Վրթանես Փափազյան

Գրիր, արյունով գրիր․․․

1

Կառքը տափարակի վրա իջել՝ գնում էր մխրճվելու ծառազարդ գյուղերի շարքի մեջ։ Խճուղին փոշոտ, բարդիներով հովանավորված, պարզվում էր այգիների միջով։ Երկու կողմում խիտ տնկած ծառեր էին, լայն առվակներ և միմյանց միացած անծայր ցանկապատեր։ Աջ ու ձախ՝ խաղողի այգիները տարածվում էին անվերջ ու անընդհատ, ո՛չ մի բաց տարածություն. ամեն կողմ թփեր, կարճլիկ դեղձիներ, ապա՝ առու և ջուր, ուռենի և բարդի, կաթնագույն կանաչ տերևներով փշատենիներ, այլև ցանկապատերից դուրս կռացած խոշոր թթենիներ։

Ցուրտ էր։ Աշնանային պաղ քամի էր փչում ձյունոտ լեոներից։ Ծառերի տերևները թրատված կարծես՝ հուսահատ պտույտներ էին գործում օդի մեջ, ապա իրար վրա ընկնում՝ դեղնած ու թոշնած։ Ամայությունն էր սկսում․ ծառալից հարթության այնքան ահռելի և տխուր ամայությունը։ Արագիլների բներն արդեն դատարկ, ցնցոտիների նման, կախ էին ընկել բարդիներից, միայն ագռավներն ու ճնճղուկները մնացել թռչուններից, կռնչում էին ու ծլվում մերկ պուրակների մեջ։

Փոշի էր սակայն, անտանելի փոշի։ Ճանապարհի վրա դիզված կար կե՛ս թզաչափ․ ձիերի ոտների տակից ամպեր էին ելնում ու մեր կառքը շրջապատում։ Ո‘չ բերան կարելի էր բանալ, ո՛չ աչք։ Սպիտակո՛ւմ էինք գլխովին։

Օձիքս բարձրացրել, աչքերս գոցել, գլուխս ոզնու նման ներս էի քաշել ու տրտնջում էի. զզվելի է այս, խայտառակ բան է…

Ճանապարհորդակիցներիցս այն, որ կողքիս էր նստել, մշեցի «խրմապետը», գանգատս իրավացի էր գտնում, բայց անօգուտ։ Փոշու դեմը առնել չէր կարելի։ Ուր ճանապարհ կա, այնտեղ փոշի կլինի։

Դիմացս նստող գյուղացին ծիծաղում էր վրաս։

Փոշին ի՞նչ կանի որ… հող ա, է՛լի… հողը ի՞նչ վնաս կտա։ Հողիցը լավ բան կա՞ աշխարհումս։ Հողն ա մեզ կերակրողը, թող մի քիչ էլ բերաններս լցվի․ ի՞նչ կա որ…

Ու բերանը բաց, փոշու մեջ թաղված, դեռ ծխում էլ էր։

Կես ժամ այդպես, փոշու ամպերի մեջ. գնում էինք, մինչև որ մոտեցանք Գետաշենին։

Գյուղի մոտ փոշին դադարեց։ Բաց դաշտ կար քիչ․ ցեխ էլ էր․ մի առվակ էր ճապաղվել, փոսերը լցրել և խճուղին փչացրել։

Անցանք մի հին կամուրջից, որ դողաց մեր կառքի տակ։ Ապա բամբակի բակի արտերի միջով սլացանք և, վերջապես, ջրի խշխշոցի ձայնը ավետեց, որ միայն մի պտույտ էր մնում գյուղի ջրաղացին և գյուղին հասնելու համար։ Առաջին խանութների առաջ կառքը կանգ առավ։ Ձիերին պետք էր քիչ հանգստություն տալ: Կես ճանապարհն արել էինք։

2

Չիջա։

«Խմբապետն» իսկույն վար ցատկեց և խանութ մտավ։ Գյուղացին հետևեց նրան։ Դռան առաջ կանգնածներն, անշուշտ, ճանաչում էին մշեցուն։ Անցնելիս՝ բարևեցին բավական ակնածու շարժումներով։ Մի քանիսները մոտեցան, ձեռք տվին ու միացան նրան։

Թվաց ինձ, որ «խմբապետի» անցյալ գործունեության հմայքը մնացել էր դեռ այդ տեղերում։ Ինչ որ էլ լիներ, մարդը նրանց համար կռվել էր հարձակվող թուրքերի դեմ, պաշտպանել էր գյուղերը։ Փաստն այն էր, որ հարգանք էր վայելում դեռևս ու որոշ դիրք ուներ։

Մենակ մնացի կառքի մեջ։

Խանութպանը եկավ և թեյ առաջարկեց։ Մերժեցի։ Դարձա հակառակ կողմը և այգիներն ու ջրաղացը դիտել սկսեցի։

Առվակն էր նախ, մեջը փնչացող մի գոմեշ նստած, այլև լողացող բադերի մի փոքրիկ խումբ։ Մյուս եզերքին գյուղացիներ կային։ Ջրաղացը գործում էր եռանդագին։ Ել և մուտ կար այնտեղ։ Գնում-գալիս էին ալյուրոտ մարդիկ, տոպրակները դռան մոտ՝ բառնալու էին սպասում՝ ցցերի կապած մի քանի էշերի վրա։

Այգիներումն էլ շարժում կար։ Խաղողի թփերն էին հողով ծածկում՝ ձմեռվա սառնամանիքից պատսպարելու համար։

Դեպի վեր գյուղի մեծ փողոցն էր. խճուղու մի մասը, որ երկու կողմերում խանութներ ուներ և տներ։ Անցնում էին ճռնչող սայլեր, փոշի հանող եզներ, ձիավորներ… Միմյանց հետևից շարված՝ ընթանում էին խոշոր կիսասայլեր ու տանում էին իրենց վրա երերացող թաց, ծորուն տակառները։ Խաղող էին կրում դեպի քաղաք՝ կոնյակի գործարանի համար։

Ու ճանապարհի վրա փոշին սավառնում էր գորշ թանձրությամբ հեռու և ծածկում, քողավորում ամեն ինչ…

Քիչ դիտելուց հետո այդ ամենը, սկսեցի սրտնեղվել։ Վրդովվում էի, որ կառապանն ու ընկերներս հանգիստ նստել էին ներսը և ճանապարհը շարունակելու մասին դեռ չէին մտածում։

Դարձա խանութի կողմը։ Դուռը փակ էր։ Աղմկալից խոսակցության շփոթ ձայներ էին միայն ականջիս հասնում։ Վճռեցի քիչ էլ համբերել, ապա բարկանալ և ձայն տալ։

Այդ միջոցին էր, որ կառքի ձախ կողմից մոտ եկավ ալեխառն մազերով մի գյուղացի, պատկառուն ձևերով բարևեց ինձ ու հարցրեց.

Կառքի մեջ տեղ չի՞ լինիլ ինձ համար ևս։

Զննեցի մարդուն։ Կնճռոտ և արևակեզ դեմքով անձ էր, համեմատաբար լավ և մաքուր հագված։ Կարճահասակ էր, մաշված, թախծոտ և զգուշավոր հայացքի տեր։

Որտե՞ղ ես գնալու, հարցրի։

Առաջնոց կոչված գյուղիցն էր։ Այնտեղ էր գնում։

Միայն մի տեղ կա, բայց պետք է նախ կառապանի հետ խոսիլ։

Ժպտեց։ Եթե միայն այդ էր, ուրեմն կարող էր նստել։ Կառապանը ուրախ կլիներ, միայն թե փող տային նրան։ Պիտի տար։

Ետ քաշվեցի և թողի, որ ելներ։ Կողքիս չնստեց։ Ջանաց տեղ բռնել դիմացի նեղ նստարանի վրա։ Չառարկեցի։ Գիտեի, որ վերջ ի վերջո այնտեղ պիտի նստեր։ Դժվա՛ր թե «խմբապետը» զիջել կամենար իր տեղը։

Տեղավորվելուց հետո հանեց ծխատուփը, գլուխը խոնարհ՝ մի գլանակ շինեց և, երբ վառում էր, հարցրեց մեղմությամբ.

Ընկերներդ գյուղացինե՞ր են։

Միայն մեկը։

Իսկ ե՞ս. ո՞ր գյուղի ուսուցիչն էի արդյոք։ Չէր հիշում, որ տեսած լիներ ինձ, թեև շրջակա բոլոր գյուղերին լավ ծանոթ էր։ Արդյոք նո՞ր նշանակված էի։ Վարժապետ չե՞մ ես։

Վարժապետ չէի։ Ապա ի՞նչ…

Վախեցած և հուզված ինձ նայեց։ Հետո մեկե՛ն, կարծես հասկանալով ինչ-որ խորհրդավոր մի բան, սկսեց կծկվել և ավելի պատկառոտ դիրք ստանալ։ Մի տեսակ երկյուղ համակեց նրան։ Այլևս չէր նայում ինձ։ Վարժապետ չէի. հաճույքի համար զբոսանքի ելնելու օրեր չէին, վաճառականի նմանություն չունեի, ո՛չ էլ պաշտոնյայի… Ուրեմն…

Կռահեցի։ Անշուշտ ինձ ներկայացուցիչ կամ նույնիսկ անդամ համարեց մի զորեղ մարմնի։ Դեմքս ու հագուստս բավակա՛ն նպաստավոր էին։ Երևի «կազմակերպության» լիազորն էի, «կոմիտետի անդամ» գուցեև, ով գիտե, ինչպիսի լուրջ հանձնարարության համար էի գնում իրենց կողմերը։ Կարող էի նույնիսկ ընդհանուր քննիչ լինել։ Ինչո՞ւ ոչ։

Ու չէ՛ր հանդգնում այլևս խոսակցության մեջ մտնել։ Կպել էր կառքի թիկունքին, կծկվում էր նեղլիկ տեղում, ուզում էր կարծես փոքրանալ, ջնջվե՜լ… ծնկները ծնկներիս կպչելու ժամանա՛կ անգամ դողում էր և ետ քաշվում։ Վա՞տ էր դրությանը։ Չգիտեր ինչ անել ապացուցանելու համար, որ մեծապես պատկառում էր իմ մեծությունից, իմ անհայտ ամենազորությունից։ Խղճալի բան էր։ Պետք էր խոսել․ սիրտ տալ, համարձակություն ազդել։ Եվ, վերջապես, չէ՞ որ հասկացնել պետք էր, թե հա ո՛չ որևէ «կազմակերպության» շանթիչ առաքյալն էի, ո՛չ քննիչը և ո՛չ էլ ամենազոր ներկայացուցիչը։ Խոստովանում եմ, հաճույք զգացի փոքր-ինչ, որ ինձ այդպիսի «մեծություններ» էին վերագրում, և դիմացս ստրկային գալարվող ցույցեր էին տեղի ունենում։ Ափսոսո՞ւմ էի, որ գյուղացու կարծած մարդը չէի։ Դրա համար էր, որ թողի հմայքը շարունակվեր պահ մի։

Քաղաքի՞ցն ես գալիս, թե՞ այստեղ էիր. հարցրի քիչ հետո։

Ո՞չ, աղա, ա՛յստեղ էի եկել․ քիչ գործեր ունեի։

Ի՞նչ կա, չկա ձեր կողմերում։

Ի՞նչ պիտի լինի, աղա՛, հրամանքդ մեզնից ավելի լավ գիտես եղածը։

Երկու անգամ էր, որ «աղա» էր կոչում ինձ։ Պետք էր վե՛րջ դնել դրան։ ժամանակ էր քիչ-քիչ հասկացնել, որ իր ենթադրած մարդը չեմ։

Աղա չեմ ես,– ասացի ժպտուն։

Գյուղացին էլ ժպտեց։ Երեսիս նայեց խոնարհ, հպատակային ակնարկով ու ասավ. Աղան ձեզնից ինչո՞վ է ավելի։ Մեր աղան դուք եք։ Աստված անպակաս պահի։ Դուք որ չլինեք…

Ապա քիչ լռեց և ավելի մեղմ, անհամարձակ՝ հարցրեց.

Հրամանքդ Խանաբադ չե՞ս իջնելու։

Ո՛չ,– ասացի ես, ուղղակի Խորշիդլու եմ գնում։

Բայց ընկերդ այժմ Խանաբադ է. երե՛կ եկավ այնտեղ։

Ընկե՞րս,– զարմացա ես, ի՞նչ ընկեր։

Լիազորը։

Լիազո՞րը…

Եվ այլևս ստիպված եղա լիովին փարատել հմայքը, հայտնել, որ ես «կազմակերպության» մարդ չէի, ո՛չ նրանից ուղարկված և ո՛չ էլ «լիազոր» ընկեր ունեի այդ կողմերում։

Սկսեցի պարզել գյուղերը գնալու նպատակս։ Բանահավաք էի և ուսումնասիրող։ Օգտվում էի տոն օրերից և այդպիսի պտույտներ հաճախ անում՝ գյուղացիների կյանքը ուսումնասիրելու համար։ Մտադիր էի քիչ ավելի խորապես, ավելի լա՛վ ծանոթանալ գյուղի հետ։ Եղած ուսումնաաիրությունները ինձ չէին գոհացնում։ Պիտի ջանայի ծանոթանալ գյուղացոց ցավերի, ցանկութունների և մանավանդ նրանց հոգու ե զգացմունքների հետ։ Պիտի այդ ամենը հավաքեի ու գրեի․ գրեի ու հրապարակեի, որպեսզի մարդիկ իմանային։ Իմանային ու խորհեին: Ըմբռնեին, թե գյուղումն էր այն դժոխքը, որ նկարագրում են մեր ծերերն ու պառավները։ Ըմբռնեին, որ գեհենն ամբողջ՝ գյուղերումն էր։ Մազե կամուրջը, կպրե կարասը, բոլորն էլ ահա այդ ծառերի տակը. տանջող սատանաներն էլ այդտեղ էին, ու նրանց ո՛չ թիվը կար, ո՞չ համարը…

Այդ ամենը ինձ ասել տվավ գյուղացին իր հարցերով, հետախուզող, պատճառները գիտենալ ցանկացող հետաքրքրությունով։

Ու երբ խոսում էի, լսում էր լարված ուշադրությամբ։ Դեմքը պարզվեց, ծառայական սիրալիրության ժպտին փոխարինեց կնճռոտ, բայց վառ հետաքրքրությունով բորբոքված արտահայտություն։ Կռացած դեպի ինձ, անձկությունով լի համարձակ ակնարկը վրաս, լափում էր կարծես բերնիցս ելած խոսքերը։

Եվ երբեմն շուրջն էր նայում։ Լսող չկա՞ր արդյոք։ Վախենում էր։ Ամենքից և ամեն բանից վախենում, վախեցնում էր նրան նո՛ւյնիսկ «հասկացող մարդու» հագուստը… Ու ի՞նքն էլ խոսեց այնուհետև։

Այո, դժոխքը գյուղերումն էր գերազանցորե՛ն։ Դժոխքը՝ իր մազե կամուրջներով, կպրե կարասներով ու տանջող դևերի բանակներով… Թող գա՛ն, ապրին, մոտի՛ց շոշափեն այն «սրտացավ մտածողները»․ թող գյուղացու հետ կյանք վարեն, որպեսզի տեսնեն, զգան ու չմոռանան…

Կեղտ, տգիտություն, ծայրահեղ թշվառություն, այլև արատների անվերջ, ահավոր շարքեր, ապա կեղեքումներ և անպատմելի վշտեր ահա գյուղերին վիճակված ու անընդհատ հաջորդող բարիքները ի վերուստ, աջից ու ձախից, ամեն կողմից, նո՛ւյնիսկ բնությունից…

Շունչ առնել չեն տալիս, ո՛չ։ Դադար է՛լ չկա։ Վաղ արշալույսից մինչև ուշ զիջեր տանջանքի ու վշտի սև ամպերն են ծանրանում գյուղի երկնքի վրա։ Գարնան սկզբից մինչև ձմեռվա վերջը աճեցուն կեղեքումներն են գյուղի, գյուղացու հասույթները, ժառանգաբար, սերունդներ մաշող և բթացնող հասույթներ…

Ու ամբողջ բանակներ են կազմված՝ գյուղի հյութը ծծելու համար։ Աշխարհն ամբողջ, կարծես խոսքը մեկ արած, գյուղերի վրա է նետվել։ Անգղներ են, լեշ են համարում գյուղացուն, գիշատում են, բզկտում։ Ագռավներ էլ կան. սև ագռավներ, իրե՛նց բաժինն են կտցահարում։ Բայց, նախ, աչքերն են ուտում, որ գյուղացին չտեսնի։ Ու չի տեսնում գյուղացին։ Նայում է, բայց չի՞ տեսնում…

Գրի՛ր, ահա այդ ամենը գրիր։ Բայց թանաքով մի՛ գրիր, այլ գյուղացու կարմիր արյունով. տանջվող հոգու, ծվատվող սրտի բոլոր հյութովը… Արտասուք շարժելու համար չգրես։ Լա՛՞ց… ինչո՛՞ւ… անմտություն է լացը։ Գրի՛ր, որ կատաղեցնես ամենքին. գրիր, որ զայրույթը մռնչա, ծովի ալիքի պես ելնե ու իջնե, լեռնե՛ր դղրդեցնե…

Այդպե՛ս, միայն այդպե՛ս գրիր…

3

Այս ամենը գյուղացին խոսեց ի՛ր լեզվով, իր արտահայտություններով և պատկերացումներով, կցկտուր, դողդոջ բորբոքումով։ Ու խոսելու հետ՝ մռայլվում էր դեմքը, ակոսվում ճակատը։ Պապիրոսներ էր, որ ծխում էր։ Չէ՛ր էլ նայում ինձ։ Ակնարկը երբեմն շինած պապիրոսինն էր, երբեմն հեռուն։

Այդ միջոցին խանութի դուռը աղմուկով բացվեց, և դեպի կառքը ելան «խմբապետը», Բարեղամը (այդպես էր գյուղացու անունը), հետևներից էլ կառապանը։

Վերջացրել էին ուրեմն։ Գնալու էինք։

«Խմբապետը» կամուրջի վրայից էլ մի քանի բառ նետեց խանութի առաջն ելնող խանութպանին, հետո, երբ մոտեցավ, նկատեց մեր նոր ընկերին և կանգ առավ.

Վա՜յ, ասաց զարմացած, այդ դո՞ւ ես… էս ո՞րտեղից։ Այստե՞ղ էիր։

Հետո զգալի կերպով զսպեց իրեն, սառը կերպարանք ստացավ և տեղ բռնեց կողքիս։

Գևորգն է, ձայներ Բարեղամը, ասին, որ ըստեղ ես, բայց չհավատացի․ հմի գե՞ղն ես գնում։

Կառապանը նրան նայեց, ժպտեց, իր տեղը բարձրացավ և բավականացավ միայն ասել։

Հիսուն կոպեկ կառնեմ։

Լա՛վ, քշի՛ր։ պատասխանեց նրան Գևորգը, հետո Բարեղամին էլ մի բան ասաց և տեղ տվավ։

Փոշի հանելով մեկնեցինք։

Մինչև գյուղից դուրս գալը կառքը սաստիկ աղմկեց քարերի վրա։ Խորդուբորդը ցնցում էր անվերջ։ ճանապարհը փչացած էր։ Ոչ ոք չխոսեց։ «Խմբապետը» ծխում էր, փողոցում եղած գյուղացիներին էր նայում և մեկ-մեկ ողջունում։ Գևորգը այգիներն էր դիտում։ Բարեղամն էր այդ միջոցին ուշադրության արժանի։ Տարորեն շարժումներ էր գործում։ Մեկ «Խմբապետին» էր նայում՝ ժպիտը դեմքին, մե՛կ Գևորգին և կարծես սպասում էր, որ նրանք մի բան պիտի սկսեին։ Արդյոք վե՞ճ, կռի՞վ։ ըստ երևույթին, մշեցին ու մեր նոր ընկերը իրար հետ շփումներ էին ունեցել։ Գուցեև թշնամիներ էին։ Բայց գյուղացին աննշան մարդ չէր երևում։ Անշուշտ, որոշ դիրք ուներ շրջանում, և «խմբապետը» իր ատելությունը դեպի նա կոպիտ ձևերով ուղղակի արտահայտել չէր հանդգնում։ Հասարակ գյուղացի խո չէր, որ գոռար վրան անպատիժ, հայհոյեր, սպառնար կամ նույնիսկ ծեծեր։

Զսպում էր իրեն առայժմ և օրինականության սահմանից չէր դուրս գալիս։

Այդ բոլորը եզրակացրի ես՝ զննելով թե՛ նրանց դիրքն ու միմյանց նետած հայացքները և թե՛, մանավանդ, Բարեղամի չափազանց պերճախոս դիմագծերը։

Այդ մարդը կարծես կրկեսի անհամբեր հանդիսական լիներ, որ բուռն շարժումներով բողոք էր արտահայտում, թե ինչո՞ւ էին ուշացնում ըմբշամարտությունը, ինչո՞ւ իրար վրա չէին նետվում կռվողները, գոնե կծու խոսքերով չէին նետահարում հեռվից, մինչև որ մոտենային ու միմյանց բռնահարեին…

Եվ երբ գյուղից դուրս ելած՝ կառքը սկսեց փափուկ հողի վրա թավալել, երբ մշեցին դարձավ դեպի Գևորգը, պետք էր տեսնել Բարեղամի գոհունակության լայն ժպիտը…

Ձեռքերը շփելով, տեղավորվեց նա իր անկյունում և պատրաստվեց լսելու։ Վարագույրը բացվել էր. վերջապես…

Լա՛վ որ պատահեցինք, Գևորգ, խոսեց «խմբապետը», ուզում էի վաղը հենց քեզ տեսնելու գալ։

Գևորգը նրան նայեց սառը դեմքով, քիչ լռեց, հետո ասաց.

Համեցեք գնանք։

Չէ՛, այսօր չեմ կարող… Գուցե մի քանի օրից։

Ապա փոքր-ինչ լուռ մնաց, կուլ տվավ թուքը, որ հուզմունքից կոկորդն էր լցվել, և ասաց թեևակի դողացող ձայնով.

Գամ, որ վերջացնենք էն գործը։

Ո՞ր գործը…

Նայեցի Բարեղամին։ Ժպիտն ավելի էր լայնանում։ Գոհ էր։ Անշուշտ, հենց այդպես էր սկսվելու։

Ու կռացած դեպի նրանց՝ սպասեց։ Այդ րոպեին շատ նման էր նա այն մոլի մարդուն, որ երկու աքաղաղներ միմյանց դեմ հանել՝ անհամբեր սպասում է կռվին։

Ոչինչ չէի հասկանում։ Սպասում էի ես էլ։

Սակայն լարվող տրամադրությունը սառում էր։ Բարեղամը երևի զգաց այդ։ Պետք էր գրգռել, Վարագույրը, իրավ է, բացվել էր, բայց ներկայացումը կարծես պիտի հետաձգվեր։

Գիտե՞ս բանը ինչումն է, պարո՛ն, դարձավ նա ինձ՝ ժպիտը դեմքին, ահա 3-4 ամիս է, որ էս երկուսը կռիվ են տայիս մի կտոր հողի վրա։ Շատ-շատ որ լինի՝ մի արշին լայնությամբ տեղ հազիվ լինի

Մի արշին հողի համա՜ր… զարմացա ես։

Բանը նրանումն է, շարունակեց ծիծաղել Բարեղամը, որ կռվապատճառ այդ հողը ո՛չ սրանն է, ո՛չ էլ նրանը։

Գևորգը, որ չէր նայում խոսողին, բայց, անշուշտ, ուշադրությամբ ականջ էր դնում, դարձավ ինձ և ասաց զսպված ձայնով.

Այո՛, ո՛չ իմն է և ո՛չ էլ դրանը։ Հասարակությանն է…

Հա՛ շարունակեց Բարեղամը մի՛շտ գրգռիչ շեշտով ու ժպիտով, էս մարդը, մեր «խմբապետը», պսակվել է Ավազնոցումը մի որբևայրի կնոջ վրա, հետն էլ մի տղա։ Հիմի, ինչպես ամե՛նքն են անում, սա՛ էլ ուզեցել է իրա հողը շատացնի, հասարակության հողիցը մի քիչ «և այլն անի»… բայց արի տես, որ Գևորգը արդեն մի առու է քաշած լինում, էդ հողի լավ մասը ինքն է «և այլն» արած լինում վաղուց…

Այո՛, հաստատեց Գևորգը անվրդով, տասը տարի կլինի, ծառեր էլ ունեմ վրան տնկած։

«Խմբապետը», գլուխը կռացրել էր՝ կռվի մեջ նետվելու պատրաստվող այծի պես, նայում էր Բարեղամին և սպասում։ Սոսկալի էին նրա աչքերը, որոնց նա տակեվանց ոլորում էր մե՛կ Բարեղամի, մե՛կ Գևորգի վրա ու բեղերի ծայրերն էր պտտեցնում բթամատով և միջամատով մեկ աջ ծայրը, մեկ՝ ձախը։

Բարեղամը նկատում էր այդ, բայց դեո բավական տաքացրած չէր համարում։ Եվ շարունակեց.

- Հա՛… ասաց նա, է՛ն էի ասում… է՛սպես, մեր «խմբապետը» թոկը դնում է և ուզում հողի այդ կողմից Գևորգի բռնած կողմից ուղիղ գծով մի քիչ տեղ «զավթել»։ Դրա համար հարկավոր էր անցնել Գևորգի կտրած առուն ու բավական երկարությունով հեռուն՝ պատը դնել: Շատ չեմ ասում մի 5-6 լարաչափ լավ հող, ղոչաղ Արամս ուզում է Գևորգիցը թռցնի…

Հողը Գեորգի՞նն է… զսպված բարկությամբ ասաց Արամը։

Իմը չի, խոսեց Գևորգը,– ճշմարիտ է։ Բայց առաջ ե՛ս եմ գողացել–վերցրել։ Ուրիշ շատերն են ինձ պես արել։ Ինչպես ես չեմ խլել այդ շատերից, այնպես էլ թույլ չեմ տալ, որ խլեն ինձնից։

Ինչպե՜ս…– պոռթկաց «խմբապետը»,- դու չե՞ս թողնիլ…

Կտեսնենք, կտեսնենք… Հողը ո՛չ իմն է, ո՛չ էլ քոնը, շարունակեց Գևորգը, հասարակությանն է, Սհակենց Գաբրիելին ու Մկրտչանց Ասլանին մի նայիլ դու. նրանցն էլ պրծավ, ի՜մն էլ… Ինչ որ խլել ենք հասարակությունից, պիտի ետ տանք… Քեզ ես չե՜մ տալ, պատդ քաշել չե՛մ թողնիլ, բայց եթե հասարակությունն ուզի, ետ կտամ ամբողջը ու վրան տնկածս ծառերն էլ կնվիրեմ ուսումնարանին…

Փի՜ե…- արեց զարմացած Բարեղամը, էնքան ծա՜ռը…

Մոռացել էր գրգռելու միտումը։ Գյուղական կծծիությունն էր զարթնել մեջը:

Գիտե՞ս, դարձավ նա ինձ, մոտ 300 բարդի ծառ է, ամեն մեկը մի հաստ գերան, ամենապակասը 10 մանեթ կաժենա հատը…

Ու հիացումով համակված՝ ասաց Գևորգին.

Ես իմ աստվածը, Գևորգ, թե ճիշտ այդպես ես վճռել՝ իշխան մարդ ես… Չէ՛, Արամ, էլ պրծար, պրծար։ Էլ ավելորդ է խոսելդ, ձեռք քաշիր հողիցն էլ, ու, թե խելք ունիս, էսպես իշխան մարդու հետ մի թշնամանալ…

Բայց «խմբապետը», հակառակ Բարեղամի առաջարկության, նրա վերջին հորդորիցը շատ ավելի գրգռվեց։ Գույն առավ-տվավ, կարմրեց, կատաղությունից փնչացրեց, ջանաց զսպել իրեն պահ մի, բայց հանկարծ գոռաց կատաղությամբ.

Ե՛ս… ես մա՛րդ չեմ լինիլ, եթե հենց վաղվանից… վաղվանից պատ քաշել չտամ ու արգելողի էլ քիթն ու պռունկը չարնոտեմ…

Գևորգը, որ սկզբում քիչ ետ էր քաշվել, «խմբապետի» ձայնիցը վախեցած, ժպիտը դեմքին ուղղվեց նորից իր տեղում և ասաց·

– Վա՞ղն ես ուզում… համեցե՛ք, ինչ կլինի որ… լավ էլ կանես… Հենց վաղը կենտրոնի լիազորը Խանաբադից մեր գյուղն է գալու՝ կտեսնի արածդ…

Կարծես մի դույլ սառը, շատ սառը ջուր էր այն, որ հանկարծ շուռ տվին «խմբապետի» գլխին։

Հանկարծ կանգ առավ, իր բուռն թափի մեջ սառեց և արձանացավ: Հետո սաստիկ գունատվեց, շրթունքները անձայն դողացին պահ մի, ապա ողորմելիորեն կմկմաց.

Ի՞նչ… ինչպե՜ս… ի՞նչ լիազոր, ո՞վ…

Ինքը հենց կենտրոնի անդամը… շարունակեց Գևորգը, - հրեն Խանաբադում քննություն են անում ձեր գործի մասին… էգուց էլ Ավազնոց են գալու… Դու էլ համեցի ու էն պատը քաշի հասարակության հողի վրա, իմ քիթն ու պռունկն էլ արնոտի… Բայց մշեցին այլևս չէր լսում, անշուշտ չլսեց ալդ հեգնանքն ու ծաղրը։

Հանկարծակիի էր եկել, ու սոսկում էր միայն նկարված դեմքի վրա։

Ինչպե՜ս, կենտրոնի լիազո՞րը, քննություն իր գործի և առանց իր գիտնալո՞ւն։

Այդ ինչպե՞ս էր եղել, որ ինքը չէր իմացել, Չէ՞ որ քաղաքիցն էր գալիս, տեսնվել էր այնտեղ կենտրոնի մարդկանց հետ ու նրան ոչինչ չէին ասել գնացող քննիչի մասին։

Եվ, իհարկե, մտովին անիծում էր իր անփութությունը, քաղաքում այնքան երկար մնալը։

Ինչո՞ւ գոնե չէր լրտեսել և իմացել։ Մի՞թե կենտրոնին հաջողվել էր անգամ այնպե՛ս ուղարկել քննիչ, որ չորս-հինգ օր առաջ չէր իմացվել։

Այն էլ ինքը, «խմբապետ» Արամն անգամ չէր իմացել· ինքը, որ այնքան բարեկամներ ու կապեր ուներ, որի համար ոչինչ ծածուկ չէր մնում կազմակերպության արածներից։

Այդ րոպեին այդպիսի փոթորիկներ էին հուզվում անշուշտ մշեցու գանգի մեջ։

Եվ, երևի, այդ փոթորկալից մտածությունների արդյունքն էր, որ նա մի րոպե էլ կասկածեց, թե չլինի ես ևս քննիչ լինեի, մի երկրորդ քննիչ, որ հատուկ իր համար էի գնում, իր հետ ճանապարհորդում և խորամանկությունով թաքնվում էի ինչոր «բանահավաքի» դիմակի տակ…

Այդ սոսկալի միտքը մի երկրորդ հարված էր, որ ուժգնապես կծկեց նրան։

Սմքեց մեկեն, նայեց իմ ժպտուն դեմքին՝ հարվածի սպասող վախախառն ակնածությամբ, հետո, կմկմալով, խոսքն ուղղեց ինձ.

Ի՞նչ կա որ… ես չեմ վախենում… Ամենքը, ամենքն էլ գիտեն, որ ես մաքուր մարդ եմ… Ա՜յ, Բարեղամն էլ գիտե։

Ե՞ս, հախուռն կերպով վրա բերեց իր կողմից ևս սաստիկ վախեցած Բարեղամը, ես ոչինչ չգիտեմ… Ես ի՞նչ գիտեմ որ… Ես ոչնչի չեմ խառնվել ու չեմ էլ խառնվում… Չգիտեմ, ես առհասարակ ոչինչ չգիտեմ… Ձեռք քաշեք ինձնից…

Եվ երեսը դարձրեց։ Եթե հնարք ունենար, պատրաստ էր երդվելու անգամ, որ «խմբապետին» ո՛չ ճանաչել է և ո՛չ էլ ճանաչել է ուզում։

Ինչի,– խոսեց արդարացողի ժպիտով «խմբապետը», կենտրոնը չգիտի՞, որ դրանք սուտ են, որ ես ո՛չ. ոչխար եմ փախցրել և ո՛չ էլ… Դրանք բոլորը իմ թշնամիների, Գալուստի ու Կարապետի տարածած ստերն են, որ ինձ դուրս հանել տան շրջանիցը… Բայց ոչ ոք չպատասխանեց նրան այլևս։ Լուռ մնաց Բարեղամն անգամ։ Մտախոհ էր դարձել։ Չէր ժպտում։ Դեմքը կնճռած՝ անհանգիստ շարժումներ էր գործում նստած տեղումը։

Ըստ երևույթին, լիազորի գյուղերը գալը նրան էլ էր հանկարծակիի բերել և վրդովել։

4

Խանաբադում, փողոցի մեջտեղը, մի խանութի առաջ կառքը նորից կանգ առավ։

Արամը, որ գյուղին մոտենալիս անհամբեր էր դառնում, դեռ կառքը բոլորովին չկանգնած՝ ցած նետվեց և ասաց Բարեղամին.

Դու չե՞ս գալիս։

Չէ՞, ես գյուղն եմ գնում, գործ ունեմ։

Ապա դարձավ կառապանին.

Հը՞, Սահակ, այստեղ խո չե՞ս կանգնելու։

Հինգ րոպե, էս կապոցը տամ Արտեմին։

Հետո քաշեց, ոտերի տակից մի տոպրակ հանեց և մտավ խանութ։

Բարեղամն ու Գևորգն էլ իջան։ Մնացի կառքում մենակ ու նայում եմ։

«Խմբապետն» էր ինձ հետաքրքրում։

Աչքերովս հետևեցի նրան։

Արագ քայլերով գնաց նա դեպի մի այլ խանութ և այնտեղ, դռան առաջ կանգնած գյուղացիներին ձեռք տալուց հետո, մի երկու խոսք փոխանակեց։

Այնուհետև թողեց նրանց, մեծ քայլերով անցավ փողոցը, մտավ մի նեղ կիրճի մեջ և անհետացավ։

Երևի լիազորի տեղն էր հարցրել և շտապում էր գնալ տեսնելու։

Ուրեմն, ճիշտ էր, լիազորը գյուղումն էր և քննում էր ինչ-որ աղտոտ գործ, որի մեջ խառն էր ոչ միայն «խմբապետ» Արամը, այլև, ըստ երևույթին, Բարեղամը։

Այդպես էի մտածում և մեքենայաբար դիտում էի փողոցի մեջ անցած-դարձածը, երբ հանկարծ նկատեցի, որ դիմացից դեպի խանութներն էին գալիս երեք քաղաքացիներ։

Այո՛, քաղաքացիներ էին, և այն երկուսը օրիորդներ, մեկը պարոն։

Սխալվել անկարելի էր։ Հագուստն ու շարժվածքները որոշ էին։

Ու ո՛չ միայն պարզ էր այդ, այլև այն որոշվեց, որ կարծես դրանք ծանոթներ լինեին ինձ: Դեռ հեռու էին։ Մոտենում էին, և ես, կառքից դուրս կռացած, աշխատում էի ճանաչել։

Եվ, այո, երեքն էլ ծանոթներ էին։ Բայց ի՞նչ գործ ունեին այդտեղ: Պտույտի՞ էին ելել արդյոք։

Օրիորդները՝ Սաթենիկն ու Վարդուհին էին, պարոնը՝ մի ուսանող, որ միջոցներ չունենալու համար, այդ տարի չէր կարողացել շարունակելու գնալ և սպասում էր որևիցե տեղից օգնության, փողի…

Առայժմ նա ասպետություն էր անում մեր քաղաքի չափազանց ասպետասեր օրիորդներին։ Ընկերակցում էր, վերարկունին էր բռնում, ծիծաղելի բաներ պատմում, որ չձանձրանան… Մի խոսքով, անում էր այն ամենը, ինչ կարող է ստեղծագործել գավառական կնախնդիր ասպետը՝ թե՛ հաճոյանալու համար և թե՛ ժամանակն անխնա սպանելու։

Մի խոսքով, Լևոնն էր դա, օրիորդներն էլ՝ Սաթենիկը և Վարդուհին։ Երեքն էլ ծանոթ, երևելի, երեքն էլ նոր ոսկի երիտասարդության ծաղիկներից- հնչեղ, համարձակ ծիծաղով, ազատ կյանքով ու ամեն «կապ» արհամարհող սկզբունքներով։

Չզարմացա։ Սովորական բան էր գյուղերը պտույտի ելնել այդ խմբի համար։ Տարօրինակն այն էր, որ չէին երևում մյուս ընկերները՝ օրիորդ Արուսյակը, պարոններ Սարգիսը, Մկրտիչը, Մուշեղը։ Չկար մանավանղ խմբի համն ու հոտը, այն սոսկալի, խոշոր ատամներ, բայց քաղցր ձայն ու քաղցր բնավորություն ունեցող «Ախպեր մարդը» սրամիտ Սուրենր։

Ինչո՞ւ էին այդպես ջլատված ու բաժանված։ Ի՞նչ էին անում այդտեղ մենակ։

Մոտենում էին խոսակցելով։ Սաթենիկը քրքջում էր։ Լևոնը, որ նեղ շավղի պատճառով հետևից էր քայլում, օրիորդների վերարկուներն ուներ աջ կռանը և շարունակում էր, անշուշտ, ծիծաղելի մի բան պատմել նրանց։

Կառքից քիչ հեռու Վարդուհին էր առաջինը, որ կանգ առավ և նայեց իմ կողմը։ Նայեց, փոքրիկ ձեռքերն իրար խփեց ու բացականչեց.

Բայց սա խո պ. Երվանդն է… Սաթո, Լևոն, պ. Երվա՜նդը…

Երեքն էլ վազեցին դեպի ինձ։

Օ՜յ, օ՜յ, պ. Երվանդն է…

Հա՜, հա՜, պ. Երվանդը. այս ո՞ւր է գնում փոշուցը ջաղացպան դարձած պարոն Երվանդը։

Պետք եղավ իջնել։ Թոթվեցի ինձ, երկու ձեռքերովս եռանդագին թափ տվեցի կիտված փոշին շորերիցս ու մազերիցս և սեղմեցի չարաճճիների ձեռքերը։

Յատուկ Երաժշտություն
Օրորոցային Մայրիկի համար
Էլեն Յոլչյան

Օրորոցային Մայրիկի համար

Լանդշաֆտ
Լանդշաֆտ
Խաղա առցանց