Վանո Սիրադեղյան

Թաղային Քաղաքականություն շարքից

Ավետի կուսակցության տվայտանքները Գյումրիում

«Ազգային միաբանության» ձախորդությունները Գյումրիում աջուձախ թերթերի գուդրոնե մաստակն են դարձել – ծամում են, ծամում, ծամում, որ տեղի տա ու փափկի, նյութը փափկի, որ հասկանալի դառնա, թե ինչո՞ւ Սերժը չի կարողանում ապահովել Արտաշի ու գյումրեցիների մի թասիբով հանդիպում, անղալմաղալ մի ժողով, «ընդդիմության» մի օրինակելի ցուցադրություն՝ հրաժարականի պահանջով-բանով...

Ամբողջ հարցը այն է, որ գյումրեցիները ոչ թե Արտաշին լսել չեն ուզում, ոչ թե Հայաստանի մյուս բնակավայրերի ժողովրդից խելացի են ու կռահել են իշխանության խաղը, այլ որ Գյումրվա «լավ տղերքի» համար ոչ Նորագյուղի Ավետն է հեղինակություն, ոչ էլ նրա կուսակցություն «Ազգային միաբանությունը»: Եւ այստեղ ոչ միայն իշխանությունները օգնել չեն կարող, չեն կարող օգնել անգամ բակինսկի հայ գողականները: Այսինքն, Սերժը «նագլիով» կարող է գոնե մեկ անգամ կոտրել գյումրեցիներին, բայց այդ դեպքում պիտի վտանգի տակ դնի Բաքվի, Մոսկվայի եվ Հայաստանի հանցագործ շրջանակների հետ արվող իր բիզնեսը ու «քաղաքական» պայմանավորվածությունները: Գյումրվա Բոշի Թաղի տղերքը 98-ի հեղաշրջումից հետո վերցրել են իշխանությունն իրենց քաղաքում եվ մտադիր չեն զիջել ապարանցիներին կամ երեվանցիներին: Այս հարցում բաքվեցիներն էլ հեղինակություն չեն: Այստեղ ոչ միայն տնտեսական ոլորտների վրա ազդեցություն ունենալու հարց է, այլեվ «գողական թասիբի» այն «բարոյական կապիտալի», որը երաշխիքն է նույն նաղդ կապիտալի: Հայաստանի մամուլին իր ընթերցողների հետ կարելի է խաբել, թե կուսակցությունը ժողովրդի հետ հանդիպել է ուզում, ինչ եք անհամություն անում, ա՜ յ լենինականցիներ: Բայց խաբել չի լինի հանցագործ աշխարհում: Նրանք գիտեն, որ եթե կոմունիստների ժամանակ «ավտարիտետները» սեփական առաջին քարտուղարներ էին պահում (Ավետը՝ Մաշտոցի շրջանում, ի դեմս՝ նաեվ Գեղամյանի, Փայլակը՝ Էրեբունիում, հանգուցյալ Դքի Նորոն՝ Սպանդարյանում եվ այլն), իսկ 89-91 թվականների խառնակ ժամանակներում՝ «իրենց» քարտուղարների հետ հանցագործների ջոկատներին զինում ու կամուֆլյաժ էին հագցնում, որպեսզի բազաներում կուտակված ապրանքները, բանկերի վարկային ռեսուրսները անպատիժ գողանան,- ապա հիմա իսկական ժամանակն է կուսակցություն պահելու, այն տարբերությամբ, որ առաջին քարտուղարների տեղ հիմա այդ գործում իշխանության կողմից «փայ են մտնում» ղարաբաղցիները: (Ի դեպ, այդ կամուֆլյաժով բանդաները մի զարհուրելի սովորություն ունեին՝ իրենց «ռազբորկաները» իրականացնում էին քաղաքից դուրս եվ իրենց զոհերին «մարտական պատիվներով» զրահամեքենային դրած ու զինավառ կալոնայով տանում թաղում էին նաեվ Եռաբլուրում՝ իբր սահմանում զոհվածի):

Գյումրվա լավ տղերքը պատրաստ են ծառայել իրենց՝ իշխանության բերած ղարաբաղցիներին որպես իշխանության, բայց Գյումրիում չեն թողնի «շարժ անել» Նորագյուղի Ավետին ու Նապոլեոնին. դա ԱՊՀ-ի հանցագործ աշխարհի հասարակական կարծիքի տեսակետից, ասվեց, տակ տալ է նշանակում՝ դրանից բխող բոլոր հետեվանքներով: Նապոն առհասարակ հեղինակություն չէ Գյումրվա տղերքի համար: Նա սովետական տարիներին սիստեմի համար, ճիշտ է, կարեվոր պաշտոն է ունեցել՝ պահեստապետ-կառավարիչ, բայց ստատուսն է եղել ցածր՝ սպասարկու: Սովետական սիստեմում բազայի կառավարիչը երկու պարտադիր ֆունկցիա ուներ՝ շրջկոմի առաջին քարտուղարի եվ գողական աբշակի կարիքները հոգալ «համաժողովրդական ունեցվածքի» հաշվին: Դա կայուն սիստեմ էր՝ քարտուղար-բազա-աբշակ: Ահա պետական-կուսակցական այդ սիստեմն է, ի դեպ, վերարտադրում Քոչարյանը Հայաստանում՝ ի հատումն իր երիտասարդական տարիների ստատուսի ողորմելիության: Կիլիկեցի Նապոլեոնը, Ավետի փոքրավորը լինելով, չէր կարող «Ազգային միաբանությունում» չդառնալ երկրորդ հրապարակային դեմքը՝ շրջկոմի կազմբաժնի վարիչի եվ երկրորդ ու երրորդ քարտուղարների լիազորություններով միաժամանակ: Եւ բնական է, որ կուսակցությունում որոշումներ ընդունում է Նորագյուղի Ավետը: Լավագույն դեպքում՝ Սերժը: Որոշումը իջեցնում է Գեղամյանը, ընդհանուր վերահսկողությունը իրականացնում է Նապոլեոն Ազիզյանը: Այդպես ապահովված է, որ Գեղամյանը բերանը շաղ տա հարկավոր ուղղությամբ:

Ի դեպ, խիստ յուրահատուկ է Նապոլեոնի բնակավայր Կիլիկիայի ընտրազանգվածը: Արհեստավոր հայրենադարձներով բնակեցված այս թաղամասը, գտնվելով Նորագյուղի ուղիղ դիմացը ու տասնամյակներ շարունակ կեղեքվելով նորագյուղցիների կողմից, ախպարների արտագաղթից հետո աստիճանաբար բնակեցվեց ապարանցիներով եվ կիրովաբադցիներով սկսած դեռ յոթանասնական թվականներից: Եւ նորագյուղցիների հետ շուլալվում էր գարեջրի, կոնյակի, գինու գործարանների եվ Ավտոկայանի ստվերային անցուդարձի շուրջը: Այնպես որ, թաղերի ոչ ֆորմալ «վոժդերը» պատահաբար չեն գտել Սերժին ու Ռոբին: Եւ իրենց գործարքի անունը դրել «Ազգային միաբանություն»: Հիմա ո՞ր հանցավոր գործարքն է յոլա գնում առանց «ազգայինի»: Տեղեկատվական կարգով ասեմ, որ սովետական հանցագործ աշխարհի ներկայացուցիչները դեռ Պերեստրոյկայի ժամանակներից հակում ունեն ստեղծել հասարակական, բարեգործական կազմակերպություններ, որոնց մեջ պարտադիր են «իրավունք», «օրենք», «ազգ» բառերը, իսկ հասարակական կազմակերպություններից ժամանակին կանգ էին առնում հատկապես նարկոմանիայի դեմ պայքարող կազմակերպություններ հիմնադրելու վրա (հասկանալի է, որ նարկոբիզնեսով դյուրությամբ զբաղվելու համար): Այդպիսի մի կազմակերպություն, ի դեպ, ժամանակին ստեղծել էր (իհարկե, շրջանի ղեկավարների հովանավորությամբ) հանգուցյալ Ռաֆիկ Զորոյանը՝ Էրեբունիում:

Ահա այսպիսի քաղաքական դաշտ՝ մի առանձին վերցրած անտեր հանրապետությունում: Դաշտ չէ, այլ իպոդրոմ ղարաբաղցիների համար: Քոռ Օմարի մուրազ: Դաշնակի դրախտ:

Յատուկ Երաժշտություն
Աշնան արև
Տիգրան Մանսուրյան

Աշնան արև

Կոստանդնուպոլիս
Կոստանդնուպոլիս
Խաղա առցանց