Վանո Սիրադեղյան

Էրիվանի խանության ժամանակները

Հիմա Երեւանը անդառնալիորեն վերադառնում է անցած դարասկզբի իր կարգավիճակին, երբ ոչ մի առնչություն չուներ Կովկասի եւ Փոքր Ասիայի արդյունաբերության, առեւտրի, քաղաքաշինության բուռն ծաղկման հետ: Բայց ի տարբերություն անցած դարասկզբի, երբ հայությունը անմիջական մասնակցություն ուներ տարածաշրջանի զարգացումներին, այս դարասկզբին մեր դերը լինելու է ստորագույնը:
Հայաստանում մնացած, երրորդ կարգի ձեռներեցության ընդունակ տղերքը Երեւանից շարժվելու են երկիրը շրջանցող երկաթուղիների կողմը: Մի բան Ղազախից առնելու-սաղացնելու են Սադախլոյում, մի բան Նախիջեւանից առնել-տանելու են Իգդիր, մի մասն էլ շուլալվելու է Ախալքալաքի երկաթուղու մոտերքը: Արարատի տղերքը կաշխատեն փայ մտնել Հայաստան մտնող իրանական չամիչի գործում, դաշնակ շուստրիները բարեգործականի անվան տակ «տանիք կկանգնեն» Եվրոշուկայում չուտվող Հունաստանի զեյթունի ձեթի՝ Հայաստան ներկրման գործին: Մի երեք հազար հայ միառժամանակ համբալություն կանի Ախալքալաքի ռուսական կայազորի մոտերքում, մի հինգ հազար էլ կօգտվի Գյումրվա ռուսական կայազորի պայոկից… Ղարաբաղցիները ավանդաբար քոչած կլինեն Միջին Ասիա եւ Ռուսաստան: Եվ կբարգավաճեն, որովհետեւ նրանք երբեք այսչափ ստարտային կապիտալով չեն արտագաղթել: Ինչքա՞ն մարդ կմնա ապրելու աշխարհից կտրված այս հողում: Այնքան, ինչքան կարտոֆիլ ու լոբի կտա այս հողը: Ադրբեջանցիները էլի կվարձակալեն Հայաստանի սարերը (որովհետեւ հայերը անասնապահ չեն, այլ պատմության մասնագետ), տարին յոթ ամիս անասուն կպահեն-կապրեն Վայքի, Սիսիանի, Շամշադինի, Ամասիայի, Դիլիջանի, Սեւանի սարերում: Ու երբ հայաստանցիք շաբաթ-կիրակի ուզենան մայովկի գնալ եւ հայավարի ուշ արթնանալով (ոչ այնքան ուշ, որ շփոթես արիստոկրատի հետ, ոչ էլ վաղ՝ աշխատավոր մարդու նման), այդպես անորոշ մի ժամի երբ արթնանան ու փորձեն իրենց անտառներում ու սարերում աղբյուր գտնել՝ մոտը հանգրվանելու համար, զարմանքով կտեսնեն, որ տասնհինգ տարի առաջվա նման ազերիները արդեն հասցրել են իրենց հարթավայրերից ավելի շուտ տեղ հասնել ու բազմել մեր աղբյուրների գլխին եւ նույնիսկ արդեն քերթել են գառը եւ կրակ են գցել սամովարը: Իսկ Երեւանի շուկաներում տերուտնօրեն կլինի էլի Նախիջեւանի բանջարաբույծ խալխը: Այդքան հայ Երեւանում հաստատ մնացած կլինի, որ Նախիջեւանում բանջարաբոստանաբուծությունը վնասով չաշխատի: Արարատյան դաշտի ժողովուրդը Երեւանի շուկաներում մրցակցությանը դժվար դիմանա, որովհետեւ հայ պագոնավոր ու անպագոն հսկիչը, ինչպես միշտ, օտարից նալոգը կվերցնի ավանդաբար առավել ապահովաբար: Վրացիները, որ տասնյակ միլիոն դոլարներ կունենան միայն խողովակներից, երեւանցիներին կզրկեն ոչ միայն իշխանից, այլեւ սիգից, քանի որ կվճարեն եռակի, եւ ոչ մի ձկնորս ձուկ չի բերի Երեւան: Բարգավաճող Ադրբեջանի մեզ սահմանակից շրջանները էլի լիքը կլինեն խոպանչի հայերով՝ պատշար, ծեփագործ եւ հյուսն: Թուրքիան ժամանակ առ ժամանակ դիվանագիտական թեթեւ ղալմաղալ կսարքի դաղալ Իրանի հետ՝ թե ում էժանագին զիբիլը ինչ քվոտայով սաղացնեն Հայաստանում, որպեսզի վերստին բարիշեն ու որոշեն՝ Շիրակը, Լոռին, Երեւանի կեսը՝ թուրքական սապոնին, Զանգեզուրը, Արարատյան դաշտը, Երեւանի մյուս կեսը՝ իրանական լվացքի փոշուն: Ռուսական կայազորը իր սապոնը պրինցիպիալ կբերի Ռուսաստանից:
Մի կյանքի ընթացքում մարդը հասցնո՞ւմ է փոխվել, թե՞ մակընթացությունն ու տեղատվությունն են ընկալվում որպես փոփոխություն։ Ո՞վ կարող է ասել, որն է մակընթացության ու մի այլ մակընթացության միջեւ եղած տարբերությունը։ Կամ ո՞վ կարող է նույն հարցին պատասխանել՝ տեղատվությունը դիտարկելիս։ Ափը փոխվում է, ավազը փոխվում է, ջրի բերած ծովախոտն ու տիղմը փոխվում է, բա փրփուրը ոնց է փոխվում, բայց մակընթացությունն ու տեղատվությունը նույնն են՝ ծովի պարզ տրանսֆորմացիա։
Ժամանակ առ ժամանակ լսում եմ՝ մեծ տերություններն իրենց խաղերն են խաղում, մենք արանքում լողում ենք։ Այ, այդպիսի աղջկական ճակատագրապաշտությամբ ու քաղաքական թեթեւամտությամբ դարասկզբին վեց վիլայեթները հանձնեցինք։ Ղարաբաղն ու Նախիջեւանն էլ՝ հետը։ Այո, մեծ եւ փոքր՝ իրենց քաղաքական խաղերն ու շահերն ունեն։ Բայց մենք էլ մեր խաղն ունենք… Կռվելու պատրաստ, կազմակերպված ազգի հետ հաշվի նստում են, չեն կարող չնստել։ Պարզապես հարկավոր է այլոց շահերի ու խաղերի բախման ոլորտում զգոն մնալ- չխեղճանալ, չմեծամտանալ, մոտիկը թողած հեռուն չվազել, խելացիորեն մեզնից բացի ոչ մեկին չհավատալ, տառացիորեն ոչ մեկին…

Յատուկ Երաժշտություն
Քրիստոսի Հարությունը
Գեորգի Գյուրջիև

Քրիստոսի Հարությունը

VII դարի Կարմրավոր եկեղեցի
VII դարի Կարմրավոր եկեղեցի
Խաղա առցանց