Վազգեն Սարգսյան

Վերջը

Հայկ, Հայկ, անաստվածի տղա, սարի նման տղամարդ էիր, մինչև հիմա գրիպով անգամ հիվանդացած չկայիր, էդանտեր ցավը որտեղի՞ց կպավ քեզ, էդ ո՞նց կպավ… Ախր, աստծու տիրոջ տունը շինվի, ինքն էլ չգիտի ինչեր է անում: Բա Հայկը հիվա՞նդ, Հայկը պառկա՞ծ… Ախր Հայկին նստել չկար, Հայկին հանգստանալ չկար, սար կնստեր, քար կնստեր՝ Հայկը չէր նստի: Դատող- բանող, ուտող-խմող տղամարդ էր, ամբողջ օրը հոլի նման պտտվում էր: Բա դրսում գարուն, դրսում արև-արքայություն ու Հայկը պառկա՞ծ: Երկհարկանի տունը դեռ կիսատ-պռատ, այգին անփորել, ծերունի հայրը հիվանդ, աչքը Հայկի ճամփին, մատաղի ոչխարը Հայկի դանակին սպասող, ամբողջ ձմեռ կարասում պղպջացող գինին մեռոն, որսը սարում, ձուկը ջրում Հայկին սպասող ու Հայկը պառկա՞ծ… Ու բժշկի եզրակացությունը ,անբուժելի, որ համառորեն իբր թաքցնում են Հայկից: Վախ, Հայկ, տնաշենի տղա, բա աշխարհի կեսը Հայկին ընկեր, աշխարհի կեսին Հայկը բարեկամ ու Հայկը անբուժելի՞: Բա էս ընկերները, որ եկել շրջապատել են Հայկի անկողինը, աշխարհը ոտքի տակ տված, ձեռնե- րեց, գործունյա տղերք, թողնես ամեն մեկը մի-մի սար շուռ կտա, բա սրա՞նք էլ չեն կարող օգնել Հայկին…

Չէ, Հայկին էլ ոչ ոք օգնել չի կարող: Հայկը գիտի, զգում է, որ իրեն հաշված օրեր են մնացել ապրելու, ընկերներն էլ գիտեն, որ Հայկին հաշված օրեր են մնացել ապրելու, բայց չեն հավատում, չեն ուզում հավատալ:
Չէ, էսօր լավ ես, Հայկ ջան, հուսադրում են, գույնդ ոնց որ տեղն է եկել… Քեզ հիվանդանալ չի սազում, այ ախպեր, շուտ առողջացիր, հազար ու մի գործ ունենք կիսատ-պռատ…
Հիվանդացել պառկել է, կատակում են, որ նոր տան բացումը չանի: Չէ, Հայկ ջան, դու մեր ձեռքից պրծնողը չես.- Շուտով մեքենա ստանալուդ հերթն էլ է գալիս, երկուսը կմիացնենք իրար ու մի էնպիսի քեֆ կանենք, որ աշխարհը թնդա: Կուզե՞ս, էն շեկլիկ դասատուին էլ կհրա- վիրենք… Իբր չգիտի խոսքն ում մասին է: Տնաշեն, էսքան տարի աչք ունես վրան, գոնե անունը չիմացար…
Հայկը դառն քմծիծաղ տվեց.
է՜, տղերք, ջուրն եկել է ջրաղացը տարել, դուք ընկել չախ-չախն եք փնտրում:
Նույն վայրկյանին քար լոություն տիրեց սենյակում: Վերջ: Խաղն ավարտված էր: էլ ինչ, ի՞նչ ասեին Հայկի խեղճ ընկերները՝ աշխարհը ոտքի տակ տված գործունյա, ձեռներեց տղերքը: Սեփական անզորության զգացումից իրենք իրենց աչքերում փոքրացել, հողին էին հավասարվել:
Ախր էդ անտերը ուժի հարց չէր, զոռի հարց չէր ախր էդ անտերը: Ուժով լիներ, զոռով լիներ՝ ամբողջ աշխարհը տակնուվրա կանեին ու կփրկեին իրենց ընկերոջը: Էլ բժիշկ մնա՞ց, որ չկանչեցին, էլ դեղ մնա՞ց, որ չճարեցին, բայց ի՞նչ օգուտ… Անզո՛ր, անզո՛ր, անզո՛ր, մարդ արարած, ատոմային ես ստեղծել, նեյտրոնային ես ստեղծել, չգիտես թե էլ ինչ ես ստեղծել ու կարծում ես, թե ուժեղ ես, հզոր ես, ամենազո՜ր ես… Ի՞նչ ես կորցրել, ի՞նչ ես փնտրում էս կյանքում, ինչի՞ վրա ես ծախսում կյանքդ: Աստված, թե իսկապես գոյություն ունես, մի անբուժելի էլ էդ ատոմային ռումբ ստեղծողին պարգևիր: Հետաքրքիր է, ի՞նչ է մտածելու մահվան մահճում: Ասա, մարդ աստծո, էդքան խելք ունեիր, լավ բանի համար ծախսեիր, է՛լի, էդ անբուժելիի բուժումը գտնեիր…
Սաքո,-Հայկի ձայնն էր, որ կտրեց ընկերներին ծանր խոհերից, Սաքո ջան, մինչև հիմի ինձ շատ ես ուրախացրել քո երգով, վերջին անգամ մի բան երգիր լսեմ:
Ի՞նչ երգեմ, շփոթվեց Սաքոն:
Հայկը երկար, դժվար ճիգով ուղղվեց, գլուխը ետ գցեց բարձի վրա ու դնդնաց. «Հազար միլիոն փող ոսկենամ, մահս եկավ՝ կթողնեմ, կերթամ…»:
Սաքոն լուռ էր:
Երգիր, Սաքո ջան, վերջին անգամ եմ քո երգը լսելու խնդրեց Հայկը. ու էլ չդիմացավ, երգեց Սաքոն: Երնեկ չերգեր: Նոր չէր երգը, իրենցից առաջ իրենց հայրերն ու իրենց պապերն էին երգել, ապուպապերն ու, ո՞վ գիտե, երևի նրանց պապերն էլ էին երգել: Իրենք Սաքոյի շուրթերից մի հազար անգամ լսած կլինեին Նոյի թվից եկող այս նույն բառերն ու այս մեղեդին և հազար անգամ էլ կիսախուփ աչքերով «ջանե՜» կանչած կլինեին: Իսկ հիմա… Հիմա Սաքոյի շուրթերից պոկվող ամեն մի բառ, ամեն մի հնչյուն լճանում, ճահճանում Էր հոգիներում և ի՜նչ ունայն, ի՜նչ ճղճիմ էր թվում իրենց ապրած կյանքը իրենց իսկ աչքում:
Հազար միլիոն փող ունենամ, մահս եկավ կթողնեմ, կերթամ…
Իսկ դրսում գարուն, իսկ դրսում արև-արքայություն, ամիսը՝ մայիս, օրը՝ կիրակի ու բակում խաղացող երեխաների աղմուկ, բակում եռուզեռ, նարդու քարերի շխկոց ու խորովածի բուրմունք…
Առլեկինո, Առլեկինո, հանկարծ դուռը թափով բացվեց ու գարունը Հայկի 4-5 տարեկան աղջնակի հետ ներս խուժեց սենյակ: Հագին սպիտակ շրջազգեստ, որ ծածկում ու չէր ծածկում սպիտակ տրուսիկը, մազերին սպիտակ, կարմիր պտերով ժապավեն, գարնան օդից ու վազվզուքից թշիկները կարմրած, թռվռալով ու երգելով մոտեցավ, փարվեց հորն ու ականջին բարձր-բարձր իբր փսփսաց.
Փող տուր` շաքարաքլոր առնեմ:
Բոլորդ էլ էրեխատեր եք, կիմանաք, երբ թիթեռնիկ- աղջիկը դուրս եկավ սենյակից, ընկերներին դիմեց Հայկը: Աշխարհում էրեխից քաղցր էլ բան կա՞…
Ու առանց սպասելու, Հայկը բոլորի փոխարեն ինքը տըվեց իր հարցի պատասխանը.
Աշխարհում էրեխից քաղցր մեկ էլ էրեխեն է: Հայկը լռեց: ֊Բայց գիտե՞ք հենց հիմա ինքս ինձ ինչ մտքի վրա բռնեցի: Պատասխան չեղավ և լռությունն այս անգամ շատ երկար տևեց: Հետո հատ-հատ, ասես ինքն իր ասածից ամաչելով, դաժան, դառն ինքնախոստովանանքի նման՝ Հայկը շշնջաց. Ես նույնիսկ իմ հարազատ ընկերներին նախանձեցի, որ իրենց էրեխեքի հետ ապրելու են էս աշխարհում, իսկ ես, էսպես, մենում եմ, էսօր կամ ու վաղը չկամ… Ուր էր, աստված խղճար ու շատ չէ, մի 7-8 տարվա կյանք պարգևեր: Գիտե՞ք ինչեր կանեի, տղերք, գիտե՞ք ոնց կապրեի… Հայկը լռեց: Ամեն ինչի հետ համակերպված մարդու հուսահատ ժպիտով ժպտաց, կարոտով նայեց ընկերներից յուրաքանչյուրին ու շշնջաց.
Գնա՚ցեք, տղերք, թե չէ ով գիտի էլ ինչեր կարող եմ դուրս տալ, գնացեք:
Ընկերները մեկ-մեկ, գլխիկոր դուրս եկան սենյակից: Մի տարօրինակ անդորր իջավ Հայկի հոգուն: Զարմանալի սառնասրտությամբ Հայկն իր հաշիվներն էր փակում կյանքի հետ. ի՞նչ տվեց և ի՞նչ ստացավ ինքն այս կյանքից: Փորձեց համոզել իրեն, որ՝ ոչինչ, այնքան էլ վատ չի ապրել, ամեն բան էլ կարծես ունեցել է: Տուն, տեղ, կին, երեխաներ, ընկերներ, քեֆ-ուրախություններ… եղել են, հա՛, դժգոհ չի: Ուրիշ էլ ի՜նչ էր լինելու: Դե, կյանք է էլի, մի օր լավ, մի օր վատ, ապրել է էլի՝ 10-ից վատ, 100-ից լավ, ի՞նչն էր պակաս… Բայց…
Այստեղ էր, ահա, որ մի մեծ, սարսափելի ,բայցե նստում-ծանրանում-քարանում էր Հայկի հոգում: Ախր տասից վատ, հարյուրից լավ ապրած իր կյանքից գոնե մի բան, քիչ թե շատ առանձնահատուկ, կարևոր որևէ բան՝ առանց որի դժվար կլիներ պատկերացնել իր անցած կյանքը, Հայկը չէր կարողանում մտաբերել: Ինքն ապրել էր ճիշտ այնպես, ինչպես ապրել են Սաքոն, Երեմը, Աբոն, Սերոժը… իր բոլոր ընկերները, Պողոսը, Պետրոսը, և իրենց կենսագրություններում հատուկ անուններից բացի համարյա էլ ոչ մի տարբերություն չկա: Իսկ իրենց կենսագրությունը միմյանցից ետ չմնալու կատաղի մրցավազքի տարեգրությունն է միայն: Մինչդեռ… մինչդեռ ետ են մնացել ամենակարևորից, ուշացել են ապրել: Կյանքը, պարզվում է, սահել անցել է կողքներով, մասնակիորեն միայն հպվելով իրենց, ու իրենք գլխի չեն ընկել, անգամ, մի իսկապես լավ բան վերցնել կյանքից, էլ ո՞ւր մնաց, թե մի լավ բան տային նրան…
Հայկն զգաց, որ այրվում է սիրտը ցավից, մի՚ բաժակ, գոնե մի՚ բաժակ սառը ջուր ուզեց սիրտը:
Մարո, ձայն տվեց կնոջը: Մարո:
Կինը հուշիկ քայլերով ներս մտավ և ստիպելով իրեն ժպտալ՝ պատրաստակամ կանգնեց ամուսնու աոաջ:
Հայկն, ասես աոաջին անգամ էր տեսնում, ոտից գլուխ ուշադիր նայեց, չէ, նայելն այն բառը չէ, աչքերով շոշափեց, գուրգուրեց կնոջը ոտքից գլուխ: Կինը Հայկին դեռ երիտասարդ ու գեղեցիկ երևաց: Չէ, կինը Հայկին դեռ երբեք այդքան երիտասարդ ու գեղեցիկ չէր երևացել, նույնիսկ սրանից տասնյոթ տարի առաջ, իրենց հարսանիքի օրը, երբ դեռ քսան տարեկան էլ չկար… Ու հանկարծ գլխի ընկավ Հայկը, որ գեղեցկուհի է եղել իր կինը: Ու հանկարծ Հայկը հասկացավ, թե սիրո որքան չարտահայտված պաշարներ ունի սրտում այս կնոջ հանդեպ: Ու հասկացավ նաև Հայկի սիրտը… որ ամենևին էլ ջո՜ւր չէր իր ուզածը:
Խալաթդ հանիր, արի գիրկս, հանկարծ արձա գանքվեց Հայկի շշուկը կնոջ ականջներում:
Մարոն, արդեն քառասունի մոտ այս կինը, որ տասնյոթ տարի ապրել էր այս տղամարդու հետ կողք-կողքի, կիսել էր նրա վիշտն ու ուրախությունը, քնել էր նրա հետ նույն անկողնում, երեք երեխա էր ծնել նրա համար, աղջնակի նման կարմրեց ու շփոթվեց, և չհավատաց ականջներին: Բայց Հայկի աչքերն էին խոսում: Տիրական տղամարդու պահանջ ու պատանու թախանձ կար Հայկի աչքերում, բայց այդ ամենից այն կողմ, ամուսնու աչքերի խորքում կինը կարոտ տեսավ, անհուն, անփարատելի ու՝ անդիմադրելի, ու կլանող կարոտ:
Կինը սկսեց արձակել խալաթի կոճակները: Իրենց ողջ ամուսնական կյանքի ընթացքում նա երբեք ամուսնու աչքերի աոաջ մերկացած չկար, մտածել այդ մասին անգամ սարսափելի էր: Իսկ հիմա, աստված, այդ ի՞նչ էր կատարվում իր հետ, հիմա մերկանում էր, ու կարծես ամոթ էլ չէր, աչքերը հառել էր ուղիղ ամուսնու աչքերին ու մերկանում էր: Ախ, միայն թե կարողանար, միայն թե կարողանար չարտասվել: Բայց արցունքները կուլ չէին գնում, անկախ իր կամքից, այրվող մոմից հոսող տաք առվակների նման գլորվում էին այտերի վրայով…
Պետք չէ’, Մարո, հագնվի’ր, տենդագին շշնջաց Հայկը ու գլուխը թաղեց բարձի մեջ:
Ու հանկարծ Մարոն, ինքն էլ չիմացավ, թե ինչ կատարվեց իր հետ, էգ վագրի ճկունությամբ սահեց վերմակի տակ ու տենդագին, ինքնամոոաց համբույրներով գիրկն աոավ ամուսնուն: Մարոն չէր զգում թե ինչ է անում, դա իր գիտակցությունից, իր բանականությունից դուրս մի բան էր, զուտ կանացի բնազդով նա մինչ այդ երբևէ չարտահայտված, չգիտակցված հմայքներ էր նվիրաբերում ամուսնուն: Արցունքները, Մարոյի կրակ արցունքները այրում էին Հայկի շուրթերը, մազերը, աչքերը… Կանացի մարմնի բույրը Հայկի ռունգերում, մինչև այդ անծանոթ գգվանքները Հայկի հոգում ալեկոծություններ էին աոաջացնում, բայց նրա հիվանդ, ուժասպաո մարմինը չկարողացավ պատասխանել կնոջ գգվանքներին: Հայկն ուզեց մի վերջին անգամ առնել կնոջը բազուկների մեջ և ամուր, շա՛տ ամուր, այնքան ամուր սեղմել կրծքին, որ նրա շուրթերը մեկ էլ շշնջան՝ «կամաց, վայրենի՜…»: Բայց, չէ, բազուկներում էլ ուժ չկար, նույնիսկ կին գրկելու ուժ չկար բազուկներում:
Հայկը զգաց խեղդող արցունքների հայտնվելը աչքերում և ամուր սեղմեց կոպերը:
…Աշուն էր, ոսկե աշուն: Կուժկոտրուկների ձորում հնձվորները դեռ ամառվանից խոտը հնձել, դեզեր էին կապել ու հանձնել էին կարմիրդեղին արևի տնօրինությանը: Սարոյի մարմնի բույրը խառնվել էր դեզի մեջ ներծծված արևի, քրտինքի, չոր խոտի ու ծաղկի բույրերին ու պտտեցնում էր Հայկի գլուխը:
Կամաց, վայրենի՜, շշնջում էր Մարոն՝ նվաղելով Հայկի գրկում, ու նրա ասելու ձևից Հայկն զգում էր, որ կնոջը դուր է գալիս իր ուժը, ավելի էր նեղացնում բազուկների աքցանը և թփրտում էր կինը իր տոնական գրկում: Եվ թվում էր, ուր է, ուր է հրդեհվելու է դեզը իրենց մարմինների կրակից…
Հեռացիր, Մարո, անառարկելի տոնով շշնջաց Հայկը և շրջեց հայացքը, որ կինը չտեսնի իր աչքերից հոսող արցունքները:
Մարոն ինչպես հանկարծակի բռնկվել էր, այնպես էլ հանկարծակի մարեց:
Քիչ աոաջվա Մարոյից ոչինչ չմնաց, խեղճացավ, կծկվեց, մի բուռ դարձավ վերմակի տակ ու էլ չկարողացավ զսպել հեկեկոցը:
Մի լա, Մարո ջան, ասես մի այլ աշխարհից նրան էին հասնում Հայկի խոսքերը, քո խիղճը մաքուր է իմ առաջ, դու ինձ համար լավ կին ես եղել: Դե, ինձ էլ ավել- պակաս կներես… Իսկ հիմա լսիր իմ վերջին խնդրանքը… Հայկի ձայնը թրթռաց: Դու դեռ շատ ջահել ես, Մարո ջան, ինձանից հետո անսեր չմնաս, անպայման ամուսնացիր…
Մարոն էլ չդիմացավ, փուլ եկավ Մարոյի հոգին, դեմքը ափերի մեջ առած դուրս թռավ անկողնուց ու հազիվ զսպելով իրեն, որ չոռնա, դուրս փախավ սենյակից:
Հայկը չէր մաքրում արցունքները և ոչ էլ ամաչում էր նրանցից: Իր ողջ գիտակցական կյանքում աոաջին անգամ Հայկի տղամարդկային արժանապատվությունը նրան թույլ էր տվել ազատ արտասվել, աոաջին ու վերջին անգամ…
Հայկը երբեք հավատացյալ չէր եղել, բայց հիմա մտքում աղոթում էր աստծուն: Հայկը շատ էր ուզում հավատալ հանդերձյալ կյանքի գոյությանը…

Յատուկ Երաժշտություն
Նոր ծաղիկ
Էլեն Յոլչյան

Նոր ծաղիկ