Եղիշե Չարենց

Պոետ

Ինձ համար չարը դառնում է բարի,
Անգույն առօրյան մոգական երազ.
Սիրում եմ բոլոր գույներն աշխարհի՝
Երկնային հեռուն ու աստղերն անհաս։

Եվ շրջիկների երգերը անհոգ,
Վազքը կառքերի, փողոցի ուղին
Դառնում են հանկարծ հեռավոր ցնորք,
Որ երազել է պոետի հոգին։

Երբ համբուրում եմ շրթերը կնոջ,
Շրթեր, որ հազար մարդ է համբուրել
Հավատում եմ ես, որ նրանք քրոջ
Շրթունքներ են կույս ու մաքուր են դեռ։

Ո՞վ կհասկանա պոետի ուղին...
Երբ փողոցներում թափառում է նա
Նրա թևավոր, աստղային հոգին
Ճախրում է հեռու աստղերի վրա։

Ո՞վ կհասկանա, թե ինչո՞ւ է նա
Համբուրում նեխած շրթերը կնոջ,
Երբ նույն վայրկյանին աղոթում է նա
Ստվերի առաջ հեռավոր քրոջ։

Ո՞վ նրա տրտում երգը կլսի,
Երգը խելագար, կամ ցնդած մարդու։
Բայց նա մեռնելիս կժպտա, կասի.
Օրհնությո՜ւն քեզ, կյանք։ Հրա՜շք էիր դո՛ւ...

Յատուկ Երաժշտություն
Չինար ես
Կոմիտաս

Չինար ես

Մոդելը - 2
Մոդելը - 2
Խաղա առցանց