Վանո Սիրադեղյան

Նոբելյանն ու Օսկարը՝ փաթեթայինով

կամ՝ ոգեղեն փնթիության հորձանուտում

.

Ժամանակին Արտեմ Հարությունյանին` քաղաքականությունից-բանից անսահմանորեն հեռու մի մարդու, Քոչարյանը նշանակեց Ամերիկայում Ղարաբաղի ներկայացուցիչ: Տեղյակների մի մասը մտածում էր՝ սիրուն տղա է` դրա համար, մյուս մասը մտածում էր, թե նշանակվել է որպես օրվա ամենավարժ անգլերեն խոսող ղարաբաղցի:

Այդ նշանակման բուն պատճառը, սակայն, այդպես էլ ոչ ոք չիմացավ, մինչեւ Քոչարյանը Հայաստան չեկավ եւ չսկսվեց Արտեմին Նոբելյան մրցանակի «ներկայացնելու» անհամ պատմությունը: Եւ դեռ քիչ էր մնում այդ պատմության մեջ ներքաշեին Գրողների միության նախագահ Հրանտ Մաթեւոսյանին: Բարեբախտաբար, այդ ժամանակ Հայաստանում մի ողջամիտ մարդ դեռ պաշտոնավարում էր (թեկուզեւ հասարակական կազմակերպությունում), եւ բանը չհասավ «Արմենիկումի» գյադայական թափին: Բայց այդ օրվանից մեծ գրողին ու ողջամիտ հային չներեց ղարաբաղցիների ու դաշնակների արտաամուսնական կապի վաստակ ՍԻՄ-ը: «Արմենիկումը» հետո էր: Նոբելյանից առաջ եւ զուգահեռ Դե Նիրոյին կապկելու պատմությունն էր: Կապկելու, որովհետեւ այն ֆիլմը, որտեղ մաֆիայի ղեկավարի դերակատար Դե Նիրոն մի գլուխ չանեն ծռում է (պետք է արժանին մատուցել Կասյայի հումորի զգացումին), ոչ թե լուրջ ֆիլմ է, այլ պարոդիա Մաֆիայի թեմատիկայով ֆիլմերին (խոսքը «Վերլուծիր այս» ֆիլմի մասին է-խմբ) : Ճիշտ է՝ փայլուն պարոդիա:

Բայց քանի դեռ «Օսկարին» չենք հասել, ասենք, որ Քոչարյանը դեռ Ղարաբաղում եղած ժամանակ արդեն Արտեմին ուղարկել էր Ամերիկա, որ տեղում (ինչպես հետագայում պարզվեց) հող նախապատրաստի Նոբելյանի համար, ինչպես Բակոն, սիմպո-լեզվանի մի տղա, Մոսկվայում բուշլատ-պարտյանկա-բատինկայի գործ էր անում՝ արաղով-բաստուրմով-փողով-բանով: Ընդ որում, մայմունության այն առաջին Նոբելյան կամպանիան նախաձեռնելով՝ Քոչարյան ամենաքիչը մտածում էր Հայաստանի ու հայության վարկի մասին: Հասկանալի է, որ նա Արտեմին եթե կարդացել էլ էր, ապա՝ ռուսերեն: Քոչարյանը Ղարաբաղում անհամեմատ պարապ էր եւ հազիվ թե տեղեկացած չլիներ, որ Նոբելյան մրցանակի, ընդհանրապես ասած, ներկայացնում են Նոբելյան մրցանակակիրները: Կարեւորը «ազգային ղալմաղալն» էր, ինչին վիրտուոզ տիրապետող դաշնակցական մամուլը դրսում պիտի ապահովեր այդ «սարերից իջավ մի խումբ ձիավոր» երգ-պարի եւ ապա դրան հաջորդած մյուս «ազգանպաստ» հարայհրոցների մեդիա-շախուշուխը: Հասկանալի է, որ ոչ միայն Նոբելյան հանձնաժողովը, այլեւ աշխարհում ոչ ոք չիմացավ Ռոբի Նոբելյան հավակնությունների մասին: Այսինքն, դա պետք էր ներազգային գործածության համար, որպեսզի հայ ժողովուրդը չմտածի, թե ինքը մինչ այդ իր իմացած հայն է, այլ Նոբելյան մրցանակի հավակնորդ ղարաբաղցի Արտեմ ծնող, եւ գոտեպնդված սպասի մի կուշտ օրվա: (Համ էլ, գյուղից քաղաք եկած տղեն ինչ ձեւով պիտի իր հավակնությունների մասին իմաց տա, եթե ոչ առաջիկա շաբաթ օրը կարմիր փողկապով ու սպիտակ նասկիներով օպերա գնալով: Ջազը հետո էր: Կասյային հանդիպելուց հետո): «Արմենիկումի» գաղափարը դեռ չկար, որը հետո պարզվում է, որ արտառոց է այնքանով, ինչքանով արտառոց են հարյուրավոր անուն այն դոպինգները, որ քիչ թե շատ զարգացած քիմիական արդյունաբերություն ունեցող երկիր կարող է սինթեզել իր մարզիկների համար, բայց որը բացառիկ ցինիզմով անում էին Սոցիալիստական Գերմանիայում: Հայաստանի քիմիական արդյունաբերությունը ոչ միայն դրա, այլեւ սինթետիկ նարկոտիկներ սինթեզելու հնարավորություն էլ ուներ, եւ ուրեմն ժամանակ էր շահել պետք, մինչեւ մտնեին Պառլամենտ ու գնդակահարեին ազդեցիկ թերահավատներին, իսկ ազդեցություն չունեցող թերահավատներին կարելի կլիներ կամ արհամարհել, կամ զբաղեցնել ավելի էժանագին բաներով՝ աշխատատեղեր ու տուրիստներ խոստանալով, թեեւ արդեն 99-ի վերջին պարզ էր, որ երկրագնդի եղած-չեղած յոթ միլիարդ բնակչության մեջ հազիվ թե գտնվի 150 հազար հիմար, որը որոշի գնալ անհասկանալի մի տեղ՝ իր համար մինչ այդ չիմացած մի փաստի հոբելյանին, այն էլ այնպիսի մի տեղ, որտեղ քրիստոնեական այդ հոբելյանից մեկ տարի առաջ ջարդ են կազմակերպել՝ հեռուստատեսության ուղիղ եթերում, ու դեռ մարդասպաններն էլ երդվում են հոբելյանի տիրոջ արեւով:

Բայց կողքից ոնց որ թե պիտի զմայլելի պատկեր լիներ- կանանց մուրազ Դե Նիրոյի տեսքով Հայաստանի ղարաբաղցի նախագահ, Նոբելյան մրցանակի հավակնորդ, ղարաբաղցի սիմպո Արտեմը եւ ահա ձեզ նաեւ «Օսկարի» մրցանակի հավակնորդ ու էլի սիմպատիչնի Վիգեն Չալդրանյանը՝ երեւի թե Ղարաբաղի Չլդրան գյուղից: Բայց վերջին պայմանը կարող է պարտադիր չլինել, չէ՞ որ սաղովս հայ ենք: Ուշադրություն մի դարձրեք, որ այս թեզը չի վերաբերում բենզինի, հացի, կարագի, արաղի բիզնեսի նման անցողիկ բաներին: Կարեւորը ազգային հավերժական արժեքներն են: Վիգենը այստեղ կապ չունի: Վիգենը ֆոտոգենիկ տղա էր, լավ պարում էր Պարի պետականում, ու քանի որ ֆոտոգենիկ էր ու արվեստի մարդ էր, նկարահանվեց ինչ-որ ֆիլմում եւ, բնականաբար, ուզեց ինքն էլ ֆիլմ նկարել: Ու քանի որ ժամանակները հեղափոխական էին ու ազգային զարթոնքի ժամանակ էր, հայ ժողովուրդը սկսեց ինտենսիվ մոմ վառել, ինչպես նախկին սովետի քրիստոնյա ժողովուրդները սկսեցին զանգվածաբար մոմ վառել, իսկ մուսուլմանները եռանդով ճակատը տափին տալ: Եւ հավատի գալու այդ զանգվածային միջոցառումների ֆոնի վրա ինչքան խաչ չէր նկարել նկարիչների ու կինոշնիկների մի քանի սերունդ յոթանասուն տարում, նոր սերունդը նկարեց տասը տարում: Նկարեց նաեւ Վիգենը: Ու քանի որ մոմ վառելու համաճարակ էր, եւ Վիգենի ֆիլմում էլ, բնականաբար, մի գլուխ խաչ էր, խաչելություն ու խաչի հրկիզում, կինոյից հասկացողները վախեցան ասեն՝ հանճարեղ չի, չհասկացողները՝ փշաքաղվեցին ու տարակուսեցին միառժամանակ- արժե՞ր մի ժամվա համար մի տասը կուբամետր չոր փայտ կրակի ճարակ դարձնել՝ թեկուզեւ խաչի տեսքով՝ այդ ցուրտ ու փետի սակավ տարիներին, ցուրտ դահլիճում կծկված հանդիսատեսի աչքի առաջ: Բայց սրանք էլ, որ լսել էին, թե արվեստը զոհ է պահանջում, երեւի մտածեցին, որ կարող էր ավելի վատ էլ վերջանալ... Սա Վիգենի առաջին ֆիլմն է: Երկրորդը կարող է անհամեմատ լավը լինել: Բայց ես մի բան գիտեմ, որ կինոն, բացի տաղանդից, նաեւ փողով են անում: Նաեւ՝ տեխնիկայով: Նաեւ՝ բազմաթիվ դուբլերի համար ժապավեն չխնայելու անհոգությամբ: Իսկ երեք-չորս դուբլ հնարավորությունով ոչ միայն երրորդական ֆեստիվալ ներկայացնելու արժանի ֆիլմ չի նկարվի, ինչպես չէր կարող 89 թվականին թռչող ափսե իջնել «Ղարաբաղի հարցով», ինչին սպասում էին Հայաստանի դաշնակներն ու տեղի չափահաս տղամարդիկ՝ վայրէջքի տեղը բետոնելով, այդպիսի ֆիլմը կարելի է միայն տնեցիների հետ նայել: Մի բան էլ՝ ու վերջ. «Օսկարը», ուրեմն, ոչ թե ներկայացնում են, այլ «Օսկար» տվողները այն ընտրում են: Եւ եթե դու, պատահաբար, այդ կողմերում լինելով՝ նամակ ես գրում չգիտեմ ում կամ թերթում հոդված ես գրում, որ, էսպես ու էսպես, վատ չէր լինի, որ այս տարվա Օսկարի գործով՝ մեր կողմն էլ նայեիք,-դա դեռ չի նշանակում, որ դու Օսկարի հավակնորդ ես:

Ասենք, ինչի՞ մասին եմ խոսում: Դիշովիությունը, առհասարակ, վարակիչ է: Իսկ պետական-կուսակցական դիշովիությունը համաճարակի բուն է: Եթե հոգեկան փնթիությունը մտավ ժողովրդի կյանքի մի ոլորտի մեջ, այն չի կարող մեկուսանալ այդ ոլորտում, այն պիտի ախտահարի բովանդակ կյանքը: Փնթիությանը հեշտ է ընտելանալը, դժվարը քորին միառժամանակ դիմանալն է: Դժվարը եղունգները մի քանի շաբաթ չկտրելն է, հետո ընտելանում են՝ հիգիենան ապահովելով լուցկու հատիկով եղունգների տակի սեւը հանելով: Հետո եղունգի ծայրերը իրենք-իրենց մաշվում են, եթե, իհարկե, հատուկ չեն բուծում, այլ օրուգիշեր քար են քաշում ազգային հողի վրա: Երբ փնթիությունն այդ փորձաշրջանը անցնում է, վերածվում է գռեհկության, իսկ գռեհկությունը անամոթ է լինում: Իբր անամոթությունը՝ բնավորության նման, հետեւողական: Վկա է Աստված, որ չէի ուզում «կինոյի մասին» գրել: Դեկտեմբերին մտածում էի՝ ջուրը ջաղացը տարել, չախչախի համար նստել ողբալը ո՞րն է: Մտածում էի՝ թող էս ձմեռ էլ իրենք իրենց զվարճացնեն «Օսկարով», հանկարծ մի ավելորդ խոսքով չխափանենք ապուշության ինքնազմայլանքի կատարելությունը: Իսկ այսօր մտածում էի, որ՝ դե անցավ գնաց: Կարելի էր սպասել ու անուշադրության մատնել նաեւ այն հանգամանքը, որ այդ փնթի պատմությունը հիմա էլ շարունակվում է կոմերցիոն հաջողությունների մասին դատարկաբանությամբ: Չէի ուզում, մի խոսքով, այն պարզ պատճառով, որ տառաճանաչ մարդիկ իրար շիտակ խոսք ասելու ավելի լավ ժամանակների կարող են սպասել, քան տգետների խրախճանքի այս օրերն են: Բայց երբ սկսվեց «Սիգարոնի» անհամությունը, թե՝ «Դավիդոֆֆը» վախենում է հայերի մրցակցությունից, հասկացա, որ բանը բանից անցել է, եւ որ այդ Բանի (որի անունը այդպես էլ չգտա այս հոդվածի շրջանակներում) մետաստազները մոտենում են նույնիսկ իմ ընկերների բանականության մատույցներին: Եւ Հայաստան վերադառնալը դառնում է իրոք վտանգավոր: Ռեկլամին էլ ձեւ կա, էս ի՞նչ եք մեր գլուխը բերում: Չէ՞ որ դա այն նույն՝ Նոբելյանի, «Օսկարի», «Արմենիկումի», Ծովից-ծովի, «հայանպաստ» թռչող ափսեին սպասելու շարքից է: Փոխանակ մենք ցնդենք, դո՞ւք եք ցնորվում: Բա էլ ո՞վ մնաց Հայաստանում: Բայց չէ՞ որ բանականությունը միակ բանն է, որ անկախ վիճակի աղետալիությունից, անթույլատրելի է կորցնել. ձեր ցավը տանեմ, երեխու տեր ենք:

12.01.2002

Յատուկ Երաժշտություն
Էնզելի
Ալեքսանդր Սպենդիարյան

Էնզելի

Մայրամուտ Յալթայի վրա
Մայրամուտ Յալթայի վրա
Խաղա առցանց