Վանո Սիրադեղյան
Սաքոն ճնշում ունի
Սաքոյի մանկամարդ կինը` շարժուն, ճտպտան մի արարած, ներս ընկավ քրոջ տուն, շեմին գայթած փափլիկ շան լակոտի նման և մի ոգևորությամբ, որ թե լավ, թե վատ լուր բերող երեխաներն են ունենում, ասաց.
― Սաքոն ճնշում ունի։
Քույը ուղղվեց լվացքի մեքենայի առաջ, թևերը կանթեց, ինչպես թաց ձեռքերով մարդիկ են թևերը կանթում` ափերով դուրս ու մտածում էր. «Սա՛… Սա ե՞րբ է հասուն կին դառնալու»։ Նայում էր քրոջն ու նրա թիկունքի պատին, սպիտակ պատին փակցրած սպիտակ թղթին նայելու նման և մտածում էր. «Սա՛… Սա ե՞րբ է…»։
Ավագ քրոջ մտահոգության մեջ հույսից շատ հուսահատություն կար. քույրիկը կանանց այն տեսակից էր, որին երբ էլ ու որտեղ էլ տեսնելու լինես, պիտի մտածես, որ դպրոցն ավարտելով` սխալմամբ է ամուսնացել, փոխանակ ջոկատավար դառնա։ Այդ հիմա էր, որ քույրը Արևի հասունանալն էր ուզում, կար ժամանակ, որ սարսափում էր դրանից։ Թեև ի՞նչ կար սարսափելու, տասնչորս տարեկանում Արևը կին էր, իսկ նրան նստեցրել էին քթերը դեռ փեշով սրբող փսլնքոտների հետ և ասում էին` սովորի։ Եվ կենդանաբանության ծեր դասատուն ասում էր` փեղկը փակի, իսկ նստարանի փեղկը աղջկա կրծքերը նեղում էր։ Դասատուն կամ չէր հասկանում, կամ դատում էր մանկավարժորեն անառարկելի` աշակերտուհու կրծքերը այդքան մեծանալու իրավունք չունեն։ Զանգի հետ Արևը շխկացնում էր փեղկը ուսուցչի թաղիք երեսին և պարտուսի բանտից ազատվելով` տունդարձի ճանապարհին ոտքի տակ էր տալիս գյուղամերձ այգիներն ու թաղերը բոլոր։
Եվ երբ յոթերորդ դասարանում նրան բռնաբարեցին, քույրը ասաց.
― Այդպես էլ գիտեի։
Այսօրվա պես թևերը կանթել, կանգնել էր լվացքի մեքենայի առաջ` «Այդպես էլ գիտեի», հայացքը սպիտակ պատին էր, իսկ բոթաբեր հարևանուհին, նրա ու պատի արանքում, թամաշի ակնկալիքով սպասում էր` ե՞րբ է սկսելու ծամերը փետել։
Ծամփետոց, դատ կամ դատաստան չեղավ։ Դատարանի վճիռը` ութ կամ տաս տարի, աղջկա կորցրածը ետ չէր բերելու, արյուն թափելու ժամանակներն էլ կարծես թե անցել էին վաղուց… և ելքը կողմերի ամուսնությունն էր։ Տասնչորս տարեկանում Արևը պատրաստ էր ամուսնության , բայց տղան, չնայած իր դըբռ տեսքին, լխպորի մեկն էր, խելքի փոխարեն էլ միայն այն ուներ, ինչ կբավեր տասը տարի կալանք վաստակելուն, բայց քիչ էր ընտանիք կազմելու համար, և ծնողները պայման կապեցին. ամուսնանում են երեք տարուց (այդ ընթացքում փեսացուն ուսումնարանից ֊ բանից կավարտեր), իսկ մինչ այդ հանցավոր կողմը 1500 ռուբլի է տալիս խնամիական կարգով, որը շատ պետք եկավ Սաքոյի ապագա աներոջ տան հատակն ու տանիքը փոխելուն։
Սրանով գործը փակվեց։ Սպասում էին Սաքոյին։
Այսինքն նրան չէին էլ մտաբերում։ Կան չէ՞, մի տեսակ մարդիկ, որոնց ներկայությունը բացակայության է նման, բացակայությունը` չգոյության… Սպասում էին ընդհանրապես։ Նման դեպքերում Սաքոյի նման մեկին միշտ էլ սպասում են։
Իր իսկական հասակից ավելի կարճ երևացող, ջլապինդ, քչախոս, որբ ու առողջ տղա էր Սաքոն։ Միայն ձախ ականջն էր ծանր, ձախ ականջը պարզապես խուլ էր, բանակ էր ընկել բժշկական հանձնաժողովի անպատիժ սխալով, անպատիժ այնքանով, որ Սաքոյի համար մեկ էր` մնար, թե գնար, ավելի շատ հակված էր գնալու, որովհետև, ով գիտե` ուրիշ առիթ կլինե՞ր աշխարհ տեսնելու։ Իր հերթին հորեղբայրն էլ, որ որ Սաքոյի խնամակալն էր, ուզում էր, որ տղան գնա բանակ` տղամարդ դառնա, գա, պսակվի ու իր տան կողքին իր վաղամեռիկ եղբոր օջախը վերստին ծխա։
Այսպիսով, բանակ գնալը ստացվել էր համարյա կամավոր։ Դե, Սաքոյի ականջներից սահմանին ձայնորսիչներ չէին սարքելու, այնպես որ` ծառայեց ֊ եկավ։
Զորաացրվելուց տարի չէր անցել, հանրային այգիներից տուն դառնալու ճանապարհին Սաքոն ամուսնանալ ուզեց։ Ապրիլ ամիսն էր, ծիլ ծլի առաջն ընկած դուրս էր գալիս աղվամազ խոտը, հողը փխրում ու շրշում էր զեռուն ֊ թրթուրի խլրտումից, բլուրները թափանցիկ կանաչով համբառնում էին Արարատյան դաշտից… «Վաաաախ կյա՛նք», Սաքոն այնպես խփեց բահը հեռագրասյան մեջքին, որ կոթի մասը մնաց ձեռքին և լարերի ուժգնացած գվվոցը դեռ երկար ձայն էր տալիս սյանը հպած առողջ ականջում։
Աշնանը նա ու Արևն ամուսնացան։
Եվ ահա այն օրը, երբ կինը Սաքոյի քաղաքակիրթ հիվանդության լուրը քրոջ տուն բերեց, նրանց երկրորդ զավակը երկու տարեկան և չորսուկես ամսական էր` հոր նման շեղաչք, մոր նման շեկլիկ մի մանչուկ, որի մասին ոչ բարով մորաքրոջ ամուսինը ասում էր, թե փոխս են գցել ծննդատանը, իսկական երեխան իբր աղջիկ է եղել։ Նա հիմա էլ կռավում էր երրորդի վրա։ Արևի հղիությունը պարզորոշ երևում էր. աղջիկ էր, թե տղա, նա իր հղիությունը տանում էր թեթև, գիրկն առած երեխայի նման, որին քիչ հետո կդնի մի ցամաք, մի ցածր տեղ ու կանցնի եփել ֊ թափելու իր գործին։ Մի խոսքով, կանանց այն անհետացող ցեղից էր, որ կարող են ծննդաբերել հանդում, վայրի կենդանու նման և վախ չունեն, թե կմեռնեն արյան վարակումից։ Քույրը այդպիսին չէ՛ր։ Հակառակ մորական ցեղի, ինն ամիս գալարվում էր սրտխառնուքից` ասես կրածը պտուղ չէր, այլ զզվելի բան և նրա ուշ ամուսնությունից երեք լալկան, ջղային աղջիկներ ծնվեցին։ Նա իրեն շրջապատեց գեղեցիկ բաներով, փայլուն բաներով, թանկարժեք բաներով, բայց աղջիկները գեղեցկուհիներ չեղան։ Գեղեցիկ բաները, ինչ որ չմտան նրա մեջ, ապակե աչքերից անդրադարձան։ Այդ աչքերի մեջ կշտամբանք կար անգամ իրերի հանդեպ, նա տառապում էր շուրջը ամեն բան տեղը դնելու, ամենքին ու պատահածին դարձի բերելու բթամիտ հիվանդությամբ, որը նրա ջղերը կծիկ էր դարձրել։ Հենց միայն այս արատն ունեցող կնոջից չպիտի սպասել, որ նա սերնդաբերության իր առաքելությունը կկատարի արժանապատիվ բնականությամբ։ Եվ ուրեմն նրանից երեք լալկան, ջղային աղջիկներ ծնվեցին։
Քույրերը նայում էին իրար. մեկը` կշտամբանքի դիմակ, ասես մեռելատանը թուղթ խաղալու առաջարկություն էին արել, մյուսը` հուզված թեպետ, բայց և անխոցելի` երեխայական իր կենսասիրությամբ։ Ավագը, որ տասը տարով մեծ էր Արևից, տնարարության ուսուցչուհի էր դպրոցում, վերջին երկու ընտրություններին ընտրական հանձնաժողովի քարտուղար էր եղել և քիչ թե շատ հեղինակություն էր կրտսերի համար։ Համենայնդեպս, Արևը քրոջ մոտ այնքան էլ լեզվին տալ չէր ամարձակվում։
― Բա՞րձր է, թե ցածր, ― հարցրեց քույրը և թվում էր հարցուփորձը երկար կշարունակվի։
Արևը խաբվեց։
― Բարձր,― ասաց պոռթկումով…
― Թող իրեն շատ չերևակայի, ― կտրեց Սաքոյի քենին և թեքվեց լվացքի մեքենայի վրա։
Արևը պապանձված` կանգնեց ֊ մնաց։
Երեկոյան իննին` Սաքոյի քենին ու քենակալը եկան։ Նրանց տեսքը հիվանդատես եկողի չէր։ Քենու դեմքին անբան ու հարբեցող փեսայի հետ վերջին ֊ վճռական խոսակցության եկած զոքանչի արտահայտություն կար, իսկ քենակալը բերանը ծռել էր դեռ շեմից։ Այսպես` կանգնել է Սաքոյի շեմին, ինքն իրենից գոհ, աշխարհը` էլի իրենից, նուրբ բրդե նարնջագույն վերնաշապիկի տակ քիչ տռուզ փոր ունի, չորս ամսվա հղիության չափով, փորը ասում է` կուզենամ կմեծանամ, կուզենամ` կմաշվեմ բոլորովին, բայց էսքանը մեզ նման տղամարդուն պետք է։
― Բարև, քենակալ։
Դիմելու այս ձևից Սաքոն խեղճանում է։ Այդ հանգով հսկա գործարանի դիրեկտորը կասի կաթսայատան վարիչի մասին` կ ո լ ե գ ա ս։
― Էդ օյիններդ թո՛ղ, Սաքո տղա,― ոտքի վրա սկսեց քենին։
Քենակալը չէր խառնվելու այդ զրույցին, «կանանց զրույցին» ― Սաքոյին էլ կնոջ ու քենու հետ խառնելով` չարախինդ ձևակերպել էր մտքում։ Սաքոյին տղամարդկանց շարքից հանելը նրան հաճույք էր պատճառում։ Հաճույքը, սակայն, կատարյալ չէր։ Նրա անբարյացակամ, ամբարտավան վերաբերմունքի մեջ, այնուամենայնիվ, ինչ֊որ նյարդային հետաքրքրասիրություն կար Սաքոյի այրական հմայքի հանդեպ. այդ ինչի՞ց է Արևը այդքան երջանիկ, ի՞նչ գիշերներ են լուսանում նրանց ծակ տանիքի տակ, որ կինը առավոտները` ոնց որ բացված ծաղիկ…
Սաքոն շորերով պառկած էր հին, կաշեպատ բազմոցին։ Սուր գլխացավը, երբ ուզում ես գլուխդ մի պինդ բանի խփես ու պատը փափուկ է, ― անցել էր, բայց քներակի տրոփյունը ցավոտ արձագանքում էր ականջում։ Նրանց ներս գալով, ոտքերը կախեց, որ նստի տեղում, բայց ցավը շամփրեց ճակատից և գլուխը խփեց բարձին։ Սաքոն չհասկացավ ինչը թողնի։
― Ոտանավորնեեր ես գրում, տունդ ձրիակերներով լցնում, երեխաների բերանից կտրում` նրանց ես կերցնում, քեզանից չգիտեմ ինչ ես երևակայում… Հիմա էլ` ճնշումդ։ Ճնշումն էր պակաս քո բաց քամակին։
Սաքոյի լսող ականջը բարձին էր ու այդպես հարմար էր։ Արևը վիրավորվեց։ Ոտանավորների համար, իր հյուրերի համար, առհասարակ` անհասկանալի այս թշնամության համար։ Ի՞նչ են իրենցից ուզում։ Սաքոն ոտանավորներ է գրում… Ո՞ւմ է խանգարում։ Ո՞վ պարապ ժամանակի զբաղմունք չունի։ Փոխանակ գյուղամիջում պարապ֊սարապ կանգնելու, նստում իր համար ոտանավորներ է գրում, չուզողի աչքն էլ հանում է, ― ոտանավոր գրելը ինչո՞վ է վատ մնացած բաներից… Սաքոն քաղաքում բանաստեղծների ֊ բանի լավ շրջապատ ունի, տարին մի քանի անգամ հյուր են գալիս, խմում են Սաքոյի քաշած գինին, Արևը հյուրասիրում է հաճույքով, շատ մեծ հաճույքով, ներսուդուրս անելիս նրանց զրույցից պատառիկներ է լսում` այդ էլ իրեն բոլ է…, բայց քաղաքվարի տղերք են, տանտիրուհուն կանչում են սեղան նստելու, երեխաներին, քանի դեռ արթուն են, առնում են ծնկներին և խմում ֊ երգում են, խմում ու թախծում են, խմում ու խոսում են կյանքից հրաշալիորեն հեռու բաներից։
― Դու էդ քաղաքի պիժոններին չգիտես, մի օր էլ կնոջդ կտանեն, լակոտներիդ ես եմ պահելու։
«Սրանք էս ինչի՞ տեղ են ինձ դրել» ― ապշեց Արևը։ Եվ զգաց, որ ս ր ա ն ք ասելով թոթափվեց իրեն նրանց հետ կապող, անարժանորեն կապող ֊ պարտավորեցնող մի բանից։ Այնքան անսպասելի էր խորթության այդ զգացումը, որ նրա աչքերը լցվեցին։
― Հիվանդատես եկողներիս տեսեք։
― Նա հիվանդ չի, ― լրբացավ Սաքոյի քենին,― բանաստեղծ ընկերներից բաներ է սովորել։ Ո՞վ պիտի ընտանիքդ պահի, որ նա ճնշում ունի… Ցածր էլ չէ` բարձր… Չե՞ս ասի` հերդ ճնշումից մեռավ։
― Սա՛քո ջան, պառկի։
Սաքոն ելնում էր տեղից. Դանդաղ, դժվար, կարծես իր ցավի սրտին հենված, աչքերը հիմա֊հիմա դուրս էին պրծնելու բներից և ձեռքին բյուրեղապակե մոխրամանն էր` որտեղի՞ց գտավ։
― Լրբիդ էստեղից տա՛ր։
― Ի՞նչ, ի՞նչ,― քենակալը ելավ տեղից։
― Սա՛քո ջան, երեխեքը կզարթնեն` կվախենան։ ― Արևը գրկել էր ամուսնու ծնկները։
― Չքվե՛ք, ես ձեր…
Այդ բառերի համար Արևը հետո, ամեն հիշելիս, վատ է զգալու։ Ոչ թե նրա համար, որ հայհոյանքը դիպչում էր մորը… Մորը չէր դիպչում։ Կարծես ոչ ոքի չէր դիպչում, ուղղված էր մի բիրտ, մի անսիրտ բանի։ Արևը վատ է զգալու նրանից, որ հայհոյանքը հայհոյանք չէր։ Սաքոն հայհոյել չգիտեր, հայհոյում էր թլվատի պես` փափուկ ու անվարժ, իսկ դա ավելի զզվելի է, քան բիրտ, տղամարդավարի հիշոցը։ Պարզապես շատ է անօգնական։
― Դու էդ ո՞ւմ մերն ես… ― Քենակալը դռան մոտից ելավ ու եկավ։ Եկավ ու հնազանդվում ― չէր հնազանդվում կնոջ ձեռքերին, իսկ կնոջ ձեռքերը նրան դեպի դուռն էին հրում։
― Գործ չունես։ Գործ չունես ըկնավորի հետ։
― Թող մի տեսնեմ էդ ո՞ւմ մերն է… ― Քենակալը Սաքոյի հայհոյանքը կրկնում էր անամոթորեն հստակ և պատասխան տալու պես։ ― Ձեռք չեմ տա, թո՛ղ, թող մի տեսնեմ… ― Բայց նա տեղի էր տալու։ Երկու կնոջ աչքի առաջ նահանջելը տղամարդկություն չէր, բայց բյուրեղապակուց ավելի Սաքոյի սպիտակած աչքերն էին ահարկու։
Մի ակնթարթ թողնելով Սաքոյին, Արևը ոստնեց ծնկած տեղից և ինչպես համադասարանցի տղերքի հախից էր գալիս, քեռայրին դուրս շպրտեց դռնից։ Քույրը դուրս թռավ ետևից։
Շուռ եկավ ու մեջքով հենվեց դռանը։ Շնչում էր ծանր։ Մի ձեռքով պահել էր դուռը, մյուսը դրել էր փորին և ցրված դեմը նայելով, կարծես ականջ էր դնում իր ներսում ինչ֊որ բանի։ Հետո ժպտաց այդ բանին ու առաջ գնաց։ Սաքոն սփրթնած էր դիակի նման։
Կեսգիշերն անց էր, նրանք պառկած էին անկողնում, և Սաքոն զզված էր կյանքից։
― Չեն թողնում, էլի… Ոոնց չեն թողնում քեզ համար ապրես…
― Քնի, ― մայրաբար ասաց Արևը։
― Ախր, մարդու մատից փուշ չեն հանի ու ապրելու դասեր են տալիս, շան որդիք….
― Քնի, քնի, որ անցնի։
― Մեր աղքատությունից նրանք ամաչում են։ Իրենց խոզի ախորժակով են չափում ու կարծում են մենք աղքատ ենք։ Կարծում են` ուրիշի հետ հացս կիսելով ես աղքատանում եմ…
― Նրանք մեզ նախանձում են, քնի։
Այդ պահին Սաքոն երեխա էր և կնոջ խոսքը մորական համբույր էր ցավ տված տեղին։ Եվ ահագին ժամանակ լռություն էր։ Երեխաներից մեկը քաղցրորեն մնչալով շուռ եկավ քնի մեջ, ու դարձյալ լռություն էր։ Հավքը ոտքը փոխեր թառին` տերևների շրշյունը կլսվեր, այնքան որ թափանցիկ էր լռությունը։
― Լավ ենք ապրում, չէ՞… Ճիշտ չե՞նք ապրում, ասա՛։
Կինը համախոհ ու գոլ սեղմվեց ամուսնուն։
― Երեխեքը առողջ ու կուշտ են, մենք էլ` գլուխը քարը… կամ փառք աստծո։ Ուրիշ ի՞նչ է պետք մարդուն։
Արևը ոտքը տարավ ու հպեց սառը պատին։ Մոր սիրտն էր, թե պտուղը խաղաց, և Սաքոն երկյուղածորեն ձեռքը դրեց կնոջ կլորիկ ու պինդ փորին։
― Քնի , ― մթան մեջ ճառագեց Արևի դեմքը։
― Բանաստեղծ տղա եմ ունենալու, ցավը տանեմ։