Եղիշե Չարենց
Հատված
...Օրերը այստեղ են բերել:
Եվ ես
Այստեղից
Անցնում եմ՝ տարտամ ու երեր:
Նորից
Քայլերս դարձել են տարտամ:
Նորի՛ց ծանրացել է
Սրտիս մեջ թախիծը
Անկամ:
Գնում եմ,
Գնում եմ
Նորից.
Գիտեմ, որ անցնում է տարին:
Գիտեմ, որ
Նորից ու նորից
Ոտքերս առել են քարի՜...
Ու շուրջս խավար է:
Ու շուրջս մշուշ է
Ու մահ:
Գիշեր է ու վարը
Հիմա
Խարխուլ, խուլ ծփում է
Խոնավ
Խորխորատը
Հնի.
Թափվում է, թափվում է
Արյան պես կարմիր մի
Գինի...
Հեյ ո՞ւր եմ հիմա ես
Էս ո՞ւր եմ
Ես ո՞ւր եմ
Հասել.
Եվ ո՞ւր է,
Երկի՜ր ի՜մ,
Քո հուրը
Փրփուրը
Լուսե:
Էն ո՞վ է սրտին քո
Դրել իր
Կապարը
Էն ո՞վ է թքել քո
Հրին.
Հե՛յ ո՞վ է կոփել կուռ,
Անդուլ այս խավարը՝
Մահե շիրմաքարը
Լռին:
Եվ ո՞վ է
Տվել քեզ
Այս խեղճ հոգնությունը,
Այս խեղճ հոգնությունը
Հիմա
Երբ քո հոգնությունը
Քարի հոգնություն է
Քարի՛ հոգնություն է
Ու մահ:
Իսկ է՞ն, որ թռել ես,
Հոգով
Փրփրել ես,
Սրտում քո կրել ես
Հուրե՛ր ու հուրե՛ր.
Հազա՛ր դար քո կամքը
Կոփել ու կռել ես
Սրել ես քո կամքը
Հրե...
Իսկ է՞ն որ սրտիս մեջ
Հազա՛ր դար կրել եմ
Քո քաղցր գալիքը լուսե.
...Օրերը եկե՛լ են,
Օրերը հասե՛լ են,
Ու հուրը դարձել է քո սև ...
Եվ ի՞նչը,
Էլ ինչը
Պիտի փոթորկի քո
Հին սիրտը իմ սիրտը հիմա.
Էլ ո՞ւմ եմ նետո՜ւմ ես
Անզոր իմ այս ճիչը,
Երկիր իմ, մորմոք իմ ու մահ...
Մենք, լուռ, շվարե՛լ ենք,
Լույսերս
Մարել ենք
Հույսերս էն ո՞ւմ ենք տվել...
Եվ ո՞վ մեզ,
Էլ ո՞վ մեզ,
Էն ո՞վ պիտի տա
Երկի՜ր իմ, թռիչք ու թևեր...