Եղիշե Չարենց

...Մայրամուտի այս սուրբ, հրակարմիր միգում

...Մայրամուտի այս սուրբ, հրակարմիր միգում,
Բորբ արևի վառվող, ողջակիզվող հոգում,
Որպես անդարձ երազ, որպես անցած մի հուշ
Մոխրանում է ահա քո մարմինը անուշ:
Որպես կարմիր մի վերք, մի արնագույն քուրա,
Բռնկվել է ահա հորիզոնի վրա,
Այրվում է, որպես իրիկնային մի սեր,
Ու գնում է դեպի մայրամուտ ու գիշեր...

Սի՜րտս է կարծես մխում,
Սիրտս մաքուր, զվարթ,
Սիրտս երկնի մովում
Կարմիր բացված մի վարդ:
Այրվում է, բոսոր,
Վա՜ր է իջնում արագ
Հրաբորբոք, հզոր
Սիրտս` կարմիր կրակ...

Սի՜րտս արև, սիրտս գարուն,
Հրի՛ բաժակ ու սիրո,
Իրիկնային այս աշխարհում
Քա՛ղցր զոհ...
* * * * * * * * * *
Ցերեկների թույնը բոսոր
Սի՜րտ իմ, տա՛ր, սի՜րտ իմ, տար,
Թող տարածվի գիշերը խոր
Ու արդա՛ր:

Մա՜յր մտի՜ր, սի՜րտ, ու ծածկվիր
Խավարո՛ւմ, խավարո՛ւմ.
Հո՜ւշ է կյանքը, ոսկի՛ մոխիր
Ու մարում:

Մա՜յր մտի՜ր, սի՜րտ, կարմի՜ր երազ,
Երկինքներում ցուրտ ու սին,
Որ վաղը, սեգ, դու բարձրանաս
Արևի՛ հետ միասին...

Յատուկ Երաժշտություն
Դիմակահանդես - Վալս
Արամ Խաչատրյան

Դիմակահանդես - Վալս

Արարատյան դաշտ
Արարատյան դաշտ
Խաղա առցանց