Վահան Թոթովենց

Կյուրեղ աղայի մահը

ԿՅՈՒՐԵՂ ԱՂԱՅԻ ՄԱՀԸ

Կյուրեղ աղան բոլորովին առողջ էր, երբ առավոտյան զարթնեց, նախաճաշեց, խաչակնքեց, բաց արավ երկաթե արկղը, որտեղ փողերն էր պահում, վերցրեց 50 օսմանյան ոսկի և դուրս եկավ սենյակից խանութ գնալու, երբ հանկարծ, լսեց, որ երեխաները պոռում են.

Հաջի Քորո՜ն… Հաջի Քորո՜ն…

Կյուրեղ աղան ցնցվեց, մի թեթև սարսուռ փշաքաղեց մարմինը, մի պահ կանգ առավ շեմքի վրա, ապա ներս մտավ և նորից լսեց երեխաների աղաղակը.

Հաջի Քորո՜ն… Հաջի Քորո՜ն…

Միևնույն տեսակի սարսուռը, այս անգամ ավելի ցուրտ, բայց էլեկտրական հոսանքի արագությամբ, ճեղքեց-անցավ նրա ամբողջ մարմնով, կարծես չոր սառնամանիքին նրան մերկացրին քամու առաջ և մի դույլ սառը ջուր լցրին մարմնի վրա։

Նա մոտեցավ պահարանին, գլուխը կոխեց մեջը, իրար ետևից մի քանի գավաթ օղի լցրեց և խմեց։

Կարծես մի քիչ տաքացավ։

Նորից առաջացավ դեպի սենյակի դուռը և դռան արանքից խռպոտ և կերկերուն ձայնով բղավեց։

Աղջի՛, Հազարխա՜ն․․․

Ոչ ոք չպատասխանեց։

Հազարխա՜ն…

Լռություն։

Հազարխան խաթունը Կյուրեղ աղայի կինն էր։

Ինչո՞ւ չէր պատասխանում։

Ո՞ւր էր գնացել։

Քիչ առաջ նա կրակտանն (խոհանոց) էր, հենց որ Կյուրեղ աղան պատրաստվում էր խանութ գնալու՝ լսվում էր նրա փաբուջի (հողաթափ, տան չուստ) քսքսոցը։

Կյուրեղ աղան նորից մոտեցավ դռան և արանքից ահռելի ձայնով բղավեց.

Հազարխա՜ն։

Այս անգամ Հազարխան խաթունը, աճապարանքով և ոտներն իրար փաթաթելով, վեր վազեց.

Ո՞ւր ես գացեր, երկու ժամ է կը ճաթռտիմ։

Բախչան էի, չլսեցի։

Չոջուխները Հաջի Քորու մաշի Քորո կպոռայի՜ն․․․

Հա՛։

Հա, ի՞նչ։

Հաջի Քորոն է։

Ի՞նչ կըսե։

Կըսե՝ պզտախպորս հետ խոսելիք ունիմ։

Կյուրեղ աղան նորիր ցնցվեց։

Վախըտ (ժամանակ) չունիմ, թող իրիկունը գա։

Շատ աղեկ, կըսիմ։

Կյուրեղ աղան անմիջապես գլխի ընկավ, թե ի՛նչ բանի համար Հաջի Քորոն կարող էր եկած լինել։

«Քածը դահա չի մոռցեր…» ասաց նա իր մտքում, և տեսնելով կնոջը, որ դեռ կանգնել էր և մտադրություն չուներ գնալու, բղավեց.

Ի՞նչ ես կայներ դեմս, գնա չըսի՞։

Կինը ցատկեց ոչ այնքան ուզենալով, որքան ամուսնու սարսափից։ Բայց երբ Հազարխան խաթունը սենյակի դռան մոտեցավ, Հաջի Քորոն հասել էր շեմքը և, առանց որևէ բան ասելու, ներս մտավ և կանգնեց Կյուրեղ աղայի առաջ։

Սպիտակ գլխով, սպիտակ և արդեն դեղնելու մոտ մորթով, նիհար, բարակ, նուրբ ձեռքերով, սև և թեթև յազման գլխին, հանգելու մոտ աչքերով, որոնց հեռավոր խորքերում կարծես ինչ-որ քաղցրություն է աճում, ձեռքերը ծալած սրտի վրա, կարկատաններով, բայց մաքուր ֆիսդանը (շրջազգեստ) հագին, գլուխն ուսին թեքած, խեղճ-խեղճ՝ Հաջի Քորոն կանգնեց իր փոքր եղբոր առաջ։

Հոգեառ հրեշտակն է մտեր տունս, ասաց Կյուրեղ աղան մտքում։

Պզտախպար, ոտքդ պագնիմ, մ՚էներ, մ՚ըլլիր, ամեն բան մոռցի՛ր, ան փարան տո՛ւր մինչև գերեզման ապրիմ, անոթի իմ, մեղք իմ։ Հաջի Քորոյի այս խոսքերից Հազարխան խաթունի աչքերը խոնավացան, որին ի տես՝ Կյուրեղ աղան աչքերը խոլոռտեց կնոջ վրա և՝

Ի՞նչ փարա, Հաջի Քորո, հարցրեց նա։

Պապուս (հայր) փարան, միրասի (ժառանգություն) իմ բաժինքը։

Դահա չե՞ս մոռցեր։

Մոռցեր էի, ամա հիմա գլխավոր չունիմ, կինե (դարձյալ) միտքս ընկավ։

Հազարխան խաթունը Կյուրեղ աղային պաղատելու մի փորձ արավ, բայց հանդիպեց նրա զազրելի, պղտոր, մթին աչքերին։

Տեղդ ծանտր նստե, քեզ ըլ սոխախը (փողոց) կնետիմ, սաստեց նա կնոջը։

Պզտախպար, ոտքդ պագնիմ, աղաչեց Հաջի Քորոն, որի քաղցածությունը իր ձայնի մեջ անգամ շեշտվում էր։

Փարա-մարա չիկա, ես ըլ խեղճ իմ, էսօր վաղը իմ չոջուխներս ըլ որբանոց կերթան, ընծի վո՞վ տ՚իտա։

Խեղճացած, գլուխը կախ, ողորմելի զոհի նման արտասանեց Կյուրեղ աղան այս խոսքերը և սկսեց քայլել դեպի դուռը։

Պզտախպա՛ր, ձայնեց Հաջի Քորոն նրա ետևից պաղատագին և հուսակտուր, քնծոր (իբր թե) պարտք չունիս, քորդ (քույր) իմ, խեղճ իմ, քանի մը ոսկի տուր ապրիմ, աստծու խոշին (դուր գալ, հաճո լինել) ըլ կուգա։

Հա՛, ադ ուրիշ բան է, պարտք չունիմ, ամա քորս ես՝ կօգնիմ, ադ ընդունակս է, ամա ես ըլ խեղճ իմ, էսօր որ գլուխս դնիմ գետինը, օղլուշաղս վլացք տենե, որ ապրի, ունենայի՝ կուտայի, մեկի տեղը տասը կուտայի։

Կյուրեղ աղան է՛լ չսպասեց և քայլեց ներքև։

Պզտախպա՛ր…

Ոչ մի պատասխան և ոչ մի շարժում։

Պզտախպա՛ր, անոթի իմ, կը մեռնիմ, միածին աստծո խաթեր համար։

Լռություն։

Պզտախպա՜ր… պզտախպա՜ր…

Կյուրեղ աղան վերջին սանդուխն էլ իջավ։

Հազարխան խաթունը բակում կտրեց ամուսնու առաջը, չոքեց և ասաց.

Լսե՛, մեյ մը խոսքերը լսե՛…

Հազարխան խաթունը բակում, հատակի վրա, Կյուրեղ աղան ականջները տնկած սենյակի դռան, խոր լռության և սարսափի մեջ լսեցին հետևյալ խոսքերը.

«Մինչև իրիկուն զռաս, բառչես ու անանկ մեռնիս… ոսկիներդ ժամուն դուռը թափես ու աստված ձայնդ չի լսե…

ծակծկիս ու անանկ տախտակին վրա ելլես… դոդախներդ (շրթունքներդ) իրարու քով չի գան, որ սատկելեդ առաջ չոջուխներդ պագնես… Տե՛ր, մանո՛ւկ Քրիստոս, մայրի՜կ աստվածածին…»։

Կյուրեղ աղան է՛լ չկարողացավ լսել, ոտը շարժեց, որ քայլի, Հազարխան խաթունը պլլվեց ոտներին։

Հրեշտակները ուսերուն վրա կայներ են, աստծո խաբար կը տանեն, մ՚էներ, պառավ մեսումին (խեղճ, անօգնական, որբ) փարան տո՛ւր։

Պարտք չունիմ, ունենամ ըլ՝ փարա չունիմ։

Ունիս, շա՛տ ունիս։

Մի՛ վռվռար։

Ունիս։

Չունիմ՝ ըսի։ սրտնեղեց Կյուրեղ աղան, շպրտեց կնոջը գետին, ազատեց ոտները և քայլեց։

Աս անխղճությունը քըզի չի մնար։

Մ՛ի հաչեր, սարսաղ կնիկ։

Հազարխան խաթունը վազեց վեր։

Հաջի Քորոն շարունակում էր անեծքը․ «Սատկի ու մեկը չըլլի, որ դագաղը վերցնե, դնեն արևի տակ, ղարղաներն (ագռավ) ուտեն մարմինը…»։

Հազարխան խաթունը աջ ձեռովը բռնեց Հաջի Քորոյի բերանը, ձախովը քաշեց պոկեց իր ճակատի ոսկիները, և, երկարելով մեռելի նման դժգունած պառավին, ասաց.

Մի՛ անիծեր, Հաջի՛ Քորո, ես քու ոտքիդ տակի հողն իմ, չոջուխներս մեղք են, ա՛ռ աս ոսկիները, դիր պարտքի տեղը, մի՛ անիծիր, ոտքդ պագնիմ։

Ես քու փարադ չեմ առներ, հա՛րսնուկ։

Իմս չէ, ախպորդ է, ան է տվեր, մեկ չէ՞, ա՛ռ։

Չէ՛, ինքը իր ձեռքով տ՚իտար։

Հազարխան խաթունը շատ պաղատեց, բայց Հաջի Քորոն անդրդվելի մնաց և չվերցրեց ոսկիները։ Հազարխան խաթունը բռնի ուժով ոսկիները դրեց նրա գրպանը, Հաջի Քորոն դուրս հանեց և նետեց մի կողմ։

Իմ մեկ ոտքս գերեզմանին մեջն է, մեկ ըլ՝ դուրսը, երկար չեմ ապրիր, երկու խազան ունիմ, կծախիմ, կուտիմ…

Հաջի Քորոն չկարողացավ շարունակել, հանկարծ փշրվեց

նրա բարկության պողպատը և հալվեց․․․ Պառավն սկսեց դառնորեն արտասվել։ Ո՛չ քսան տարի առաջ մեռած հոր համար և ո՛չ էլ մի քանի տարի առաջ մեռած ամուսնու և նրանից հետո մեռած մի հատիկ որդու համար այնպես այրող արցունքներ չէր թափել, որքան հիմա, այդ չարաբախտ առավոտը, երբ, չիմացավ ինչպես, որոշեց գալ փոքր եղբոր մոտ, որի տունը չէր մտել և երեսը չէր տեսել հորը մահվանից հետո, և պահանջել այն քառասուն և երկու ոսկին, որ իր արդար իրավունքն էր իբրև հայրական ժառանգ։

Հազարխան խաթունը, իբրև իր մեծ տալոջը հարգող և սիրող հարս, փաթաթվեց նրան, իր անկեղծ և դառն արցունքները խառնեց բարի պառավի տաք արցունքներին և ասաց․

Հաջի՛ Քորո, դուն ընծի լսե՛, ոսկիներս ա՛ռ, ախպորդ ինատին (ջիգրու) խարջե (ծախսե) ու կեր։

Չէ՜, օղո՛ւլ, չէ՛, անոր փարան բաբա (վերք, խոց) կըլլի փորիս մեջ, ես իմ պապուս փարան կուզեի, անկեղծորեն պատասխանեց Հաջի Քորոն։

Կյուրեղ աղայի երեխաները՝ տասը տարեկան Գրիգորը և տասն և չորս տարեկան Սրբունը, ապշահար և միաժամանակ դողահար, կանգնել էին պատի տակը և դիտում էին և ոչինչ չէին հասկանում։

Որքան որ Կյուրեղ աղան և Հաջի Քորոն իրար տուն չէին գնում-գալիս և իրար երես չէին տեսնում, բայց երեխաները գրեթե ամեն օր Հաջի Քորոյի տանն էին։ Հաջի Քորոն սիրում էր երեխաներին, թեև աղքատ և տխուր, բայց միշտ զվարթադեմ և շաքարեղենի մի կտոր գոգնոցի գրպանում, նրանց դիմավորում էր և գրկում, գգվում և կրծքին սեղմում։

Երբ Հաջի Քորոն նորից յազման քաշեց գլուխը և սկսեց գնալ, երեխաները նրա ետևից աղաղակեցին լացով և գուրգուրանքով.

Հաջի՛ Քորո, Հաջի՛ Քորո, կեցի՛ր, ո՞ւր կերթաս։

Հաջի Քորոն այս անգամ սիրտ չուներ որևէ ձայն լսելու, առանց ետևը դառնալու, գնաց երերուն, դողդոջ քայլերով և յազմայի տակ բուռ-բուռ արցունք թափելով։

Կյուրեղ աղան, խանութ չհասած, մտաբերեց ամբողջ անցյալը, Հայրը, Հաջի Սուքիաս աղան, մեռավ քսան տարի

առաջ՝ փոքրիկ ժառանգություն թողնելով իր մեկ հատիկ որդուն և մեկ հատիկ աղջկան։ Կյուրեղ աղան մտաբերեց, ամենափոքրիկ մանրամասնություններով, թե ի՜նչ միջոցներով կարողացավ իր քրոջ՝ Հաջի Քորոյի բաժինքը չտալ։ Այն ժամանակ Հաջի Քորոն ականջ չկախեց, որովհետև նրա արհեստավոր ամուսինը տունը լավ էր պահում, կարոտ չէր, այն ժամանակ Հաջի Քորոն արդեն տասն և վեց տարեկան տղա ուներ, կը մեծանար, բաբաիգիթ (կտրիճ) կը դառնար, մտածում էր Հաջի Քորոն, կապրեցներ իրեն, եթե մինչև անգամ ամուսինն էլ չլիներ, բայց մեռավ ամուսինը, մեռավ և նրա որդին, այժմ պառաված, մենակ և աղքատացած, չունենալով ոչ մի հույս ապրելու, եկել էր իր ոտը։

Անցյալի այս մտաբերությունը, սակայն ոչնչով չփափկացրեց Կյուրեղ աղայի սիրտը և մտքում կրկնեց․

Չպիտի տամ, զխքումս թո՛ղ առնե։

Կյուրեղ աղան դանդաղ քայլերով շարունակեց ճանապարհը դեպի խանութ։ Ճանապարհին որքան որ ջանաց մոռանալ կես ժամ առաջ տանը պատահած դեպքը, չկարողացավ։

Պարզ, ծանր և ուժգին բախումի նման՝ նրա հոգու դռանը զարնվում էին Հաջի Քորոյի խոսքերը՝ «Ծակծկիս ու անանկ տախտակին վրա ելլես»։

Հանդիպեց ծանոթների։

Բարի լո՛ս։

Բարի լո՛ս, Կյուրեղ աղա, ինտո՞ր ես։

Շա՜տ աղեկ, պատասխանեց Կյուրեղ աղան սովորականից ավելի բարձր և զվարթ տոնով, բայց ոչ միայն հետը խոսողին, այլև իրեն անգամ կեղծ թվաց այդ բարձր և զվարթ տոնը։

Դատդ ի՞նչ եղավ, հարցրեց Կյուրեղ աղան։

Է՜հ, կերանք՝ գնաց, պատասխանեց Սահակ աղան։

Կյուրեղ աղան գիտեր դատի էությունը։ Որքան որ դիմացինը հեշտությամբ, առանց խղճի ծանրության, թեթև սրտով ասաց թե՝ կերանք գնաց, Կյուրեղ աղան ինքը չկարողացավ հեշտությամբ և թեթևությամբ անդրադառնալ այդ հարցին, որովհետև այդ իսկ պահին նրա հոգու դռանն ավելի պարզ, ավելի ծանր և ուժգին զարնվեց Հաջի Քորոյի խոսքը՝ «Ծակծկիս ու անանկ տախտակին վրա ելլես…»։

Տայիր որ երթար, աղեկ չես ըրեր, նետեց Կյուրեղ աղան։

Հո՜, հո՜, ապշեց Սահակ աղան վա՜յ, ես քու սուրբ փեշերուդ մեռնիմ, խղճմտանքդ արթնցեր է… հեգնեց նա։

Հիմա ինադ կ՚ էնես, չես տար, ամա տարիներ չես մոռնար, անկեղծորեն ասաց Կյուրեղ աղան։

Այլևս խոսակցությունը չշարունակվեց, որովհետև Սահակ աղան, կարևորություն չտալով Կյուրեղ աղայի խոսքերին, շարունակեց ճանապարհն անվրդով։

Այդ հարցն էլ մոտավորապես Հաջի Քորոյի հարցի նման էր. Սահակ աղան հաջողել էր, հորեղբոր մահից հետո, թաքցնել նրա փողը և չտալ հորեղբոր որդուն։ Վերջինս դիմել էր դատարան և գործը տանուլ էր տվել։

«Երանի քսան տարի առաջ տված լինեի, վերջանար․․․» ասաց Կյուրեղ աղան մտքում։

Ճիշտն ասած՝ ինքը չէր ասում, այլ այն ուժգին և ծանր բախումը, որ զարնվում էր նրա հոգու դռանը և ասել տալիս։

Կյուրեղ աղան հասավ խանութ, բաց արավ դուռը և առաջին փեղկը բաց անելուց հետո, երբ խանութի ներքնակողմի մութը փախավ դրսից խուժող լույսի առաջ, ըստ սովորության խաչակնքեց և նորից հիշեց Հաջի Քորոյի խոսքը, կարծես կողքին կանգնած՝ ականջին շշնջաց՝ «Ծակծկիս ու անանկ տախտակին ելլես»։

Վերջին փեղկը հազիվ էր բաց արել, երբ ներս մտավ Վերի թաղի քահանան։

Աստված օրշնե, Կյուրե՛ղ աղա։

Օրշնյա ի տեր, Տեր Պապա, պատասխանեց Կյուրեղ աղան շրթունքների թեթև դողդոջով և մտքում ասաց, հեչ մարդ չիկար, աս սև սատանա՞ն սիֆթա տ՚էներ։

Կյուրեղ աղա, քանի մի հատ խայֆեի ֆինջան կուզիմ։

Քեֆիդ ուզածն ա՛ռ, Տեր Պապա, քանի՞ հատ կուզես։

Տեսնա՜նք, երկու հատ, իրեք հատ…

Երբ քահանան զգաց, որ Կյուրեղ աղան մտադիր է իրենից փող չվերցնել, վեց հատ ջոկեց։

Կյուրեղ աղան էլ, իր կարգին, գլխի ընկավ, որ եթե ձրի չլիներ, վեց հատ չպիտի վերցներ, մտքում ասաց․ «Ես գլխու վրա եկող չիմ»։ Եվ քահանային դառնալով, ասաց.

Ան իրեք հատին փարան չիմ առնիր, քըզի հեդիյե, ամա մեկալներուն համար կը վճարես, Տե՛ր Պապա։

Շա՛տ աղեկ, շա՛տ աղեկ, Կյուրեղ աղա, եթե կուզես, վեցիս համար ըլ կը վճարիմ։

Չէ՜, ես ըսի՝ քըզի հեդիյե։

Քահանան չէր ուզում ոչ մի վճարում անել, բայց էլ չէր կարող հրաժարվել, ծուղակն ընկել էր, ուստի վճարեց և գնաց։

Կյուրեղ աղան, քահանայի գնալուց հետո, քթի տակ թեթև ծիծաղեց, որովհետև նա երեք գավաթի համար այնպիսի գին էր վերցրել, որ եթե քահանան վեցի համար նորմալ գինը վճարեր, ավելի էժան կը լիներ։

Կյուրեղ աղան մի քիչ սպասեց և, տեսնելով, որ հաճախորդ չկա, սկսեց պնակների, շշերի, բաժակների, հայելիների փոշին սրբել։

Փոշիները սրբելու ընթացքում մի քանի անգամ հիշեց Հաջի Քորոյի խոսքերը, բայց վերջին անգամ լսեց բարձրաձայն։ Այդ վերջին անգամվա հիշողության հետ միասին, հանկա՜րծ, մի խոշոր լամպ ընկավ գետնին և փշրվեց․․․

Կյուրեղ աղան ցնցվեց, սիրտը տաք ու սառը արավ։

Նա լամպից հեռու էր, հիշեց նաև, որ այդ լամպին ձեռք չտվեց, դեռ այդ կողմը չէր գնացել։ Ուրեմն ընկել էր ինքնիրեն։

Կյուրեղ աղան սարսափեց, բայց միաժամանակ կարողացավ զսպել իրեն, խոշոր քիթը կախելով առատ, ամբողջ բերանը ծածկող բեղերի վրա։

Այո՛, լամպի ընկնելու պահին Հաջի Քորոն ասում էր՝ «Ծակծկիս ու անանկ տախտակի վրա ելլես»։

Եվ ահա նորից է կրկնվում նույն անեծքը։

Առավոտվա սարսուռը, ավելի և ավելի ցուրտ, կտրատեց նրա ողջ մարմինը։ Փորձեց շարունակել փոշին սրբելը, բայց այս անգամ, ձեռքերի դողդողալուց, մի քանի բան էլ ինքը կոտրեց։

Կյուրե՛ղ աղա, չորբայի համար խորունկ քերսի (պնակ) ունի՞ս, լսվեց մի ձայն խանութի շեմքից։

Կյուրեղ աղան կես մեջքով ետև դարձավ և հազիվ կարողացավ ձեռքով նշան անել, թե՝ չկա։

Հաճախորդը, արդեն միայն նրա դեմքը տեսնելով, սարսափեց և շարունակեց ճանապարհը դեպի կողքի խանութը։

Կյուրեղ աղան, դեպի իր սեղանը քայլելիս, անցավ մեծ հայելու առաջից և, ըստ սովորության, նայեց մեջը։ Նայելիս մի ուրիշ տեսակ սարսափ պատեց նրան։ Ընդոստ ետև դարձավ։ Ոչ ոք չկար ետևում։ Նա համոզված էր, որ խանութում մի անծանոթ մարդ կա, եթե ոչ՝ ո՛վ էր այն մարդը, որին նա տեսավ հայելու մեջ։

Նորից նայեց։ Էլի՛։

Արդյոք ի՞նքն էր։ Ո՛չ, բայց հագուստն իր հագուստն էր ժամացույցի շղթան, մետաքսյա ծաղկավոր ժիլեն, գծավոր շապիկը, ձեռին փոշու ջնջոցը՝ բոլորն իրենն էին, բայց այդ ո՞ւմ դեմքն էր, ո՞ւմ գլուխը, որ եկել էր և խառնվելով իր հագուստներին, տնկվել էր ուսերի վրա։

Փորձեց ծիծաղել։ Այլանդակ մի դեմք։

Շտապով հասավ իր սեղանը, ջնջոցը նետեց, գլուխն առավ ձեռքերի մեջ, արմուկները հենեց սեղանին։

Ամբողջ մարմնով դողում էր։ Փակեց աչքերը և լսեց այս անգամ մի ուրիշ ձայն. «Կյուրե՛ղ, օղլո՛ւմ, Հաջի Քորոյիդ աղե՛կ նայիր, քո՛րդ է, յավրո՜ւմ․․․»։

Հորը ձայնն էր, այնքան մոտիկ, այնքան իրական և կենդանի…

Կյուրեղ աղան ոտի կանգնեց։ Հակառակ գարնանավերջի օրերին՝ մրսում էր, օձիքը դարձրեց և փակեց կուրծքը։

Բարի լո՜ս, Կյուրեղ աղա, ներս ընկնելով ասաց հարևան խանութպանը։

Կյուրեղ աղան չպատասխանեց։ Նա կծկվել էր ժակետի մեջ և դողում էր։

Ի՞նչ կա, ի՞նչ չիկա, շարունակեց հարևան խանութպանը։

Կյուրեղ աղան այս անգամ ուզեց խոսել, բայց երբ փորձեց բերանը բանալ, ատամները կափկափեցին։ Թողեց օձիքը և բռնեց ծնոտը։ Ատամները, կանոնավոր ռիթմով, խփվում էին իրար և չխկչխկում։

Ամա՜ն, Կյուրեղ աղա, ի՞նչ կըլլիս։

Դոողցուուուցիիի… հազիվ կարողացավ արտասանել Կյուրեղ աղան։

Հարևան խանութպանն ավելի մոտեցավ։

Կյուրեղ աղայի դեմքը բոլորովին փոխվել էր, կարծես կիրով էին ծեփել, դողում էր ամբողջ մարմնով, և ատամները չխկչխկում էին։

Աս ի՞նչ է, Կյուրեղ աղա, գոնը երեսեդ գացեր է, ասաց հարևան խանութպանը։

Մարմինս հլոս-հլոս ( փշուր-փշուր) կըլլի։

Կնկանդ բան մի ըրեր ես…

Ի՞նչ տ՚էնիմ, ջանըմ, շախայի (կատակ) վախըտ չէ։

Շախա չեմ ըներ, ծեծե՞լ-մեծե՞լ…

Չէ՜, ջանըմ, ծեծելու գա՝ Հազարխանն ընծիս կը ծեծե․․․

Դողն ավելի սաստկացավ։ Ծնոտը գործում էր ընդհանուր մարմնի համակարգությունից անկախ։

Բավական լռությունից հետո Կյուրեղ աղան կմկմաց․

Ըըընծիիիս տուուն տաարեեեք…

Հարևան խանութպանն անմիջապես ֆայտոն բերեց։

Տուն վերադառնալիս, ֆայտոնից նա տեսավ մի մարդ, որ կռացած, փայտը ձեռին, հազիվ ոտները քաշ էր տալիս իր ետևից։

«Աստված խզմիշ (կատաղել, բարկանալ) է եղեր, ասաց Կյուրեղ աղան իր մտքում, քանի տարի էր չէի տեսեր ադ փեզեվենկը…»։ Կռացած մարդն այն մարդն էր, որից Կյուրեղ աղան փող էր յուրացրել, և մարդը, չկարողանալով հաստատել, կաթված էր ստացել. Կյուրեղ աղան կարծում էր, որ մարդը դեռ անկողնումն էր։ Իսկապես խեղճ մարդն առաջին անգամն էր, որ դուրս էր եկել անկողնից և հանդիպեց Կյուրեղ աղային։

Հասավ տուն։

Հարևան խանութպանը և կառապանը գրեթե շալակելով նրան վեր տարան։

Երբ Հազարխան խաթունը տեսավ, որ ամուսնուն շալակելով ներս են բերում, բացականչեց.

Վա՜յ, քոռանամ, Հաջի՛ Քորո, աստված ձայնդ լսեց․․․

Կյուրեղ աղային հասցրին սենյակ։

Հազարխա՛ն, յաթաղս (անկողին) բաց, արաղ բեր, դողդողացրեց Կյուրեղ աղան։

Արաղն իրար ետևից քաշեց և փաթաթվեց վերմակում։

Քիրամիդ տաքցուր, չաբո՛ւխ (շուտ)․․․

Մինչև Հազարխան խաթունը կղմինդր տաքացրեց և բերեց, Կյուրեղ աղան ամբողջովին քրտինքի մեջ էր։ Կինը ձեռքը տարավ ամուսնու ճակատին սառը քրտինք։

Մահվան թասա է (քրտինք), կմկմաց Կյուրեղ աղան։

Կինը տաք կղմինդրը դրեց ոտին։

Մեջքի՛ս դիր, ասաց Կյուրեղ աղան։

Քա՜, ի՞նչ եղավ քըզի։

Ի՞նչ տ՚ըլլի, անեծք է։

Վա՜յ, Հաջի Քորո, ինտո՞՚ր բերանդ բացիր։

Հազարխա՛ն, մտի՛ կ ըրե, չաբուխ աս իթսուն ոսկին Սրբուհին հետ Հաջի Քորոյին ղրկե՛, թող ըսե քի՝ ես քեզ մեղա՜…

Առտուն տայիր, ասպես չէր ըլլի․․․

Հա՜, շիտակ ես, զիբիլ կերա…

Հազարխան խաթունն անմիջապես հիսուն ոսկին վազցրեց Հաջի Քորոյին։

Ոսկիները կուտաս ու կըսես քի․․․

Ո՛չ միայն Կյուրեղ աղայի ասածը կրկնեց, այլ մի շարք բաներ էլ ավելացրեց իր կողմից։

Սրբունը թռավ։

Հազարխան խաթունը վազեց վեր, աստիճանների վրա կրկնելով՝ «Տե՛ր, չհիշես, առտուն արինը երեսը քսեր էր, Տե՛ր, չհիշես, Միածի՛ն Աստված»։

Երբ սենյակ մտավ, Հազարխան խաթունը տակավին կրկնում էր՝ «Տե՛ր, չհիշես»։

Կյուրեղ աղան լսեց։

Հա՜, հա՜ չհիշես, տե՛ր… աղջի՛, սի՜րտս… սիրտս դուրս կը թափի։

Քա՜, ի՞նչ եղար։

Հազարխա՛ն, ճեպես (գրպան) կացցային բալլին վերցո՛ւր ու բաց՝ տեսնամ հլա։

Հազարխան խաթունը մոտեցավ կասսին։

Առաջիհ անգամն էր, որ այդ երկաթե արկղի բանալուն ձեռք էր տալիս Հազարխանը և բաց էր անում։ Կյուրեղ աղան, կասսը բաց անելիս, մինչև անգամ չէր թողնում, որ իր կինը

նայի մեջը։ Պատահեց մի անգամ, որ կինը ոտները կախ գցեր մեջը նայելու համար, Կյուրեղ աղան բարկացավ.

Մեջը ճիվե՞րս (սրունքներս) կա որ տեսնես, տեսնա՞լ կուզես, հը՛, տե՛ս, գոռաց Կյուրեղ աղան և դարձրեց քամակը։

Հազարխան խաթունը չէր իմ անում, թե ամուսինն ինչքան հարստություն ուներ, առաջին անգամ տեսնում էր ոսկիները, մեջիդիեներր, մահմուդիեները իրար վրա դարսած փոքրիկ սյուների պես, այնպես որ չկարողացավ իր զարմանքը զսպել և բացականշեց,

Քա՜…

Աղջի՜, հարուր ոսկի վերցուր ու էն շանը ղրկե, էն ըլ թո՛ղ ըսե քի՝ ես քեզ մեղա՜․․․

Կարիք չկար հարցնելու թե ով էր «էն շունը», Հազարխան խաթունը գիտեր։ «Էն շունը» այն կռացած մարդն էր, որին տեսավ Կյուրեղ աղան կառքով տուն վերադառնալիս։

Սրբունը Հաջի Քորոյենց գնաց, թո՛ղ գա, ղրկեմ, ասաց կինը։

Հա՛, աղեկ, գալուն պես վազցո՛ւր։

Աղեկ, աղեկ։

Աղջի՛, նորից սկսեց Կյուրեղ աղան տնքոց հանելով, աջալս (օրհաս) մոտիկցեր է։

Այդպես բաներ մ՚ըսեր։

Չըսելով չըլլիր, տի սատկիմ։

Սրբունը ետ եկավ։

Տարի՞ր։

Տարա։

Ի՞նչ ըսավ։

Ըսավ քի՝ էդ փարան տա՛ր, պատանքի, թաղման պետք կըլլի․․․ ասաց Սրբունը։

Ու՜յ, բերանզ չորնա, ան ըսավ, դո՞ւն ինչու կըսես, բարկացավ Հազարխան խաթունը։

Աղջի՛, չոջուխին մի՛ հերսոտիր (չարանալ, բարկանալ), չաբուխ էն շանը փարան ղրկե, ոսկիներս հլոս-հլոս կըլլին…

Հազարխան խաթունր նորից վազցրեց Սրբունին։ Ներքևում, դռնից, կանչեց նրա ետևից.

Սրբո՛ւն, չտնտնաս, շո՛ւտ եկո։

Մինչև Հազարխան խաթունը վեր բարձրացավ, գրեթե չճանաչեց ամուսնուն, բոլորովին այլակերպվել էր։

Պատա՜նք…թաղո՜ւմ…, կրկնում էր Կյուրեղ աղան անընդհատ և չխկչխկացնում ատամները։

Էս ի՜նչ բան էր եկավ մեր գլխուն, Տե՛ր Աստված…, կրկնում էր Հազարխան խաթունը։

Պատա՜նք…թաղո՜ւմ… անկջովդ լսեցիր, չէ՞։

Հազարխան խաթունը չպատասխանեց, որովհետև նա տարված էր իր ամուսնու կերպարանքով, երեսի գույնը ամեն րոպե փոխվում էր, աչքերն ավելի փաթլախցան (ուռչել) և դուրս ընկան, կոպերի կարմիրը բացվեց։

Բա՜, ի՞նչ կրլլիս, հեքիմ բերիմ։

Հեքիմի բան չէ, տի սատկիմ։

Մի պահ ապշահար երևույթից հետո՝ Կյուրեղ աղան ուժեղ ցնցվեց, աչքերը հառեց մի կետի և սկսեց անթարթ նայել։ Նրա աչքերում գնալով խորանում էր ահը։

Ի՞նչ կը տեսնաս, վո՞վ կը տեսնաս, հարցրեց Հազարխան խաթունը։

Էն եթիմն ի՞նչ գործ ունի հոս։

Ո՞ր եթիմը։

Աբգարին եթիմը։

Աբգարի՞ն։

Չե՞ս տեսնար, դեմս տնկվեր է։ Ծո, ի՞նչ կուզես։

Լռություն։

Սարսափ։

Կյուրեղ աղան, ահաբեկված աչքերով և կափկափող ծնոտով, կրկնեց.

Ծո՛, ի՞նչ կուզես, ըսե՛, տամ՝ խալըսիմ։

Կերևա էն ութը ոսկին կուզե, հիշեցրեց Հազարխան խաթունը։

Հա՜, միտքս ընկավ, ղրկե՛, աղջի՛, թող ըսե՝ ես քեզ մեղա՜…

Էն վախտը ըսի քի՝ եթիմին փարան մ՚ուտեր։

Կերա՜, զիբիլ ուտեի, կերա՜, բղավեց Կյուրեղ աղան և խփեց ծնկներին։

Քիչ անց՝ Կյուրեղ աղան, էլի ցնցվելով, սարսափած աչքերն ուղղեց մի կետի։

Հա՛ջ աղա, ես քեզ մեղա՜, ես քեզ մեղա՜, Հա՛ջ աղա, ես ըրի, դուն մ՚էներ։

Կյուրեղ աղան ուղղակի բառաչում էր, ինչպես մորթվող կովը։

Հազարխան խաթունը «Հաջ աղա» անունը լսելիս անմիջապես գլխի ընկավ, թե ո՛ւմ էր ակնարկում։

Հա՛ջ աղա, փարադ որո՞ւ տամ, աղաչում էր Կյուրեղ աղան։

Մորքրոջ աղջիկ մի ունի, էնոր տանք, առաջարկեց Հազարխան խաթունը, որի ձայնը ևս սկսեց կերկերալ։

Հա՛ջ աղա, ո՛տքդ պագնիմ…

Հաջի աղան եղել էր մի ծերունի մարդ, որի 70 ոսկին Կյուրեղ աղայի մոտ էր մնացել, երբ ծերունին հանկարծակի վախճանվել էր։ Կյուրեղ աղան ձայն-ձուն չէր հանել, ո՛չ ոքին չէր ասել, և երբ դպրոցի հոգաբարձության մի անդամը նրան ասել էր, թե՝ լսել է, որ այդպիսի մի գումար մնացել է մոտը, լավ կը լինի հատկացնի «ի պետս դպրոցաց», Կյուրեղ աղան երդում արել էր, որ այդպիսի գումար չկա մոտը։

Ճիշտ է, էդ փարան քովս էր, ամա մահվանից առաջ լուսահոգին ուզեց, տվի, կոտրտվիմ, հլոս-հլոս ըլլիմ քի՝ էդ փարան քովս է, ասել էր Կյուրեղ աղան։

Հա՛ջ աղա, ժամուն կուտամ, էս իրկուն կը ղրկիմ, խոսում էր Կյուրեղ աղան, դեմը քարի նման կանգնած տեսիլքին։

Հազարխա՛ն, կասսայեն հարյուր ոսկի վերցո՛ւր, ղրկե՛ Տեր Համբարձումին, թող բաժնե տնանկ աղքատներուն, ընծի համար ըլ պատարագ թող ընե։

Քա՜, ինչո՞ւ Վերի թաղի տերտերին, մե՛ր տերտերին կը ղրկեմ։

Չէ՛, Հազարխան, չէ՛, ես բան մը գիտեմ, որ կըսիմ, առտուն Տեր Համբարձումը խանութս եկավ քնծոր իրեք հատ ֆինջան հեդիյե տվի, ամա մեկալ իրեքի համար էնքան փարա առի, որ… ա՛լ մի՛ հարցներ… մեղքերս շատ են։ Տեր Համբարձումին ղրկե, կեսը ի՛նքը կուտե, կեսն ըլ ուրիշին կուտա, մեղքերուս տեղը կուգա։

Քա՜, տերտերի՞ն ըլ խաբեցիր։

Ա՛լ մի հարցներ, ա՛լ մի հարցներ, մեղքերս շատ են, շա՜տ են, շա՜տ են…

Հազարխան խաթունը հարյուր ոսկի համրեց և լցրեց գոգնոցին գրպանը։

Սրբունը վերադարձավ։

Տարի՞ր։

Տարա։

Ի՞նչ ըսավ։

Ըսավ քի՝ սատկելը եկեր է, որ փարան ղրկեց,― ասաց Սրբունը։

Վո՞վ ըսավ։

Կնիկը։

Վա՜յ, փաչավըռա (կեղտոտ ցնցոտի, ջնջոց), վա՜յ…

Հազարխան խաթունը մտածեց, որ այդ բոլորը դատարկ բաներ են, զուր տեղը բոլոր դրամները պիտի գնան, եթե Հաջի Քորոն գա, անեծքը ետ վերցնի, ամեն ինչ լավ կը լինի, ուստի առաջարկեց ամուսնուն․

Սրբունը թող երթա, նորեն Հաջի Քորոն կանչե, աստված էնոր ձայնը կը լսե։

Թո՛ղ երթա, թո՛ղ երթա, թող ըսե՝ ես քեզ մեղա՜…

Սրբունը թռա՜վ։

Մի պահ հանգստություն տիրեց. Հազարխան խաթունը վայրկենական աշխուժացավ, վազեց, փոքրիկ մանկան գրկեց և բերեց ամուսնու առաջը։

Տե՛ս, Գ՛րիգորը, տե ս, հովացի՛ր։

Հա՛, Գրիգոր, յավրում, գիտե՞ս, պապդ գող է։

Էդպես բաներ մ՚ ըսեր չոջուխին։

Թո՛ղ գիտենա։ Ազգի՛, ես պզտիկ գող չիմ, մենծ գող իմ, մեն՜ծ։

Հանկարծ Կյուրեղ աղան վեր թռավ։ Հազարխան խաթունը երեխային փախցրեց։ Կյուրեղ աղան ոչ մարդկային մի ձայն արձակեց և սկսեց բղավել.

Տե՛ս, տե՛ս, տե՜ս…

Վո՞վ է, վո՞վ է։

Պապս է, մեռած օրվան պես, Հաջի Քորոն գրկած՝ ներս բերեց։

Վո՜ւյ, քոռանամ․․․

Կարծես տունը շուռ եկավ Հազարխան խաթունի գլխի վրա։ Կյուրեղ աղան սարսափից վերմակը քաշեց գլուխը։ Վերմակի տակից լսվում էր նրա անասնական հռնդյունը, բայց երկար չկարողացավ մնալ վերմակի տակը, բաց արավ, կանգնեց, ուզում էր փախչել սենյակից, բայց հազիվ մի քայլ փորձեց, ամբողջ հասակով ընկավ հատակին։

Չա՛ր սատանա, էս ի՞նչ բան եղավ, ճչաց Հազարխան խաթունը և փորձեց բարձրացնել և պառկեցնել անկողնում, բայց մինչև անգամ մի թևը չկարողացավ շարժել, ծանրացել և կապարացել էր։

Ահաբեկված վազեց դուրս։

Եկե՜ք, եկե՜ք, շուտ հասե՜ք, Կյուրեղ աղաս ափուցս կերթա…

Հազարխան խաթունը հարևաններին էր կանչում։

Հարևաններր եկան, վերցրին Կյուրեղ աղային և պառկեցրին անկողնում։

Կամաց-կամաց Կյուրեղ աղան աչքերը բաց արավ և սկսեց նայել բոլորին անթարթ, սառած, կես-ահաբեկված և կես-ապուշացած աչքերով։

Քա՛, ի՞նչ է եղեր, հարցրեց հարևանուհի Սըրմա խաթունը։

Չեմ գիտեր, առտուն Հաջի Քորոն հոս էր, քիչ մի առին-տվին, էսպես եղավ։

Դոկտոր բերի՞ք, հարցրեց Ավետիս էֆենդին։

Չէ՛, դոկտոր չեմ ուզեր, լեզուն բաց արավ Կյուրեղ աղան, մեղքերի համար դոկտորն ի՞նչ պիտի ընե։

Կյուրե՛ղ աղա, քիչ մը դուն քեզ բռնե։

Չեմ կրնար, մեղքերս շա՜տ են, Ավետիս էֆենդի, էնքան տուն իմ մրեղեր, որ հեսաբը չի կա…

Կյուրեղ աղան նորից ահաբեկված սկսեց մի կետի հառել։

Հազարխան խաթունը, ձեռքերը ջղաձգորեն իրար շփելով, շշնջաց հարևաններին․

Եկա՜ն…

Վո՞վ։

Եսի՞մ, դեմը մարդիկ կուգան, կինե եկա՜ն…

Կյուրեղ աղան սկսեց բառաչել։ Հարևանները սարսափեցին։

Պարո՛ն Թորոս, փարայիդ կեսը Սարգիս աղային քովն է, բոլորը ես չի կերա, ես քեզ մեղա՜…

Պարոն Թորոսը մի քանի տարի առաջ թաղային վարժարանում ուսուցիչ էր եղել, չորս ամիս հիվանդ էր պառկել, դպոց չէր հաճախել, և Կյուրեղ աղան և Սարգիս աղան, իբրև թաղային վարժարանի հոգաբարձուներ, որոշել էին ամսականները չտալ և իրենց մեջ բաժանել։

Տե՛ս, տե՛ս ի՞նչ կընե, բերանը կը ծռմռտե, պարո՛ն Թորոս, ոտքդ պագնիմ, փարադ տամ՝ գնա՛… աղաչում էր Կյուրեղ աղան։

Բայց, ըստ երևույթին, պարոն Թորոսը չէր հեռանում, կանգնել էր Կյուրեղ աղայի դիմացը և, բերանը ծամածռելով, ծաղր էր գցում նրան։ Կյուրեղ աղայի երևակայությունը բոցավառվել էր, նրա հիշողության ամենամութ ծալքերի տակից բարձրանում էին դեմքեր, որոնց վաղուց մոռացել էր, բայց ահա բոլորն էլ կենդանի, այնպես, ինչպես իրականության մեջ, ներս էին մտնում, գալիս, համառորեն, անդրդվելի և սառած ցցվում էին նրա մտքի էկրանի առաջ։

Սրբունը նորից ետ եկավ, բայց այս անգամ չմոտեցավ հորը, կանգնեց պատի տակ և խուսափեց որևէ բան ասելուց։

Կյուրեղ աղան, սակայն, տեսավ նրան։

Աղջի՛, Սրբո՛ւն, քովս եկո։

Սրբունը վախվխելով մոտեցավ։

Գացի՞ր Հաջի Քորոյենց։

Գացի։

Ի՞նչ ըսավ։

Ըսավ՝ չեմ գար։

Չէ՛, սուտ կը խոսիս, շիտակն ըսե՛։

Սրբունը խրատվել էր և համառեց,

Ըսավ՝ չեմ գար։

Կյուրեղ աղան այս անգամ այնպես բղավեց, որ բոլորն էլ ցնցվեցին։

Շիտակն ըսե՛, շա՛ն աղջիկ։

Հազարխան խաթունը գրկեց Սրբունին, շոյեց և ասաց,

Ըսե՛, ըսե՛, զարար (վնաս) չունի, ըսե՛։

Սրբունը լացակումած ասաց.

Ըսավ քի՝ եբոր սատկի, խաբար տվեք, գամ թաղիմ։

Վա՜յ, քոռանա՜մ…

Վա՜յ, խալթա՛ղ (փողոցային, պոռնիկ), վա՜յ, բացականչեց Կյուրեղ աղան։

Կյուրեղ աղան սկսեց գալարվել, այրում էր նրա խղճմտանքը։

― Վա՜յ, վա՜յ, վա՜յ…

Հարևանները բռնեցին նրան, որպեսզի հանգստանա։

Կյուրե՛ղ աղա, հեչ կտրիճ չես եղեր, ասաց Ավետիս էֆենդին։

Կյուրեղ աղան սկսեց սիրտը թափել, վերմակը և ողջ անկողինը կեղտոտվեց մաղձային փորամիջով։

Կը խեղդվի՜մ, կը խեղդվի՜մ…

Հեքիմի վազեցե՛ք, ճչաց Հազարխան խաթունը։

Չէ՛, հեքիմ պետք չէ, մեղքերս թեթևցուցեք, ալ բան չեմ ուզեր, մեղքե՜րս… մեղքե՜րս…

Դոկտորը դեղ մը կուտա, կանցնի, Կյուրեղ աղա, միջնորդեց Ավետիս էֆենդին։

Չէ՛, Ավետիս էֆենդի, չէ՛, ես գիտեմ գլխուս ի՛նչ եկավ, մեղավոր իմ, մենծ ախպարս, գող իմ, մենծ գող իմ, հեքիմն ի՞նչ տ՝էնե։

Քիչ մը հիվընդցեր ես, էդպես կըսես, ասաց Ավետիս էֆենդին մի բան ասած լինելու համար։

Կյուրեղ աղան դարձավ Հազարխանին.

Հազարխա՛ն, ազգի՛, կացցային բոլոր փարան սոխախը թափե, թող աղքատները կշտանան, հոգիս ազատվի… Տե՛ս, տե՛ս, եկա՜վ, եկա՜վ, եկա՜վ… Ծո՛, դուն էնդի աշխարհն էիր գացեր, ինտո՝ր եղավ, որ եկար, ինչո՞ւ եկար… հա՛, ընդունակս է, ես կերա, լեզուս կտրեն քի սուտ խոսամ, ես կերա, հիմա երկու անգամը տամ, յախաս թող։ Հազարխա՛ն, Հաղարխա՜ն, քառսուն ոսկի տուր ընծի, չաբուխ, հիմա վզիս կը չոքի․․․

Հազարխան խաթունն անմիջապես ավելի-պակաս քառսուն ոսկին հասցրեց ամուսնուն, որը հափշտակելով փողը, ափի մեջ կշռելու պես մի շարժում արավ և, հանկարծ, ամբողջ փողը շպրտեց օդի մեջ և բղավեց.

Ես իմ ձեռքովը կուտամ, քսան ոսկու տեղ՝ քառսուն ոսկի կուտամ, առ ու գնա՛…

Ներկաներն ահաբեկվեցին։

Կյուրեղ աղան խոսում էր ինչ որ դեմը կեցած մի կենդանի մարդու հետ, որին, իհարկե, ո՛չ ոք չէր տեսնում։

Ավետիս էֆենդի, քովս եկո՛, խնդրեց Կյուրեղ աղան։

Ավետիս էֆենդին մոտեցավ և նստեց Կյուրեղ աղայի անկողնի պռնկին։

Ավետիս էֆենդի, սկսեց Կյուրեղ աղան, աջալս մոտիկցեր է, տի սատկիմ, աս գիշեր չեմ հաներ, ինչ որ ըրեր իմ, ես պատմիմ, դուն լսե, բալքի ըսելով մեղքերս թեթևնան։

Կարճ լռություն։

Եբոր պապս մեռավ, վերսկսեց Կյուրեղ աղան, միրասը (ունեցվածքը, ժառանգությունը) բաժնեցինք, Հաջի Քորոյին քառսուն երկու ոսկի ընկավ, էդ փարան, շիտակը՝ չտվի։ Ըսե ինչո՞ւ։

Ինչո՞ւ, Կյուրեղ աղա։

Էֆենդիմ, պապս Հաջի Քորոյիս մատնի էր տվեր, մահմուդի էր տվեր, ի՞նչ գիտեմ, շատ բաներ էր տվեր, ըսի քի՝ էդ առածներըդ բեր, միրասին մեջ խառնենք, էնպես բաժնենք, էս աղջիկը քի՝ չէ, չէ ու չէ, ես էլ ինադ ընկա, էդպես մնաց, նե ինքն ուզեց վերջը, նե ես ըլ տվի, հիմա եկեր է, քի՝ տո՛ւր, չտվի։ Անիծե՜ց… անիծե՜ց… ամա ինչպե՜ս անիծեց…

Կյուրեղ աղայի աչքերը նորից սարսափ զգեցան անեծքի հիշողությունից, նրա ականջին պարզ, որոշակի հնչեց պառավի ձայնը՝ «Ծակծկվիս ու անանկ տախտակին վրա ելլես»։

Շիտակն ըսիմ, Կյուրեղ աղա, համարձակվեց Ավետիս էֆենդին, - ինչ որ պապդ իր ողջությանն աղջկան տվեր էր, միրասին մեջ չի մտնի։

Շիտակն ես, ատոր համար է, որ հիմա կը վառիմ…

Ապա Կյուրեղ աղան շարունակեց պատմել իր արածները խորագույն անկեղծությամբ կողոպտել էր ամեն տեսակի մարդկանց, անօգնական, կռնակ չունեցող մարդկանց, անխղճորեն, առանց մի վայրկյան իրեն հաշիվ տալու, պլոկել էր որբերի, այրիների, ծերունիների, չէր պատահել մի մշակ, որի հախը կերած չլիներ։

Ինչքան պատմում էր, կարծես այնքան թեթևանում էր, ուստի սկսեց ավելի մանրամասնությամբ պատմել։

Հազարխան խաթունին դուր չեկավ ամուսնու անկեղծությունը։

Հերի՛ք է պատմես, ասաց նա, սրտիդ աղեկ չէ։

Կյուրեղ աղան զայրացկոտ աչքերը ման ածեց կնոջ վրա։

Թող պատմե, Հազարխան խաթուն, ֆերահլամիշ (զովանալ, հովանալ) կըլլի, միջամտեց Ավետիս էֆենդին։

Բերանդ պագնիմ, շիտակ է, ֆերահլամիշ կըլլիմ, դարձավ Կյուրեղ աղան Ավետիս էֆենդիին և շարունակեց. Պատվական դրացիիս ըսեմ՝ Աբգարր կար, կը հիշե՞ս, Կուզին տղան։

Հա՛, ինչպե՞ս չէ, աղեկ կը հիշիմ։

Էդ սարսախը եբոր մեռավ՝ խանութիս մեջ դերի (մորթի) թողուցեր էր, ծախեցի, ութը ոսկի բռնեց, ալ եթիմին չտվի…

Երբ Կյուրեղ աղան եթիմի խոսքն արավ, Ավետիս էֆենդին սկսեց վատ զգալ։

…Եթիմը չէր գիտեր, թե իմ քովս դերի կա, քանի անգամ որոշեցի տամ, սատանան ձեռքս բռնեց…

Ավետիս էֆենդին ջուր ուզեց, բռնեց ճակատը, կարծես տաքություն ուներ։

…Գիշերր կորոշեի տամ, առտվուն սատանան դեմս կտնկվեր, ձեռքս կբռներ, չէր թողուր ու չէր թողուր։

Ավետիս էֆենդին ջուրը խմեց, բայց ոչ մի ազդեցություն չարավ։

Ներկաները նշմարեցին նրա տանջանքը։

Քա՜, դո՞ւն ինչ եղար, Ավետիս էֆենդի, հարցրեց Հազարխան խաթունը։

Ավետիս էֆենդին ոչինչ չպատասխանեց։

Նրա առաջ էլ, հին հուշերի մթին խորությունից, բարձրացավ և կանգնեց մի որբ, կենդանի և պայծառ, մի որբ, գլխիկոր և խեղճ, որի արդար իրավունքը կուլ էր տվել ինքը՝ Ավետիս էֆենդին։

Կյուրեղ աղա, Հազարխան խաթունը շիտակ է, սրտիդ աղեկ չէ, հերիք է պատմես, ամեն մարդ ըլ իր կենաց օրերուն մեջ պզտիկ-մզտիկ անարդարություններ ըրեր է, ասաց Ավետիս էֆենդին։

Չ՛է, Ավետիս էֆենդի, չէ՛, իմ ըրածները պզտիկ չեն, պատասխանեց Կյուրեղ աղան և սկսեց աղաղակել.

― Եկա՜վ, եկա՜վ, կինե (նորից) եկավ…

Վո՞վ եկավ, հարցրեց կինը ձեռքը բռնելով։

Աբգարին եթիմը եկավ…

Ավետիս էֆենդին, ահաբեկված, գրեթե լեղապատառ, մեկ երկու անգամ սայթաքելով տախտակամածի վրա, հազիվ կարողացավ իրեն դուրս գցել։

Հազարխա՛ն, սատկի՛ս դուն, կերևա ութը ոսկին լղրկեցիր… բղավեց Կյուրեղ աղան։

Հազարխան խաթունն էլ վախեցավ և ցնցվեց, իսկապես չէր ուղարկել, դրել էր գոգնոցի գրպանը։

Հիմա, հիմա կը ղրկեմ… Սրբո՛ւն, չըլլելի՛ք, ի՞նչ եղար։

Սրբունը, որ բակում խաղում էր, վեր վազեց։

Սրբո՛ւն, օղո՛ւլ, էս տասը ոսկին տար Աբգար աղայենց Մկրտիչին տուր, ըսե պապս ըսավ քի՝․․․

Պապս ըսավ քի՝ ես քեզ մեղա՜, լրացրեց Կյուրեղ աղան։

Արբունը թռավ։

Հանկա՛րծ Կյուրեղ աղան ժպտաց։

Հը՛, եթիմը Արբունին ետևեն գնաց, որ ոսկիներն առնե։

Հա՜, հա՜, թող առնե ու հանդարտի։

Ես ըլ հանդարտիմ։

Ան որ հանդարտի, դուն ըլ կհանդարտիս, վստահացրեց Հազարխան խաթունը։

Մի պահ իսկապես հանգստություն տիրեց։ Խոշորացած աչքերով Կյուրեղ աղան նայեց շուրջը։ Ոչ ոք չկար։ Ավետիս էֆենդիի ետևից գնացել էին և մյուս հարևանները։

Ավետիս էֆենդին ո՞ւր գնաց։

Չգնաց, փախավ։

Փախավ, հա՛։

Ինչո՞ւ։

Վո՞վ գիտե, էնոր տակն ըլ շատ բան կա։

Որո՞ւ տակը չիկա, բոլորն էլ գող ին, ամա մենակ ես էսպես եղա։

Տիրող հանգստությունը երկար չտևեց, որովհետև Կյուրեղ

աղան նորից սկսեց բղավել, այս անգամ է՛լ ավելի բարձր և սարսափած.

Քըզի ի՞նչ եմ ըրեր, որ եկար, քըզի ի՞նչ եմ ըրեր․․․

Հազարխան խաթունը ետև դարձավ և ինքն էլ ճչաց.

Վո՜ւյ, մայրիկ՜ աստվածածին․․․

Ներս եկողը վերի թաղի քահանան էր՝ Տեր Համբարձումը, բայց Կյուրեղ աղան նրան տեսիլքի տեղ դրեց, նա այլևս չէր կարողանում զանազանել իրականությունը տեսիլքից, խղճի առաջ ցցվող պատկերը՝ բնական պատկերից, իսկ Հազարխան խաթունը, բոլորովին չսպասելով տերտերին, կարծեց, թե տերտերը չէր, այլ Կյուրեղ աղայի տեսիլքը, որ սկսեց իրեն էլ երևալ։

Տերն մեր Հիսուս Քրիստոս հանգստացունե զձեզ, ասաց Տեր Համբարձումը և, կրծքի գրպանից հանելով խաչը, երեք անգամ խաչակնքեց Կյուրեղ աղայի և Հազարխան խաթունի վրա, մորուքից ներքև բառեր թափելով։

Տե՜ր, ողորմեա, տե՜ր, ողորմեա, տե՜ր, ողորմեա…

Հազարխան խաթունն անմիջապես հանգստացավ և ինքն էլ խաչակնքեց, նրա համար պարզ եղավ, որ տերտերր ուրվական չէր, այլ կենդանի մարդ, բայց Կյուրեղ աղայի հոգու վերջին սյուները խորտակվեցին, որովհետև քահանայի երևալն արդեն մահվան ստույգ գալուստը համարեց։

Տեր Համբարձումը եկել էր շատ քնքուշ ձևով հասկացնելու Կյուրեղ աղային, որ առավոտյան իր վճարած երեք գավաթի գինն ավելի էր, քան եթե վեցի համար սովորական գինը վճարած լիներ, բայց փողոցում հանդիպելով հարևաններին և իմանալով նրանցից, որ Կյուրեղ աղան իր վերջին ժամերն էր ապրում, ներս էր մտել, իբրև թե հիվանդին մխիթարելու համար էր եկել։

Տե՛ր պապա, գողացածներս ետ տվի, ըսե՛, կը փրկվի՞մ, հարցրեց Կյուրեղ աղան։

Ծառա Հիսուս Քրիստոսի, ամենը տվի՞ր։

Տեր պապա, ինչ որ միտս էր՝ տվի։

Ամենը, ամենը ետ պիտի տաս։

Մահս ուշացուր, Տեր պապա, ամենքն ըլ հիշիմ ու տամ։

Աստված ըլլա օգնական։

Հազարխա՛ն, ինչ ունիմ-չունիմ հանե՛, տերտերին տուր։

Հազարխան խաթունը կասսից մի քանի ոսկի վերցուր և տվեց Տեր Համբարձումին։

Տո՛ւր, բոլո՜րը տուր, բղավեց Կյուրեղ աղան։

Հազարխան խաթունը տատանվեց։

Կյուրեղ աղան նորից գոռաց.

Տո՛ւր կըսեմ։

Քա՛, Տեր պապան ծակ աչք չէ, հերիք է։

Չէ՛, տո՛ւր, բոլորը տուր, մեկ փարային կարոտը թող մնամ, որ ազատվիմ էս կրակեն։

Հազարխան խաթունը տատանվեց. ինչպե՞ս բոլոր եղած-չեղած փողերը հաներ և լցներ տերտերի բուռը։

Տո՛ւր, Հազարխան խաթուն, տո՛ւր, թող խեղճին հոգին թեթևանա, ասաց Տեր Համբարձումը։

Հազարխան խաթունն զգաց, որ տերտերր պատեհությունը գտել էր ամուսնուն կողոպտելու, մի քանի ոսկի էլ սահեցրեց նրա ափի մեջ և ասաց.

Էսքանով ըլ տեր պապան կը բարեխոսի աստուծո առաջ։

Կյուրեղ աղան կատաղեց, որովհետև կարծում էր, որ կինը խնայում է, որպեսզի իր մեռնելուց հետո իրեն մնա, սկսեց գոռալ.

Դուն չե՛ս ուզեր, որ կրակեն ազատվիմ, տո՛ւր կըսեմ, տո՛ւր, տո՛ւր, տո՛ւր…

Տերտերը բարձր ձայնով արտասանեց.

Երանի անոնց, որոնք աղքատ են, վասնզի անոնցն է երկնի թագավորությունը։

Հա՛, շիտակ է, երկնի թագավորությունը, ես վաղ անցա աշխարհքեն, երկինքը, տո՛ւր, Հազարխա՛ն, տո՛ւր։

Կյուրեղ աղան տեսավ, որ կինը համառում է, փորձեց վեր կենալ, որ ինքը տա, չկարողացավ, նորից ընկավ երեսի վրա, բայց խելագար ճչերով սկսեց աղաղակել.

Ւնչո՞ւ չես տար, կը պահես, որ սատկելես վերջը՝ տակդ դնես ու ուտե՞ս, տո՛ւր, իմ գողցած փարաս չէ՞, տո՛ւր կըսիմ։

Կուտա, Կյուրեղ աղա, կուտա, ասաց տերտերը և մոտենալով նրան, գրկեց և նստեցրեց, գլխի տակ բարձ դրեց և ավելացրեց, կուտա կոր, կուտա կոր։

Հազարխան խաթունն էլ չկարողացավ դիմադրել և բոլոր

ոսկիները հանձնեց Տեր Համբարձումին, որ տենդագին արագությամլ լցրեց ֆարաջայի խորը և լայն գրպանները։

Կյուրեղ աղան տեսնելով այս, հանգստացավ։

Էհ՛, ունեցածս-չունեցածս էս էր, քըզի տվի, դե՛, գնա՛, գնա՛ աստուծու խոսք մը հասկացուր, թե չի սատկիմ, թե կյանքըս ընծի խնայե, տունս, խանութս կը ծախեմ, խանութիս ապրանքը կը ծախեմ և պզտիկ ժամ մը շինել կուտամ։

Քու մեղքեդ շատ ավելի ահավոր մեղքեր Տերն մեր Հիսուս Քրիստոս ներեր է, ասաց Տեր Համբարձումը։

Ըսել է քի՝ ինծմե ավելի մեղք գործող կա՞, Տեր պապա, հարցրեր Կյուրեղ աղան զարմանալի հետաքրքրությամբ։

Բազում են մեղավորները, ես ինքս քեզմե ավելի մեղավոր եմ։

Չէ՛, ջանը՜մ…

Այո՛, այո , կը խոստովանիմ։

Քանի որ այդպես է, աստված մինակ ինծի՞ տեսավ, Տեր հայր, անարդարություն չէ՞։

Չէ՛, որդյակ, չէ՛, կարգը ամենքին ալ պիտի գա, Կյուրեղ աղա, վաղ կամ ուշ՝ պիտի գա, աստված ամենքին ալ քթեն պիտի բռնե։

Տե՛ր պապա, ըսել է դո՞ւն ըլ մեղավոր իս։

Տիրոջը առաջ ամենեն մեծ մեղավորը ես իմ։

Ինչո՞ւ ընծի պես չեղար, Տե՛ր պապա։

Որդյակ, ըսի քըզի, ժամանակը կա, պատասխանեց Տեր Համբարձումը և այլևս չուզեց խոսակցությունը շարունակել, ոտի կանգնեց, բաց արավ գրպանի փոքրիկ ավետարանը և սկսեց կարդալ բարձրաձայն։

Կյուրեղ աղան կամաց-կամաց գլուխը հանգչեցրեց բարձի վրա, ավելի խրվեց անկողնի մեջ, աչքերը միառժամանակ սառած մնացին, բայց քիչ հետո փակվեցին, բերնի ծռմռված լինելր չէր նշմարվում, որովհետև բեղերը, խիտ ճյուղի նման, փակել էին։

Կյուրեղ աղան սկսեց միայն խռխռալ, և երբեմն-երբեմն ոչ զորեղ կերպով ցնցվել։

Հազարխան խաթունը խնդրեց տերտերից ընթերցումը դադարեցնել, որովհետև ամուսինը հանգստացավ և լավ կլիներ,

որ լռություն լիներ։ Տերտերը դադարեցրեց և ավետարանը երկարացրեց Հազարխան խաթունին, որ համբուրեց և խաչակնքեց։

Տեր Համբարձումը մտածեց, որ լավ ժամանակ էր կծկելու։

Մնաք խաղաղությամբ, ասաց տերտերը և դուրս եկավ սենյակից։

Հազարխան խաթունը գնաց ետևից և բակում կտրելով նրա առաջն սկսեց.

Տե՛ր հայր, կուզեմ աջդ պագնեմ ու բան մը ըսիմ։

Ըսե՛, աղջիկս, ըսե՛։

Հազարխան խաթունը համբուրեց նրա ձեռքը և ասաց.

Տե՛ր հայր, էդ բոլոր փարաներն առիր, մըզի հեչ բան մը չմնաց։

Ընծի համար չըպիտի պահեմ, աղջիկս, տի տանիմ աստծո հանձնեմ, կը կարծես ճե՞պս տի դնիմ։

Հազարխան խաթունը չհամարձակվեց որևէ մի բան ավելացնել, երբ տերտերն Աստուծո խոսքը գցեց մեջտեղ։

Տեր Համբարձումը դուրս եկավ և քայլեց տուն։ Բոլոր նրան տեսնողներն զարմանում էին նրա անսովոր արագ քայլերին։ Ոչ ոք չէր կարող գուշակել, որ նա մի քանի րոպե առաջ կողոպտել էր քաղաքի ամենամեծ գողերից մեկին՝ Կյուրեղ աղային։

Երբ Տեր Համբարձումը ոսկիները թափեց տիրուհու առաջ, նա զարմացած հարցրեց.

Էս ի՞նչ փարա է։

Հե՜չ, ասօրվա իրեք ֆինջանին փարան է, ետ առի։

Քա՛, բացականչեց տիրուհին։

Հազարխան խաթունը կանչեց երեխաներին, գրպանները չամիչ լցրեց և ուղարկեց իր քրոջ մոտ։

Մորքուրիդ ըսե՝ էս գիշեր հոս պառկինք, առտուն մարս կուգա կր տանե, պատվիրեց նա Սրբունին։

Հազարխան խաթունը երեխաներին ուղարկեց, որպեսզի թեթևանա նրանց հոգսերից և կարողանա հիվանդի բոլոր կարիքներին հասնել։

Երբ սենյակ բարձրացավ, արդեն մութն էր, վառեց լամպը և նայեց Կյուրեղ աղային։ Խռխռում էր, բայց հանգիստ էր։

Հոգնած և ուժասպառ օրվա սարսափից, նստեց Կյուրեղ աղայի անկողնի ծայրին, գլուխը թեքեց վերմակի վրա մի քիչ հանգստանալու, քնել էր։

Գրեթե մի անգամ միայն աչքը բաց արավ գիշերը, այն էլ կես քուն կես արթուն, ոչ մի ձայն չկար։ Կյուրեղ աղան էլ խաղաղ և հանգստավետ քնում էր։

Փա՜ռք քեզ, աստվա՛ծ, շշնջաց Հազարխան խաթունը և էլի գլուխը կռացրեց և քնեց։

Արևածագի հետ միասին Հազարխան խաթունը աչքերը բաց արավ։ Ուսերը փայտացել էին, կարծես մի քիչ մրսել էր, ամբողջ գիշերը քնել էր առանց վրան ծածկելու, բայց չդժգոհեց. Կյուրեղ աղան հանգիստ և անխռով քնում էր։

Չար սատանան էր, անցավ, Տե՜ր, ա՛լ չհիշես, մրթմրթաց Հազարխան խաթունը և ոտների մատների վրա կոխելով դուրս եկավ, յազման քաշած գլխին, գնալու քրոջ մոտ և երեխաներին բերելու։

Քույրը ոչինչ չէր իմացել, միայն Սրբունն ասել էր՝ «Պապս հիվանդցավ, մըզի քու քովդ ղրկեց»։

Հազարխան խաթունը մանրամասն պատմեց, թե ինչ էր պատահել։

Փա՜ռք աստուծո, հիմա հանգիստ կը քնանա, վերջացրեց նա։

Քա՜, ի՞նչ կըսես, հանգիստ կը քնանա, հըլե գնանք տեսնանք… տարակուսանքով բացականչեց քույրը։

Քա՜, սիրտս վախ մի ձգեր։

Քա՜, գնա՛նք, մեյ մը տեսնամ փեսաս, սրտնեղեց քույրը։

Երեխաների հետ միասին՝ երկու քույրերը վերադարձան տուն։ Քույրը մեկը երկու չարավ, մոտեցավ Կյուրեղ աղայի անկողնին և քաշեց վերմակը։

Կը քնանա, հա՛, աղեկ կը քնանա, հուր հավիտյան կը քնանա, ասաց քույրը։

Քա՜, ի՞նչ կըսես, հըլե թո՛ղ։

Ինքը, Հազարխանը, մոտեցավ անկողնին և սկսեց կանչել.

Կյուրեղ աղա՜, քա՜, Կյուրեղ աղա՜…

Ոչ մի ձայն։

Կյուրեղ աղան կլորվել, կծկվել, դեմքն ամբողջովին այլանդակվել էր։

Քա՜, մեռե՜ր է… հանկարծ բղավեց Հազարխան խաթունը և ընկավ վրան։

Երկու քույրերր և երեխաներն սկսեցին ողբը։ Հարևանները թափվեցին ներս։

Հազարխան խաթունը, ծնկներին զարնելով, լաց էր լինում, ողբում և ասում։

Գացե՛ք, ըսե՛ք Հաջի Քորոյին, թող գա թաղե, պզտախպարը մեռեր է, աստված ձանը լսեց, թող գա, պատանք շինէ ու թաղե, վա՜յ, վո՜ւյ, վա՜յ…

Հաջի Քորոն առավոտյան, ճիշտ այդ ժամին, դուրս էր գալիս եկեղեցուց։ Եկեղեցու բակում անսահման խաղաղություն կար, խաղաղություն կար և ծառների մեջ, տերևների վրա, իսկ ծառների գագաթներին բազմել էր մի մեծ առավոտ։

Եկեղեցուց դուրս եկողները, որոնք բացառաբար կանայք և ծերունիներ էին, որովհետև կիրակի և տոն օր չէր, դուրս էին բերում իրենց հետ ընտանի որոճացող կենդանիների անդորրությունը և օրորուն նայվածքը։

Հաջի Քորոն մոտեցավ մի քանի պառավների և հարց ու փորձեց նրանց վիճակը, առողջությունը, իսկ բակից դուրս գալիս լսեց նա եղբոր մահը և արցունքոտ աչքերով, անկեղծորեն տխուր, աճապարեց դեպի մեռելատունը։

Հազարխան խաթունը, տեսնելով նրան սենյակի շեմքից ներս մտնելիս, սկսեց լաց լինել և ասել.

Եկո՛, Հաջի՛ Քորո, եկո՛, աստված ձանդ լսեց, պզտախպարդ չիկա…

Հաջի Քորոն էլ, արցունքներով ողողված, պատասխան տվեց և ասաց.

Բերանս չորնա՜ր, չըսեի՜…

1934 թ.
Յատուկ Երաժշտություն
Ալմաստ - Պարսկական երթ
Ալեքսանդր Սպենդիարյան

Ալմաստ - Պարսկական երթ

Ինքնանկար
Ինքնանկար
Խաղա առցանց