Վրթանես Փափազյան

Կորսված արդարություն

Մի անգամ Արդարությունն անհետացավ հանկարծ։

Ասենք, նա հաճախ էր կորսվում։

Խուսափելով իրեն ծյուրող, պատնիպատ խփող, լլկող անձերից, հաճախ նա փախչում էր լեռները, պահվում աշխարհիս հեռավոր անկյուններում։ Բայց ամեն անգամ, այսպես կամ այնպես, հաջողվում էր նրան գտնել, բռնել, վանդակի կամ սնդուկի մեջ դնել, ուզածին պես գործածել․․․ չարչարել։

Այս անգամ սակայն, չգիտեմ ի՞նչ հնարքով, Արդարությանը հաջողվեց լավ անհետանալ․ այնպես լավ թաքնվեց, որ մարդիկ աղոթքով, եզվիտությամբ, ուժով կամ ոսկով իսկ անկարող եղան նրան գտնելու։

Սկսեց մեծ իրարանցում։ Առանց Արդարության դժվար էր ապրել, մանավանդ որ նրա անհետանալովը, բազմանում էին մարդկության «օգտակար» շա՛տ հաստատություններ և շատ աղտոտություններ, որպիսիք են՝ կեղծավորություն, անիրավություն, խաբեություն, արյունհեղություն և այդպիսի շատ այլ «թյուն»-ներ, որոնց այնքան լավ դիմակավորում էր Արդարությունը։

Եվ ահա Արդարությանը փնտրելու ելավ նախ մի պատերազմիկ-ազնվական։ Շատ զորք ժողովեց, վաշտ ու գունդ կազմեց և երդվեց, որ Արդարությունը ո՛ր ծակը մտած լիներ, պիտի հաներ, ձեռքն ու ոտը կապած՝ պիտի մեջտեղ բերեր։

Այդ պատճառով իսկ, ոտնակոխ տալով նա գյուղ ու քաղաք, արյուն սփռելով դաշտ ու ձոր, ջարդեց, սրամաշ արավ
ամեն ինչ, տակնուվրա դարձրեց ամեն բնակություն, և այդպես առաջ էր գնում, հուսալով բռնել Արդարությանը։

Նրանից հետո ճանապարհ ընկավ Արդարությունը որոնելու մի շատ հարուստ մեծատուն։ Ոսկի ու արծաթ, զարդ ու զարդարանք բարձեց ուղտերի և, վստահ իր ոսկու վրա, տնից դուրս եկավ։ Ասում են, որ մի քանի հատ էլ սիրուն կանայք վերցրեց, որ ոսկու փայլի վրա գեղեցկության հրապույրն էլ ավելացներ։

― Կտեսնեք,― պնդում էր նա,― Արդարությունը ոսկովս պիտի գնեմ, կանանցով պիտի գրավեմ և սնդուկիս մեջ դրած՝ պիտի մեջտեղ բերեմ։

Այդպես էր ահա, որ բռունցքն ու ոսկին գնացին Արդարությունը որոնելու․․․ Եվ դեռ գնում են։

Թո՜ղ գնան։


Տեսնենք այժմ, թե ո՞վ էր այդ երրորդ անձը, որ խեղճ ու կրակ, ցնցոտիք հագին, ճակատը վշտերով խոր֊խոր ակոսած, մտածեց ելնել Արդարությունը որոնելու։

Ասենք ազնվականը սուր ուներ, հարուստը՝ ոսկի, իսկ նա ի՞նչ ուներ, ինչո՞վ պիտի գտներ Արդարությունը։

Թշվառն էր դա։ Բոլոր ընծաների փոխարեն էլ տարածն էր մի չնչին սրվակ, որ ամուր կերպով սեղմել էր կրծքին և համառությամբ ճանապարհ ընկել։ Բանն այն է, որ սրվակը լցրել էր մի չլսված հեղուկով։ Որբից մի արցունք, ընկածից մի հառաչ, գործավորից մի դառը քրտինք… Մի խոսքով, վշտերի արցունքներից մի֊մի կաթիլ ժողոված, լցրել էր շիշը, պինդ փակել և կարծում էր, թե տարածն անշուշտ պիտի գրավեր Արդարությանը։

Ու քայլում էր։ Անցնելով մեծ֊մեծ քաղաքներից, խուլ, հեռավոր գյուղերից, քայլում էր անխոնջ, ձորեր ցած իջնում, լեռներն ի վեր ելնում, ամեն քայլափոխին էլ կանգ առնելով՝ կանչում․

― Ո՞ւր ես, Արդարությո՛ւն։

Արդարությունը չկար։ Ո՛չ երևում էր, ո՛չ էլ ձայն տալիս։


Անոթի, ծարավ, հոգնած, վշտալից, երկար թափառեց թշվառն ամեն ուղղությամբ, սրտի վրա սեղմած ունենալով սրվակը, որի հեղուկը սկսել էր եռալ ու տաքանալ։ Արդարությունը սակայն չխղճաց նրան էլ. ո՛չ երևաց, ո՛չ էլ գոյությունը հայտնեց։

Վերջապես, երբ հուսաբեկ և ուժասպառ հասել էր լեռան կատարին, նստեց մի ժայռի վրա և սկսեց մտածել, թե իզուր էր Արդարությունը որոնել, քանի որ խուսափում էր նա թշվառից անգամ։

Եվ երբ այդպես մտածեց, բարկացած հանեց ծոցից սրվակն ու խփեց ժայռին։

Գնա՛, ոչնչացի՛ր, գոչեց նա, իզուր են բոլոր վշտերն ու արցունքները․ Արդարությունը թշվառին չի՛ սիրում․․․

Բայց հազիվ թե սրվակը փշրվել էր, լսվեց մի ահեղ որոտում․ հոսած արցունքներից թանձր ծուխ բարձրացավ, փրփրաց, ոլորվեց և նրա միջից, ահաբեկ թշվառի առաջ, դուրս ցցվեց մի ահեղ հսկա։

Սարսափած թշվառն ընկավ երեսի վրա։

Ելի՛ր, կանչեց հսկան մեծաձայն, ելի՛ր և մի՛ վախենալ։

Ո՞վ ես դու, ահե՛ղ ոգի, հարցրեց թշվառը։

Ե՞ս, գոչեց հսկան, ես Բողոքն եմ, որ ծնա այդ թափած արցունքներից և որ պիտի աշխարհ բերեմ անհայտացած Արդարությունը․․․ Նայի՛ր․․․

Ապա արշալույսի կարմրորակ լույսի մեջ ցցվեց հսկայի վեհ հասակը, դարձած դեպի բարձրությունները, ուր սկսել էր մի փոթորիկ և ուր գետինն ամբողջ դողում էր դղրդյունով։

Եվ հեռուն, հսկայի պարզած ձեռքի կողմը, մի կույտ մաքուր ամպերի բացվածքից, երևան եկավ թաքնված Արդարությունը, խորունկ, տխուր հայացքով, առանց կշեռքի, առանց մեծ սրի։
Ե՛կ, Արդարություն, կանչեց Բողոքը, ես ծնվել եմ և իմ ձայնը թո՛ղ քեզ համար կշեռք ու սուր դառնա․ ե՛կ, Արդարություն․․․

Բայց Արդարությունն անշարժ ու տխուր նայեց նրան, նայեց թշվառին և ասաց․

Դեռ ո՛չ․․․ դեռ դու փոքր ես․ գնա, քայլի՛ր, կուտակի՛ր արցունք, կուտակի՛ր վշտեր, մեծացիր, որպես օվկիան, կատաղի՛ր որպես հեղեղատ և այն ժամանա՛կ միայն ես կգամ իմ սրով և իմ կշիռով․․․

Ապա ամպը սահեց, և Արդարությունը նորից անհետացավ իր անմատչելի բարձրության մեջ․․․



Այդ օրվանից ահա՝ պատերազմիկ զորեղն արյունի մեջն է որոնում Արդարությունը, հարուստը՝ ոսկու, և թշվառը, նստած իր վշտերի մոտ, արցունքներով մեծացնում է Բողոքին, որ նա վերակոչե աշխարհում՝ կորսված Արդարությունը․․․

Յատուկ Երաժշտություն
Յասաման
Տիգրան Համասյան

Յասաման

Գյուղի շրջակայք
Գյուղի շրջակայք
Խաղա առցանց