Վախթանգ Անանյան

Արջի ճանկերում

Լույսը դեռ չէր բացվել, երբ ես ու մեր հարևան Վաղոն տաք հագնված, գլուխներս
բաշլղներով փաթաթած, որսկան Շաքարի հետ դուրս եկանք գյուղից։ Մի քիչ առաջ
գնալուց հետո շեղվեցինք ճանապարհից ու մտանք անտառը։
Ցուրտը նեղում էր, բայց մորթե տաք փափախն ու երկու զույգ քոլքի գուլպաները
ականջներս ու ոտներս պաշտպանում էին ցրտից։
Ձյան միջի չոր ճյուղերը ճարճատելով փշրվում էին մեր ոտների տակ։ Որևէ թփի
տակից կամ փոսի միջից երբեմն դուրս էր ցատկում մի վախկոտ նապաստակ, և այդ
ժամանակ սիրտս վեր էր թռչում ու ձեռս տանում էի պատրաստ պահած հրացանիս
ձգանին։
– Ա՜յ տղա, ջահելություն մի անի, խրատում էր Շաքար ամին։ Լպոստրակն ի՜նչ է,
որ նրա վրա գյուլլա փչացնես։ Այ, հիմա կհասնենք արջերի բույնը, էն ժամանակ
ինչքան շնորհք ունես, ցույց տուր։
Կտրեցինք անցանք սար ու ձոր, քար ու քարափ ու դեմ առանք մեր որսատեղին՝
Արփավուտի անտառին։
Քիչ անց արևը դուրս եկավ։ Մի ջինջ ու պայծառ առավոտ էր։ Ձյան հատիկները
հազարավոր ալմաստների ու գոհարների նման պսպղում, փայլփլում էին արևի
ճառագայթների տակ։
Չարթն ու մոշահավը կղկղալով թփից-թուփ, ծառից-ծառ էին թռչում։
Վերելքը դժվարացավ։
Շաքար ամին, չնայած իր ծեր հասակին, արջի նման փշրելով հանդիպած թփերն ու
ցախ-ցուխը, առաջ էր գնում ու ճանապարհ բաց անում ինձ ու Վաղինակի համար ու
հետն էլ պատմում էր իր կյանքից հետաքրքիր դեպքեր։
– Հրե՜ն, էն քարափը տեսնո՞ւմ եք. նրա տակին էն տարին մալակւսնի եզան չափ մի
պախրա սպանեցի՝ պոզերը ոնց որ ծառի ճղներ։ Բունտի տարին էլ, հլե դուզ էս
վախտը կլիներ, էս ձորում մի արջ սպանեցի, երեք լուծ գոմշով անջաղ տուն
հասցրինք։
Քառասունհինգ տարվա որսկան Շաքարի գլխով ամեն ինչ անցել էր։ Չկար մի քար, մի
թուփ, մի ձոր, որ ներկված չլիներ նրա գնդակին զոհ գնացած կենդանիների արյունով։
Դրա համար էլ, այդ արջերի ու գայլերի աշխարհում, իմ պատանի սիրտն անահ էր ու
լի կորովով։
Ընկնելով ու վեր կենալով, երբեմն էլ զառիվայրերից կոճղի նման գլորվելով,
վերջապես Շաքար ամին մեզ կանգնեցրեց մի աղբյուրի մոտ։
Նստեցինք, տոպրակներից հանեցինք հաց ու պանիր և սկսեցինք ախորժակով ուտել։
– Կե՛ր, հանդի հացը համով է լինում, ասում էր Վաղոն և լավ պատառներն ինձ
տալիս։
– Հա, բա՜, համով ա, հաստատեց Շաքար ամին անուշադիր, ցրված ու մատով ցույց
տվեց դիմացի ձորի մյուս կողմն ընկած քարափները։ Մեր քեռի արջն էնտեղ ա։
Ինչպես երևում ա, քիչ առաջ բնիցը դուրս ա եկել, քանի որ հեռվից քոլաչարթի
չրթչրթոց ա գալիս, իմացեք, որ չարթերն արջ տեսնելիս էդպես ղալմաղալ են
բարձրացնում։
Ծեր որսորդը փորձից գիտեր, թե ո՛ր գազանի երևալն ի՛նչ տրամադրություն է
ստեղծում անտառի բնակիչների մեջ։
Չոքեցինք, ջուր խմեցինք ու ւսռաջ գնացինք։
Երբ մտանք ձորը, Շաքար ամին ձեռքի շարժումով կանգնեցրեց մեզ։ Լուռ
հնազանդվեցինք։ Հենց մեր ոտների տակ, առվի մոտ, ձյան վրա ինչ-որ մեծ չանչերի
հետքեր կային։ Կարծես ձյան վրա բոբիկ մարդ էր ման եկել։
– Արջի իզն ա,– շշնջաց Շաքար ամին և ուսից ցած բերեց հրացանը։
Սիրտս սկսեց թպրտալ՝ վանդակն ընկած թռչունի նման։
– Հիմա նա չլեն ա մտել։ Չլեն էլ էս վերին քարափների մեջն ա։ Իզը վեր կալեք ու
կամաց բարձրացեք վերև։ Ա՛յ պուճուր,– դարձավ ինձ, դու հլա ջահել ես, հեռու, մի
քարի տակ կմտնես ու սուս կանես։ Իսկ դու, Վաղինա’կ, կբարձրանաս բնի մեջ
կկրակես ու ետ կփախչես՝ տապ կանես։
– Բա ո՞վ է արջին սպանելու, միամտաբար հարցրի ես։
– Տնաշենի տղա, հո դո՞ւ չես սպանելու։ Դուք արջին բնից հանեցե՜ք, մնացածը
Շաքարի գործն ա…
Այսպես կարգադրեց ծեր որսորդը և աշխուժությամբ քարից–քար, փոսից-փոս
թռչելով, անձայն ու անշշուկ անհետացավ խիտ ծմակում։
Իսկ մենք գազանի հետքերով սկսեցինք մագլցել լեռն ի վեր։
Տեղ-տեղ արջը կանգ էր առել, ձյունը ետ տվել ու չորացած տերևների տակից վայրի
պտուղներ հավաքել։
Այդ կուսական վայրերը որքան վեհ ու գեղեցիկ, այնքան էլ ահարկու էին։ Եվ որքան
արջի բնին մոտենում էինք, այնքան երկյուղը պատում էր մեզ։
Վերջապես երևաց Շաքար ամին, նա արծվի նման թառել էր ժայռի կատարի մի քարե
ցցունքին ու «Մոսին» հրացանը ձեռքին պատրաստ՝ շեշտակի նայում էր ապառաժի
լանջին բացված մութ երախին, որը, ըստ երևույթին, որջն էր։
Նկատեց մեզ, ձեռքով նշան արավ։ Ես ետ ընկա ու թաքնվեցի մի մեծ քարի հետև։
Վաղինակը առաջ անցավ ու հետքն ստուգեց։ Համոզվելով, որ արջը բարձրացել, որջն
է մտել, նա մագլցեց ժայռը, հասավ անձավին, նրա մեջ կրակեց ու ետ փախավ։ Ժայռը
թնդաց որոտից ու դրան հաջորդող արջի մռնչյունից։ Քնահարամ եղած գազանը բնից
դուրս եկավ ու դժգոհ մռթմռթալով առաջ շարժվեց։ Այդ ժամանակ ես թաքստոցից
տեսա նրա բրդոտ գլուխը։ Որոտներ լսվեցին, և Շաքար ամու հրացանից թռած
գնդակները մեխվեցին գազանի մեջքին։ Արջը կարծելով, թե իրեն վիրավորողը Վաղոն
է, գազազած նետվեց նրա կողմը։ Վաղոն վայրկենապես շուռ եկավ ու սկսեց արագարագ, բայց աննպատակ կրակել։ Այսպիսով, վերջացան նրա հրացանի
պահեստատուփում եղած փամփուշտները։ Ետ-ետ գնաց, թիկունքով դեմ առավ մի
հաստ կաղնու ջուխտակ բնին ու մինչև շուռ կգար որ փախչի, գազանը վրա հասավ,
կանգնեց հետևի ոտների վրա, գրկեց Վաղոյին ու ձյան մեջ սկսեց «քոլոլել» նրան։
– Վա՜յ, մեռա՜… Շաքար ամի, հասի՜ր…– բղավում էր տղան արջի տակից։
Դողալով կարաբինս պատրաստեցի ու մի կրակոցով ջարդեցի արջի հետևի ձախ
ոտքը։ Նա ցավից մռնչաց ու կատաղի փնչոցով շարունակեց ջարդել իր զոհին, երևի
կարծում էր, թե նա՛ խփեց։ Շաքար ամին շատ հեռու էր։ Նա իր բարձր թառից սաստեց
ինձ ու նշան բռնելով, կրակեց արջի ու Վաղինակի վրա։
Երկուսն էլ արյունաշաղախ գլորվեցին դեպի ձորը…
– Վա՜յ, Շաքար ամի, Վաղինակին սպանեցիր, գոռացի ես ու սայթաքելով ցած
վազեցի։
– Այ լակոտ, լաց ու կոծ մի անիլ, որսկան Շաքարը գիտի իր գյուլլի ճամփեն, ձայն
տվեց ծերունին և հանգիստ իջավ ժայռից։
Մենք արյան հետքերով հասանք ձորը և ի՞նչ տեսնենք, որ լավ լինի. Վաղինակը
գզգզված ու ձնակոլոլ կանգնել է սատկած արջի կողքին և հրացանի կոթով
հարվածում ու հայհոյում է նրան.
– Ը՜ը, ես քո ռեխն անիծեմ… ո՞ւմ էիր ուզում ուտել, հը՞… դե հիմի կեր…
Ես արցունքի միջից ծիծաղեցի։
– Դե՛, օրը մթնեց, շուտ արեք,– հրահանգեց Շաքար ամին։ Նրանք արջի ոտքերը
կապկպեցին, հրացաններից մեկը լուծ դարձրին՝ լծվեցին ու սկսեցին ձյան վրայով
քարշ տալ դեպի ցած` ձորում կուչ եկած ձմեռանոցի ուղղությամբ։
Իսկ ես առոք-փառոք բազմել էի արջի բրդոտ փորին, հրացանս ճոճում էի օդում և իմ
ուրախության ճիչերով թնդացնում անտառը։
– Խաբարդա~…
Հասանք ձմեռանոց։ Տավարածներն իսկույն թեժացրին բուխարին։
Տղերքի մի մասն արջն էր քերթում ու զարմանում հաստ ճարպի վրա, մյուս մասն
անտառ գնաց ծառի ճյուղերից շամփուրներ պատրաստելու։
Քիչ անց Շաքար ամին որսորդավարի մի լավ խորոված պատրաստեց։ Վրա
թափվեցինք ու ախորժակով կերանք, մի կողմից էլ կատակում էինք Վաղինակի
«փահլևանության» վրա։
Շաքար ամին պատմում էր, թե ինչպես Վաղոն «ասլանի նման կոխ էր բռնել արջի
հետ ու քիչ էր մնում նրան սաղ-սաղ ուտի»։
Այնուհետև թեժ բուխարու առաջ նստած՝ ամբողջ գիշեր լսում էինք ծեր որսորդի
պատմությունները։
Դրսից քամու հետ մեր ականջին էր հասնում գայլերի ոռնոցն ու շների պատասխան
հաչոցը…

Յատուկ Երաժշտություն
Մեղեդի
Առնո Բաբաջանյան

Մեղեդի

Գյուղի շրջակայք
Գյուղի շրջակայք
Խաղա առցանց