Վանո Սիրադեղյան

ՀՅԴ֊ն չի կարող եկեղեցին չպառակտել

Կ

ամ՝ ինչո՞ւ է կուսակցությանը հարկավոր սեփական եկեղեցի

Պառակտված եկեղեցի, պառակտված ժողովուրդ սա իդեալական միջավայր է պահանջատիրության քրմերի համար։ Սուտ են ասում, թե պահանջատիրության հաջողության համար (հավանաբար, տեսականորեն) համախումբ ժողովուրդ է պետք։

Համախումբը ենթադրում է կոնսենսուսի պարտադիր լինելը։ Կոնսենսուս ոչ թե տեսական, ընդհանրական կամ համայնքային կոնկրետ հարցերի շուրջ, այլ ազգային֊պետական խնդիրների առաջնահերթությունների ցանկի հաստատման առումով։ Այս դեպքում կոնսենսուսը, ազգային համաձայնությունը պահանջատիրության օգտին լինել չի կարող այն պարզ պատճառով, որ Հայրենիքի ու ժողովրդի գոյության խնդիրը առաջին պլան է գալիս։ Դժվարը մեկ անգամ փող հանգանակելն է։ Նպատակը կարող է վեհագույն լինել։ Նպատակը կարող է ժամանակի ընթացքում կորչել կամ դառնալ հեղհեղուկ, բայց փողը կգտնի նոր նպատակ։ Փողը կգտնի ծախսվելու արդարացում։ Դեռ մեզ հայտնի չէ մի հիմնադրամ, որը կամավոր փակված լինի՝ իր հանձնառությունը ավարտած լինելու պատճառով։ Ավելի շուտ հիմնադրամը կփոխի իր հոգածության առարկան, ասենք՝ մահամերձներից նորածինների վրա տարածվելով, քան կազդարարի (հաղթականորեն, ի դեպ) իր հանձնառության ավարտը։ Անտեր փողը իր շուրջը գզվռտոց է սարքում։

Անտեր փողի այլ տեսակը՝ հասարակական ֆոնդը (բարեգործական, ազգային եւ այլն) իր շուրջը նախ ստեղծում է կառույց։ Իսկ այդ կառույցը այլեւս ինքը իրեն պիտի վերարտադրի։ Եւ որտեղ արտադրություն, այնտեղ գերարտադրություն։

Սկզբում առաջանում է կամավոր նվիրատվությունների հաշվառման ֆունկցիա, հետո՝ փողը իրացնողների ցանց, հետո՝ ստուգողների ցանց։ Հետո՝ ապահովության սիստեմ, որը մի մասով դառնում է կամավոր բարեգործներին հաշվառելու, մասամբ էլ՝ միանվագ նվիրատվությունը պարբերականի վերածելու համոզելու, ապա եւ ստիպելու կառույց։ Այդ կառույցը չի կարող գործունեության դաշտը չընդլայնել նոր «կամավորների» վերբովկայի միջոցով, ինչը վերջին հաշվով վերածվում է բանալ ռեկետի։

Զուգահեռաբար խնդիր է առաջանում դրամագլուխը նպատակային օգտագործելու հաշվետվության, հետո՝ հրապարակային հաշվետվության, ինչի համար առաջանում է մամուլ ունենալու խնդիրը, որը հաշվետվության ֆունկցիան վեր է ածում հանգանակության պրոպագանդման ֆունկցիայի, ինչը, իր հերթին, հանգում է դրամի շուրջ ստեղծված կառույցի գործունեության արդարացման, հետեւապես եւ փառաբանման՝ ավելի մեծ գումարներ ժողովելու համար։ Արդյունքում ստացվում է ազգային կուսակցություն՝ իր մամուլով, իր ապահովության ծառայության հրոսակախմբերով, իր ուռճացող մարմինը պահպանելու, վերարտադրվելու բնական֊պարազիտային բնազդով։

Անշուշտ, նախնական նպատակը բոլորը մտքի մեջ ունեն, բայց կառույցը արդեն ապրում է ինքնավերարտադրության օրենքներով, կարելի է ասել՝ ինքնանպատակ, կարելի է ասել՝ աննպատակ֊հարցի էությունը չի փոխվում։ Այլեւս կարելի է նպատակները կոտորակել, բազմապատկել, կարելի է յոլա գնալ նպատակի հիշողությամբ։ Ինչո՞ւ է կուսակցությանը անհրաժեշտ սեփական եկեղեցի ֊ որովհետեւ եկեղեցին փող լվանալու ամենաապահով տեղն է։ Նաեւ հանգանակության ցանց եւ խստականոն երկրների ծառայություններից կուսակցական֊եկեղեցական հարկահանությունը քողարկող սքեմ որպես։ Նաեւ կուսակցական «աբշակը» պահ տալու ապահով տեղ։ Անհնար է պնդել, թե մեր եկեղեցիների անջատ գոյությունը սոսկ կուսակցական քմահաճույք է եղել, այլ ոչ թե կոմունիզմի դեմ համաշխարհային պայքարի դրսեւորումներից մեկը։ Բայց մեկ որ ստեղծվել է անիշխան ու ցանուցիր ժողովրդի այս գոյաձեւը, դա տեւական լինելու դատապարտված է։ Երկատված այդ գոյության «բնական թշնամին» հայկական պետականությունն է, չնայած ազգային կյանքը դրսում կառույցի բերելու առանցքային խնդիրը, եթե չեմ սխալվում, եղել է հայկական անկախ պետության ստեղծումն ու ժողովրդին պետության շուրջ համախմբելը։ Բայց ինքն իրեն վերարտադրող օրգանիզմը այլեւս ինքնաբավ է եւ այն իր զուգահեռ, ծախսատար գոյությունը, գիտակցաբար թե ոչ, ապահովելու համար կեղծ նպատակներ է փնտրում եւ գտնում, կամ վերաձեւակերպում է նպատակը։

Կամ գնում է ամենադյուրին ճանապարհով՝ ժողովրդին պահում է ստատուս քվոյի կետի վրա֊ երկու եկեղեցիով երկու մասի բաժանված հայություն։

Երկուսի է բաժանված անգամ ազգային նպատակը֊ժողովրդի մի մասը Հայկական անկախ պետության տերն է, մյուս մասը՝ դեռ չի հասել Հայ Դատով հետապնդվող իր նպատակին։ Ինչպես հասկանում եք, սա հավերժական ընթացք է։ Եվ բանն էլ հենց այն է, որ ամեն վերարտադրություն, առավել եւս պատրանքի, միտված է անսահմանության։ Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել, իբր դա համազգային նպատակ է։ Իր եթերայնությամբ, բուն Հայկական պետության գոյությունը վտանգող իր էությամբ այն չի կարող համազգային լինել։ Եւ այդուհանդերձ, դրսի կուսակցությունների կողմից ժողովրդին պարտադրված այդ կենսաձեւ, իդեալական տարբերակը հակառակորդ չունենալն է՝ ի դեմս Հայկական պետության։ Ավանդական կուսակցությունները հեռանկար չունեն Պետության գոյության պայմաններում, եւ նրանք, հատկապես դաշնակցությունը, ամեն ինչ անում են եւ կանեն, որ Հայաստանը վերադառնա կիսապետականության կարգավիճակին եւ հնարավորություն չունենա ներազդելու Սփյուռքի հասարակական հարաբերությունների վրա, ինչը արդեն տեղի էր ունենում Տեր֊Պետրոսյանի իշխանության տարիներին։

Իհարկե, կուսակցությունը Հայաստանում ինչ֊ինչ լծակներ է ձեռք բերել, քիչ֊միչ փող է աշխատում, բայց ի՜ նչ համեմատություն՝ եւս մեկ միլիոնով ստվարացած Սփյուռքը միահեծան շահագործելու հնարավորությունների հետ։ Պիտի արժանին մատուցել այս վերջին պառակտիչ որոշումը ընդունողներին (խոսքը Կանադայում անթիլիասական թեմ ստեղծելու որոշման մասին է)։ Քաղաքական պահը ճիշտ է ընտրված։ Երբ Հայաստանի կառավարությունը երկրի գույքն է հանձնում այլ պետության, դժվար է Անթիլիասին հակաճառել, բացի պառակտելու մասին մերկապարանոց հայտարարություններ անելը, որովհետեւ ի՞նչ երաշխիք կա, որ վաղն էլ Էջմիածնի վանքապատկան տարածքները չեն տրվի պարտքի դիմաց։

Սա այն եզակի դեպքերից է, երբ Անթիլիասը իրեն ապահովագրում է իր իսկ կուսակցության անգիտակից թե գիտակցված քաղաքականության հետեւանքներից։ Կիլիկիո եկեղեցու վարքի մեջ որքան էլ էական լինի դաշնակցության դերը, պիտի չանտեսել նաեւ այն հանգամանքը, որ անհնար է, որ Սփյուռքի բազմամարդ համայնքները ապաստանող երկրների իշխանությունները անհանգստացած չլինեն վերջերս Հայաստանի անկախությանը սպառնացող վտանգներից եւ չուզենան իրենց հպատակների հավատի սպասավորներին հեռու պահել ռուսական եկեղեցու եւ ռուսական գաղտնի ծառայությունների ազդեցությունից։ Ով֊ով, բայց գաղտնի ծառայությունները լավ են ճանաչում ոչ միայն սեփական եկեղեցու սպասավորների, այլեւ ու հատկապես՝ գաղութների հոգեւորականների խոցելիությունը այս կամ այն ծառայության հանդեպ։

Ի դեպ, կասկած կա, որ Տեր֊Պետրոսյանի հրաժարականի պատճառներից մեկը եկեղեցիների միավորմանը ձեռնամուխ լինելու անպատեհ փորձն էր՝ Անթիլիասի կաթողիկոսին Հայաստան բերելով։ Դժվար թե Տեր֊Պետրոսյանը կարծում էր, որ այդ քայլով միավորման ընթացքը կարող է անդառնալի լինել։ Մի բան, սակայն, վստահորեն կարելի է պնդել․ այն, որ նա թերագնահատեց այդ քայլի հանդեպ Արեւմուտքի ու Մերձավոր Արեւելքի երկրների գաղտնի ծառայությունների հնարավոր ռեակցիայի ուժգնությունը։ Միաժամանակ դա հարված էր ռուսական ծառայություններին։ Հայկական եկեղեցին միավորելը նշանակում էր եկեղեցական մեծ վերաշինություն։ Վերաշինությունը կստացվեր թե ոչ, հայտնի չէր, բայց գործընթացը խառնում էր միանգամից մի տասնյակ երկրների գաղտնի ծառայությունների հաշիվները, ոչինչ չտալով, ի դեպ, հայկական չեղած հետախուզությանը։

Համենայն դեպս, մոտ ապագայում։ Այդ պահից էլ սկիզբ առավ առաջին նախագահի ձախորդությունների շրջանը։ Հենց կաթողիկոսական ընտրություններից հետո։ Եւ Տեր֊Պետրոսյանը կորցրեց ոչ միայն մեծ պետությունների, այլեւ արաբական երկրների աջակցությունը։ Ահա թե ինչ դեր ունի եկեղեցին մեր կյանքում։ Կիլիկիո Կաթողիկոսին Հայաստան բերելը հանդուգն, արտիստիկ, մի խոսքով՝ «ազգային» քայլ էր, եւ պատմությունը այդ քայլն էլ արձանագրեց ի նպաստ առաջին նախագահի։ Բայց ինչպես ամեն մի զուտ «ազգային» քայլ, վերջին հաշվով դուրս եկավ ոչ միայն խիստ վտանգավոր, այլեւ, ինչպես տեսանք, անիմաստ։

Յատուկ Երաժշտություն
Մարկոս և Մարկոս
Տիգրան Համասյան

Մարկոս և Մարկոս

Առավոտը Սևանում
Առավոտը Սևանում
Խաղա առցանց