահ մը մեր բռնազբոսիկ ժպիտներով դիմակավորված դեմքերուն վրա վարանելե ետքը՝ հուսահատորեն կհավատային մոր խոսքերում:

Այն հիվանդանոցը, որ կգտնվեր Անգլիո հյուպատոսի կնոջը հսկողության ներքև՝ կպատսպարեր նաև քանի մը որբեր, որոնք վիրավորված էին դեպքի օրերուն․ և մինչև հիմա խնամքի ենթարկված: Վրանները երթալե առաջ այցելեցինք այդ հաստատությունը: Հյուպատոսուհին մեզի ընդունեց սիրալիր քաղցրությամբ: Նիհար, պզտիկ կազմվածքով, ծայրահեղորեն պարզ, իր ճերմակ քաթանե գոգնոցին ներքև գրեթե կորսված մարմնով այդ անզուգական անձնվիրությամբ մը տոգորված կինը մեզի երկարորեն պատմեց իր ձեռքեն անցած տղոց պատմությունները:

- Վիրավորվածներուն մեծ մասը հրացանի գնդակներով զարնված էին… մեկ քանի հատներ միայն տանիքներեն նետված կամ ինկած էին փախուստի պահուն… արյունաթաթախ ու գրեթե պատառպատառ եղած մարմնով, տղաքը կբերեին ու կհանձնեին մեզի… կային, որ յոթը, ութը տեղե զարնված էին. ուրիշներ կիսովին այրած… սարսափելի՜…

Իր կապույտ, պայծառ և սովորաբար անթափանցելի աչքերը կայծակի արագությամբ կվառեին հուզմունքով:

- Առաջին օրերուն անկարելի էր անուններն արձանագրել… բան մը չէինք գիտեր․ մեզի եկած տղաքը ծնողք ունեի՞ն, սպաննվա՞ծ էին, փախա՞ծ էին, կարելի չէր ստուգել… շատեր մեռան այդպես… երբեմն կին մը կամ իր կարգին վիրավորված մարդ մը խելագարի պես կուգար հիվանդանոց, աճապարանքով կքններ հիվանդները, և անտարբեր սարսափելի վերքերու դիմաց, իր զավակը կփնտրեր:

Պահ մը լռեց և շրթունքը գալարվեցավ մասնավոր ծամածռություններով մը… անպատմելի հիշատակներ կանցնեին մտքեն…

- Ընդհանրապես բախտ չունեին, անգամ մը միայն մայր մը հանդիպեցավ իր զավկին… բայց շատ ուշ, արդեն մեռած էր…

Դարձյալ րոպե մը լռություն…

- Հոս, սա սեղանին վրա տեղափոխած էին դիակը… անճանաչելի դարձած էր ստացած վերքերեն. բայց մայրը ճանչցավ զայն… ապշած և սևեռած նայեցավ իր զավակին վրա… երկար ատեն… ոչ մեկ կաթիլ արտասուք չելավ աչքերեն, հետո սկսավ խնդալ անօրինակ և սարսափեցնող քրքիջով մը… դժվարությամբ զինքը հեռացուցինք և ուրիշ սրահ մը տարանք… երեք օր շարունակ ուղեղի․ տագնապե տանջված, վիրավորված գայլի պես կոռնար, և իր ձայնն այնքան բարձր ու տիրական կհնչեր, որ բոլոր հիվանդներուն հեծմունքները, անդամահատվողներուն հուսահատական կոչերը կխլանային այդ մայրական աղաղակին մեջ… սավանը ծալած ու կուրծքին սեղմած էր. կարծեց թե իր զավակն էր ողջ և առողջ: Քանի մը ժամ խոսեցավ սավանին հետ և օրորեց զայն երգելով և իր երգին մեջ քնացավ վերջին քունովը… ջղաձգված դիակին բազուկներեն՝ դժվարավ կրցանք առնել սավանը ու անոր մեջ պատանքեցինք դժբախտ մայրը…

Ամենքս ալ լռին կարտասվեինք: Ինքը չէր լար ու կապույտ աչքերը խոնարհեցուցած էր գետին: Հանկարծ հարեց. - Հուզումնալի և արկածներով լեցուն կյանք մը ունեցած եմ, ծարավի արտակարգ զգայնություններու՝ մինչև իսկ վազած եմ առյուծի որսորդության` ամուսինիս պաշտոնին բերումով գացած եմ հեռավոր և վայրենի երկիրներ, տեսեր եմ Հնդկաստանի սովերը և համաճարակները… տեսեր եմ ամբողջ մարդկություններ հնձված մեկ հարվածով… կկարծեի, թե այլևս որևէ նոր հուզում անկարելի էր ավելցնել ունեցած զգայնություններուս, այլ սակայն այդ մորն աղաղակն անմոռանալի ձայն մըն է, որ պիտի մնա հիշատակիս մեջ…

Ու անմիջապես գրեթե սթափած իր հուզմունքեն, մեզի դարձավ ժպտուն ու հանդարտ և հրավիրեց սրահներն այցելել: Սանդուղներուն վրա, մղված մեր հետաքրքրութունեն` կշարունակեր խոսիլ: Իրեն կհարցնեի շատ մը մանրամասնություններ… Պատուհանե մը ավերակ քաղաքը կերևար…

- Ամբողջ հորիզոնը շառագունած էր, և բոցերը կբարձրանային քաղաքին ամեն կողմեն, դեպի մեզ կուգային: Ամեն պահուն կկարծեինք, թե պիտի ստիպվինք հեռանալ հյուպատոսարանեն և մեր պատսպարյալներով փողոցը թափվիլ… հրացաններու խլացուցիչ և անդադրում աղմուկին մեջեն մարդկային խառն, շփոթ, տարտամ և ահարկու աղմուկ մը` կարծես մեկ բերանե ելած կհասներ մինչև մեզ…: Մարդիկ ճշմարիտ սատանաներու փոխված էին և անգթորեն գինովցած, կզարնեին, կզարնեին անխնա… Երբեք չպիտի մոռնամ այդ չոր և անգույն դեմքերը, սևցած վառոդեն, ծամածռած արյունի ծարավեն, այդ պրկված և սև բազուկները, այդ շիլ և հատու նայվածքները ոճրագործներուն… մարդիկ մարդ ըլլալն դադրած էին… ճշմարիտ սատանաներ… ա'հ… կհիշեմ այնպիսի բաներ… որոնք անկարելի է մեր օրուն մեջ պատմել…: Այդ օրն էր… մայր մըն իր զավակը գիրկը կփախչեր տանիքե տանիք ու մեր տանը մոտեցած էր…: Իրեն նշան կընեինք, կխրախուսեինք: Երկու հրեշներ, հրացանն ուսներուն, տեսան զինքը: Մանկիկը զարմացած ու զվարճացած պարող բոցերեն, մոր ուսին վրայեն երեսը դարձուցած երկնքին՝ կնայեր կարմրած հորիզոնին: Հրացանները կուղղեին, նշան կառնեին…: Շունչերնիս բռնած կջանանք հասկցնել վտանգը փախստական կնոջը. բայց անիկա չի հասկնա ու կշարունակե տանիքե տանիք անցնել: Գնդակը կմեկնի և տղուն գլուխն անկենդանացած կհակի մոր ուսին վրա: Կինը չէր հասկցած, չէր ըմբռնած… գնդակներ կտեղային ամեն կողմեն և խլացուցիչ աղմուկին մեջ այդ մեկ գնդակին ձայնը կորսված էր: Երբ մեզի հասավ, այն ատեն միայն տեսավ, որ տղուն ճակատը ծակած էր և փոքրիկ կյանքը մարած էր առհավետ:

Ու հյուպատոսուհին, կարծես հետևելով իր մտածումին, կկրկնե քանի մը անգամ. «ճշմարիտ սատանանե՜ր, ճշմարիտ սատանանե՜ր…»:

Մարմարյա սրահներու զով և մաքուր սպիտակության վրա առժամանակյա հիվանդանոցին սենյակները կբացվեին. գետինը փռված անկողիններե, ինչպես նաև մահճակալներե, անձկալի և հետաքրքիր գլուխներ կբարձրանային և կնայեին մեզի: Ոմանք պահ մը մեր կողմը սևեռելե ետքն իրենց հոգնած աչքերը, գլուխնին պատին կդարձնեին սրտմտությամբ` նախապես վհատած մեր գթութենեն և վստահ մեր հետաքրքրության ունայնության վրա:

Դուրսի սրահին մեջ նախ կտեսնենք այրեր` սրունքներնին կտրված, բազուկնին կապված կամ գլուխնին ծածկված վիրակապներու փաթթոցի մը մեջ: Հականեխականներու հոտը խառնված ամիսներե ի վեր համառող վերքերու նեխությանց` նողկալի մթնոլորտ մը առաջ կբերեր իրենց շուրջը. ոմանք երիտասարդ էին` լայն ու թիկնեղ մարմնով, և անօրինակ հուսաբեկություն մը կներշնչեին ինչպես իրենց առողջ ուռճացումներուն մեջ տապարի հարվածով մը ինկած կաղնիներ, ոմանք ցկեանս խեղանդամված էին ու կսպասեին արհեստական սրունքներու կամ բազուկներու, որ իրենց պիտի գար շատ հեռուեն: Իրենց արևեն այրած դեմքերուն վրա, ու ցավը և վիշտը խորշոմներ կազմած էին, կար նաև անբացատրելի արտահայտություն մը հպարտության և գոհունակության. մեզի կնայեին պայծառ և անամպ աչքերով, բայց երբ իրենց հարցումներ կուղղեինք, կպատասխանեին վերապահությամբ ու երկչոտությունով, կարծես վախնալով չափազանցնել իրենց գործունեության կարևորությունը: Երբ իրենց անկողիններեն հեռացանք` հյուպատոսուհին բացատրեց.

- Այս երիտասարդները ճշմարիտ հերոսներու պես վարվեցան, 20-ի դեմ մեկ էին և անխոաափելի էր, որ պիտի իյնային, բայց հուսահատորեն մաքառեցան… ա՜հ այո՛… կարելի է ըսել, թե ըրին ինչ որ մարդկորեն կրնային ընել…

Քաղցր հպարտությամբ մը կուռենային մեր կուրծքերը, հուզմունքը կխեղդեր մեզի, աչքերնիս լեցուն էր արցունքներով, ու երբ դեպի ետև դարձանք, իրենց թուխ և տառապագին դեմքերը, մարտիրոսի լուսաճաճանչ պայծառությամբ մը ողողած էին կարծես, ու իրենց ժպիտը բեղմնավոր արևի ճառագայթի մը պես հույս ու քաջություն ներշնչեց մեզի:

Նույն միջոցին, ճամփուն վրա, միայնակ անկողին մը մեզ կեցուց. ցավատանջ դեմքով, հուսահատած և ողբագին աչքերով ծերունի մըն էր: Երկայն ճերմակ մորուքը, որ կտարածվեր ոսկրոտ կուրծքին վրա ու ճերմակ մազերով շրջանակված դեմքը չափազանց նիհար՝ գրեթե սև կերևար, այտերուն ոսկորները կցցվեին ու մորթը կկաղապարեր մագաղաթի կարծրությամբ: Իր նահապետի պատկառանք ներշնչող արտահայտությունը, իր նայվածքին լրջությունը մոռցնել կուտային իր ցնցոտիները՝ որոնցմով ծածկված էր: Երկու ձեռքերը վերմակին վրա կիյնային նույնպես սև՝ և գծավորված առասանի պես պինդ երակներուն ցայտուն կարծրութենեն… կարծես անդիմադրելի ներքին ուժե մը մղված անոնք կպրկվեին ու մատները կձգտեին գալարվելու, բզկտելու: Երբ իր շուրջը բոլորվեցանք՝ աչքերը գոցեց և շրթունքը սեղմեց: Հյուպատոսուհին տեղեկություններ տվավ.

- Ինքն իր մեջ ամփոփված ծերունի մըն է. գրեթե բնավ չի խոսիր, ահռելի վերք մըն ուներ փորին վրա. աղիքները դուրս թափված էին… ես ինքս զարմացած եմ, թե ինչպե՞ս ապրեցավ…: Կյանքը… զարմանալի է… երբեմն երկչոտ թռչունի մը պես մեկ ոստումով կերթա, կհեռանա, երբեմն ալ կկառչի մարմինին և մարդուն ամեն մեկ անդամին փարված կմա՝ հակառակ կրած հարվածներուն…: Այսպես կին մը ունեցանք անհամար վերքերով ծածկված… սրունքները կտրեցին, մեկ բազուկը հանեցին… աչքերը կուրցած էին, կուրծքին վրա ամեն ուղղության՝ դաշույնի և այրուցքի հետքեր ուներ… իր մարդկային ձևեն կեսը զեղչված էր գրեթե… այլ սակայն երկար ապրեցավ այդպես, և ուղեղն արթուն մնաց… մինչև վերջին շունչը՝ ամեն օր մեյ մեկ մաս կկտրվեր, կբաժնվեր մարմինեն, որովհետև բոլոր վերքերը նեխած էին գրեթե, ու մինչև վերջին շունչն իր սարսափելի կացության գիտակցությունն ունեցավ… զարմանալի է…

Մագաղաթի պես կարծր դեմքը ծերունիին կկծկեր անհամբերությամբ… կարծես կփափագեր, որ հեռանայինք: Հյուպատոսուհին դեպի ան հակեցավ գորովանքով…

- Ջերմ ունի,-ավելցուց, - և այսպես է օրերե ի վեր… վերքերը գոցված են, բայց հոգեկան անբացատրելի հիվանդությունով մը կտանջվի… ըսին թե բազմաթիվ ընտանիքի մը պետն էր, հողային ընդարձակ հարստության տեր և այսօր բան չէ մնացած, իր ընտանիքին բոլոր անդամները, թե՛ այր և թե՛ կին, թե՛ տղա սպանված են, ու ինքը մենակ մնացած է:

- Ի՞նչ գերագույն դժբախտություն է, իր ողջ մնացած ըլլալը, կխորհեի յուրովի, ինչո՞ւ համար կապրի, որո՞ւ համար կապրի, ի՞նչ կարող է այլևս սպասել այս սգավորված աշխարհիս վրա…: Եթե երբեք մոռնալու աստվածային մխիթարությունն ալ կարելի ըլլար, իրեն համար շատ ուշ է արդեն… ժամանակ չունի մոռնալու:

Հուսահատված իր համրությունեն՝ պիտի հեռանայինք ծերունիին սնարեն, երբ մեզմե մեկը հայերեն քանի մը բառ փոխանակեց քովինին հետ: Ինչպես մեռել մը, որ աչքերը բանար՝ ծերունիին արտևանունքը բարձրցան, շրթունքը դողաց՝ թեթևորեն գունավորված հուզմունքեն. ճակատին վրա կնճիռները խորունկցան, իր աչքերը, իր ծերունի արիականի հանդարտ, գեղեցիկ, ազնվական աչքերը բարձրացուց մեզ վրա ու ամեն մեկերնուս սեևռեց անսահմանելի արտահայտությամբ մը: Չէինք գիտեր, թե տառապանքի սաստկությո՞ւն մըն էր ունեցածը, թե գոհունակություն: Ավելի մոտեցանք իրեն: Մեզմե մեկը, բժիշկ մը, ծունկի եկավ անկողնին եզերքը ու ձեռքը բռնեց… այն ատեն նահապետը հուզմունքե դոդդողացող ձայնով մը հարցուց.

- Ամենքդ ալ հա՞յ եք…:

- Այո՛, ամենքս ալ հայ ենք, հայրի՛կ… Հյուպատոսուհին բնազդաբար զգալով ծերունու հոգեկան պահանջքը, հեռացել էր մեր խումբեն ու պատուհանին կռթնած՝ մատներով եզերքին վրա որևէ դաշնակի եղանակ մը կուրվագծեր: - Ամենքդ ալ հայ եք,-կրկնեց ծերունին, զարմացած և կարծես հիացած ու աչքերը լցվեցան արցունքով…

Ուզեց նստիլ: Օգնեցինք իրեն: Ու երբ մեր գուրգուրալի և հուզումե դողդոջուն ձեռքերը հանդիպեցան իր վշտագին և չարչրկված մարմնին՝ կարծես անկարող այլևս տոկալու, սկսավ արտասվել առատորեն: Արցունքն անշշուկ կիյնար երեսն ի վար ու կկորսվեր ճերմակ մորուքին մեջ. խուլ ու անզոր հեկեկանքներ կդղրդեին կուրծքը, որ կելևեջեր անհանգստող ուժգնությամբ մը, ու կարծես ամոթահար իր արցունքներեն՝ մեկիկ մեկիկ կնայեր մեզի կողմնակի և խուսափուկ նայվածքներով, կուզեր խոսիլ, բայց բառերը չէին վերջանար իր դողդողացող շրթունքներուն վրա:

Հանկարծ, ինչպես աղբյուր մը, որ կցամքի, արցունքները դադրեցան. գլուխը հակեց կուրծքին վրա և ձեռքերը վերստին սկսան գալարվիր․ քանի մը րոպե ետքը միայն, իր դեռ խոնավ աչքերը դարձնելով մեզի, ըսավ ցավատանջ ձայնով մը.

- Ես Խարբերդի գավառեն եմ… հալածված ու տանջված, քանի մը անգամ փախչելով հուրեն և սուրեն եկա Ադանա: Քանի մը անգամ կյանքիս մեջ ընտանիքիս ցիրուցան ըլլալը տեսա… ոմանք սպանված, ոմանք փախստական… յոթ մանչ զավակ ունեի, երեք աղջիկ ու թոռներ, շատ թոռներ… Ամեն անգամուն՝ մեռելներուն սուգը չանցած կհավաքեի ցրված անդամներն ընտանիքիս, ու երբ դուշմանը մեզ կմոռնար՝ այդ միջոցին նորեն կկազմեի տունս…: Աստված օրհնեց ջանքերս, ու ամեն անգամուն հաջողեցա… մեկի տեղ երկուք ունեցա, երեք ունեցա… Հիմա այլևս ծերացած ու անկարող՝ կհուսայի աչքերս փակել գոհունակությունով, փառաբանելով Ամենակարողի զորությունը… բայց չեմ գիտեր ի՞նչ անեծք իջավ մեր գլխուն… դուշմանը զարկավ նորեն ու ամեն բան փչացավ այս անգամ…:

Պահ մը տաժանելի լռություն կտիրե…

- Ամեն բան փչացա՜վ… երեսունչորս հոգիե բաղկացած ընտանիք էինք… երիտասարդները կռվեցան ու կռվի մեջ ընկա՜ն… բայց իզուր… հարսներս տարին, թոռներս այրեցին ու ես չեմ գիտեր ինչո՞ւ և ինչպե՞ս մնացի… Օտարներ ձեռք դրին վրաս, վերքերս կապեցին ու աղեկցուցին զիս… բայց ցավս խորունկեն է, հոգիիս մեջն է… անմարելի կրակ մը կա սրտիս մեջ…:

Ու իր աչքերն այլևս բոլորովին չորցած ու տենդագին՝ կնայեր մեզի մեր գթությունը հայցելով…:

Իր ցավը մերն ալ էր ու իր կրակը մեր սրտերուն մեջ ալ կայրեր, ամենքս ալ նստած իր շուրջը՝ կարծես որ ընտանիք մը կկազմեինք իրեն, վշտի ազգականությունով կապված, կարծես ինքն ալ զգաց այդ բանը ու մխիթարությունը թուլցուց ու լուսավորեց իր պատկառելի նահապետի դեմքը… աչքերը բարությունով և հույսով լցվեցա՜ն…

- Աոաջին անգամն է, - ըսավ, - որ հայեր հայերու օգնության կհասնին…զուլումեն ետքը:

- Մինչև հիմա այդ բանն անկարելի էր,-ըսավ մեր ընկերներեն մեկը… կջարդեին, կսպաննեին, կվիրավորեին, եղբայրը եղբոր, քույրը քրոջը չէր կրնար հասնիլ. մեր որբերը կցրվեին օտարներու ձեռքը, մեր վիրավորներուն վերքերն օտարները կկապեին, մեր հոգեվարքները լքված կմեռնեին ավերակներուն մեջ… այս անգամ գոնե տխուր մխիթարությունն ունեցանք մոտ ըլլալու, ձեզի հասնելու…:

Գերագույն հույսը կրկին ճաճանաչեց ծերունիին աչքերուն մեջ…

- Ձեր ճակատագիրը մերն ալ է.-ավելցուց մեր ընկերը.-ձեր կրած հարվածով մենք ալ զարնված ենք… մենք օտարներուն ըրածը չենք կրնար ընել, միջոց և դրամ չունեինք… բայց մեր աչքերուն մեջ նույն արցունքը կա, մեր երակներուն մեջ նույն թափված արյան ցա՜վը… մենք մեկ ընտանիքի զավակներ ենք…

- Մեկ ընտանի՜ք,-կրկնեց ծերունին անսահմանելի ձայնով մը… հետո բազկատարած իր սև և գալարուն ձեռքերը դնելով մեր գլխներուն վրա՝ հաստատ ու կորովի ձայնով մը ըսավ.

- Օրհնյա՜լ ըլլաք, դուք և ձեր ընկերները, ու ձեր սերունդները, դարերու մեջեն… հիմա կհասկնամ շատ բա՜ն, շատ բա՜ն… աչքերս մահվան քունովը գոցվելե առաջ բացվեցան ճշմարտության համա՜ր… օրհնյալ ըլլաք դուք և բոլոր անոնք, որ ցրված աշխարհիս շուրջը, աստանդական ու վտարանդի, սրտով կամ մարմնով խոցված՝ մխիթարության ու հանգստի կկարոտին… օրհնյալ ըլլան. Նոյ Նահապետի օրհնությունն անպակաս ըլլա իրենց սեղաններուն վրայեն… ձեռքերնին երջանիկ ու հոգինին անդորր ապրին ալ ասկե ետքը… ցավով ու արցունքով կապված իրարու, այլևս ուրախությունով ու երջանկությունով կապված զգաք ինքզինքնիդ, ու ընտանիքին, մեծ ընտանիքին պակսած անդամներուն տեղերը տասն անգամ էվելովը լցված տեսնա՜ք… Օրհնյա՜լ ըլլա՜ք… ու այլևս դուշմանին դիտավորություններն անկարող դառնան ձեր զորության դեմ:

Մեկիկ-մեկիկ՝ ինչպես նոր ուխտի քրմապետ, ձեռքը կրկին դրավ մեր գլուխներուն վրա և աղոթքներ մրմնջեց: Ու երբ հրաժեշտ առինք իրմեն, ուզեց կրկին պառկիլ ու աչքերը գոցեց հանդարտությամբ: Մահատիպ ուժգնություն մը հետզհետե կճերմկցներ իր ճակատը: Դժկամությամբ հեռացանք հիանալի ծերունու քովեն. կարծես մեր հոգիներն օծված էին խունկով և մեղրով և օրհնությունն իր տառապանքով մաքրացած հոգիին՝ կծածաներ մեր գլուխներուն վրա ու այլևս պիտի հետևեր մեզի մեր շուքերուն պես: Անգամ մըն ալ նայեցանք իրեն, դեմքը մեռելի անդորրություն ստացել էր և կնճիռները պարզվել էին. և ո՞վ գիտե ի՜նչ լուսեղեն երազ, ի՞նչ տեսիլք իր մահամերձ ծերունիի պայծառատեսությանը կերևար, որ երբ դիմացի սրահը պիտի մտնեինք, վերջին անգամ լսեցինք իր ձայնը ջինջ և բարձր, որ իր երջանիկ օրերուն ձայնն էր անտարակույս.

-Փառք քեզ Տե՜ր, հաղագս ամենայնի փառք քեզ…

Սրահին մեջ առաջին անգամ մեր ուշադրությունը կգրավեն մայր ու աղջիկ, երկու հայաստանցի կիներ, մորը թևը կտրված էր և աջ ձեռքին չորս մատները. իսկ աղջիկը, որ հազիվ տասնհինգ տարեկան կար, կորսնցուցած էր երկու սրունքները: Ողորմելի՜, խոշտանգված կենդանու աչքերով կնայեին մեզի և կարծես ըսել կուզեին… «Կտեսնե՞ք մեր դժբախտությունը…»: Մայրը դեռ երիտասարդ էր և երկուքն ալ գեղեցիկ էին, անսովոր, արտակարգ գեղեցկությունով մը, ինչ որ ալ ավելի տաժանելի կդարձներ իրենց խեղանդամված երևույթը: Հույսե՜ր, երազներ ապագայի երջանկավետ հեռանկարներ անցած էին անտարակույս իրենց բնութենեն օժտված էության մեջեն. և ահավասիկ հիմա վիրավորված ծաղիկներու կնմանեին…

Մայրը հայտնեց, թե ակնցի են ու մեծ ընտանիքի մը շառավիղներեն… հիմա այլևս ոչինչ կա… ինչպես իրենց կտրատված խեղճ մարմինները, ամբողջ ընտանիքը հատոր հատոր ասդին անդին ցրված՝ ջարդված ու սպանված են… ոչ մեկ հատվածը չէ փրկված անողոք և ճակատագրային դժբախտութենեն: Իր գավառի հատուկ քաղցր ու երգող շեշտով կինը կըսեր մեզի.

- Մարդ չմնաց, հարստություն չմնաց, սերունդ չմնաց… ես ու աղջիկս մնացինք:

Ու երկու անդամահատված գեղեցիկ կիները իրենց համակերպող և տխրագին նայվածքով կհաստատեին անսահման թշվառությունը իրենց բախտին…

- Մենք աշխարհ եկանք սև օրով, արցունքի և արյան մեջ ապրեցանք և այսպես ալ պիտի երթանք, մեր արևը միշտ մութ ամպով ծածկված եղա՜վ…

Աղջիկն իր տասնհինգամյա պարմանուհու համառող հույսով կավելացներ.

- Գրել կարդալ գիտեմ… բան մը ըսեք ընեմ… ի՞նչով պիտի ապրեմ:

Իր կտրած անդամներեն մեկը սկսավ ցնցվիլ նախ համր, համր, հետզհետե արագ, չոր և անկենդան բանի մը աղմուկն ուներ անիկա, որ կզարնվեր գետնին գավազանի համաչափ հարվածներու պես:

Աղջիկն առանց շատ վրդովվելու ձեռքովը կբռներ ցնցվող ազդրը և կջանար զսպել զայն ու կշարունակեր խոսիլ. իր սև և լույսով ողողուն աչքերուն մեջ ավելի խպնելու պես բան մը կար քան թե վիշտ․ երկար թարթիչները կխոնարհեին հետզհետե այտերուն վիա, որոնք սկսած էին կարմրիլ․ մթին խոպոպիկներն առատ մազերուն՝ կտամկանային ճակտին վրա…

- Ինչո՞վ պիտի անցնեմ կյանքս,-կկրկներ դարձյալ երազկոտ և մտախոհ:

Ամեն բան վերջացած էր իրենց համար, կյանքը տաժանելի բեռ մը դարձած, մահն օրհնություն մը պիտի ըլլար այդ դժբախտներուն… մխիթարության ոչ մեկ բառ չէինք գտներ մեր ապշած ու վշտացած հոգիներուն մեջ ու իրենք էլ դարձյալ, մայրը՝ որ զինված ցեղին վերածնության ամենակարող հանճարովն իր հոգիին խորեն ինչպես անսպառ լույսի աղբյուրի մը մեջեն կորսա հույսի ճաճանչ մը… - Մենք եկանք ու գացի՜նք… հոգ չէ՜… գոնե բանի մը պիտի ծառայի՞ մեր ցավը… ըսե՛ք… հույս կա՞… դուք Ստամբուլեն կուգաք, շատ բան գիտեք, ըսե՛ք, արձակություն պիտի ըլլա՞ մեր ազգին համար:

Մեր հուզված լռության առջև, շրթունքները կտժգունին. աչքերը կթարթեր անհամբեր ջղագրգռությամբ մը. հանդիսավոր մթնոլորտ մը կպարուրեր մեզ, անսահմանելի զգացում մը կբաբախեր մեր ամեն մեկին էության մեջ և իր բառերը, իր խոնարհ հերոսուհու ազնվական մտահոգությունը կկրկներ մեր ականջներուն:

- Արձակություն պիտի ըլլա՞ մեզի համար:

Մեր ընկերներեն մեկը ներշնչվեցավ.

- Արյունը պարապ տեղը չի թափիր, ու ձեր ամեն մեկ տառապանքի րոպեն բեղմնավոր պիտի ըլլա:

Ուրիշներ, ապաքինվածներ, հավաքված էին մեր շուրջը ու մտիկ կընեին… մայր ու աղջիկ նոր հաղորդած ջերմեռանդներու վերացող նայվածքներ ունեին… իրենց հոգեկան մաքրությունը հաղորդական կդառնար, մեր շուրջն ուրիշ կանացի ձայներ կմրմնջեին…

- Մեր ինչո՞ւն պետքը այլևս… մեր արևը սևցավ, կենդանի մեռելներու պես պիտի ըլլանք այս աշխարհիս վրա… մեր մայրենի հողը չպիտի ճանչնա մեզ… ու հաց չկա մեզի համար… ասկե ետքին նայինք, մնացողներն ի՞նչ պիտի ըլլան…

- Տառապանքին բաժակը լեցուն է ու զեղուն է այլևս… հուսացե՜ք ապագային վրա…

Ավելի նկուն, ավելի ցավատանջ քան այդ անդամահատված, վիրավորված կիները, սրտերնիս լեցուն անմխիթարելի դառնությունով՝ կպատեինք սրահին մեջ ու կզգանք շատ լավ, որ մեր քաղքենիի ամլացած հոգիները ողորմելիորեն աղքատ են բաղդատմամբ այն համառ, անկքելի ապրելու և տևելու տանջանքին, որ գրեթե միշտ, ու ամեն առիթի կգտնանք արկածյալ ժողովուրդին մեջ…: Պառավ մը մեզ կկեցնե մեր ճամփուն վրա… ինքն ալ հոգեր ունի, միօրինակ, միատեսակ հոգեր, ու կխոսի մեզի պարտականություն մը կատարողի անշահախնդիր և անակնկալու տխրությունով… իր խոսելու բոլոր տևողությանը մատներն օդին մեջ շարժում մը կընե, համաչափ շարժում մը: ֊ Ի՞՛նչ կընես այդպես, մայրիկ:

- Կմանեմ, տղաք, կմանեմ…

Դեռատի օրիորդ մը, ապաքինված և բժշկված և որ մնացած է հիվանդանոցի մեջ օգնելու համար ծառայողներուն, մեզի կբացատրե.

- Պառավը սովորություն ուներ մանելու… մինչ տղաքն ու թոռները զբաղված էին հողագործությունով և աղջիկներն ու հարսները տան գործերը կբաժնեին, ինքը տանը դռան առաջքը տախտակին վրա ծալապատիկ նստած, խոշոր թթենու շուքին ներքև կմանե՜ր… ամբողջ օրը կանցներ այսպե՜ս… ժամերը կանցնեին, ու ինք սպասելով տղոցը և թոռներուն դաշտեն վերադարձին, կմանե՜ր, կմանե՜ր…

- Հիմա տղաքն ու թոռները չկան, տունն ավերակ է, թթենին տապալեցին, տախտ չունի, բամպակ չունի, բայց պառավը դարձյալ կմանե՜, պարապին մեջ կմանե՜…

Երկու վտիտ ձեռքերը կմագլցեին երևակայական թելի մը երկարության և ատենը մեկ մը ճապուկ և վարժ շարժումով իլիկը կդարձնե, հետո մեզի կնայե, իր պառավի խորշոմներուն մեջեն կժպտի ու կշարունակե մանել…

Ու կխորհիմ ակամա.

- Հիմա այլևս ի՞նչ բանի և ո՞րու սպասելու պատրանքն ունի:

Քիչ մը աջ, քիչ մը ձախ դանդաղելով կհասնինք վերջապես սենյակին խորը, ուր պզտիկ մահճակալներու մեջ մատղաշ տղաքներ ամիսներն ի վեր կտառապին: Դեռ իրենց մոտ չեկած, կլսենք մեկին կամ մյուսին հոգնած և տկարացած հծծյունը ուրիշ մը միօրինակ ձայնով կճչա: Գետինը՝ ծալլապատիկ նստած ցնցոտիի մը վրա, գրեթե կույր և դողդոջուն պառավ մը կխլրտի մեղմորեն, կյանքը շրթներուն վրա է կարծես, ու երբ խոսի, պիտի մեռնի… այնքա՛ն տկար, այնքա՛ն անզոր կերևա: Այլ սակայն այդ պառավն է, որ ազատված ո՞վ գիտե ի՛նչ եղերական կացություններե, եկած է հիվանդանոց և ձևով մը որդեգրած փոքրիկ վիրավորյալները:

- Այլևս ուժ չունի,-կարողություն չունի, - կըսե հյուպատոսուհին, շուքի պես բան մըն է, բայց անկարելի է զինքը հեռացնել փոքրերեն: Գիշեր թե ցերեկ կհսկե անոնց վրա. երբ կարենա ոտքի ելլել, գավազանին կռթնած կմոտենա ամեն մեկ մահճակալի ու ամեն մեկ տղու վրա հակած կմնա քանի մը րոպե: Երբեմն իր դողդողացող մատներով վերմակնին կծածկե, մազերնին կշոյե ու առանց խոսելու, առանց աղմուկի կարտասանե այդ որբերուն վրա: Ո՞վ է, ուրկե՞ց եկած է, չենք գիտեր. վիրավորված տղոց մայրիկը կանվանենք զինքը:

Երբ մենք մոտիկցանք մահճակալներուն, պառավին տմույն և տարտամ նայվածքը, - որ կարծես բնավ չէր տեսներ, - անձկությամբ լցվեցավ, և բոլոր մեր այցելության տևողությանն այդ նայվածքը հետևեցավ մեզի. բոլոր այդ միջոցին պառավը վիզը ձգած, վրդովված ու կասկածոտ, չկրցավ հանգիստ մնալ իր ցնցոտիներուն մեջ:


Հիվանդ երախաներուն մեծ մասն անդամահատված էին. մեկ քանին միայն՝ համառող և երկարատև ջերմե կտառապեին, ամենքն ալ առանց բացառության, ցավի և տանջանքի մեջ ծամածռած դեմքերով, մեռելներու պես տժգույն, աչքերնին մարած, շրթունքնին չոր ու ճերմկած, տաժանելի տպավորություն առաջ կբերեին…: Հաճախ իրենց ցավագին հծծյունին մեջ նվիրական բառը կլսվեր, աղերսող և արդեն հուսահատած կոչով մը.

- Մայրի՜կ… մայրի՜կ… մայրի՜կ…

Եվ իրենց անգիտակցությունը թե ինչո՞ւ լքված և միայնակ էին իրենց մահճակալներուն մեջ, թե ինչո՞ւ սիրելի և ընտանի դեմքը մայրիկին կմերժեր երևալ իրենց ճգնաժամային տագնապներու միջոցին, ա՛լ ավելի ահռելի կդարձներ իրենցմե արտահայտված տպավորությունը:

- Մա… մայրի՜կ…

Խարխափող և վարանող ձեռքեր, հոգեվարքի ձեռքեր կկառչին մեզի, կբռնեն մեր մազերեն ու գերագույն և երջանիկ պատրանքի մը մեջ աչքեր կբացվին, ութը, տասը տարեկան տղու աչքեր, տանջանքով հասունցած, սև և տառապագին աչքեր… վայրկյան մը կսևեռին մեր վրա, կզարմանան ու հանկարծ անդրադառնալով մեր օտարությանը, քենոտած և տխուր, կփակվին նորեն մեզի համար:

Կարելի է մխիթարել երիտասարդները, կիները, ծերունիները ու պառավները, կարելի է գերեզմանին շեմին վրա գտնվող անբախտներու հույսի և երանության ճաճանչ մը փայլեցնել. բայց ի՞նչ կրնանք ընել այս տղաքներուն համառող և տարամերժ վիշտին համար: Սրտերնիս ճնշված, հոգինիս լեցուն դառնությունով կդեգերեինք մեկ սնարեն մյուսն ու ամեն անգամուն, որ արձանագրության կտեղեկանանք.

- Հայր՝… սպանված: Մայր` սպանված կամ կույր, կամ խեղանդամված… աղետին օրերուն քստմնելի և շառագույն պատկերը երևույթի մը պես կանցնի արագությամբ մեր աչքերուն առջևեն:

Երկարատև հեծեծանքներ, խեղդված հառաչանքներ մեր ուշադրությունը կդարձնեն անդին պզտիկ անկողնի մը վրա, ու ամենքս ալ կդիմենք դեպի հոն: Դժվար է երևակայել մարդկային կարողության սահմանին մեջ այն ահռելի տեսարանը, որ կպարզվի մեր դեմ. մոտավորապես ինը տարեկան, ամբողջ մարմինը գրեթե քայքայված մանչ մըն էր, որ վերմակին ներքևեն, իր աներևակայելի բարկությամբ վիզը կձգտի, կպրկվի, մղելով գլուխը, իր մազե զուրկ և ոսկորի դեղնություն ստացած գանգը դեպի վեր, դեպի մահճակալին երկաթները:

Ցավի ցնցումներ զինքը կգալարեն ամեն ուղղությամբ, և գանգոսկորը համաչափ աղմուկով մը կզարնվի անկողնին երկաթին` չարագուշակ տպավորություն մը առաջ բերելով…: Երբ վերմակը կվերցնենք, նույնիսկ անկարող կդառնանք արտասվելու. արցունքը կչորանա մեր կոպերուն վրա. դաժան և մթին երևույթներ ստացած ենք ամենքս…: Տախտակի կտորներու մեջ անդամները բռնած և վիրակապներով սեղմված հեք տղեկին մարմինը, ցավատանջ ու եղերական մարմինն անշարժացած է անկողնին վրա: Երկու բարակ ձողիկներ դուրս կձգտին վիրակապներեն, երկու անհավատալի ձողիկներ… ու ատոնք իր սրունքին վարի մասերն են… եթե ոտքերը չըլլան, չպիտի ըմբռնե՜նք… ու այդ ոտքերուն, այդ կապտացած. այդ գալարուն ոտքերուն ամեն մեկ մատը, ձգտված, կորացած և իր բնական ուղղութենեն չեղած է անդիմադրելի ցավերու տագնապին մեջ: Երկու ուրիշ վտիտ ձողիկներ, բազուկները, մասնակի կերպով ծածկված վիրակապներով, կհետևին ոտքերուն գալարումներուն. վիզը միշտ, կձգտի դեպի վեր ու գանգոսկրը, անվրիպելի ճշտությամբ մը, կզարնվի մահճակալին երկաթին, համաչափ և չարագուշակ աղմուկովը:

Այդ քայքայված մարմինը մարտիրոսացած տղեկին, այդ գլուխը, այդ բիբերը,որոնք կիսաբաց և թարթիչե զուրկ արտևանունքներուն մեջեն պիտի իյնային կարծես անկենդան և լպրծուն հեղուկի մը վերածված. այդ մարմինը. որուն ամեն մեկ մկանունքները ձգտված էին ցավով… մեզ խենթեցուց: Ի՞նչ բանի քավությունն էր այդ տառապանքը, ինչո՞ւ այդ մանկական մարտիրոսությունը…: Մենք կզգուշանայինք իրարու երես նայելու, այնքան մեր հոգիներուն մեջ խռովվող զգացումներ սաստիկ և շփոթ էին:

Հանկարծ խորհեցա ուրիշ մանուկներու վրա, ուրիշ երկնքի ներքև` ոստոստող և զվարթ ու ապրելու երջանկությունով բաբախուն մանուկներու վրա…: Ու րոպե մը միտքս երթևեկեց արագորեն վարդագույն և թարմ շրթունքներե` այդ մեռելատիպ և լորձունքոտ շրթները, բոցավառ և պայծառ նայվածքներե` այդ մարած և պղտոր սևությունով մը ծածկված բիբերը, խոպոպիկներով պճնված պաշտելի և ծաղիկի պես լուսահեղ գլուխներեն` հերազուրկ և ցավատանջ գանգը: Ու աշխարհիս երջանիկներուն, սիրվածներուն կողմեն ամոթահար, կարծես ինքզինքս պատասխանատու զգալով այդ դժբախտ մանկիկին կացության մեջ, սկսա ջերմապես արտասվել, բռնված անմխիթարելի ցավով մը…: Ու բոլոր մեր ընկերներն ալ դրդված նույն ցավեն, աչքերնին արցունքոտ, ձեռքերնին դողդոջուն, սրունքներնին դեդևուն, թողուցին անկողինը, և ամենքս ալ, ինչպես աղետե մը, փախանք այդ սարսափելի երևույթեն…

Երկար ատեն, երկար օրեր, հիշատակն այդ վիրավորված որբին, ջլատեց ու տառապեցուց մեզ. և այսօր իսկ, երբ կխորհիմ անտարակուսելիորեն դիակնացած հեք մարմնին, և կխորհիմ իր մանկական և տառապագին մկանունքներուն վերջնական քայքայմանը, սիրելիներու արյունով թրջված հողին մեջ, չես կրնար ըմբռնել թե իր նյարդերը հանգչած ըլլան վերջնապես, ու իր ցավագին վիզը չձգտի այլևս դեպի վեր, դեպի արևը, դեպի ապրելու երջանկությունը ու տենչանքը…

Հետևյալ առտուն, առաջնորդված տեղացիե մը, ճամփա ելանք վրանները երթալու համար: Արևը բարձրացած էր արդեն հորիզոնին վրա և իր շողշողուն պայծառությունովը կլուսավորեր ամեն բան. զվարթ այլազանություն մը երանգներու կթրթռար անայլայլ բնության վրա: Մեր սիրտերը միայն սև էին, ու մենք չէինք կրնար հաղորդակից ըլլալ մեր շուրջի գեղեցկության, ինչպես եթե կույր դարձած ըլլայինք: Արդեն, անմիջապես, դեռ վրանները չհասած, հատկանշական հոտ մը դիակի, այրածի, հիվանդություններու, թշվառության, խառն և անորակելի հոտ մը, դիմավորեց մեզ: Հասկցանք, որ արկածյալներու մթնոլորտին մեջ էինք:

Այրած տուները մեր ետևը կմնային, բայց մեր ոտքի տակի հողը թրծված էր արյունով: Երկու կողմեն ընդարձակ և տափարակ արտեր կտարածվեին մինչև հեռավոր սահմանները Տավրոսի լեռներուն: Պատմեցին, որ դեպքեն քանի մը օր ետքը նեխությունն այնպիսի աստիճանի հասած էր, որ ստիպված էին վերցնելու դիակները, որոնք ծածկված էին այդ ընդարձակ հունձքերուն մեջ: Ու այն հացը, որ հետո այրիներուն ու որբերուն տվին իբրև ողորմություն, այդ արյունով ոռոգված ցորենեն շինված էր:

Քիչ հեռուն ահավասիկ վրանները: Դեռ շվարուն, աչքերնին ցավոտ, գլուխնին գոսացած, դեմքերնին թարախով, արցունքով ու քրտինքով լպրծուն, մարդկային արարածներ կսողան վրաններեն դուրս: Մեր ազդարարության վրա` մունետիկին սուր ձայնը կհրավիրե բոլոր անոնք, որ որբեր ունին արձանագրելիք: Ու ցավագին, տաժանելի տողանցումը կսկսի: Թշվառութենե սպառած տղաքը կխուժեն դեպի մեզ և անձկագին աչքերով կսպասեն իրենց ընդունելուն: Կյանքն այնքան տաժանելի դարձած է այդ փոքրերուն համար, որ հոգ չունին, թե իրենց ողջ մնացած սիրելիներեն պիտի բաժնվին: Ու մեր հարցումներուն կաճապարեն պատասխանել, ընդառաջ կէրթան մեր դիտողություններուն, կճգնին զանոնք ջրել: Ու երբ կհաջողին ընդունվիլ, երբ կտեսնեն, որ լիացուցած են օրինական պայմանները, այսինքն որբ են հորմե և մորմե և կամ մայրերնին կույր, խեղանդամ ու անկարող են աշխատելու, երբ կգտնվին ամենեն դժբախտներեն ավելի դժբախտներու մեջ, գոհունակության ժպիտ մը կուրվագծվի իրենց դեմքերուն վրա, և մեկ կողմ կանցնին, գրեթե ուրախությամբ, ընդունողներուն մեջ:

Ի՜նչ պատկեր, ի՜նչ մղձավանջ այդ ընտրվածնե՛րը: Անոթությունը հյուծած ու մաշած է զիրենք. կեղտը կերած է իրենց մկանունքը դեմքերնուն վրա. մազերնին խզխզված ու գլուխներնուն վրա փակած, գլուխներնուն ոջլոտած ու գոսացած և անսահմանելի արտահայտություն մը իրենց ջերմե վառված աչքերուն մեջ: Ցնցոտիներ հազիվ կծածկեին իրենց վտիտ մարմինները ու պատառատուն քուրջերուն մեջեն բարակ ձողիկները բազուկներուն, միշտ կզարմացնեն անակնկալի մը պես: Ի՞նչպես կապրին, ի՞նչպես ապրեր են մինչև այդ օրը. կյանքն ի՞նչ գերազանց արյունով մը կառչեր է այդ տխեղծ էակներուն: Ու իրենց տժգույն ու ճաթռտած շրթունքները, որոնք կպրկվին ակռաներուն վրա ցավատանջ գալարումով մը, լուռ կմնան ու չեն պատմեր մեզի այն դժոխային խռովքը, որով ալեկոծված ըլլալու են իրենց մանկական հոգիները…

Ի՜նչ պատկեր… ի՜նչ մղձավանջ… աչքերը միայն, թշվառութենե զարհուրած աչքեր, ահավոր ժամեր տեսած աչքեր, սև, տենդագին, խենթի և անոթիի աչքեր, կնային մեզի, կսևեռին մեզի անխոնջ և համառ հրայրքով. տակավ առ տակավ կզգանք, որ մեր հոգիներուն մեջ կթափանցի հիմարական տագնապն իրենց չարչարանքներուն…:

Երբ մեր աչքերը կխոնավնան իրենց նայած ատեննիս, երբ մեր ձեռքերը կդողդոջեն իրենց դպած ատեննիս, դեմքերը կծամածռին ու վտիտ այտերու վրա չորցած մկանունքները կթուլնան. աչքերը, սև, անթափանց աչքերը որբերուն՝ կզարմանան կարծես… Ոչ ոք լացեր է, ոչ ոք գթացեր է իրենց վրա. արկածյալներուն ամեն մեկը, իր հատուկ ցավովը տանջվեր ու առանձնացեր է իր տառապանքին մեծության մեջ…: Քշված, քշքշված, մեյ մը ասդին, մեյ մը անդին, բախտին ու դիպվածին քմահաճույքներեն վտարված, անոնք, որ սիրված ու փայփայված էին օր մը առաջ, անոնք, այդ որբերը, որ ճանչցեր էին մոր մը կուրծքին ջերմությունը, մենակ, անհոգ ու անոթի մնացեր էին օրերով: Ու հիմակ իրենց աչքերը կզարմանային մեր զգացումներեն ու բարեբեր ու ազնիվ հուզմունքը կդրդեր իրենց քարացած հոգիները:

Արձանագրությունները միշտ կշարունակեին ու կարծես չպիտի սպառեր որբերու թիվը: Հետզհետե մայրեր կհասնեին բեռնավորված բազմաթիվ տղաքներով: Եթե աոաջին օրերու սարսափին ուժգնությունը մեղմացած էր, շարունակական ու անողոք թշվառությունը խորթացուցեր էր զիրենք և ահավորապես անգութ դարձեր էին իրենց զավակներուն համար:

- Առե՛ք, առե՛ք, ամենքն ալ. իմ ինչի՞ս են հարկավոր:

Ու չորս-հինգ տղա կձգեին մեր դեմ:

- Մենք պետք է արձանագրենք այն որբերը, որ զրկված են թե հորմե և թե մորմե, կհիշեցնե մեր ընկերներեն մեկը:

Բայց արդյոք այս խեղճ տղեկները, իրենց մայրերեն անտեսված տղեկները, որոնք կարծես կմերժեն հասկնալ անսահմանությունն իրենց թշվառության, ավելի որբ չե՞ն մյուսներեն:

Ու աղետը, սպանելե ետքը ամենեն կորովիները, հնձելե ետքը ամեն խիզախները և հանձնապաստանները, բարոյապես և ֆիզիկապես փչացուցեր է բոլոր անոնք, որ հաջողեր են ապրիլ. ու կյանքն այնքան ցամաքած է նույնիսկ մայրական սրտերու մեջ, որ ալ բան մը չունին տալու իրենց զավկին:

Արձանագրված որբերու ցանկը կերկարի ու կերկարի: Միջօրեի արևն իր հրեղեն ճառագայթներով կողողե այդ թշվառ ամբոխը, որ խռնված է մեր շուրջը: Վրանները պարպված են ու ամենքն ալ եկած են դեպի մեզ, նույնիսկ անոնք, որ որբ չանին արձանագրելիք: Քրտինքը հետզհետե ավելի առատ կհոսի ճակտներեն, կխաոնվի արցունքներու հետ: Ցավոտ աչքեր, արևի լույսեն վիրավոր, կըքթթեն իրենց թարախոտ և արյունոտ արտևանունքը: Երբեմն հառաչանք մը ավելի բարձր կսլանա ընդհանուր ժխորին մեջ. երբեմն ալ չարագուշակ քրքիջ մը կերկարաձգվի ու կվերջանա հեծմունքի մը մեջ: Ասդին նորածինի մը խեղդված ճիչը կկորսվի պոռչտուքներու մեջ: Ու առաջ անցնելու եռանդեն զիրար հրմշտկող կիներ, պառավներ և կույրեր հետզհետե մեզ կսեղմեն, ավելի մերձավոր մարդկային գոտիի մը մեջ: Արևը կիզիչ և անտանելի դարձած է. ձիգ ու անողոք ճառագայթներ կմխրճվին կարծես մեր ուղեղներուն մեջ. աչքերնիս կմթնան ու կշլանան հաջորդաբար, մատներնիս կթուլնան և անկարող ենք շարունակելու:

Արձանագրություններն ավարտած են, բայց ամբոխը չի թողուր մեզ, որ հեռանանք, անհամար հոգեր, անհամար գանգատներ ունին մեզի ըսելիք, կին մը հիմարության տագնապի մը մեջ կպառկի մեր ոտքերուն առջև ու կգոչե.

- Զիս սպաննեցեք ու այնպես անցեք գացե՛ք. դիակիս վրա կոխելով գացեք, քանի որ ճար չունիք իմ տերտիս:

Ընդունված սահմանափակ թվով որբերը, որոնք անմիջապես պիտի տեղավորվեն որբանոցին մեջ՝ կկառչեն մեզի, կվախնան մեզի կորսնցնելե ու իրենց աճապարանքին մեջ պզտիկ կենդանիներու վայրագ շարժումներ ունին, մինչ անոնք որ միայն արձանագրված են, կնային մեզի սրտմտած ու քենոտ, գրեթե թշնամու աչքերով:


Անկարելի է ճամփա բանալ այդ խռովված ամբոխին մեջեն. կարծես թշվառությունը, հոգը, ցավը քնացած ըլլային իրենց մեջ ու մենք զանոնք արթնցուցած ըլլայինք մեր ներկայությամբ: Մեր ամեն մեկ շարժումին ամբոխն ավելի խիտ շարքերով կշրջապատե մեզի: Տաքությունը հեղձուցիչ է, քրտինքի արտաշնչումներեն օդը խոնավցած և ծանրացած՝ անշնչելի դարձեր է: Կհամոզենք զիրենք ու կխոստանանք կրկին գալ: Մեր ձայները հետզհետե կխեղդվին, անլսելի կդառնան, մինչ ավելի ևս բորբոքված ամբոխը կալեկոծի շփոթ և անբացատրելի զգացումներով: Հետո հանկարծ, անսպասելի կերպով մը կհանդարտի, կամոքվի ու տեղ կբանա մեզի… Երկար ատեն ճամփուն վրա, արկածյալները կհետևեն մեզի, ու հետզհետե կցանցառնան: Միջօրեի անհանդուրժելի տաքությունը զիրենք խոհեմ կդարձնե, ու կվերադառնան իրենց վրանները: Այլևս մեր ետևե ձգած ենք զիրենք… երկու կողմեն ընդարձակ արտերու տարածությունը կերևա մերկ և ամայի: Աղետեն հրաշքով ազատած հսկա հասակով երիտասարդ մը կընկերանա և կառաջնորդե մեզ: Որբերը հանդարտիկ ու հնազանդ կքալեն մեր քովեն իրենց բոբիկ ոտքերուն խուլ աղմուկովը, զույգ-զույգ եղած, իրարու ձեռք բռնած ու գրեթե երջանիկ նոր կյանքի մը մեջ մտնալու հույսով:

Մեր ձեռքին տակ են ուրեմն ու մեր խնամակալության հանձնված, այդ տղեկները, դողդոջուն շրթունքներով, անհաստատ նայվածքներով, դեդևուն սրունքներով ու վտիտ մարմիններով, տանջված մանկական ուղեղներով ու ձգտված ջիղերով, գերագրգռված երևակայությունով, բոլոր այդ դժբախտ մանկությունը, որուն յուրաքանչյուրին համար հյուծախտը, հիմարությունը, կուրությունը դարանակալ կսպասեն, բոլոր այդ վիրավորված ու որբացած մանկությունը Կիլիկիո, որ այնքան պետք ունի հարատև խնամքի, հոգածության ու մանավանդ մայրական սիրո և խանդաղատանքի:

Միջոց մը առաջացանք առանց խոսելու, առանձին անցորդներ կդիմավորեին մեզի և կեցած կնայեին մեր խումբին: Որբերուն բոբիկ ոտքերը քսվելով գետնին՝ այնպիսի փոշիի ամպ մը կբարձրցնեին, որ մեզի կծածկեր և հեռվից անտեսանելի կդարձներ: Մենք, գրեթե միշտ փակված այդ մթնոլորտի մեջ և աչքերնիս շլացած արևե, դեդևելով կքայլեինք, նույնիսկ խորհելու անկարող: Նույն պահուն մեզ, առաջնորդող երիտասարդը կեցուց մեզի և ցույց տվավ դիմացի դաշտը, երբ արդեն տարրալուծված դիակի տարտամ հոտ մը կծփար տաք օդին մեջ ու մեզի անհանգիստ կըներ:

Արտասովոր և չարագուշակ տեսարան մը պարզվեցավ հետզհետե մեր աչքին: Նախապես չհասկցանք, բայց քանի կմոտենայինք, իրականությունը կհայտնվեր մեր տատամսող ուշադրության: Իրարու մոտ գմբեթացած հողի բարձրություններ կկազմեին շուրջանակի. քանի՛ կմոտենայինք տարրալուծած դիակի հոտն ավելի սուր կդառնար. կանաչ փորով, մութ կարմիր գլխով ճանճեր կբզզային ու կհավաքվեին գմբեթաձև բարձրություններուն վրա՝ ներքևի արտաշնչումներեն բացված, մեյ մը մեկ, մեյ մը ուրիշ սև ծակերու շուրջը:

Գլուխնին ծուռ, որբերը, անդին, ճամփան վրա կեցած, կսպասեին:

- Որբանոցը հողին տակ է,-ըսավ մեզի առաջնորդողը՝ տղու գերեզմանները ցուցնելով:

Շատ ու շատ կային այդ չարաբաստիկ հողակույտերեն: Ու նույն միջոցին իմացանք, թե վրանները նախապես այդ տեղին վրա հաստատված էին, ու դեպքին հաջորդող շաբաթներուն մեջ թշվառությունն այնքան մեծ եղեր է որ, մեծ թվով տղաք՝ անտեր մնացած ու արյունից ապականված շրջակա նեխություններեն՝ մեռեր են: -Մեկ քանի տեսակ համաճարակներ հայտնվեցան. ու օրը մինչև 45-50 տղաք կմեռնեին, մայրերը ցամքած աչքերով ու դժբախտության չափազանցութենե սրտմտած, առանց նույնիսկ քահանայի դիմելու՝ փոս մը կփորեին վրանին քով ու հոն կթաղեին մեռած տղաքը:

Պահ մը երիտասարդը կլռե, կզակը սեղմած, աչքերը կմոլորին. ձեռքի շարժումով մը ճակտին քրտինքը կթափե գետին ու կհառաչե.

- Օ՜ֆ… օ՜ֆ… օր կըլլար, որ մինչև հինգ տղու դիակ կելլեր մեկ վրանեն…

Երկա՜ր կնայինք տղու գերեզմաններուն: Իրավամբ ի՞նչ ընելու եկեր ենք այս դժբախտ երկրին մեջ: «Որբանոցը հողին տակն է», կհիշեմ երիտասարդին խոսքերը, ու աչքերս, հակառակ ինծի, կսևեռեին ծակերուն՝ որոնցմե հազիվ նշմարելի կապտորակ շոգի մը կբարձրնա ու կմարի արևուն շողշողուն լույսին մեջ: Ճանճերու սև երամը կելևէջե. անոնք չեն բարձրնար ու չեն տարածվիր, այլ հողի երեսին վրա կտատանին և ավելի սողալու երևույթ ունեին քան թռչելու:

Ի՜նչ եղերական, ի՜նչ հիմարացուցիչ պատկեր է. ու մեր խանդաղատանքն ու ցավն այնքա՛ն մեծ են, որ նեխության գարշահոտությունը չընկրկեր մեզի ու իրարու կըսենք, ավելի առաջանալու համար.

- Մեր տղոցը դիակներուն հոտն է՜…

- Օ՜ֆ… օ՜ֆ… - կրկին կհառաչե մեզի առաջնորդող երիտասարդը. խորունկ թաղված չեն, անոր համար է, որ կհոտին… սարսափը դեռ կշարունակեր…: Ուշ ատեն մայրերը կսողային վրաններեն դուրս և շուտ-շուտ կփորեին հողն ինչքա՛ն որ կրնային, երբեմն գերեզմանը չի գոցած կփախեին ու կմտնային իրենց վրանին տակ…:


Քանի՜, քանի՜ փոսեր ես իմ ձեռքովս եմ գոցեր:

Դարձյալ կլռե, ձայնը կմարի ու պահ մը ետքը կշարունակե.

- Մեր տեսածը մարդ չէ տեսած… այն օրերու մեռնողներուն երանի կուտայինք… սրտերնիս քար կտրած էր, ապա թե ոչ ինչպե՞ս պիտի դիմանայինք…: Առտու մը կին մը զավակը թաղեց վրանին քով. երեք չորս օր ետքը մյուսն ալ մեռավ. «ի՞նչ պետք կա նոր փոս բանալու, ըսին հոն հավաքված պառավներ, հողը դեռ կակուղ է,առաջնեկիդ գերեզմանը բա՛ց, քովիկը թաղե»: Երբ կինը հողակույտը բացավ, որդերը կես մը կերել էին առաջնեկի դիակը. երկար ատեն նայեցավ սևցած, անճանաչ մնացորդներուն… բան մը չէր լսեր, բանե մը չէր վախենար… ատենը մեյ մը ուրիշ կիներ կուգային թևին կզարնեին, զինքը կդրդեին. «Հայտե՛, ի՞նչ կնայիս, շուտ ըրե՛, լմնցուր»: Մայրը՝ արձանի պես անզգա՝ չէր պատասխաներ ու կնայեր, կնայեր… իրիկվան դեմ միայն, մեռել ու գերեզման ձգած գայլի պես ոռնալով փախավ ու գնաց: Երկար ատեն հեռուներեն լսեցինք իր ողբը… գիշերն ո՞ւր մնացեր էր, ո՞ր փոսին մեջ ինկեր, չեմ գիտեր… մինչև լուսնալուն, քանի արթնցանք, լսեցինք իր ձայնը ու հետո ամեն բան մարեցավ:

Գլխունուս զարնված ու թախիծով լեցուն՝ կդառնանք մեծ ճամփուն վրա, ուր մեր որբերը մեզ կսպասեն: Երիտասարդը գրգռված էր իր պատմություններեն, տենդով կխոսի ու ալ չի կենար: Ի՜նչ անպատմելի մանրամասնություններ կան իր ականատես մարդու հիշողության մեջ, ի՜նչ դրվագներ…: Անօրինակ արագությամբ մը կապրինք այդ սև ու դժխեմ ժամերը, ու բոլոր այդ հապճեպով թաղված մանկության սուգը սև ամպի մը պես կմարե մեր մեջ ամեն կենսական տրամադրություն:

- Ես ա՛լ թաղած եմ տղա դիակ մը,-կշարունակե երիտասարդը…- գինքը մոռցեր էին ո՞վ գիտե ինչպե՛ս և ինչու՛: Վրանները վերցեր էին այս դաշտին վրայեն և արդեն օրեր անցեր, երբ երկու ընկերոջ հետ կանցնեինք այս տեղերեն: Սուր և համառ գարշահոտություն մը մեր ուշադրությունը արթնցուց. չթաղված մեռել կա, մտածեցինք երեքս մեկ ու փնտրեցինք, մարմարյա կոնքի մը մեջ՝ որ ժամանակավոր աշխատությունից դարձող ձիերու ջուր տալու կծառայեր՝ գտանք զայն, գրեթե բան չէր մնացել, գանգ մը և չորս ոսկորի կտորներ, թևերը և սրունքները, մեջտեղը ցնցոտիներ: Ուզեցինք ամենքը մեկ վերցնել, բայց որ կտորին որ կպանք, ձեռքերնիս մնաց, փոս մը փորեցինք ու մաս առ մաս տարինք թաղեցինք տղուն ոսկորները… բայց երբ ցնցոտիները վերցնել պետք եղա՜վ… այ… ա՜յ… մատներնուս վար սողաց: Մեզմե մեկն ըսավ. «փորոտիքներն են»: Փոսը ծածկեցինք ու երեքս շուրջը կեցած մնացինք: Շատ արցունք թափեր էինք, շատ լացեր էինք մինչև այն ատեն, բայց այդ օրվան արցունքն ավելի աղի է՜ր… օ՜ֆ… ավելի աղի էր: Խաչ հանեցինք, «Հայր մեր» մը ըսինք մատղաշ նահատակին վրա ու, ետևնիս չնայելով, աճապարեցինք ու հեռացանք:

Արևը շլացուցիչ փայլով մը կշողշողա անամպ և կապույտ երկնքին վրա… բզեզներ ոսկեզօծ թևերով ու արագորեն կդառնան, կարծես աննշմարելի կեդրոնի մը շուրջ…: Օդը կենսավետ ջերմությունով առլի, կընդլայնե մեր կուրծքերը. ու, հակառակ հեղձուցիչ տաքին, կզգանք, որ մեր երակներն ավելի հարուստ, ավելի առույգ արյունով մը կբաբախեն: Ու կխորհիմ դառնորեն այդ վաղահաս մեռյալներուն, այդ խեղճ տղեկներուն վրա, որոնք այնքան իրավունք ունեին դեռ այս արևեն, այս օդեն, և որոնց ապրելու տենչանքը հզոր էր իրենց թխորակ գլուխներուն վերև պայծառացող վեհանձն արեգակին ընծայած կենսականության համեմատությամբ:Ո°ւր են հիմա իրենց ժպիտները, իրենց աչքերուն եռանդը, ո՞ւր են իրենց մանկական ուրախությունները, ակնկալությունները, փափագները…

Ու բոլոր այդ լույսի, հուրքի, ժպիտի, նորոբողբոջ վանկերու փոխարեն ահավասիկ մեր դիմացը կտարածվի սև դաշտ մը անհամար հողակույտերով բեռնավորված, գարշահոտություն, զազիր ճանճեր և ոսկորի քանի մը կտորներ:

Որբերը տեղավորելե ետքը նախապես իրենց համար պատրաստված տեղերը, ուշ ատեն, պատրաստած և հուզմունքե ջլատված, հասանք առաջնորդարան: Եկեղեցիին բակը պարապ էր և վերջալուսային անդորրություն մը կծածաներ մեր շուրջը, բայց մեր օրը դեռ չէր վերջացած, որվհետև ըսին, որ կին մը կսպասեր մեզի:

-Որբեր ունի թերևս արձանագրելիք, - ըսավ ընկեր մը:

Ո՛չ սակայն, որբեր չուներ արձանագրելիք այս մեկը… շատ երիտասարդ էր ու դժվար էր հավատալ իր մայրությանը. աչքերը մոլորուն, դեմքը ծամածռած ու քարացած անբացատրելի գալարումներու մեջ, լեզուն ծանրացած լորձունքոտ շրթներուն վրա՝ անիկա ըրավ իր անհավատալի պատմությունը… -Աչքերս կուրնա՜ն, քար կտրեր ե՜ն… ես ոչ հաց կուզեմ, ոչ օգնություն, արցունք տվեք ինծի՜…

Երկու տենդե այրած աչքեր իրենց նայվածքը կմխրճեն մեր աչքերուն մեջ:

- Մատներս չորնա՜ն… սա մատներովս ըրի…:

Ու գալարուն մատները կներկայացնե մեզի:

Նախապես բան մը կարելի չեղավ հասկնալ, որովհետև իր կցկտուր և ողբագին խոսքերը կընդհատվեին ահռելի տագնապներով. անիկա կուրծքը կբզկտեր ու մազերը կփետեր և լորձունքին մեջ կխեղդեր իր բառերը… ու վերջապես ուրիշներ եկան մեզի տեղեկացնել…

Իր պատմությունը, գիտեինք արդեն. Ադանա ոտք դրած օրերնիս լսած էինք զայն, ինչպես ամենեն ահավորներեն ավելի ահավոր դրվագ մը… սա էր այն մայրը, որ իր տասը մատներուն փորձած ոճիրովը խելագարած, հալածված, չարագուշակ կենդանու պես՝ կթափառեր ավերակներուն մեջ և ամեն մեկ սգավորեն ավելի սգավոր, ամեն մեկ արկածյալեն ավելի դժբախտ, կջանար իր դժոխային տերտը հասկցնել…

Այն սև օրերուն մեջ էր… խումբ մը մարդիկ հանկարծակիի եկած, շրջապատված կոտորողներեն, կապաստանին նկուղի մը մեջ. ոմանք արդեն զարնված են և ոմանք արդեն սգավոր. բայց բոլոր հծծյունները, բոլոր ինքնակորույս վիրավորվածները կլռեն ու նկուղը գերեզմանային լռություն կստանա: Իրենց վերև անընդհատ հրացաններու ձայները կսուրան ու վառոդի, հրդեհի ծուխը սպրդելով մինչև իրենց՝ վտանգի մերձավորությունը կազդարարե: Սարսափահար՝ իրենք միշտ լուռ են ու անշարժ. հանկարծ, անգիտակից ու խիզախ, մանկական ձայն մը կճչե: Ինքնապաշտպանության հոգեն գազանացած, մարդիկ կուզեին զայն խլել: Հոն են մանկիկին հայրն ու մայրը, սարսափելի ոճիրը վճռված է. տասնհինգ զույգ բոցավառ աչքեր, նկուղին մթության մեջ կփնտրեն զայն… բազուկներ կսողան դեպի անոր… չեն խոսիր ու չեն տեսնար զիրար, բայց մայրը կհասկնա և խուլ ձայնով կառաջարկե՝ հուսալով, որ մահը նվազ վայրագ պիտի ըլլա իր տղեկին համար…

- Կեցե՛ք, ես իրեն կյանք տվի… ես պիտի առնեմ իր կյանքը…

Բայց իր մայրական մատներն անկարող կըլլան պինդ սեղմվելու մանկիկին կոկորդին վրա:

Ավելի տիրական, ավելի խիզախ, տղուն ձայնը կբարձրնա… սև մոլուցք մը կդղրդե ապաստանողները ու լռին, բայց հաստատ կմոտենան դժբախտ ծնողքին:

Ու այս անգամ հայրն է, որ կստանձնե դժնդակ գործողությունը:

- Անգամ մըն ալ կեցե՛ք… ես կվերջացնեմ…

Երեք օր կմնան նկուղին մեջ և այլևս տղուն ձայնը չի լսվի. բայց երբ լույսին և արևին կելլեն, տղան դեռ չէր մեռած: Հոգեվարքը կտևէ երկա՜ր. փորն ուռած, աչքերը կապիճներեն դուրս, կարծես զարմացած իր վրա կատարված ոճիրեն, հեք մանկիկն իր շունչը կուտա երկարատև տառապանքե մը ետքը: Մայրն արդեն խելագարված էր:

Այս այն կինն էր, ուրեմն անոնք, որ իրենց ձեռքովը թաղեցին իրենց զավակներուն դիակները, անոնք, որ տեսան իրենց տղոցը հյուծվելը և տառապելն անօթութենե և վերքերե, անոնք՝ դեռ բախտավոր էին:

Ծամածռած դեմքը ոճրագործ մորը կծածկվի ստվերի մը ներքև. մեր աչքե՞րն են, որ կամպոտին, թե երեկոյան մութն է, որ կիջնե… մղձավանջային գիշերը եկեր է… ահավասիկ Սիհունը կմռնչե… մտիկ կընենք իր ձայնն ինչպես նաև թշվառ կնոջ աղաղակը.

- Ես ո՛չ հաց կուզեմ քեզմե, ո՛չ օգնություն, արցունք տվե՛ք ինծի:

Յատուկ Երաժշտություն
Սիմֆոնիա N3
Ավետ Տերտերյան

Սիմֆոնիա N3