Վանո Սիրադեղյան

Ո՞վ Քոչարյանին կհանձնի միջազգային դատարանին

Իսկ ո՞վ չի հանձնի, կպատասխանի ամեն մի հայ եւ արտահայտած կլինի համայն հայության այս պահի տրամադրությունը: Բայց հանձնելու ժամանակ հասարակության մեջ որոշ քննարկում կընթանա:

Անշուշտ, կգտնվեն մարդիկ, որ դեմ կլինեն առհասարակ որեւէ դատի, բայց հիմնական վեճի առարկան կլինի հետեւյալը՝ հանձնել միջազգային տրիբունալի՞ն, թե՞ դատել Հայաստանում, թեկուզ եւ անօրինական ճանապարհով իշխանությունը զավթելու կամ 50 հազար հայ աղջիկ-երեխաների մարմնավաճառության դրդելու մեղադրանքով: Դա իբրեւ սկիզբ: Հետո այնքան վկայություններ առաջ կգան եւ այնքան ցուցմունքներ եւ «ցուցմունքներ» կտրվեն, որ Քոչարյանը կփոշմանի, որ նախապես մեղայականով չի ներկայացել միջազգային դատարան: Որոշողը վերջին հաշվով կլինի օրվա իշխանությունը: Ճիշտ է, իշխանության որոշումը կախված կլինի միջազգային ճնշման աստիճանից, բայց բարյացակամ իշխանությունը, ինչ ասել կուզի, շանս է՝ կաշին փրկելու, եւ Քոչարյանի միմիայն իշխանության մասին մտածելու ընդունակ ուղեղը հիմա տենդագին մտածում է (չի կարող չմտածել) նաեւ անվրեպ հրաժարականի ուղղությամբ:

Իհարկե, առաջին հերթին նա մտածում է սեփական իշխանությունը ցմահ դարձնելու մասին: Եթե մի հրաշքով Ղարաբաղը հանձնելով կարողացավ մնալ պաշտոնին, նա հաջորդ ընտրություններին լրջորեն չի էլ պատրաստվի, ոչ էլ կոպեկ կծախսի, ուղղակի գրել կտա քանի տոկոս որ պետք լինի (եթե Դեմիրճյանի ահռելի ձայները կեղծեց, եթե փաստորեն մեռած տնտեսության շիրմաքարին պետական վիճվարչությունը դիֆերամբներ է գրում՝ հանգուցյալի քաջառողջության մասին, ու ոչ մեկը ձեռը չի բռնում, ինչից պիտի քաշվի): Նաեւ Սահմանադրությունը կփոխի՝ իր իշխելու հնարավորությունը մոտեցնելով ցմահի. այսինքն՝ արագացնելով սեփական մահը: Բայց սա արդեն ծանոթ պատմություն է: Սակայն կա Ղարաբաղի հարցը, եւ նա չի կարող չմտածել (քանի դեռ իր մտածելը նշանակություն ունի) այնպես անել, որ ինքը դեր ունենա նոր իշխանության ձեւավորման գործում: Ամբողջ բարդությունն այն է, որ բնույթով լինելով ուխտադրուժ, նա բոլորին իրենով է չափելու եւ մինչեւ վերջին պահը չի կարողանալու որոշել՝ ո՞ւմ կարելի կլինի իր ճակատագիրը վստահել: Իհարկե, նա վստահում է թիկնապահ Գրիշին: Նաեւ մի քանի մարդ կլինի, որոնց վստահում է: Կարող են գտնվել նույնիսկ մեկ-երկու ջեբի կուսակցություն, բայց խնդիրն այն է, որ այդ ուժը նախ պիտի իրենից մի բան ներկայացնի, նաեւ այդ ուժը պիտի անհատականացված լինի այնպիսի անձով, որը միաժամանակ ընդունելի լինի թե´ Արեւմուտքի, թե´ Ռուսաստանի համար: Համենայն դեպս, երկուստեք մերժելի չլինի կտրականապես: Միայն ա´յդ դեպքում հնարավոր կդառնա անարյուն իշխանափոխությունը, որը նաեւ անձի ապահովություն կերաշխավորի Քոչարյանին: Իհարկե, անարյուն իշխանափոխություն կապահովի նախ եւ առաջ օրինական ընտրությունը, բայց անազնիվ ընտրվածը ազնիվ ընտրությունների մասին հազիվ թե մտածի: Հետո ի՞նչ է նշանակում ազատ ընտրություն այսօրվա Հայաստանի լլկված քաղաքական դաշտում: Եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք եւ մինչեւ վերջ ազատ, դա նշանակում է ընտրություն կատարել Մանուկ Գասպարյանի եւ Նաիրի Բադալյանի միջեւ: Ինչ ասել կուզի, վատ փոխարինողներ չեն Քոչարյանին, բայց բանը, կարծում եմ, դրան չի հասնի: Չի հասնի, որովհետեւ ընտրությունների բախտը, ընդհանրապես ասած, չի վճռվում սոսկ պոպուլիզմով եւ պարզ թվաբանությամբ (այլապես ԱԺՄ-ից, օրինակ, նախագահության թեկնածու կառաջադրվեր Սադոյանը ոչ թե Մանուկյանը, իսկ Բրազիլիայի թագավոր կօծվեր Պելեն):

Բարեբախտաբար, Հայաստանի տնտեսական, զինվորական, քաղաքական վերնախավը (եթե կարելի է մերոնց պարագային այս բառը օգտագործել) շատ բան ունի կորցնելու վայրիվերո քաղաքական ցնցումների հեռանկարում: Ու չնայած ազգային քաղաքականության հարցերում հանդես է բերել բացարձակ բթամտություն, կորցնելու վտանգից համախմբված՝ իշխանություն կապահովի այն քաղաքական ուժի համար, որը առավելագույնս երկիրը զերծ կպահի փուչ ազգայնական ավանտյուրայից՝ մի կողմից, եւ ունեցվածքի վերաբաշխումից՝ մյուս կողմից-լինի դա սոցիալիստական լոզունգների ծխածածկույթով, թե «ազգային» տիպի, այսինքն պերմանենտ կողոպուտի ձեւով: Միայն թե անկախության սերնդի այսօր կշիռ ունեցող գործիչները (լինեն իշխանության մեջ, կողքերը, թե ընդդիմադիր) պիտի լրջորեն դաս առած լինեն ՀՀՇ-ի ջահելների (Բագրատյանի, ... ինչու չէ, նաեւ Վազգենի) դառը փորձից, ովքեր հրադադարը շփոթել էին պատերազմի ավարտի հետ, երկիրը համարում էին կայացած, իսկ իրենց՝ բավականաչափ հասունացած՝ իշխանությունը Տեր-Պետրոսյանի ձեռքից ստանալու համար: Թե այդ շտապելուց ինչ ստացվեց, բոլորս տեսանք: Իրերի բնական ընթացքը կվտանգվի նաեւ այն դեպքում, եթե Քոչարյանը, օգտվելով Հայաստանի պառլամենտի ոչնչությունից, դարասկզբի դաշնակների օրինակով վերցնի ու մի ձեւով Հայաստանը հանձնի Ռուսաստանին: Մյուս մասը, բնականաբար (դարձյալ հին փորձով), կվերցնեն Թուրքիան ու Ադրբեջանը: Դառնանք, այնուամենայնիվ, բուն հարցին՝ ո՞վ է, որ չի հանձնի Քոչարյանին միջազգային դատարանին:

Սերժը կհանձնի առանց երկմտելու, որովհետեւ Հենրիկ Պողոսյանին հանձնելուց սկսել, վերջացրել է Վազգենով ու Սամվել Բաբայանով, այս մեկը ինչո՞ւ պիտի բացառություն լինի: Նաեւ այն պատճառով, որ բենզինի ու թանկարժեք մետաղների փողերի մեծ մասը պահվում է, անշուշտ, ոչ Ռուսաստանում, այլ Ինտերպոլի լիազորությունների սահմաններում: Եւ, հետեւաբար, միանշանակ խոսել Սերժի ռուսական կապվածությունների եւ այդ կողմից ապահով լինելու մասին չի կարելի: Նրա միակ կապվածությունը փողն է, եւ որտեղ այն ապահով կլինի, այնտեղ էլ ապահովություն կփնտրի ինքը: Եւ ուրեմն կհանձնի: Դեռ մի բան էլ՝ բոլոր սպանությունները կդնի վզին: Դաշնակցությունը չեմուչում կանի, բայց դրսում իրենց ջոջերից մեկնումեկին նարկոտիկի գործով կձերբակալեն, ստիպված կփոխանակեն Քոչարյանի հետ: Նաեւ դաշնակցության սոցիալիստական ոգին չի ների Քոչարյանին, որ իրենց քաղաքական տանիքը 3 տարի, փաստորեն, օգտագործեց իր ու Սերժի շրջապատին հարստացնելու համար:

Կոմունիստները կհանձնեն ոչ միայն Քոչարյանին, այլեւ կնստեցնեն բոլորին, ովքեր 88 թվականից երեւացել են ասպարեզում: Այսինքն, մի ողջ սերունդ: Ձեռքի հետ էլ ունեցվածքները «ազգայնացնելով» իրենց օգտին: Այդ հիմա է, որ իրենց գառի տեղ են դրել: Երկրապահների մեջ նախ կխոսի թասիբը եւ կդատեն իրենք: Իսկ դատելուց հետո կմտածեն, որ մարդասիրական կլինի, եթե նստի եւրոպական բանտում եւ կհանձնեն միջազգային տրիբունալին: Վազգեն Մանուկյանը այնքա՜ ն երկար է երազել «համաշխարհային ազգ» գլխավորելու մասին, որ այնպիսի մանրուք, ինչպիսին Քոչարյանի ճակատագիրն է, չի կարող նրան ետ պահել իր առաքելությունից: Որքան էլ տարօրինակ է, Արեւմուտքին ավելի տեւական ժամանակ կարող է դիմադրել միայն նախկին իշխանությունը, թեկուզ եւ այն պատճառով, որ իրենք են այս պետությունը հիմնադրել եւ սուվերեն երկրի պատիվը իրենց համար մի բան արժե: Նաեւ լուրջ գործոն է Տեր-Պետրոսյանի միջազգային հեղինակությունը, ինչ էլ որ ասելու լինեն Աստծուց տուժած Կիմ Բալայանիկներն ու գուրգենչիկները: Բայց դրամական միջոցների ներհոսքը երկիր արագացնելու համար տեղի կտան եւ էլի կհանձնեն: Ֆրանսիան ձեւ կանի, թե այդպիսի մարդ չի ճանաչում, ինչպես Ամերիկան է մոռացել, որ Սերբիայի նախագահ Միլոշեւիչը 95 թվականի Դեյտոնի խաղաղության համաձայնագրի կնքման պրոցեսի աստղն էր եւ, կարելի է ասել, մի ամիս ապրում էր Քլինթոնի տանը: Բայց այսօր Սերբիայի նոր իշխանությանը խեղդում են՝ Միլոշեւիչին ժամ առաջ միջազգային տրիբունալին հանձնելու պահանջով, եթե, իհարկե, փող են ուզում՝ ավերված երկիրը ոտքի կանգնեցնելու համար: Սերբիայի նոր ղեկավարը դեռ դիմադրում է, որովհետեւ սերբերի 60 տոկոսը դեմ է հանձնելուն: Իսկ հայերի քանի՞ տոկոսը պիտի դեմ լինի Քոչարյանին հանձնելուն... Անհարմար էլ է հաշվելը:

.

7.04.2001

Յատուկ Երաժշտություն
Հին Օրերի Երգը
Տիգրան Մանսուրյան

Հին Օրերի Երգը

Մարտի 29 1963, Նյու Յորք
Մարտի 29 1963, Նյու Յորք
Խաղա առցանց