Վանո Սիրադեղյան

Հայ հեղափոխական իրավիճակ

Երբ վերինների խելքը չի հասնում, ներքևիների էլ՝ տանձին չի

.

Արդեն մեկ տարի առաջ հայկական զորքերը դուրս են եկել Ֆիզուլու եւ Հորադիզի գրավյալ տարածքներից: Արդեն մեկ տարի այդ տարածքները ոչ միայն ականազերծվել են (բնականաբար, ականապատման քարտեզները տվել են մերոնք), ոչ միայն վերակառուցվում են Բաքվում ԱՄՆ-ի դեսպանի հսկողությամբ, այլեւ այդ տարածքում բացվել է սակրավորների ուսումնարան՝ ԱՄՆ-ի ֆինանսավորումով:

Գրավյալ տարածքների այդ մասը «հանձնելու» մասին, երեւի թե, բազմակողմ պայմանավորվածության համաձայն, չեն գրում նաեւ Ադրբեջանում: Պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց չեն կարող ամբողջովին լռել իրենց դիվանագիտական հաջողության մասին, եւ ժամանակ առ ժամանակ ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին հպանցիկ հաղորդում է տալիս անգամ պետական լրատվական ծառայությունը: Հնարավոր չէ, որ Հորադիզի պատմությունը Հայաստանում չիմանան գոնե մի 100 հոգի, բայց դավադրաբար լռում են: Միայն լիբանանցի Ժիրիկն է միանձնյա հիստերիաներ սարքում՝ առանց առարկայի անունը տալու: Ժամանակին Սուլեյման Դեմիրելը ընդամենը երկու գյուղից հայկական զորքի դուրս քաշելու դիմաց խոստանում էր բացել հայ-թուրքական սահմանը, բայց ղարաբաղցիք շանտաժի էին ենթարկում Տեր-Պետրոսյանին, թե՝ մեկ գյուղից դուրս գալը անգամ խուճապի կմատնի Ղարաբաղը: Այսօր զորքերը դուրս են եկել մի ամբողջ շրջանից, սահմանը չի բացվում. ինչո՞ւ: Ինչո՞ւ է Թուրքիան հարյուրապատիկ կարծրացրել դիրքորոշումը եւ պահանջում է հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի եւ Ղարաբաղի ողջ տարածքից: Բացատրությունը մեկն է. Հայաստանի այս չորս տարիների արտաքին տխմար քաղաքականությունը աներեւակայելի չափերի ամրապնդել է Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում: Բայց ի՞նչ են ստացել իշխանությունները մի շրջան, այսուհանդերձ, տալու դիմաց: Մի՞թե եւս մեկ երկրի կողմից ցեղասպանության դատապարտում: Թե՞ նախընտրական նաղդ փող, ասենք՝ Լինսի հիմնադրամի տեսքով: Ասենք թե՝ եւս հինգ երկիր (չէ՞ որ հինգ շրջան է մնացել հանձնելու) ճանաչեցին Ցեղասպանությունը, 10-ի ու 15-ի տարբերությունը արժե՞ փոխել գրավյալ տարածքների հետ: Չէ՞ որ այդ հողերը երաշխիք էին՝ հող Ղարաբաղի կարգավիճակի դիմաց սկզբունքը իրագործելու համար:Ինչո՞ւ են լռում դաշնակները, եթե իրենց ծրագիրը հողահավաքն է, ոչ թե ուրիշի գրավածը հանձնելը: Ինչո՞ւ են լռում բանակի սպաները, ովքեր 97 թվականին դավաճանեցին իրենց գլխավոր հրամանատարին, իսկ հիմա անծպտուն ետ քաշվեցին Հորադիզից՝ առանց որեւէ պայմանի: Ինչո՞ւ ղարաբաղցիք մերժեցին Դեմիրելի առաջարկը: Սոսկ այն պատճառով, որ թո՞ւրք էր: Գյո՞ւղ չէին ուզում հանձնել, թե՞ չէին ուզում Հայաստան գնացքներ մտնեն: Իհարկե, վերջինը:

Հիմա արդեն դաշնակ գործիչները բացահայտ լպիրշությամբ հայտարարում են, որ չեն ուզում Թուրքիայի սահմանը բացվի: Այսինքն, որ չբացվեն նաեւ մյուս սահմանները: Էլ ո՞վ բացահայտ չի ուզում, որ այդ սահմանը բացվի: Բացահայտ՝ միայն Ադրբեջանը: Ոչ բացահայտ՝ Իրանը, որ առանց մրցակցության Հայաստանի վրա սաղացնի շիրպոտրեբի իր աղբը, նաեւ Հունաստանը, որ հայ զանգվածները չիմանան ինչ բան է իսկական լիմոնն ու նարինջը եւ առնեն հունական միրգ ու պտուղ, որ իրենց երկրում օգտագործում են միայն որպես անասնակեր: Համ էլ Հայաստանը դիտում են որպես փուշ Թուրքիայի քամակին՝ թեկուզ եւ ժամանակավոր, բայց անհարմարություն իր թշնամու համար: Իսկ կառավարության մակարդակով հույները բանակցում են արդեն Ադրբեջանի հետ՝ ադրբեջանական գազը ապագայում Թուրքիայից Հունաստան եւ Բալկաններով՝ Եվրոպա քաշելու համար: Եւ Ալիեւը քամահրալից ներողամտությամբ չի բացառում այդ տարբերակը, բայց ասում է՝ հետո, երբ Թուրքիայի պահանջները կբավարարենք:

.

Մայմունություն՝ չումայի ժամանակ

.

Եւ մինչ մեր պայքարի ընկեր Հունաստանը Ադրբեջանի եւ Թուրքիայի համար իր ազգային շահերի բազարն է անում, Արկադի Ղուկասյանը Ստեփանակերտում, ըստ «Մեդիամաքսի», պատմաիրավական սեմինար է, իր խելքով, անցկացնում Մինսկի խմբի համանախագահի, Քավանոյի չէ, այս հերթականի հետ եւ համարյա համոզել է, որ... Բանը այսպես է եղել. Արկադիան հավասարը հավասարի նստած է եղել Մինսկի խմբի ԱՄՆ-ի հերթական ներկայացուցչի հետ եւ քյալլա տալիս է եղել հանուն հայության: Վեճը թունդ է եղել, ինչպես հոլիվուդյան տափակ ոստիկանական ֆիլմերում են երկու մենթ անզիջում լեզվակռիվ տալիս բարոյականության եւ օրենքի խախուտ սահմանի վրա՝ բերման ենթարկված պուտանկի առիթով՝ մի-մի ձեռքը դրած նույն ավտոյի կապոտին: Նախորդ ֆիլմերից հայտնի է, որ երկու րոպե հետո հաղթելու է անմեղության կանխավարկածը, բայց հարցի բարոյական կողմն էլ քննարկման կարիք ունի: Եւ վեճի կուլմինացիոն կետին, երբ թվում է, թե բանը պիտի հասնի օրենքի մեռած մենթի չանին հագցնելուն, այդ պահին մյուսը՝ սոցիալական արդարության կողմնակիցը, բայց անմեղության կանխավարկածը պակաս հարգողը, ատամները սեղմում, մի երկվայրկյան պաուզա է տալիս ու գոչում՝ «Ֆաք յու, Բիլ, չէ՞ որ մենք նապարնիկ ենք»:

Երկրորդը ուշքի է գալիս, ֆիլմի դինամիկան չխաթարելու չափ մտածում եւ հանկարծ լայնաբերան, նեգրաբար զինաթափող ժպտում է. «Յոբ տվայու, հա էլի»: Ուրեմն, Արկադիան, ըստ «Մեդիամաքսի», Պերինային ասում է. «Բայց չէ՞ որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում»: Ամերիկացին լրիվ մոռացած լինելով, որ ԱՄՆ-ը եւ ՄԱԿ-ը Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչել են ադրբեջանական ՍՍՀ-ի սահմաններում, ասում է. «Հա, էլի»: Իհարկե, Արկադիան չի ասել «Մեդիամաքսին», որ Պերինան, իմիջիայլոց, ասած կլինի. «Ղարաբաղն էլ, կարծեմ թե, Հայաստանի կազմում առանձնապես չի եղել»: «Բա սազե՞ց,- նեղացած կլինի Արկադիան ընկերական,-բա Տիգրան Մեծի ժամանակները»: «Քանի՞ հարյուր տարի առաջ»,- միամտորեն պիտի հարցրած լինի ամերիկացին՝ պատմական ժամանակի իրենց չափանիշներով ենթադրելով, որ պարսիկները Ղարաբաղը նվաճած կլինեն շատ-շատ ուշ միջնադարում: «Սորի,-ներողամտորեն խնդացել է Արկադիան,-Մի 1500 տարի էլ ետ գնա»: Այստեղ ամերիկացին, հավանաբար, շշմել է հայերի հիշողության սլացքից: Եւ, գուցե, լինելով «չբացահայտված» հնդկացիների շառավիղ, ում նախնիներին նվաճել են եվրոպացիք, պահանջատիրաբար հուզվել եւ ասել է՝ «Հա, էլի»: Դա՝ ըստ «Մեդիամաքսի» ու Արկադի Ղուկասյանի: Բայց Պերինան, ըստ երեւույթին, լռել է, որովհետեւ եթե համաձայնության գար հայերի հետ, ըստ այդ համաձայնության, ԱՄՆ-ի 250 միլիոն սեւամորթներն ու սպիտակամորթները պիտի երկիրը թողնեն Չինգաչգուկի հետնորդներին եւ ռադ լինեն Աֆրիկա ու Եվրոպա, որովհետեւ այդ է պահանջում պատմական արդարությունն ու Կարմրամորթների Դատը: Չհաշված Կանադայի ֆրանսախոս ժողովուրդն ու անգլոսաքսերը: Չհաշված Լատինական Ամերիկայի նեգրերն ու իսպանացիները, ովքեր ացտեկների ու Մայա ցեղի ժառանգներից երկիրը խլել են բոլորովին վերջերս, եթե համեմատելու լինենք Տիգրան Մեծի ժամանակների հետ: Մանավանդ որ, ի՜ նչ կոտորել են կոտորել բնիկներին, ի՜ նչ կոտորել են կոտորել...

Պատկերացնո՞ւմ եք, ինչ մասշտաբի գործ է բացվում պատմական արդարությունը վերականգնելու գործում: Պլյուս-աֆրիկացիներն ու աֆրոամերիկացիները լրջորեն դրամական փոխհատուցում են պահանջում սպիտակամորթ ամերիկացիներից՝ իրենց նախնիներին ստրկացնելու դիմաց: Եւ միայն նեգրական վտանգից հեռու ռուս ժուռնալիստը կարող էր պահպանել հումորի զգացումը ու առանց պոլիտկոռեկտության ասել՝ «Բա որ դուք էլ մեր նախնիներին բռնում ուտում էի՜ ք ...»: Իսկ որ լուրջ նայենք, ամերիկացու տանձի՞ն է, թե ինչ են դուրս տալիս հայերը եւ ինչ փորձանք են բերում իրենց սերունդների գլխին: Նրանք, հրեն, ֆրանսացու ու ռուսի հետ, խմբակային լուսանկարում հռհռում են Հայաստանի ապագայի վրա (խոսքը եռանախագահների եւ Քոչարյանի վերջին հանդիպման լուսանկարի մասին է-խմբ.): Իսկ ինչի՞ս վրա է հռհռում այդ նույն լուսանկարում Հայաստանը ներկայացնող Քոչարյանը: Որ եւս երկու ամիս ձգեց եւ եւս 10 հազարով պակասեցրեց Հայաստանի բնակչությո՞ւնը... Եւ մինչ մեկը Երեւանում սեպերն է բացել, մյուսը Ստեփանակերտում, իր կարծիքով, Խանքենդի-Վաշինգտոն թազա «օս» է բացում, Թիֆլիսում, Պուտինի եւ Բուշի ներկայացուցիչների ներկայությամբ ստորագրվեց մի համաձայնագիր, որով գազամուղն էլ կանցնի Հայաստանի կողքով:

.

Գազամուղն էլ անցավ Հայաստանի կողքով

.

Մնաց Թուրքիա-Վրաստան երկաթուղին: Ի դեպ, խիստ խորհրդանշական է, որ երբ մի քանի ամիս առաջ Վրաստանն ու Թուրքիան Ստամբուլում թե Անկարայում ստորագրում էին Ախալքալաքով անցնող երկաթուղու կառուցման համաձայնագիրը, այդ նույն ժամանակ Ծաղկաձորում հերթական անգամ «սխոդկայի» էին նստել մի քանի ժուլիկ հայ ու հույն պաշտոնյա, նաեւ մի քանի պարսիկ եւ Ծաղկաձորի մաքուր օդում խզբզում էին Հունաստան-Հայաստան-Իրան եռանկյունին: Տարբերակներ՝ Կուբա-Չինաստան-Հայաստան սուր եռանկյունի, Հունաստան-Կիպրոս-Հայաստան ուղիղ եռանկյունի, Լիբանյան-Սիրիա-Իրաք-Հայաստան զիգզագը... Եւ այլ՝ հոգեկան հիվանդի վառ երեւակայության արգասիք նկարչություն: Մինչդեռ իրական աշխարհում խողովակներն ու ճանապարհները շրջանցում են Հայաստանը: Երկու-երեք տարուց կառուցված կլինի նաեւ Ախալքալաքի երկաթուղին եւ Գյումրի-Նախիջեւան երկաթգիծը, որը մեզ պիտի կապեր մեր չորս հարեւաններից երեքի հետ եւ նրանց միջոցով՝ նաեւ Միջին ու Առաջավոր Ասիայի, նաեւ՝ Եվրոպայի հետ,- այդ գիծը հիմա կծառայի Թավրիզի, Արարատյան դաշտի եւ մեզ սահմանակից թուրքական շրջանների բազարի ժողովուրդ տեղափոխող «էլեկտրիչկաներին»: Իհարկե, դեպքից-դեպք ապրանքատար վագոններ էլ կանցնեն-կդառնան, երբ, ասենք, Իրանը չամիչ եւ կաֆել արտահանելու լինի հատկապես Հայաստան: Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա եւ Եվրոպա իր արտադրանքը Իրանը կհանի Ադրբեջանով: Եւ Հայաստանը ոչ մի քոռ կոպեկ չի ստանա տարածաշրջանների փոխադրումներից, որովհետեւ բոլոր ճանապարհները շրջանցում են Հայաստանը: Այս բանը կարող էին կռահել անգամ հայ բոշեքը, եթե պետականություն ունենային Հայաստանի տարածքի վրա: Բայց պատմականորեն այդ բանը վիճակված էր հայերին, ովքեր տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների ապագայի համար վճռորոշ այս տարիներին հնարավոր ու անհնարին ամեն բան արեցին, որ իրենց սերունդները վերջնականապես մնան «Ջերմուկի» հույսին:

Եւ որ երբ Լոսում ապրող երեւանցի տղերքի սիրտը մեկ-մեկ «Ջերմուկ» ուզի եւ դա գտնեն հայկական դուքաններում, Բուրջ-Համուդի ու Ասկերանի տղերքը երկու կոնտեյրներ «Ջերմուկ» Ամերիկա հասցնելը համարեն արտահանում: Դամասկոսում չկծված փախլավա ուտելը համարեն դիվանագիտություն: Ռուս գեներալների պարտյանկաները փաթաթելը համարեն դարավոր բարեկամություն: Չափառից չափառ ժապավեն կապելն ու կտրելը համարեն արտադրության աճ: Ինչ փույթ, որ Հայաստանը օրը-օրի ետ է գնում դեպի Էրիվանի խանության ժամանակները:

.

Էրիվանի խանության ժամանակները

.

Հիմա Երեւանը անդառնալիորեն վերադառնում է անցած դարասկզբի իր կարգավիճակին, երբ ոչ մի առնչություն չուներ Կովկասի եւ Փոքր Ասիայի արդյունաբերության, առեւտրի, քաղաքաշինության բուռն ծաղկման հետ: Բայց ի տարբերություն անցած դարասկզբի, երբ հայությունը անմիջական մասնակցություն ուներ տարածաշրջանի զարգացումներին, այս դարասկզբին մեր դերը լինելու է ստորագույնը: Հայաստանում մնացած, երրորդ կարգի ձեռներեցության ընդունակ տղերքը Երեւանից շարժվելու են երկիրը շրջանցող երկաթուղիների կողմը: Մի բան Ղազախից առնելու-սաղացնելու են Սադախլոյում, մի բան Նախիջեւանից առնել-տանելու են Իգդիր, մի մասն էլ շուլալվելու է Ախալքալաքի երկաթուղու մոտերքը: Արարատի տղերքը կաշխատեն փայ մտնել Հայաստան մտնող իրանական չամիչի գործում, դաշնակ շուստրիները բարեգործականի անվան տակ «տանիք կկանգնեն» Եվրոշուկայում չուտվող Հունաստանի զեյթունի ձեթի՝ Հայաստան ներկրման գործին: Մի երեք հազար հայ միառժամանակ համբալություն կանի Ախալքալաքի ռուսական կայազորի մոտերքում, մի հինգ հազար էլ կօգտվի Գյումրվա ռուսական կայազորի պայոկից... Ղարաբաղցիները ավանդաբար քոչած կլինեն Միջին Ասիա եւ Ռուսաստան: Եւ կբարգավաճեն, որովհետեւ նրանք երբեք այսչափ ստարտային կապիտալով չեն արտագաղթել: Ինչքա՞ն մարդ կմնա ապրելու աշխարհից կտրված այս հողում: Այնքան, ինչքան կարտոֆիլ ու լոբի կտա այս հողը: Ադրբեջանցիները էլի կվարձակալեն Հայաստանի սարերը (որովհետեւ հայերը անասնապահ չեն, այլ պատմության մասնագետ), տարին յոթ ամիս անասուն կպահեն-կապրեն Վայքի, Սիսիանի, Շամշադինի, Ամասիայի, Դիլիջանի, Սեւանի սարերում: Ու երբ հայաստանցիք շաբաթ-կիրակի ուզենան մայովկի գնալ եւ հայավարի ուշ արթնանալով (ոչ այնքան ուշ, որ շփոթես արիստոկրատի հետ, ոչ էլ վաղ՝ աշխատավոր մարդու նման), այդպես անորոշ մի ժամի երբ արթնանան ու փորձեն իրենց անտառներում ու սարերում աղբյուր գտնել՝ մոտը հանգրվանելու համար,- զարմանքով կտեսնեն, որ տասնհինգ տարի առաջվա նման ազերիները արդեն հասցրել են իրենց հարթավայրերից ավելի շուտ տեղ հասնել ու բազմել մեր աղբյուրների գլխին եւ նույնիսկ արդեն քերթել են գառը եւ կրակ են գցել սամովարը: Իսկ Երեւանի շուկաներում տերուտնօրեն կլինի էլի Նախիջեւանի բանջարաբույծ խալխը: Այդքան հայ Երեւանում հաստատ մնացած կլինի, որ Նախիջեւանում բանջարաբոստանաբուծությունը վնասով չաշխատի: Արարատյան դաշտի ժողովուրդը Երեւանի շուկաներում մրցակցությանը դժվար դիմանա, որովհետեւ հայ պագոնավոր ու անպագոն հսկիչը, ինչպես միշտ, օտարից նալոգը կվերցնի ավանդաբար առավել ապահովաբար: Վրացիները, որ տասնյակ միլիոն դոլարներ կունենան միայն խողովակներից, երեւանցիներին կզրկեն ոչ միայն իշխանից, այլեւ սիգից, քանի որ կվճարեն եռակի, եւ ոչ մի ձկնորս ձուկ չի բերի Երեւան: Բարգավաճող Ադրբեջանի մեզ սահմանակից շրջանները էլի լիքը կլինեն խոպանչի հայերով՝ պատշար, ծեփագործ եւ հյուսն: Թուրքիան ժամանակ առ ժամանակ դիվանագիտական թեթեւ ղալմաղալ կսարքի դաղալ Իրանի հետ՝ թե ում էժանագին զիբիլը ինչ քվոտայով սաղացնեն Հայաստանում, որպեսզի վերստին բարիշեն ու որոշեն՝ Շիրակը, Լոռին, Երեւանի կեսը՝ թուրքական սապոնին, Զանգեզուրը, Արարատյան դաշտը, Երեւանի մյուս կեսը՝ իրանական լվացքի փոշուն: Ռուսական կայազորը իր սապոնը պրինցիպիալ կբերի Ռուսաստանից:

.

Մահ կամ աշխատավարձ

.

Իսկ հայ ակադեմիկոսները աշխատավարձ են մուրում: Եւ որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ուտել ուզում են Հայ Դատի հաշվին, երբ այդ նույն աշխատավարձի կանտորայից զանգ են տալիս, ակադեմիկոսները ափալ-թափալ պետիցիա են գրում «ազգային հողի վրա», թե՝ չենք տա ոչ մի թիզ հող եւ թույլ չենք տա, որ Թուրքիան կեղծի մեր պատմությունը: Այնինչ, լավ էլ ապրում էին Սովետի կողմից կեղծված պատմության մեջ: Բայց հիմա որոշել են թույլ չտալ դիպչել պատմությանը... Բա մեր ապագան, ա´յ սոված անտերներ: Մի՞թե բոլորդ եք հաջողացրել ձեր թոռներին ուղարկել Ամերիկա: Ասելն ամոթ չլինի, որտեղի՞ց՝ աշխատավարձ, եթե երկիրը չի աշխատում: Եթե ժողովուրդը մակարոն է առնում, այդ մակարոնի վճարը մտնում է բյուջե... բյուջեից վերադառնում է նույն ժողովրդին՝ այս անգամ, իբր, վերմիշելի փող՝ որտեղի՞ց, այսպիսով, աշխատավարձ: Երբ երկրի կոմերցիոն բանկերը դարձել են լոմբարդ եւ փող տալիս են միայն գրավով, եւ այնպիսի տոկոսներով, եւ այնպիսի կարճաժամկետ, որով հնարավոր է միայն մի պարտիա սապոն բերել ու շատ արագ վաճառել՝ որտեղի՞ց աշխատավարձ գոյանա: Երբ երկիրը միայն ադամանդ է տաշում (իսկ ադամանդ տաշելը աշխարհում քվոտա ունի): Երբ ադամանդի ռուսական հումքի ճանապարհին Մոսկվայի հայ հանցագործների ու հայ ակադեմիկոսների սվոդնի միությունն է նստած, ադամանդի իրացման ճանապարհին ռեկետ են անում դաշնակները, եւ այդ ամենը արվում է «հայանպաստ նկատառումներով»՝ ադամանդի ո՞ր մասը հայի աշխատավարձ կդառնա: Երբ հին սովետական ավանդությամբ մի բուռ տաշած ադամանդ դաշնակներին են տալիս՝ թուրքերի դեմ ցույցեր անելու համար, մի բուռ ռամկավարներին՝ թուրքերի դեմ հոդվածներ գրելու համար, երկու բուռ Մոսկվայի ղարաբաղցիներին, որպեսզի տարին չորս անգամ (ամառ-աշուն-ձմեռ-գարուն) Ժիրինովսկին հայտարարի, թե Ադրբեջանը նավթ չունի, իսկ Չիլինգարովը ռուսական մանրմունր չինովնիկներից բաղկացած տուրխմբեր պտտեցնի Մոսկվա-Մալիշկա-Կոնյակի գործարան երթուղով՝ մեկի ջեբը մի քանի կարատ բան դնելով, մյուսի ջեբը մի կես կիլո ոսկի՝ զարդի անվան տակ՝ այս բուռն հայրենասիրական գործունեության ֆոնի վրա՝ ի՞նչ աշխատավարձի մասին է խոսքը:

.

Խաշ՝ ապրիլի 24-ին

.

...Երբ հայկական ադամանդի շուրջը շուլալվում էր Ջիլավյանի բանդան՝ Հայաստանի իշխանությանը ընդդիմադիր (երեւի այն պատճառով, որ խփում էին թաթերին), նրանք գոնե այնքան խելք ունեին, որ ապրիլի 24-ին խաշ չէին դնում «Հայաստանի բարեկամների» համար: Հիմա ամեն ինչ իր տեղը ընկավ: Եւ Հայաստանի գլխավոր ադամանդագործի եղբայրը, որին չգիտես ինչու մեծ գործարար են ասում, թերեւս, այն պատճառով, որ համառուսական գունավոր ժուռնալի շապիկին ու ներդիրում իր ու ընտանիքի լուսանկարներն են տպում՝ ով իմանա հայ ակադեմիկոսների քանի տարվա աշխատավարձի հաշվին (հո ռուսական կառավարությունը թույլ չի տա, որ դա լինի ադամանդից իրենց փայի հաշվին),-այդ «գործարարը», ուրեմն, ցեղասպանապաշտության էքստազի մեջ այս տարի Եղեռնի 87-ամյակը նշելը սկսել է Ժիրինովսկուն հայկական ռեստորանում խաշ տալով... անշուշտ, մոսկվահայության պարագլուխների հետ միասին: Ժիրինովսկին խաշը չի կերել, գրում է «Կոմերսանտը», բայց Եղեռնի օրվա միջոցառումների բացման խոսքով («Չգիտես ինչու, հայերին բացատրելով խաշը եփելու տեխնոլոգիան»,-տարակուսում է թղթակիցը), բնականաբար, խմել է հայերի կենացը: Թերթը չի գրում, թե ինչ է ասել Ժիրինովսկին թուրքերի մասին, հասկանալի է, ինչ ասած կլինի ժամանակին թուրքական բանտ ընկած մարդը՝ այն էլ սպիտակամաշկ: Հայերը փոխադարձաբար խմել են Ժիրինովսկու կենացը, եւ գաղութի ջոջերը շարժվել են հայկական գերեզմանոց: Հետո թե ինչ են արել Մոսկվայի հայերը, ոչ մի նշանակություն չունի: Պատմության մեջ կմնա այն, որ իր ազգությունը ուրացող մի ջհուդ թուրքագետ «հարգել է հայերին» ու Հայ Դատի մոտիվներով հետները խաշ է կերել ապրիլի 24-ին, Քրիստոսի ծննդյան 2002 թվականին:

.

Օղռաշի օրինագիծ

.

Ընդ որում, հայ ազգասերներին ետ չի պահել անգամ այն հանգամանքը, որ իրենց սեղանակիցը այն մարդն է, ում մասին մոսկովյան թերթերը առիթը բաց չեն թողնում գրելու, որ «գերադասում է տղաներին» եւ ինքն էլ առանձնապես չի հերքում այդ պնդումները, ավելին՝ «տղաների» հետ գիրկընդխառն լուսանկարվում է Գեյկաֆեներում: Այդպիսիներին հայերը մի ժամանակ ծեծում էին Երեւանի զուգարաններում, հիմա էլ առանձնապես օրուարեւ չեն տալիս, բայց, այ, «ազգի համար», եթե մանավանդ օղռաշը թուրքերին ատում է, նույնիսկ գողականները հետը սեղան են նստում Մոսկվայի «Հինգերորդ անիվ» հայկական ռեստորանում: Մոսկվայում հայի անպետքության ինչպիսի՜ ըմբռնում ռեստորանի տիրոջ կողմից եւ ադամանդի փայլից «թասիբով» տղերքի ինչպիսի կուրացում, որ օղռաշի հետ նստել են սեղան: Ոչ մի սրբություն չի մնացել: Ադամանդ, Հայ Դատ, Սերժիկ, ազգասիրություն` խառնվել են իրար: Եւ շունը միայն տիրոջն է ճանաչում: Եւ անպատվություն չէ այլեւս օղռաշի հետ սեղան նստելը, անպատվություն չէ օղռաշի հետ նույն ֆրակցիայում գտնվելը: Իհարկե, եթե ապրիլի 24-ին արդեն խաշ են դնում, երկրորդ քայլը այն պիտի լինի, որ օրենք ընդունվի Ցեղասպանության մասին: Երրորդ քայլը այն է, որ օրենսդրական նախաձեռնությունը դուրս գա օղռաշներից: Կամ՝ քայլերի հակառակ հաջորդականությամբ:

.

Օղռաշի ազգայինն է լավը

.

Օղռաշությունը, անշուշտ, հիվանդություն է: Կովկասի լեզուներում այդ հասկացողությունը ֆունկցիոնալ առումով ավելի հստակեցնող, ավելի լավ բառեր կան, որի արմատը բոլոր լեզուներով նշում է մարմնի նույն փափուկ տեղը, բայց գոհանանք Կովկասի համար միջազգային այս տերմինով՝ օղռաշ: Օղռաշությունը, այսպիսով, հիվանդություն է, բացառությամբ այն դեպքերի, երբ տալիս են տուրք մոդային: Նաեւ՝ հետաքրքրասիրությունից: Հետաքրքրասիրությունից տվողներին (տուրք տվողներին), չգիտես ինչու, անվանում են ազատամիտ, իսկ փողով տվողներին (տուրք տվողներին)՝ պոռնիկ: Բացառություն են կազմում նաեւ նրանք, որ այդ բանը անում են թիթիզությունից կամ լավ ուռած լինելու հետեւանքով - այսինքն՝ դարձյալ հետաքրքրասիրությունից: Մի խոսքով, հայերիս համար ամեն ինչ պարզ է: Բայց մեր հնադավան երկրում օղռաշը իր տեղը գիտեր. բանտում` պարաշայի կողքին, քաղաքում՝ հասարակական զուգարանների մոտերքը, գյուղերից՝ առհասարակ գլուխները առնում փախչում էին մայրաքաղաք: Եւ ի՞նչ: Մեր ավանդապահ ժողովուրդը այդքան դաժանորեն նրանց հալածելով, լսել չուզենալով հիվանդության պատճառաբանություն, պիտի հասներ այս օրին, որ օղռաշները օրե՞նք գրեն Ցեղասպանության մասին: Որ դաշնակներն են օրինագիծը պատվիրել, նույնիսկ Մանուկի համար է հասկանալի, բայց մի՞թե այլ մեկը չգտնվեց պատգամավորներից: Չէ՞ որ բացառված չէ, որ այդ նախաձեռնությունը անվանեն օղռաշի նախաձեռնություն, իսկ օրենքը՝ օղռաշի օրենք: Սրա՞ն էր արժանի մեր ազգային ողբերգությունը... Օղռաշները անարխիստների եւ մարքսիստների նման կոսմոպոլիտ եւ ինտերնացիոնալիստ են լինում, քանի որ հասկանալի է՝ որ մասում է գտնվում նրանց հայրենիքը: Բայց ինչո՞ւ են հայ օղռաշները այսչափ «ազգային»: Սա ի՞նչ անեծք է: Թվում էր, թե օղռաշությունից դենը էլ ի՞նչ այլասերվածություն, չէ՞ ... Պարզվում է, սակայն, որ օղռաշների մեջ էլ իր դիսիդենտը կա՝ օղռաշի ազգայինը:

.

Տնտեսական ծրագիր բենզակալոնկաների մասին

.

Իսկ դուք աշխատավարձ եք ուզում: Ընտրությունը ձերն է, հայազգի ակադեմիկոսներ: Քոչարյանը չի կարող միաժամանակ երկու բանով կերակրել ձեզ: Հաց կամ Հայ Դատ: Մահ կամ աշխատավարձ: Մահ կամ ազատություն` մի խոսքով: Կամ պիտի սպասենք մինչեւ Գեղամյանը տնտեսական ծրագիրը գրի, հետ գա: Չէ՞ որ դուք էլ եք հավատում տնտեսական ծրագրերին: Համենայն դեպս, Արկադիաներից Վարդանյանի ծրագրին հավատացիք: Համենայն դեպս, լավ էլ ձեւ եք անում, թե հավատում եք: Եւ չտեսնելու եք տալիս, որ ձեր սիքտիրչի ազգասիրության ղալմաղալի քողի տակ երկիրը զրկվում է ոչ միայն ժողովրդից, այլեւ ապագայում նյութական արժեք արտադրելու վերջին հեռանկարից: Համենայն դեպս, երկիրը տնտեսական մրցակցության դաշտում մնում է բոլորովին մերկ: Այդ ի՜ նչ ծրագիր պիտի գրեք դուք ու ձեր Գեղամյանը՝ Նապոլեոնի ասիստենտությամբ, որ չի կարող գրել Քոչարյանը՝ Մոսկվայի հայ ակադեմիկոսների իր բատալիոնով: Չէ՞ որ ամենավերջին ասպիրանտի համար էլ պարզ է, որ Հայաստանին տնտեսական ծրագիր չէ, որ պետք է, այլ Ղարաբաղի հարցի քաղաքական լուծում եւ երկիրը հայաթափող ու թեւաթափող շրջափակման վերացում: Իսկ այդ հարցը, թե Հայաստանում բենզին, կարագ, ծխախոտ ու արաղ 20 հոգի՞ պիտի ծախի, թե՞ միայն երկու հոգի, դա ծրագրի որոշելիք հարց չէ, այլ միայն բարոյականության: Փակ նատուրալ տնտեսության բնույթը դրանից չի փոխվելու: Ճիշտ է, երկուսի դեպքում իշխանության լկտիությունը ավելի է սաստկանում: Ընդամենը այդքանը: Մակարոնի «նվազագույն զամբյուղի» շուրջ շրջանառվող բյուջեն դրանից չի ավելանալու: Իսկ ինչ վերաբերում է հարցի բարոյական կողմին, Քոչարյանը գոնե ծրագիր ունի՝ Զանգեզուրը փոխանակել Ղարաբաղի հետ: Իսկ նրանք, որ ուզում են բենզինի-կարագի փողը «արդար բաժանել», եւ դուք, որ համ ուզում եք «ազգասիրությամբ զբաղվել» (ըստ Սոս Սարգսյանի), համ էլ աշխատավարձ ստանալ, դուք ոչ մի ծրագիր չունեք, բացի թուրքերին ուշունց տալուց: Կասեք՝ դավաճանական է Քոչարյանի «լուծումը»: Այո, դավաճանական է, բայց այդ լուծման թիկունքին Ղարաբաղում ու Հայաստանում գոնե 100 հազար ղարաբաղցի է կանգնած, ովքե՞ր են կանգնած ձեր՝ բենզակալոնկաների արդար վերաբաշխման «տնտեսական ծրագրի» թիկունքին. մի՞թե Կարեն Դեմիրճյանի այն նույն գլխակեր էլեկտորատը, որը հիմա ուզում են կիսել Ստեփանն ու Սերժը՝ Արտաշի միջոցով: Քանի՞ գրոշ արժե նույնիսկ չկիսված այդ էլեկտորատի ձայնը, եթե ձայներին տեր կանգնող չկա: Որովհետեւ ձայների թիկունքին գաղափար ու ծրագիր չկա, նույնն է թե՝ Քոչարյանի ծրագիրը՝ մինուս Զանգեզուրը: Մնացած բաներում ինչ որ ձեր գլխի մեջ է, նույնը Քոչարյանը անում է գործնականում: Ի՞նչ պատճառ կա, հետեւաբար, իշխանությունը հանձնելու: Ժապավեն է՝ կտրում է, Հայ Դատից խոսել է՝ խոսում է, բենզին-մենզին է՝ տղերքով ծախում են: Նոր մարդը ինչի՞ համար է առանց քաղաքական կուրսի փոփոխության: Ինչո՞ւ պիտի նոր ժապավեն կտրողի ու զավզակի տան իշխանությունը, եթե չորս տարում հազիվ սովորել են այդ բաները անել: Լավ էլ խոսելու ձեւը գտել է սփյուռքահայերի հետ, ասում է՝ Թուրքիան թող նյութական հատուցում տա տարագրվածներին: Եւ մեր հայրենակիցները մի հարյուր տարի էլ պատրաստ են ցույցեր անել, մինչեւ նախնիների արյան գինը ստանան: Ինչո՞վ համազգային նպատակ չէ: Համենայն դեպս, ստիմուլ կա եւս 10 տարով երկարաձգել Հայաստանի շրջափակումը, մինչեւ որ երկրում մնան միայն անշարժ անդամալույծները: Հետո կերեւա: Իսկ ինքը առայժմ ման կգա աշխարհե-աշխարհ, ճիշտ է, արդեն Եվրոպան շրջանցելով, որովհետեւ այդ տիպի ինքնաթիռ Եվրոպան չի ընդունում: Բայց այդպես երկար շարունակվել չի կարող: Հայ Դատի մեռած մեծահարուստները կհավաքվեն, կդնեն մի տասը միլիոն դոլար, որ իրենց նախագահը հնարավորություն ունենա Հայաստանի շրջափակումը երկարաձգել առավելագույնս: Իսկ ակադեմիկոսներիցդ, գրող-սազանդարներիցդ ում բախտը բերեց, Հայ Դատի կողմից վիզա կստանաք՝ լոսումոսի թշվառ կլուբներում հայհոյելու թուրքերին՝ 150 դոլարանոց մի կոստյումի, 60 դոլարանոց մի զույգ կոշիկի դիմաց ամրապնդելով Հայաստան-Սփյուռք կապը: Եւ էժանագին սրճարաններում կխմեք Հայաստանի կենացը՝ քանի հայ կաք սեղանի շուրջ - ամենքդ մտքի մեջ ունենալով սեփական քամբախ գյուղը: Այնպես որ, «ազգայիններս», դա ձե´ր նախագահն է: Դուք երբեք այդքան «հայամիտ» ղեկավար չեք ունեցել: Եւ չեք էլ ունենալու: Վայելեք հնարավորինս երկար ժամանակ: Եւ աշխատավարձի մուրացողությամբ մի´ պղտորեք Հայ Դատ նվիրական գործը: Կարեւորը այն է, որ Ղարաբաղը չտրվի - միանգամից: Այլ՝ մաս-մաս: Ազգային համաձայնությամբ: Մաս-մաս ու դանդաղ, մինչ որ թե´ էշը սատկի, թե´ իշատերը: Մեկ է որ դրսում մի յոթ միլիոն հայ կա: Մինչ կդադարեն հայ լինելուց, կհասցնեն թուրքերի (թուրք գործիչների) տրամադրությունը փչացնել մի 100-200 տարի: Երբ հայությունը նշաններ ցույց տա, թե որեւէ այլ նպատակ ու ծրագիր ունի՝ մի հարյուր թուրքի կյանքը մի հարյուր տարով հարամելուց բացի, այն ժամանակ նոր կլինի աշխատավարձ: Հետո, պետք չէ մոռանալ, որ ակադեմիկոսները աշխատավարձ ստանում են այն դեպքում, երբ ժողովուրդը աշխատում ու արտադրանք է տալիս: Իսկ երբ Ձեզ կերակրող ձեռքը դուք կտրել եք՝ հերոսաբար Հայաստանը փակելով, եւ թե ով է գնում - ով մնում, ով է սաղ - ով մեռած՝ այդ մանրուքը պահանջատիրական ձեր տանձին չի, այդ պայմաններում ոչ միայն բարոյական չէ աշխատավարձ պահանջելը, այլեւ ըստ տնտեսագիտության (նույնիսկ մարքսիստական), այդ բանը անել հնարավոր չէ: Հայ Դատը, անշուշտ, դրսում հայ մնալու գլխավոր երաշխիքն է: Միայն թե հասկանալի չէ, ինչո՞ւ են մեր հայրենակիցները հայ մնալու նեղությունը քաշում, եթե այդ թափի «ազգապահպանությամբ» զբաղվելու արդյունքում բուն Հայաստանում շուտով հայ չի մնալու: Բայց դա, մեր մեջ ասած, իրենց խնդիրը չէ, այլ Հայաստանի:

.

Սեպ խրեմ երկու հատված ներիդ մեջ

.

Իսկ Հայաստանի հայը, հատկապես այն մասը, որ սովոր է, որ իրեն անվանեն մտավորական, մի գլխավոր մտասեւեռում ունի - ո՞նց անի, որ «սեպ չխրի» հայության հատվածների միջեւ: Մինչդեռ, սեպ խրողը այնպես է խրել հայաստանցու մեջ մինչեւ կոկորդը, որ սեպի վրա նստածը գլուխը թեքել անգամ չի կարող, ինչ մնաց սեպ առնի ձեռքը: Ապշել կարելի է ցցի հանվածի այդ մեծամտությունի՞ց ասեմ, թե՞ արդեն հոգեվարքի մրմունջից: Սփյուռքի մեր հայրենակիցները Հայաստանը դատապարտել են Արեւմտյան Հայաստանի ավերակների ու անտեր գերեզմանների ճակատագրին եւ դա անվանում են Հայ Դատ կամ «Մեկ ազգ - մեկ հայրենիք», իսկ մենք մտածում ենք սեպի մասին: Ղարաբաղցիք Հայաստանի քաղաքական դաշտը վերցրեցին ոչ թե այն պատճառով, որ կուսակցություն կոչվածները իրենց դեմ էին (Հայաստանի բոլոր քաղաքական խմբակները ավել կամ պակաս չափով կապվում են Դաշնակցությանը), այլ որպեսզի ավելորդ բերաններ չլինեն, որովհետեւ ամեն ինչը գնալով պակասում է: Եւ որպեսզի եղածը կենտրոնացած բաժանվի ու «չփոշիանա» (կայունություն լինի), այս չորս տարիներին Հայաստանում որոշում ընդունող, լիցենզիա տվող, վճիռ կայացնող, սանկցիա գրող, բաշխիչ օղակներում նշանակված են բացառապես ղարաբաղցիներ: Հազվադեպ՝ բաքվեցի ու կիրովաբադցի, ավելի հազվադեպ՝ ախալքալաքցի, բայց ոչ երբեք հայաստանցի: Կրկնեմ, որ նկատի ունեմ ոչ թե ֆորմալ պաշտոնները, այլ այն տեղերը, որտեղ վճիռ է ընդունվում: Անկախ այն բանից, այդ օղակը գերատեսչության առաջի՞ն պաշտոնյան է, տեղակա՞լը, թե՞ վարչության պետը: Այսինքն, անկախ լիազորություններից, որոշումը ընդունվում է այն սեղանի վրա, որի առաջ նստած է ղարաբաղցին: Չեն վստահում նույնիսկ դաշնակներին: Նույն վերաբերմունքը կա, ինչպես գիտեք, հանցագործ աշխարհի հետ իշխանության փոխհարաբերություններում: Առաջին տեղում ստեփանակերտցիք են, երկրորդ տեղում՝ ծննդով բաքվեցի գողականները եւ վերջում՝ հայաստանյան ծագում ունեցող հանցագործները: Միտքս այն է, որ Քոչարյանը բոլորին չէ, որ առնում է, եթե ծախվում են: Սեպի վրա նստածներին խորհուրդ եմ տալիս. եթե ժամանակ առ ժամանակ չեն կարողանում հասկանալ, թե այսինչը ինչ հնարով անակնկալ հայտնվեց այսինչ պետական պաշտոնին, իսկ այնինչը անսպասելիորեն հանձնաժողով գլխավորեց, այդ դեպքերում պարզապես նայեք ծննդականը: Կամ հոր ծննդավայրը պարզեք: Եւ պարզ կդառնա, որ դատական վարույթները նույնպես իրականացնում են ոչ հայաստանցիները: Այնպես որ, սեպի վրա հիմնավորապես նստած եւ «մեկ ազգ - մեկ հայրենիք» տնքացողները արժե որ մտածեն ոչ թե վիրտուալ սեպի մասին, այլ այն ցցի, որի վրա հայտնվել է հայաստանցին: Մտածել, քանի դեռ ցիցը կոկորդից չի անցել ուղեղին: Եթե արդեն չի անցել: Արտաքուստ կենցաղային թվացող թայֆաբազության այս երեւույթի խորքում թաղված է հենց այն շան գլուխը, որը եւ է Հայ Հատվածական Հայրենասիրությունը: Եւ ստացվում է ոչ թե «մեկ ազգ - մեկ հայրենիք», այլ «մեկ ազգ - բազմաթիվ հայրենիքներով»: Հին Սփյուռքը ունի իր հայրենիքը, որը ոչ մի կերպ չի նույնանում Հայաստանի տարածքի հետ, վրացահայը՝ իր պատկերացրած հայրենիքը, ադրբեջանահայը՝ իրենը, եւ միայն Հայաստանի ժողովուրդը, փաստորեն, չունի հայրենիք, որովհետեւ այն, ինչ պիտի ծառայեր որպես հայրենիք, ընդամենը քաղաքական բազարի դաշտ է վրացահայության համար՝ Վրաստանի հետ իր բազարում, ղարաբաղցիների համար՝ Ադրբեջանի հետ իր բազարում եւ Սփյուռքի համար՝ Թուրքիայի հետ իր մեծ, հավերժական բազարի համար: Եւ Հայաստանի պետության փոխարեն այսօր մենք ունենք հայ հայրենակցական միությունների մշտապես գործող խորհրդակցություն: Կամ՝ համագումար: Եթե ոչ՝ ֆեստիվալ:

.

Ադրբեջանական իրավապաշտպանություն եվ հայկական թայֆաբազություն

.

Բայց թայֆաբազությունը «ազգային քաղաքականության» բարձունքներին հասցնելու գործում առավելագույնս հաջողել են մեր «իրավապաշտպաններ» կոչվողները: Դրանք այնպես են շնացել իրենց գործում, որ մարդու քաղաքացիական իրավունքներին էլ են նայում ոչ թե պետության մեջ՝ «հասարակական հարաբերություններ» կտրվածքում, այլ բացառապես «ազգանպաստ» եւ «սեպ չխրելու» տեսանկյունից: Սա՝ լավագույն դեպքում: Միայն օրվա իշխանությանը ծառայելը նրանք քիչ են համարում եւ իրենց պարտքն են համարում այնպես «իրավապաշտպանել» ժողովրդին, որ միաժամանակ Վազգեն Մանուկյանն էլ չնեղանա (ԱԺՄ համակիր խումբ), Դաշնակցությունը չտուժի (Վանաձորի խումբ), ղարաբաղցիք վատ չզգան (ղարաբաղցի ամուսինների խումբ), իսկ Պարույրի մասին խոսելն իմաստ էլ չունի: Ալիեւին Եվրոխորհուրդը տանջամահ արեց քաղաքական կալանավորների հարցի քննարկումներով եւ մի քանի տասնյակ հոգի բանտերից ազատելուց հետո անգամ չի հանդարտվում, որովհետեւ չեն հանդարտվում Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունները: Նրանք քաղաքական կալանավորներ են հռչակել ոչ միայն նախկին պաշտպանության ու ՆԳ նախարարներին, ում իշխանությունները դատապարտել են Խոջալուի դեպքերի ու Շուշին հանձնելու համար, այլեւ թալիշական սեպարատիզմի պարագլխին: Եւ չեն վախենում, որ իրենց կանվանեն ազգի դավաճանների պաշտպան, ազգի դավաճան, արհամարհում են պետական հեռուստաալիքների ու թերթերի ամենօրյա նախատինքը առ այն, որ իրավապաշտպանները այդ բոլորը անում են դրսից ստացած փողի խաթեր: Իսկ Հայաստանում նույնիսկ Բլեյանի խեղճ հաշվապահին (տարիքն առած խեղճ այդ կնոջը) չպաշտպանեցին: Եւ չորս տարի իրար բերանի մեջ թքած՝ անամոթաբար զբաղվում են ակնհայտ թայֆաբազությամբ: Ամեն մեկը պաշտպանում է իր թայֆի ապօրինությունները: Իրավապաշտպանները ժողովրդի մտավոր զբաղմունք ունեցող շերտից են լինում: Դե հիմա եկեք համեմատենք Բաքվի ու Երեւանի մտավորականներին: Ինչո՞ւ են բաքվեցիները այդքան լայնախոհ, որ նույնիսկ քաղկալանավոր են հռչակել իրենց երկրի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության գնացած թալիշների ղեկավարին, եւ ինչո՞ւ են այսքան ողորմելի հայ մտավորականները: Մի՞թե միայն այն պատճառով, որ քրիստոնեությունը մենք առաջինն ենք ընդունել աշխարհում՝ պետականորեն: Թե՞ որ մենք Արամ Խաչատրյան ենք տվել, իսկ ազերիները՝ ընդամենը Կարա Կարաեւ: Թե՞ այն պատճառով, որ մենք Սիլվա Կապուտիկյան, իսկ ազերիները՝ Զեյնաբ Խանլարովա են տվել, ում, ի դեպ, մինչեւ հիմա հալածում են իշխանությունները՝ (համերգային գործունեությանը խանգարելով, նույնիսկ պատմություն սարքելով բալկոն կառուցելը), ինչ է թե՝ «Նարոդնի Ֆրոնտի» ղեկավար կազմում է եղել, բայց չի ուրանում իր համախոհներին: Չի ուրանում, չնայած իր կուսակցությունը տանուլ է տվել պատերազմը... Հիմա մի պահ պատկերացրեք, որ Հայաստանի ընդամենը մի շրջան գրավված լիներ Ադրբեջանի բանակի կողմից... Պատկերացրի՞ք արյան այն բաղնիքները, որ իշխանությունը սարքած կլիներ Ղարաբաղյան շարժման հարյուրավոր գործիչների գլխին՝ հայ իրավապաշտպան մտավորականների քար լռության պայմաններում: Եւ ի՞նչ կա զարմանալու, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանի մասով մտահոգություն են հայտնում Հունանյանին խոշտանգելու առիթով միայն: Նրանք իրենց զեկույցը կազմել են հայ իրավապաշտպանների զեկույցի հիման վրա: Եւ ոչ միայն Պարույր Հայրիկյանի զեկույցի, հավատացած եղեք: Նրանք մեկի զեկույցից եզրակացություն չեն հանում, ոչ էլ երկուսի: Իսկ ուր են նայում իրավապաշտպանների եվրոպացի «շեֆե՞րը»: Նրանք որեւէ ժողովրդի փորձում են օգնել, եթե այդ ժողովրդի մեջ 10 հոգի մարդ են գտնում: Գտել են Ադրբեջանում եւ չեն գտել Հայաստանում:

.

Հայկական հիշողություն

.

Երբ Տեր-Պետրոսյանը պատերազմի ամենածանր տարին ժողովրդին խորհուրդ տվեց իրարից պարտք անելով յոլա գնալ՝ մինչեւ դուրս գանք այս վիճակից, ժողովրդի գրագետ մասը (ինտելիգենտին այդպես են ասում սփյուռքահայերը) քաղաքացու իր արժանապատվությունը վիրավորված համարեց. «Բա դա նախագահի ասելու բան ա՞»: Ժամանակ անց, երբ էս մեկը գործազրկության ու թշվառության մեջ ծփացող զանգվածների աչքերի մեջ ուղիղ նայելով՝ լկտիաբար 400 աշխատատեղին ասում է 44 հազար, 2 միլիոն ժողովրդին հաշվում է երեքուկես միլիոն, երբ գնդակահարվել է պառլամենտն ու իր աշխատասենյակում գնդակահարվել է հանրապետության դատախազը, երբ 200 վկայի ներկայությամբ սպանվել է մարդը ու վկա չի գտնվել, այսքան արհավիրքներից հետո, երբ ամեն դեպքը իշխանության հրաժարականի լիարժեք պատճառ է, արժանապատվության մասին այլեւս ոչ ոք չի մտածում: Կարծես չի էլ եղել այդպիսի բան: Համենայն դեպս, ոչ ոք չի հիշում այդպիսի բան: Ավելին, հիշողությունը այնպիսի այլասերված ձեւեր է ընդունել, որ հայ երիտասարդը (մեծերը մեծ դարդի գան՝ մեծերին թողնենք) երիտասարդ գրագետը այլ բան ասել չի կարողանում, քան անկապ քրթմնջալը. «Բա որ 95 թվականին էլ էին ընտրակաշառք բաժանո՜ ւմ ...»: Եւ թոկը վիզը գցես, չի խոստովանի, որ չորս տարի առաջ ազգովին, վերջին լակոտի պես խաբվեցինք ե´ւ երկրի ապագան փոխեցինք Բուրջ-Համուդի կուսակցական պացանների ե´ւ տակը միզող ոտանավորչի բոլշեւիկ պառավների զառանցանքի հետ: Էլ ո՜ նց կլիներ, ջուրը ջաղացը տարել է, նստել չախչախի համար դարդ են անում: Պատերազմից նոր-նոր աչք բացած, օտար երկրի կայազորի ներկայությամբ, իր նոր քաղաքացիությունը իր համար դեռ չճշտած ժողովուրդ ունենալով, պատերազմում կորցրած լինելով անկախության ու պետականության գաղափարի մարտիկների մեծագույն մասին, 20 միլիոն երկրին վայել բանակ պահելու հոգսի տակ ջախջախված երկրից, կյանքում առաջին անգամ ընտրությունների գնացող իշխանությունից պահանջել Բելգիայի ընտրություններին վայել ընտրությո՞ւն... Ո՞նց: Պետականության ի՞նչ ավանդույթի, քաղաքական ի՞նչ կուլտուրայի վրա հենվելով, երբ հայերը բոլոր ասիացիների նման ընտրում էին ոչ թե գաղափար ու ծրագիր, այլ ղարաբաղցին՝ ղարաբաղցու, պարսկահայը՝ պարսկահայի, ախալքալաքցին՝ ախալքալաքցու, եւ բոլորը միասին մի բան էին տենչում՝ 5 տարի առաջ մեռած պետության վերականգնումը: Այդ ի՞նչ հրաշքով պիտի քաղաքացիական գիտակցություն հայտնվեր թե´ ընտրողների, թե´ ընտրվողների մեջ, եթե հասարակության հավաքական գիտակցությունը մերժեց ընդունել անգամ 4 տարի տեւած պատերազմի փաստը: Պետք չէ օրինակ բերել առաջին ընտրությունները: Առաջին ընտրությունները կայացան ազգային ինքնագիտակցության հուժկու ալիքի վրա եւ, իրոք, համազգային մասնակցությամբ, իսկ երկրորդը՝ նույնքան հուժկու հուսախաբության եւ մասնակցությունից խուսափելու պայմաններում: Զինադադարի տրամադրությունները չհամակեցին զանգվածներին: Մի ժողովուրդ, որ չէր ընկալել պատերազմը, չէր կարող նաեւ ոգեւորվել պատերազմի ավարտով:

.

Չհիշվող պատերազմ

.

Պարզվեց, որ մեր ժողովուրդը պատերազմ չի համարում այն պատերազմը, եթե ժողովրդի կեսին չեն բնաջնջում եւ երկրից մնացածին չեն վտարում: Կամ՝ երկրի ողջ չափահաս բնակչությանը չեն զորակոչում, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, եւ կեսն է ետ գալիս պատերազմից: Եթե համայնական արտից 10 հասկ փեշը դնելու համար երեխամորը տարիների սրոկ չեն տալիս: Եթե գերի ընկածի ընտանիքին չեն զրկում հացի քարտից ու մատնում սովամահության: Եթե պատերազմից ձեռուոտը տեղը վերադարձածին չեն աքսորում Սիբիր ... Իսկապես, ի՞նչ պատերազմ, եթե տունդ հրի չեն մատնել, կանանց բռնաբարել եւ երեխաներիդ սրի չեն քաշել: Տիգրան Մեծից դեսը հայությունը միայն այսպիսի պատերազմ գիտի: Բայց չէ՞ որ պատերազմը հազարավոր զոհերով տասնյակ հազար ընտանիք մտավ: Եւ Ղարաբաղի ու Հայաստանի ամեն մեծ ու միջին գյուղ իր չափով իր Եռաբլուրը ունի: Ընդ որում, դա ժողովուրդների վարած պատերազմների պատմության մեջ այն եզակի դեպքերից է, երբ երկրից դուրս հազարներով զոհվել, բայց թաղվել են հայրենի հողում: Այդ պատերազմը մերժեց ոչ միայն Հայաստանի հասարակական գիտակցությունը, այլեւ Սփյուռքը, չնայած պատճառ չուներ հայրենասիրության բացակայությունը բացատրելու ցրտով ու խավարով: Հետեւաբար, անցած պատերազմի եւ առհասարակ «Մեկ ազգ - մեկ հայրենիք» թեմայով խոսելիս «ազգասեր» մեր բերանները Լենինականից Ղարս լայնքով ճորթելուց առաջ արժե հիշել, արձանագրել՝ թեկուզ ցավ տա, եւ չմոռանալ երբեք, որ ղարաբաղյան պատերազմի չորս տարիներին Սփյուռքից (մոտիկ ու հեռու) այդ պատերազմին մասնակցեցին 50 հոգուց ոչ ավել կամավորական: Այս թվի ոչնչությունը պատկերացնելու համար նշենք, որ սերբ-մուսուլմանական վերջին պատերազմին մասնակցում էր այլերկրացի սերբերից կազմված 5000-անոց զորամիավորում: Այդ 5000-ից մեկն էլ իմ ընկերն էր՝ մոր կողմից սերբ երեւանցի, 30-նն անց, գեղեցիկ կնոջ ամուսին ու խելացի երեխաների հայր, սուպերմենի տեսքով ինժեներ տղամարդ, ով պատերազմով ինքնահաստատվելու ոչ մի անհրաժեշտություն չուներ: Բայց Հայաստանից հասավ իր մոր հայրենիքը: Մինչդեռ հայ տխրահռչակ «ազգային» կուսակցությունը պատերազմի սկզբից մինչեւ ավարտ, Հայկական բանակի կազմավորման ծանրագույն ժամանակներում դրսից կամավորներ գրելու փոխարեն, դասալքում էր զորակոչի տարիքի տղաներին Հայաստանում եւ գործկոմների նախագահների հետ «ազգային համաձայնության» եկած՝ դասալիքներից սկաուտական ճամբարներ էր դնում Հայաստանի սարերում, սովորեցնելով հայրենասիրական երգեր, ուտեցնելով հումանիտար օգնության վաֆլի, սերմանելով ատելություն կանոնավոր բանակի դեմ եւ հրաձգության վարժանքներ անցկացնելով: Թե պետության եւ պետական զինական կառույցների առկայությամբ ինչո՞ւ է կուսակցությունը կրակելու վարժեցնում պատանիներին, ոչ մեկի տանձին չէր այն ժամանակ, որովհետեւ չէ՞ որ «սաղս էլ հայ ենք»: Այդ հետո պարզվեց՝ ինչու, երբ այդ ճամբարներից դուրս եկածները հոկտեմբերի 27-ին խուժեցին Ազգային ժողով: Պատերազմի, պատերազմական իրավիճակի այսպիսի՝ «ազգային առանձնահատուկ» ընկալման պայմաններում, նույնիսկ այն պարագայում, երբ ամենածանր իրավիճակներում անգամ իշխանությունը ճակատ չուղարկեց զորակոչիկներին, խնայելով երեխաների կյանքը, Հայաստանի ժողովուրդը չներեց այդ պատերազմը, բնականաբար, եւ չգնահատեց ո´չ զինադադարը, ո´չ հաղթանակը... Որովհետեւ դա դեռ սովետական ժողովուրդն էր: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զոհվել էին պատերազմում: Եւ Հայաստանը ընտրությունների գնաց առանց իր լավագույն զավակների: Ինձ ու ձեզ հետ միասին, իմիջիայլոց: Ընտրությունների չարաբաստիկությունը այն էր, որ զուգահեռ պիտի ընդունվեր Սահմանադրությունը:

Բայց կուսակցությունները Սահմանադրություն չէին ուզում («այդպիսի Սահմանադրություն»-այդպես է ընդունված ասել՝ նման դեպքերում): Բայց սա դեռ պրոբլեմի մասն էր: Սահմանադրություն չէր ուզում նաեւ Հայկական բանակը, որովհետեւ հայկական կամ մոլդովական, նման կարգի որեւէ Սահմանադրություն չէր ուզում գենշտաբը: Հայաստանի Սահմանադրությունը ընդունված չէր ուզում տեսնել նաեւ Ղարաբաղի բանակն ու իշխանությունը: Սահմանադրությունը չէին ուզում նաեւ կես հարյուր շրջանների ղեկավարներ - կրճատվում էին պաշտոնները՝ շրջանային մակարդակի ղեկավար ձրիակերների իրենց թիմերով: Իսկ ժողովուրդը գիտենք ինչ էր ուզում - մի քիչ ընտրակաշառք եւ մեծ Սովետական Միություն, մի բան, որ կախված չէր ոչ իրենից, ոչ Հայաստանի իշխանություններից, ոչ էլ անգամ Ռուսաստանից: Հրաշք էր պատահելու, որ այդ ընտրությունը համարվեր օրինակելի: Եւ հիմա, յոթ տարիներ հետո, այսօ՜ րվա այլանդակությանը ի տես, դառնալ երեսով տալու համար 95 թիվը ի՜ նչ նյարդեր է պետք ունենալ, չէ՞: Կամ՝ անդարդության ի՜ նչ ամեհի պաշար: Կամ՝ անձնապաստանության ի՜ նչ հաստության կաշի... «Բա որ դու էլ երեկ ինձ հեծանիվդ չտվիր քշե՜ մ...»: Պետք չէ թաքնվել մանկամտության թիկունքում, զառամախտը շուտով օգնության կգա: Հետո, մանկան հիշաչարությունը չի անցնում երեկվա օրից այն կողմ: Ուրիշ է հայ գրագետի հիշողությունը: Իր նույնիսկ ամենաանհիշաչար տեսակով հանդերձ: Առանձնահատուկ է: Վասակ Դարբինյանը, օրինակ, հիշում է, որ Վանո Սիրադեղյանը առաջարկում էր օրենքով ներում շնորհել գաղտնի ծառայությունների գործակալներին, որպեսզի ազատ զգան այլ երկրների հանդեպ իրենց պարտավորություններից, բայց չի հիշում, որ առաջարկում էր այդ բանը անել՝ անել առանց անունները հրապարակելու: Սա ոչ թե դետալ է կամ հավելյալ միտք: Տրամագծորեն հակոտնյա բաներ են: Առաջինի դեպքում ժողովրդին բաժանում ես երկու մասի՝ մատնիչների եւ նրանց զոհերի, երկրորդ դեպքում՝ մատնիչներին շանս ես տալիս չշարունակել օտար հետախուզություններին ծառայել, շանս ես տալիս չենթարկվել նախկին տերերի շանտաժին՝ իրենց անցյալ զբաղմունքի համար: Առարկայացնենք. մի դեպքում պառակտում ես ազգը, մյուս դեպքում չես պառակտում ազգը: Իսկ ոչինչ չանելու արդյունքը այսօրն է, երբ բոլորը ծախում են բոլորին:

Ընդհանրապես, Հայաստանում ոչ մեկը չի մտապահում, թե ով ինչ է արել ու ասել 2 կամ 5 տարի առաջ (դա՝ ոչինչ), բայց ում քնից բրթես՝ բերանացի արտասանում է Ավարայրի ճակատամարտը կամ Կոտորածի պատմությունը (ըստ Ջոն Կիրակոսյանի): Եւ չի հիշում 41-45-ի պատերազմի տեւողությամբ ձգված Ղարաբաղյան պատերազմը: Պատերազմից հիշում են ցուրտն ու մթությունը, կարելի է կարծել՝ պատերազմները անցնում են ջեռուցման եւ լույսերի մեջ... Ունիկալ հիշողության տեր այս ժողովրդի հարազատ զավակ հայ գրագետը, ահա, տասը տարվա աշխարհացունց իրադարձությունները մի գիշերվա երազի նման (վատ երազի) թոթափած՝ իրեն գտավ հրապարակային մահապատժի վայրում, Առագաստի կառափնարանի շուրջ բոլորեքյան նստած՝ գարեջրի գավաթը ձեռքին ֆեստիվալ վայելելիս... Համազգային նման բարոյալքումը, այսպիսի համապարփակ մթագնումը նախորդում է մեծ աղետներին: Եւ ոչ մի միստիկա չկա այստեղ: Երբ երկրի օպոզիցիան պայքարում է ոչ թե օրվա, այլ տարիներ առաջ եղած իշխանության դեմ, երբ ապրիլի 24-ին խաշ են դնում եւ ակադեմիկոս ու հանցագործ սեղան են նստում օղռաշների հետ, երբ օրենք են գրում պատմական իրադարձության վերաբերյալ, երբ իրավապաշտպանները պաշտպանում են հաղթած բանակի Սպարապետի գլուխը կտրելու գնացած անասուններին (միմիայն նրանց), երբ 100 հոգու ներկայությամբ մարդ են սպանում եւ ի հայտ չի գալիս մեկ լիարժեք վկա,-գլխակեր բարքերով ապրող այդ երկիրը չի կարող աղետի չգալ: Իրավիճակի դրամատիզմը այն է, որ որքան ուշանում է աղետը, այնքան սպառվում են վերականգնումի բարոյական, դեմոգրաֆիկ, նյութական, քաղաքական ռեսուրսները:

14.05.2002

Յատուկ Երաժշտություն
Քրիստոսի Հարությունը
Գեորգի Գյուրջիև

Քրիստոսի Հարությունը

Մեր պատշգամբը, 1933թ․
Մեր պատշգամբը, 1933թ․
Խաղա առցանց