Վանո Սիրադեղյան
Գյադաների ժամանակը
ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ՝ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԱՀԱՊԱՏԻԺ «ԱՌԱԳԱՍՏՈՒՄ»
.
1.Շակալների խրախճանքը
.
Երեւի չարժեր չնչին զավզակությանը անդրադառնալով՝ սկսել այս խոսքը, եթե այդ՝ գյադայի, տեսակը դարձած չլիներ մեր ժամանակի «հերոսը»-պատգամավորը, մինիստրը, իդեոլոգը... չգիտես ինչի:
Կարելի էր նաեւ արհամարհել: Տգետին արհամարհելը, գիտենք, մտավորական մարդուն սազական զբաղմունք է, մի պայմանով, սակայն, որ քեզ մտավորական են համարում, ոչ թե փալաս: Եւ, որ առավել կարեւոր է, նա, ում հասցեագրված է արհամարհանքդ, առնվազն պիտի իմանա, թե ինչ ասել է՝ մտավորական: Այլապես կստացվի, որ արհամարհել ես, ասենք, 4 համարի տրոլեյբուսին:
Ոչ թե այն իմաստով, որ արհամարհել-տաքսի ես նստել, այլ կողքովդ անցնելիս պարզապես արհամարհել ես ... Տաք է, շարժվում է, ապրում է 60 տարի, այդպես մետաղի ջարդոն կդառնա ու կմտնի ձուլարան, չիմանալով, որ իրեն արհամարհել են: Այնպիսի ժամանակներում, երբ միլիցիայի պաշտոնաթող թաղայինները դառնում են օրենսդիր, իսկ «վետերոկի» վարիչները՝ մինիստր, դժվար թե նրանցից թեթեւակի զզվելու՝ մեր դեմքի արտահայտությունը գնահատվի որպես էսթետի դիրքորոշում: Վախենամ թե՝ դա ավելի շուտ համարեն գոմիկի երկիմաստ ծամածռություն: Եւ ոնց որ թե իրավունք ունեն խառնելու, որովհետեւ մենք էն գլխից ենք խառնել հասկացողությունները եւ, օրինակ, մտավորական ենք համարում նաեւ մեկին, որը ռուսերեն թերթ է խմբագրում եւ թերթում վերնագիր է դնում, թե՝ «Թուրքերը մոբայլով խոսում էին կովի հետ»: Ըմբռնում եք, չէ՞, «Ազգային-ազատագրական» ենթատեքստը՝ կովը խոսում է կովի հետ: Դե որ մենք սրան մտավորական ենք համարում, նա ինքն էլ է անկեղծորեն իրեն այդպիսին համարում, գուցե կինն ու հարեւաններն էլ են համարում, որովհետեւ փողկապ է կապում, առավոտները հարեւաններին բարեւում է՝ քթի տակ մռթմռթալով, ոչ թե ուսները թփթփացնելով (ուրիշ բան, որ գուցե դա չի անում վախից), կնոջը չի ծեծում եւ սեփական երեխաներին մեր չի հայհոյում բաց պատշգամբում ... Եվ իզուր եք կարծում, որ նա կովի, հեռախոսի ու թուրքի մասին գրածը սրամիտ ժուռնալիստական հնարք է համարում: Ամենեւին: Նա դա դիտում է որպես Հայ Դատի հանդեպ իր որդիական պարտքի մատուցում: Եւ չես կարող համոզել, որ «դիշովկից» Հայ Դատը շահել չի կարող, եւ առհասարակ, որեւէ գաղափար դրանից չի շահում: Եւ չես կարող հասկացնել, որ, առհասարակ, չի լինում ինտելիգենտությունը՝ առանձին, մուռ քշելը՝ առանձին, ճաշակը՝ առանձին, ազգասիրությունը՝ առանձին, առաքինությունը՝ առանձին, արհեստը՝ առանձին: Չի լինում, ու՝ վերջ: Չի լինում հայ մտավորական եւ չինացի մտավորական: Կամ մտավորական են, կամ չինացի եւ հայ:
Եթե մեկնումեկը պատերազմի դաշտից շատ հեռու ու տաք մի տեղ խոսում է զենք վերցնելու մասին, բարբաջում է ավտոմատը ձեռքին ՀՀՇ-ի վերադառնալու դեմը առնելու մասին, հասարակության մեջ պետք է գտնվի սրամիտ մեկը, որ հանկարծ «փը´շտ» անի, որպեսզի կողքինները պահը վայելեն: Եթե մեկը նրանցից, ովքեր նախկինում իրենց «սպասարկած տարածքում» կաշառք էին վերցնում՝ անգամ մի բանկա ղաուրմայով եւ սուջուխի երկու շարանի տեսքով, ահա այդ մեկին չի կարելի հիմարաբար «չեկիստ» ասել՝ իբր բացասական իմաստով, որովհետեւ սովետական միլիցիոներին չեկիստ ասելը նույն պարգեւն է, ինչ կայարանի համբալին 1 դոլարի փոխարեն 100 դոլար տալը: Չի կարելի նմանին կշտամբել (ինչպես իմ գրչակից ընկերներն են անում), թե՝ արի քարը փեշիցդ թափ տուր, որովհետեւ օրենսդիր լինելով՝ վայել չէ զենքից-բանից խոսել: Չի կարելի կշտամբել, որովհետեւ, եթե նրա նմանը օրենսդիր է դարձել, նշանակում է դրանից առաջ երկրում այնպիսի մի ազգային աղետ է տեղի ունեցել, որ հիմա օրենքից խոսելը նույնն է, թե քաղաքը ավերած երկրաշարժի հաջորդ օրը կշտամբես քաղաքացիներին, որ փողոցը անցման տեղերով չեն անցնում: Կամ՝ նեղանաս քաղաքապետարանից, որ մյուս առավոտ զիբիլը ժամանակին չի տարել, երբ ողջ քաղաքն է դարձել աղբակույտ:
Հիմա գյադաների ժամանակն է: Եւ մի կարճ ժամանակ էլ դեռ այդպես կլինի: Եւ այդպիսի ժամանակներում, երբ հերոսները բանտում են կամ հողի տակ, երբ դեռ խրամատները Ազգային ժողովի շենքից հեռու են հարյուրավոր կիլոմետրերով, գյադաները, այսպես, պիտի կամուֆլյաժե բիկինի հագնեն ու պուտանկի «խրոխտ» մարշով գնա՜ ն-գան իշխանության միջանցքներում: Գնան ու գան: Գնան ու գան... Մի բանում, սակայն, կարելի է վստահ լինել. այն տարիներին «ազգային թրաշ» պահած հանցագործների ավտոմատների շրխկոց-չրխկոցը սրանց նմաններին այն աստիճանի սարսափի է մատնել, որ նրանք այլեւս երբեք ավտոմատ ասած բանին մոտ չեն գնա, ինչ մնաց թե ինչ-որ մեկի դեմը առնեն, այն էլ՝ պատերազմի բովով անցած ՀՀՇ-ի: Այնինչ, նույնիսկ զգոնությունը չկորցրած «Առավոտը» այդ առթիվ ամոթխած թոթվում է, թե՝ եթե իշխանությունը մինչեւ հիմա ՀՀՇ-ի վերադարձով է վախեցնում մարդկանց, ուրեմն նախկինները խնդիր ունեն հասարակության հետ ...
Ներողություն, որ ընդհատում եմ մտքիդ սլացքը. իսկ Կարեն Դեմիրճյա՞նն ինչ խնդիր ուներ հասարակության հետ, որ մարդուն ոչնչացնելուց հետո հիմա էլ հիշատակն են ոչնչացնել փորձում՝ գրեթե հաջողությամբ: Նույն այդ հասարակությունը, որ բոլորովին վերջերս պաշտում էր երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանին, արդեն սկսել է ծամծմել այդ չարաբաստիկ 300 դոլարի պատմությունը, որը վիժվածքները հեռատեսորեն հանած են եղել դիակի շորի գրպանից (բայց ասում են՝ շփոթված էին): Դեմիրճյանը չէ՞ որ բացարձակապես խնդիր չուներ հասարակության հետ, բայց պարզվեց, որ ամեն ինչ կախված է (համենայն դեպս, ժամանակի որոշակի հատվածում) զրպարտության պետական մեքենայի թափից: 20 տարի առաջ այդ նույն ժողովրդի գլխում եթե Դեմիրճյան անունը փողի հետ կապող մի միտք անգամ ծագեր, ապա դա կլիներ զուտ հետաքրքրասիրություն՝ արդյո՞ք առաջին քարտուղարը գոնե ձեւի համար գրպանում փող պահում է: Ոչ թե՝ ինչքան ու որտեղից: Ափսոս է այդ մարդու հիշատակը:
Եւ այդ հիշատակը այդպես ոխակալորեն, այդպես հրապարակայնորեն անամոթաբար տրորելու մթնոլորտում, պատկերացրեք, չգտնվեց մեկը, որը վեր կենար ասեր. «Լսեք, ա´յ թուրք ու քուրդ բեգերին՝ խոնարհ, բայց սեփական իշխանների գլխակեր ճորտի զավակներ, դու´ք ձեր հայրերի այդ ո՞ր արժանիքի իրավունքով եք իշխան մարդու անունը հոլովում: Մի՞թե պարտադիր էր, ասեր, ա´յ տիրադավ անտերներ, որ ընդամենը 2 տարում խփեիք մուխաննաթության բոլոր ռեկորդները աշխարհի ժողովուրդների շարքում՝ սկսած երկրի դատախազին իր աշխատասենյակում սպանելուց, վերջացրած Պառլամենտի սպանդով... Հիմա էլ, ահա, հանգուցյալների գրպանների խուզարկումն ու դրա քննարկումը հրապարակայնորեն... Ա՜ յ չտեսի ծոռներ ու չունեւորի թոռներ, այ համբալի համբալ զավակներ, բա եթե Դեմիրճյանի նման տղամարդու գրպանում էլ 300 դոլար փող չպիտի լիներ, հապա ու՞մ գրպանում պիտի լիներ: Կիմ Բալայանի՞: Դե, պատկերները մտովի իրար կողք դրեք: Կուզեք՝ ավելացրեք իշխող կոչվող կուսակցության Մարգարյանի պատկերն էլ ու... սարսափեք Հայաստանի ապագայից...
Չէ՞ որ, եթե Հայաստանում միայն մեկ տղամարդու վերապահված լիներ գրպանում 300 չէ, 30 հազար ունենալու, իսկ ուրիշներին՝ ծխախոտի փողից բացի՝ ոչ մի բան,- այդ մարդը պիտի լիներ Կարեն Դեմիրճյանը: Իր դիրքով, իր վաստակով, իր երեվելի տեսքով՝ վերջին հաշվով... Բայց շակալներից ոչ մեկը այդ բանը չի ասի վախից, թե օրերից մի օր Ազգային Ժողովի դահլիճում կսկսեն իրենց բոլորի գրպանները ստուգել... կենդանի ժամանակ: Նրանք չեն անի, պարզ է, բայց դրսում է՞լ մարդ չի մնացել Դեմիրճյանի հացը կերած ակադեմիկոսներից: Այդ ԽՍՀՄ ժողովրդական արտիստներից-բանից... Ուրանալը՝ ուրանալ, բայց այսչա՞փ սահմռկելի-համազգային մասշտաբի:
.
2.Հատակին պառկածների դավադրությունը
.
Իսկ դուք ասում եք՝ հասարակության հետ խնդիր: Իսկ դուք ուզում եք օրենսդրական դաշտ բերել (իբր, մի փախչող են) ու «հանգստացնել» ծտի սիրտ ունեցող գրպանահատներին, մարդկանց չուլաններից ղաուրմա ու թթու «առգրավող» նախկին թաղայիններին ու գաստրոնոմների ետնամուտքով ձրի հավ ու ձու տուն տանող ՕԲԽՍ-ի նախկին օպերներին, որոնց ետին թվով «ազգի զինվոր» են գրել, օ՜ սարսափ, ռուսալեզու թերթերի պառվաբոզերը: Իսկ նրանց՝ բանականություն չկորցրած կոլեգաները կարկամել են: Ինչու՞ են կարկամել: Հո շուտով գալու է երկիրը դարձյալ պաշտպանելու ժամանակը: Եւ երբ եկավ այդ ժամանակը, երբ վրա հասավ իշխողների փախեփախը, այդ ժամանակ հո լավ է երեւալու՝ ո´ր մկան ծակն են մտնում բեղավոր ու անբեղ «միկրոֆոնի ֆիդայիները»:
Ճնշվում են, որովհետեւ քի՞չ են: Իսկ լավը ե՞րբ է շատ լինում: Երբ, առհասարակ, հազար չափահաս մարդուց քանի՞սն է ուղեղ ունենում: Մե՞կը, երկու՞սը, երե՞քը... Պատկերացնու՞մ եք, ի՞նչ քաոս կդառնար կյանքը, եթե հազարից տասը մտածելու ընդունակ լիներ: Իսկ դուք խեղճացել եւ Վարդենիսի գյուղերի խեղճ փախստականների նման հեշտորեն տրվել եք «մազութի հանձնաժողովների» անուղեղ բարբաջանքին: Հետո, շատ չե՞ք, սիրելիներ (կասեր Մերուժանը), դուք էլ հմայվել «նախկիններ» բառով: Ու երբ օրը տասը անգամ կրկնում եք՝ «նախկին հանցավոր ռեժիմ, նախկին հանցավոր ռեժիմ», նպատակ ունենալով, հավանաբար, ձեռ առնել ընդդիմախոսներին, այդ բանն անելիս մի անգամ ուշադիր նայե՞լ եք ձեր շուրջը ու մտածել, թե այսօրվա Հայաստանում հարյուր հոգուց քանի՞սն է հիշում կամ հասկանում չակերտների նշանակությունը: Թե՞ կարծում եք, տգետները միայն պառլամենտում են հավաքվել: Եւ երբ ձեր շուրջն եք նայում, չի՞ երեւում, որ նախկինների գալու-չգալու հարցը բավականաչափ հռետորական է: Համենայն դեպս, պարզ չէ՞, որ պետության ու բանակի հիմնադիր գործիչները որտեղ էլ լինեն, ինչ կուսակցության ու կառույցի մեջ էլ լինեն, եթե ոչ առաջնային, գոնե ուրիշներին հավասար իրավունք ու հնարավորություն ունեն հավակնելու՝ Հայաստանը թուրքերից մաքրելու դերին: Մանավանդ որ, մի անգամ արդեն մաքրել են:
Միտքս այն է, որ իմ ու քո կյանքի փորձ ունեցողը, հասարակական վարքի մոտիվները մեջբերելիս, (հատկապես երջանկահիշատակ Դեմիրճյանի անբասիր կերպարի աղճատումների հետ հաշտվող մասսաների ֆոնի առկայությամբ) դատողություններում պետք չէ, որ լինի այդքան այսօրեական: Երբեք մի ասա երբեք: Երբեք մի ասա՝ նախկին իշխանություն, նախկին նախագահ, որովհետեւ ըստ ժամանակագրական կատեգորիայի՝ դա իր անունն ունի՝ առաջին: Իսկ քաղաքական կատեգորիաներով դատելու դեպքում՝ առաջինը դեռ չի նշանակում առաջին ու վերջին: Հայ ժողովրդի ճակատին գրած հո չի՞, որ ամեն անգամ երկիրը բաշիբոզուկներին թողնելով՝ ինքը պիտի հեռանա երկրից: Հո չե՞նք կարող հույսներս դնել Հայաստանը միայն ծիրանի սեզոնին հիշող մեր սիրասուն ախպար եղբայրների վրա: Հիմա էլ հո երկրորդ Վազգեն չկա, որ խաբվի ու հայկական բանակը դնի դավադիրների տրամադրության տակ: Հո նոր Դեմիրճյան չի ծնվելու, որ նույն միամտությամբ հայերի ձայները շահի ու դառնա այդ ձայների զոհը: Վերջապես, հո գետնի տակ չանցան երկիրն ու բանակը հիմնադրած անկախության սերնդի հազարավոր տղամարդիկ: Թե չէ, մի ողջ ժողովուրդ չի կարող հույսը կապել ԱԺ-ի դավաճանների հետ, ովքեր մի մարդու նման համաներում շնորհեցին «27»-ի մարդասպաններին ու կազմակերպիչներին: Այնքա՜ ն միաձայն ու դավադիր հապճեպությամբ, այնպիսի չքմեղությամբ (իրենց լեզվով՝ իրենց շլանգի տեղ դրած), որ մարդու լեզուն չի դառնում այս անգամ մի բան ասի գործադիրի հասցեին՝ իր այլանդակությամբ հանդերձ:
Թերթերը գուշակություններ էին անում՝ տեսնես Քոչարյանը վերջին հանդիպման ժամանակ ի՞նչ էր ասել խմբակցությունների ղեկավարներին, որ այդպես գաղտնապահ են դարձել: Թերթերը ամեն անգամ իրենք իրենց ուզում են հավատացնել, թե Քոչարյանը այս անգամ դրանց հետ կարող է ազգային-պետական խնդիրներից խոսել: Իսկ «պետական գաղտնիքը» այն է եղել, որ Քոչարյանը դարձյալ սպառնացել է ցրել պառլամենտը, եթե համաներումը չանցկացնեն պառլամենտում: Ընդ որում՝ ծպտուն չհանելով: Չծպտալով: Որովհետեւ պարզ է, չէ՞, եթե մեկնումեկը մե՜ կ-միակ հարց տար Դավիթ Հարությունյանին՝ Համաներման ու «27»-ի առնչության մասին, ինչ էլ որ նա պատասխաներ, սկանդալը դուրս էր գալու դահլիճից, եւ ստիպված էին լինելու նախագիծը մերժել... Բայց պայմանը եղել է անծպտուն քվեարկելը: Թուլաբաժինը կորցնելու վախից բացի կա՞ այլ մի բացատրություն՝ այդպես գողեգող-դավաճանաբար քվեարկելու համար: Ծանոթ պատմություն է: Մի դեպքում (98-ին)՝ եթե չթողնեք պատգամավորին դատեն, պառլամենտը կցրեն: Հիմա՝ եթե չթողնեք մարդասպաններին բանտից ազատեմ՝ կցրեմ: Եւ երկու դեպքում էլ քվեարկեցին: Երկու դեպքում էլ՝ գրեթե միաձայն:
Եւ վիճակի տրագիկոմիզմը այն է, որ առաջին քվեարկության ժամանակ Վազգեն Սարգսյանն ու Դեմիրճյանը կենդանի էին: Երկրորդ դեպքում՝ քվեարկությունը իրենց սպանողներին ազատելու համար էր: Իսկ այդ ողորմելիները, իբր, քիչ բութ էին, հիմա էլ իրենց լրիվ թթվի քարի տեղ են դրել եւ մրթմրթում են, թե՝ «չէին սպասում»... Ինչի՞ն չէին սպասում: Ումի՞ց չէին սպասում: «27»-ից հետո է՞լ չէին սպասում: Այ, Դեմիրճյանը չէր սպասում: Այս խոսքերը կան սպանությունը պատկերող ժապավենում: Առաջին կրակահերթին հետեւող՝ վայրկյաններ տեւած դադարին Դեմիրճյանը, որ հասկանալի բնազդով կռացել էր, այդ դադարին գլուխը վեր է բարձրացնում ու մեծավարի հորդորում, կարծեմ, բառացիորեն հետեւյալով՝ «Տղանե´ր, այդ ձեւով չի կարելի հարց լուծել...» եւ նույն ակնթարթին գնդակահարվում՝ մեջտեղի փակ դռան մոտերքից արձակված կարճ ու դիպուկ կրակահերթից: Այդ մեկը, կարծես, եղբայրներից ոչ մեկը չէ, այլ, թերեւս, Լեոնարդ Պետրոսյանին հատկապես գնդակահարողը:
Դեմիրճյանը իրոք չէր սպասում: Նա երեխայի նման խաբվեց ու ներքաշվեց քաղաքական ինտրիգի՝ ջահել գիշատիչների պատրաստած որոգայթը: Նա պիտի որ 98-ի ընտրություններից հետո հոգեբանորեն պատրաստ լիներ թքել ետ քաշվելու, բայց հիմա էլ իր թիմի տականքներին էր պատգամավորություն ու պաշտոն հարկավոր, եւ այս անգամ էլ գերի դարձավ նրանց ախորժակին: Դեմիրճյանը չէր սպասում՝ համոզված լինելով, որ ինքը թշնամիներ չունի: Բայց ինչպե՞ս կարող է թշնամի չունենալ կես միլիոն ձայն ունեցող մարդը: Պարզապես նա ուրիշ էպոխայի մարդ էր: Հուշտ էր լինում շենքի միջանցքներում շալվարներով վազվզող աղջիկների տեսքից, իսկ իր շրջապատում չգտնվեց մեկը, հատկապես օրգանների (իրոք որ օրգաններ) մեծաբերան անուղեղ գնդապետներից, որ մարդու ուշադրությունը մի քիչ էլ դարձներ այլ կողմ՝ Ազգային Ժողովի միջանցքներում մշտապես պլաշչներով վխտացող, ձիագողի վազվզող աչքերով, լղար ու գունատ, գունատ ու մորուքավոր, անսեռ-անտարիք, անպաշտոն ու պաշտոնավոր սկաուտ թուլեքի վրա:
.
3.Հայ-ֆրանսիական համատեղ սպանություն
.
Համաներման բերած խնդիրը այն չէ, որ մի քանի մարդ պակաս են պատժվելու: Այլ այն, որ եթե նրանց մեջ կար մեկը, որ ասելու բան ուներ, ասենք, զենքը նախօրոք Ազգային Ժողովի շենք մտցնելու մասով, այլեւս չի ասի: Եւ ժամանակին էլ «կթռչի» Հայաստանից, ասենք, Ֆրանսիա, որտեղ այդպիսիներին շքանշան են տալիս, իսկ Հայաստանի իշխանությունները պարտքի տակ չեն մնում եւ Երեւանում Ֆրանսիայի մյուս հերոս Շառլի հացի սեղանին հայ են մորթում: Իսկ վերջինս փոխանակ սուս անի միառժամանակ (ինչպես նվազագույնը ընդունված է Արեւմուտքում), հարցազրույց է տալիս եւ գովում «Առագաստում» արյունալի հյուրընկալության տիրոջը: Որովհետեւ այդպես է պետք Ֆրանսիայի ազգային շահին, մանավանդ՝ կոնյակի գործարանը «հաջողացնելուց» հետո:
Զենքը ներս տանելու հարցը ամենաառանցքայինն է, որովհետեւ այդ վիժվածքներն այդքան միամիտ չեն, որ զենքը առած՝ հախուռն մտնեին տարածք, ինչպես ամերիկյան ֆիլմերում են ավտոյից իջնում ամայի ճանապարհի բենզակայանում ու մտնում ներս՝ մի քանի մանեթ կողոպտելու: Հնարավոր է, որ Հունանյանը իր տիպով պատրաստ է եղել նաեւ դատարանի առաջ կանգնելու, բայց ո՜ չ նաեւ ծրագիրը տապալվելու դեպքում: Ոստիկանների ու Երկրապահի սապոգների տակ հոգին փչելու հեռանկարի չնչին իսկ հավանականության դեպքում նա չէր ստանձնի «գործը», հետեւաբար՝ նա զենքով տարածք չէր մտնի, էլ չեմ ասում՝ մի քանի զենքերով մի քանի մարդու տարածք մտնելու վտանգավորության մասին: Եթե պահակակետում «վառվելու» երեք տոկոս հավանականություն լիներ (իսկ մի քանի մարդ՝ մի քանի ավտոմատով տարբերակը վառվելու հավանականությունը մեծացնում է բազմապատիկ), այդ պարագային «օպերացիան» նման ռիսկի ենթարկել չէին կարող ոչ մի տրամաբանությամբ: Անհավանական է այդ ռիսկին գնալ կազմակերպիչներ չլինելու պարագային, էլ առավել անհավանական է՝ կազմակերպիչների առկայության դեպքում: Որովհետեւ այդ խումբը, ըստ ամենայնի, գնում էր ծրագիր իրագործելու շենքի ներսում, ոչ թե դրսից զինված հարձակում էր գործում շենքի վրա: Եւ ուրեմն՝ զենքը ներս տանելու փուլը ժամանակի մեջ պիտի առանձնացված լինի բուն գործողության փուլից:
Շենքի պահապանների անփութության մասին լեգենդը բավարար հիմք չէր ապահովության: Նաեւ՝ հայտնի էր, որ շենքի պահապանները, այնուամենայնիվ, կառավարության այցի օրը զգաստանում են: Նաեւ՝ կառավարության անդամների զինված օգնականներն են բակում եւ միջանցքներում այդ ժամերին ավելանում: Չեմ պնդում, թե այդ պայմաններում բացառված է զենքով տարածք մտնելը, բայց անհամեմատ ապահով է զենքերը նախապես ներս տանելը: Կա´մ օրեր առաջ, կա´մ կառավարության գալուց ժամեր առաջ: Բայց ոչ մի դեպքում այդ ժամին: Եւ դրա համար, հասկանալի է, շենքի ներսում հանցակից են ունեցել: Պատահական չէ, որ թե´ Նաիրի Հունանյանը, թե´ Նաիրի Բադալյանը չեն կարողանում բացատրել, թե սպանությունից րոպեներ առաջ զուգարանում ու մոտերքը ով ում ինչ էր փոխանցում եւ ինչ էր ասում: Նաիրի Բադալյանի փոխանցածը ընդամենը վերեւի վերջնական «դաբրո՞ն» էր, թե՞ կոնկրետ զենք: Թե՞ վերջին տեղեկությունը առ այն, որ ամեն ոք դահլիճում իր տեղը նստած է: Որովհետեւ ոչ մի կարգի բանդա, առանց վերջին րոպեին հավաստիանալու, որ զոհերը հենց իրենց տեղերում են նստած, չէր մտնի դահլիճ՝ կուրորեն: Այդ մասին պիտի լուր տված լինեն կա´մ դահլիճից՝ հեռախոսով մեկին, որը հընթացս տեղեկացրել է մարդասպաններին, կամ պիտի այդ մասին անմիջապես հաղորդած լինի մեկը, որ մեկ-երկու րոպե առաջ դուրս է եկել դահլիճից:
Իսկ հիմա՝ ոստիկաններին մեկուկես տարի բանտում պահելուց ու ներում շնորհելուց հետո, խիստ բարդանում է սպանությանը նախորդող ժամին կամ ժամերին միջանցքներում ու հարկերում եղած կասկածելի անցուդարձի, մարդասպանների ու նրանց համախոհների հանդիպումների մասին տեղեկություններ ստանալը: Տեղեկություններ, որ պիտի ունենային ոստիկանները: Տեղեկություններ նաեւ նախորդ օրերի անցուդարձից: Իսկ դատավարական տակտիկայի արտադատավարական սցենարիստները եւս մեկ ներկայացում սարքեցին՝ պառլամենտի զուգարանում երկու տարի հետո զենքեր պահելու հետքեր որոնելով: Եւ այդ մասով էլ գործ փակեցին: Իսկ ինչո՞ւ չստուգեցին (դեռ երկու տարի առաջ) այն սենյակները, ուր մարդասպանների մի մասը սովորություն է ունեցել ներսուդուրս անելու:
Դատավարական սցենարի վճռական պահը, սակայն, դատաքննական կարգի սահմանումը եղավ: Դրա ամբողջ իմաստն այն է, որ Նաիրի Հունանյանին կարգելով առաջին հարցաքննվող՝ դատարանը հնարավորություն տվեց նրան մանրամասնորեն կողմնորոշել մյուսներին, որպեսզի հանցագործության բոլոր դրվագներով ցուցմունքներ տան՝ հիմք ընդունելով ի´ր ցուցմունքները: Չէ՞ որ նրանք (համենայնդեպս, շարքային կատարողները) սպանությունից առաջ այլ ասելիքներ ունեին եւ, հետեւաբար, հետաքննության համար ընդհանուր լեգենդ մշակած չեն եղել: Լեգենդ պիտի չմշակվեր նաեւ հանցախմբի վճռականությունը մինչեւ «իքս» պահը պահպանելու համար, որովհետեւ լեգենդ մշակելը կնշանակեր կասկած հարուցել խմբի մեջ, որ կարող է դատ լինել, այնինչ խումբը պիտի համոզված լիներ, որ ապստամբության է գնում, ոչ թե պարզ մարդասպանության: Բայց հետագայում նրանք լեգենդի հարցում «բացթողումը» լրացնելու հնարավորությունը լիուլի ստացան: Եւ իզուր են լրագրողները զարմացած Հունանյանի հիշողության «պայծառացումներից»: Ակնհայտ է, որ նա ոչ թե հիշում է այս կամ այն մանրամասնը, այլ յուրովի է շարադրում բոլոր այն էպիզոդները, որոնց վկա չկա, հանցագործներից բացի: Հորինում է իր հանցակիցների ականջի համար: Որպեսզի սերտեն եւ դուրս չգան այդ շրջանակից: Բանտում այն մեկի մեռնելով՝ խզվեց զենք տրամադրողների հետ կապը, որը պիտի տաներ դեպի կազմակերպիչները: Բադալյանին, դահլիճից սպանությունից երկու րոպե առաջ դուրս եկած Մովսիսյանին ազատ արձակելով եւ այս համաներումով՝ գրեթե կտրվում է զենքը նախապես շենք մտցնելու եւ որտեղ պահ տալու թելը, որը նույնպես պիտի տաներ դեպի կազմակերպիչները:
Գործը ջարդելու առնվազն եւս մեկ քայլ է մնացել-մարդասպաններից նա, ով իրեն չի կարող տիրապետել՝ ցուցմունքների իմաստով, հոգեբանների օգնությամբ կհանձնեն հոգեբույժներին (ահա ինչի համար են հոգեբանները) եւ կվնասազերծեն: Դա, երեւի, կլինի Կարեն Հունանյանը: Եւ զոհերի իրավահաջորդների շահերի պաշտպանները, վստահ եղեք, կնպաստեն դրան: Այնպես, ինչպես նպաստեցին համաներմանը: Բոլորը: Իրավահաջորդների ներկայացուցիչներով, այդ կողմի իրավաբաններով, Ազգային ժողովով, ազգով-բանով: Այնպես, ինչպես մինչեւ հիմա եղել է: Նրանք սպանում են, սրանք ներում են: Որ այդ մեքենան անթերի է գործում, ապացուցում է «Առագաստի», ըստ էության, հրապարակային մահապատիժը՝ անունով ողջունելու դիմաց: Թերթերը գայթակղվեցին «Սեդրակօղլի» բառը տպագրելու հնարավորությունով եւ չզգացին, որ այդ «կուտը» սպանող կողմն է տվել: Իբր, սպանել են վիրավորելու համար: Այնինչ, սպանել են հանգուցյալի «լոպպազության» համար: Պարզապես, խեղճ հայի մտքով անցնել չէր կարող, որ եթե այդպիսի բացառիկ մի զուգադիպությամբ Փարիզից Շառլը՝ Վրաստանի հայ, Ղարաբաղից՝ Ռոբը, Ինքն էլ ահա Ջավախքից ... հայերով Երեւանում հավաքվել քեֆ են անում ու ջազ են լսում բաց սրճարանում... Ո՞ր քեֆը լավ հայը կմտածեր, որ պահը արձանագրելու՝ իր հոգու պոռթկումը կարող էր իր կյանքը արժենալ:
Աստված էլ բեթարից ազատի, երբ մուղամից միանգամից անցնում են ջազին:
Տեղին չէ նաեւ այն համոզմունքը, թե հասարակությանը վախեցնելու համար սպանել են հատուկ: Տիգրան Հայրապետյանին, այո, այդ նպատակով սպանեցին, իսկ այսօր դրա անհրաժեշտությունը չկար: Քոչարյանը չէր ուզենա, որ բանը այդպես վերջանար այդ օրը: Պարզապես ամեն ինչ տեղի էր ունեցել ինքն իրեն՝ հանցագործ աշխարհի բարքերին համապատասխան- Պախանին «սխալ» խոսք են ասում, համապատասխան մեկը «հանում՝ խփում» է: Այդքան առօրեական: Տեղում գնդակահարում ես, կամ քաշում ես մի կողմ ու սատկացնում: Եւ ինչպես հասարակության ռեակցիայից պարզվեց, իրենք դարձյալ «ճիշտ» էին: Հասարակությունը ինչ էլ մտածի իր ներսում, մի բան ակնհայտ է, որ ընդունել է նրանց «հեղինակությունը»: Որպես իշխանություն ընդունում է թե ոչ- էական չէ, որպես հանցավոր կազմակերպություն՝ դրա կանոնները ընդունում է: Վ. Նազարյանը միակն էր, որ տվեց այդ մարդու ճշգրիտ ախտանիշը, թե՝ «Նրան ոչ թե իմփիչմենթ պիտի հայտարարել, այլ մեկուսացնել հասարակությունից»: Թե չէ՝ սրանք սպանությունների գործը դրել են կոնվեերի:
Իսկ հիմա դատը կանեն այնպես, որ հասարակությունը այլ բաներով զբաղված լինի, ու եթե պետք լինի ինչ-որ մեկը կնստի 2-3 տարի: Եւ ինչպես հանցավոր աշխարհում, կարող է նստել ոչ թե նա, ով «խփում» է, այլ ում որ որոշում է «ախպերությունը»: Իսկ նստողը երեք տարի կնստի, թե վեց ամիս, ի՞նչ պիտի իմացվի: Հիմա ով է հետաքրքրվում (սկսած ընկերներից) Տիգրան Հայրապետյանին սպանող կամ սպանության մեղքն հանձն առած վարորդը բանտո՞ւմ է, դրսո՞ւմ է, մեռա՞ծ է, թե՞ կենդանի: Թե՞ համաներումը արվեց նաեւ նրա համար:
18.12.2001