Վահան Թոթովենց
Տրտմություն
Բոլորն ալ տրտում են և վիրավոր։ Ջարդված շուշաններու ցողուններեն արյունը կկաթի շիթ առ շիթ, կակաչը տրտմության ձյունին տակ կհեծե, աղավնիները կհեծկլտան, իբր թե անբույն ըլլային, ժպիտները մահվան ստվերներու պես կդողդոջին եղնիկի աչքերուն մեջ, հույսը ծունկի կուգա և կաղոթե։
Տեսա՞ծ եք մենավոր և արտասվող լույսեր, որոնք ամայի հովիտի մը զմայլագին հեռավորությանը մեջ կսարսռան, և անհամբեր կսպասեն վերջալույսի թևերուն։
Ծովն է տրտում, ծովն է մռայլ։
Ահավասիկ աղոթքներու սպիտակ երամները, որ կուգան արշալույսներու խորերեն և կվազեն տրտմության սև մեհյանները։
Արևնե՜ր, բոլորն ալ տրտում։
Ահավասիկ համեստության թևավոր և սպիտակ դիցուհիներ,Տրտում են անմեղությունները և վիրավորված չարության և ցոփության դաշույններեն։ Կաթիլ մ'արյուն կիյնա անոնց վերքերեն Թեմիսի աչքերուն մեջ, և անոնց չքերեն ճողոպրած ճառագայթ մը կմխվի խավարին կուրծքը և երկու մասի կբաժնե։
Խավարն ալ վիրավոր է, զարնված լույս են։
Ահարկու է խավարին ողբը, որ կկոհակավորվի միջոցին մեջ։
1922 թ