Վահան Թոթովենց

Երկու գերեզման

Ա

Մենք ունեինք մի հեռավոր ազգական, որին Ավետիս Ամուճա էինք կանչում։ Ո՛չ միայն մենք, այլև ամբողջ քա­ղաքը նրան Ավետիս Ամուճա էր կանչում, մինչև անգամ թուրքերը։

Թե ի՛նչ ազգական էր նա, ես մինչև հիմա էլ չգիտեմ։

Ավետիս Ամուճան և Գուվար Քորոն քառասուն տարուց ավել էր, ինչ ամուսնացած էին։ Նրանք ո՛չ իրար էին տեսել նախապես, ո՛չ էլ իրար հավանել, այլ ծնողներն էին հավանել և պսակել, ինչպես սովորություն էր հի՜ն, անհետացա՜ծ երկրում։

Ամուսնությունից հետո միայն մի երկու տարի նրանք ապրել էին իրար հետ առանց վեճի և կռվի, մնացյալ տարիների ամեն մի օրը գոյություն էր ունեցել մի փոքրիկ, շա՜տ փոքրիկ առիթ, որ վիճեին նրանք և վեճը փոխվեր կռվի։

Աղջի՛, չըլլելիք, հավերը կինե մտան օդան, գոռում էր Ավետիս Ամուճան և դուրս չէր քշում հավերը, կանչում էր կնոջը, որ նա՛ քշի։

Մեյ մը քը՜շ ըսես, կերթան, ա՛յ մարդ, բարկանում էր Գուվար Քորոն և՝

Քը՜շ, քը՜շ, քշա՜, քշա՜…

Ավետիս Ամուճան հակաճառում էր.

Ես հավ քշող չի՛մ։

Հավ քշող չես՝ ի՞նչ ես։

Էրիկ մարդ իմ, գլխուս վրա ֆես կա, ազդարարում էր Ավետիս Ամուճան։

Սկզբները Գուվար Քորոն սրանով վերջացնում էր վեճը։

Բայց կամաց-կամաց եկավ այն եզրակացության, որ գլխի վրա ֆես ունեցողն էլ կարող էր և պարտական էր հավեր

քշել։ Եվ երբ Ավետիս Ամուճան կարգադրում էր նրան հավերը քշել, Գուվար Քորոն պատասխանում էր.

Դո՛ւն քշե, բերանդ չի ծռի։

Աղջի՛,― գոռում էր Ավետիս Ամուճան սպառնագին։

Շատ մի՛ վռվռա։

Աղջի՛,― գոռում էր ավելի բարձր ու կոպիտ։

Մի՛ պոռա, փնթի՛։

Աղջի՛,― քեզի կըսիմ։

Ուրիշի՛ն ըսե։

Եվ գիշերը, անկողին մտնելիս, նրանց շնչերն իրար չէին խառնվում, իրարից խռոված՝ մեջք-մեջքի էին պառկում։

Առավոտյան, առանց իրար հետ խոսք փոխանակելու, Ավետիս Ամուճան շուկա էր գնում, բաց անում իր թիթեղա­գործի խանութը և աշխատում մինչև երեկո, առանց կեսօրին տուն գալու՝ ճաշելու համար։

Գուվար Քորոն մի քանի անգամ ճաշը տաքացնում էր, թե հիմա ուր է, ուր չէ՝ կգա զխտվելու, բայց, ի վերջո, համոզ­վելով, որ հերսը դեռ չի իջել, ճաշը դնում էր պահարանը և գնում հարևանուհու մոտ գանգատելու.

Ավետիս Ամուճան (Գուվարն էլ նրան Ամուճա էր կան­չում) չոջուխի պես քեն ըրավ ու օրհարսակին ճաշի չեկավ։

Բոլոր էրիկ մարդիկն ըլ էդպես են, անկաճ մի կախեր, մինչև իրիկունը քիթը գետինը կքսվի, կուգա, խրատում էր հարևանուհին։

Գանգատվելուց հետո՝ Գուվար Քորոյի սիրտը հանգստանում էր, վերադառնում էր տուն և սկսում եռանդուն տնային աշ­խատանքը։

Տունը բաղկացած էր գետնի հավասար և հողե հատակով երկու սենյակից, երկու սենյակի երկարությամբ մի հաշտով, ծայրում՝ մի օջախ, որտեղ Գուվար Քորոն կերակուր էր եփում, իսկ տան ետևի կողմը կար մի փոքրիկ տարածություն, տան տարածության չափ, որտեղ բարձրանում էին երկու թթենի։ Այդ թթենիների ստվերների տակ կչկչում էին մի քանի հավ և մեծ բոցագույն մի աքլոր՝ կարմիր կատարով, խռպոտ

ձայնով, որի կանչած ժամանակ Գուվար Քորոն միշտ ասում էր.

Քա՛, հիմա կոկվըները վար կուգան։

Գուվար Քորոն միայն մի կիրք ուներ. դա տան մաքրու­թյունն էր։ Գրեթե երկու օրը մի անգամ սենյակների և հաշ­տի հողե հատակները սպիտակ կավ էր քսում, բոլոր կլայված ամաններն ամեն օր սրբում, փայլեցնում էր, առաստաղի և պատերի փոշիներն առնում, լուսամուտների փեղկերն օճառով լվանում, օճառով լվանում էր մինչև անգամ դրսի դռան շեմքը և դռան առաջը նստելու համար դրված քարը։ Ամեն րոպե շոյում, շփում էր տան առարկաները։ Խորովածի շիշե­րը ոչ միայն խորոված եփելուց հետո էր մոխրով մաքրում և փայլեցնում, այլև ամեն օր։ Նրանց տունը մտնողն անկողիններից, պատերից, հատակից, ամաններից և յուրաքանչ­յուր առարկայից ստանում էր գերազանց մաքրության հա­ճույքը։ Ավետիս Ամուճան այս բոլորին արժեք չէր ընծայում։ Երբ ուրիշները նրան դիտել էին տալիս, թե՝ կնիկդ տուն մը կպահե, որ կծծղա, նա պատասխանում էր.

― Հելբեթ դե՜, կնի՛կ է:

Եվ պատահում էր, որ կեսօրին, ճաշի չգալով հանդերձ, Ավետիս Ամուճան գալիս էր տուն կարմիր մենդիլին մեջ մի բան փաթաթած, որը լուռ հանձնում էր Գուվար Քորոյին։ Այդ բերածը անպայման Գուվար Քորոյի շատ սիրած մի բա­նը կլիներ։ Վերցնելով թաշկինակը Ավետիս Ամուճայի ձեռ­քից, Գուվար Քորոն մոռանում էր ամեն բան, կռանում էր, կոշիկները հանում և տանը խռիկը տալիս, որ հագնի։ Խռի­կը հին մի կոշիկ էր, կարկատաններով ծանրացած, բայց լայնացած էր և հեշտությամբ ոտը մտնում էր և ելնում։

Երր Գուվար Քորոն պպզում էր, որ կոշիկները հանի, Ավետիս Ամուճայի էրիկմարդությունն իր խորագույն գոհա­ցումն էր գտնում և հանգստացած, հոգով խաղաղ, ժպիտով և քաղցրությամբ, ակնարկելով թաշկինակով բերածը, ասում էր.

Քըզի համար բերեր իմ։

Գուվար Քորոն ընկնում էր խելահեղ երանության մեջ, կանգնում էր դիմացը և բացականչում.

Անուշի՜կ խուշիկս…

«Անուշիկ խուշիկս» անվանում էր մի մարդու, որ մինչև ականջները հասնող բեղեր ուներ, չեչոտ, սև և տափակ մի քիթ, ներքևի շրթունքը հաստ և մեջտեղից ճաքած, ցցված այտոսկրներ, թթի տերևի չափ մեծ ականջներ՝ ծածկված խիտ մազերով, որը սափրիչը խուզում էր գլխի հետ միասին։

Բայց այս սիրալիրությունը երկար չէր տևում, Ավետիս Ամուճան ամուսնու դերը հասկանում էր այն, որ ամեն րո­պե պետք է կշտամբեր կնոջը։

Առտըվան ճնճղուկները չեն թողուր քնանամ։

Ես ի՞նչ էնիմ։

Ի՞նչ տ՚ենես, կնիկ ես, գնա՛, փախցո՛ւր։

Ամա՜ն, բան, գործ չունիմ դե՝ ճնճղուկ տի փախցնի՞մ։

Սկսար պոչդ խաղցնել, հա՜ …

Նորեն չեյնեիդ տվիր, փնթի՛։

Մի վռվռա, պոչդ կկըյրիմ։

Չե՞ս ամչնար, ամեն իրիկուն բայրախ կբանաս։

Պատահում էր՝ Ավետիս Ամուճան այնքան զայրանար, որ անկողին չգնար և սենյակի մի անկյունը երկարեր ու քներ առանց վրան ծածկելու, բայց Գուվար Քորոն վերցնում էր վերմակը և ծածկում նրան, որ չմրսի։

Սատանան կ՚ըսե՝ մի՛ ծածկեր, հա՜, մրթմրթում էր Գուվար Քորոն և ծածկում։

Կեսգիշերին, երբ Ավետիս Ամուճան զարթնում էր և տես­նում կնոջ հոգատարությունը՝ հակառակ իր վիրավորական և անտեղի խոսքերին, զղջում էր իր ասածների համար, խղճա­հարվում, վեր էր կենում, շորերը հանում և գնում մտնում Գուվար Քորոյի ծոցը, փաթաթվում նրան և ասում.

Արունը ջուր չի դառնար։

Մեջքս աղեկ գոցե՛։

Արթո՞ւն ես։

Ատ խոսքերեդ ետքը քո՞ւն կմտնա աչքերս։

Մսեցա, գիտե՞ս,― խոսքը փոխում էր Ավետիս Ամու­ճան։

Այս անգամ Գուվար Քորոն էլ փաթաթվում էր նրան, և ամեն ինչ հարթված էր համարվում։

Ավետիս Ամուճայի պահանջն այն էր, որ երբ իր կնոջը մի բան ասի՝ կինը պատասխան չտա։ Պատահում էր, որ Գուվար Քորոն պատասխան չէր տալիս, Ավետիս Ամուճան այլևս չէր շարունակում, և ոչ մի վեճ էլ չէր պատահում։

Ավետիս Ամուճան միշտ ասում էր.

Աղջի՛ ես որ բան մի կ՚ըսիմ, ջուղաբ մի՛ տուր, չե՜ս սատկիր։

Քա՜, ինչո՞ւ։

Կնի՛կ ես, վերջացնում էր Ավետիս Ամուճան։

Եվ Գուվար Քորոն ողբում էր.

Կատվի ձագ ըլլեի՜, կնիկ չըլլեի՜։

Երբեմն նա ուրիշ մարդկանց էր օրինակ բերում։

Տե՛ս, ասում էր, Ազնավուր էֆենդի՛ն տես, էն ըլ էրիկ մարդ է, էդպե՞ս կենե։

Էն ի՜նչ էրիկմարդ է որ…, հեգնում էր Ավետիս Ամու­ճան։

Գուվար Քորոն չէր կարողանում հասկանալ, թե ո՛րն էր իր ամուսնու էրիկմարդությունը։ Ազնավուր էֆենդին հա­րուստ էր, քաղաքի ամենագեղեցիկ մարդկանցից էր, հրա­շալի ձի նստել գիտեր, մինչդեռ Ավետիս Ամուճան կառք չէր նստում, թե՝ յա՜ որ ձիանը առնեն փախի՞ն, Ազնավուր էֆենդին հին տունը չհավանեց, նորը կառուցել տվեց, կնոջ և աղջիկներին մուշտակների մեջ էր պահում, ամեն ամառ գյուղ էր ուղարկում նրանց՝ հանգստանալու։ Ինչո՞ւ Ավետիս Ամուճան էրիկմարդ էր, ու Ազնավուր էֆենդին՝ ոչ։

Եվ Գուվար Քորոն պահանջում էր, որ բացատրի։

Իշտե էդ մեկը դուն չես հասկնար։

Ինչո՞ւ չեմ հասկնար, շատ աղեկ ըլ կհասկնամ։

Դե որ կհասկնաս, ինչո՞ւ կհարցնես։

Ես կուզիմ, որ դո՛ւն ըսես։

Կնիկությունդ սկսա՞ր նորեն։

Քա՜, խե՛նթ ես, եզրակացնում էր Գուվար Քորոն։

Մեկ-մեկ պատահում էր կռիվ չէր լինում։ Երկուսն էլ զարմանում էին։

Քա՜, ասօր կռիվ չեղավ, մա՜րդ, ասում էր Գուվար Քորոն։

Հա՛, չեղավ, ինտո՞ր եղավ, որ չեղավ։

Կերևի քի՝ սատանան ծուռ չէր նստեր։

Ա՜խ, էդ սատանան իշտե դու՛ն ես։

Ես չի՛մ։

Դո՛ւն ես։

Սկսվում էր կռիվը։

Եթե պատահեր, որ կռիվ չլիներ, այդ գիշերը նրանք պառկում էին շնչներն իրար խառնելով։

Երբ այսպես շունչ-շնչի պառկում էին, Գուվար Քորոն երանությամբ, ուրախության արցունքներով ասում էր.

Ա՜յ մարդ, ի՞նչ կ՚ըլլի, որ ամեն օր ըլ էսպես ըլլի։

Հա՜, աղեկ կ՚ըլլի։

Է, որ աղեկ կ՚ըլլի ինչո՞ւ կ՚էնես։

Ե՞ս կ՚էնեմ, թե դուն կ՚էնես։

Գուվար Քորոն, տեսնելով նորից վեճ պիտի սկսվի, լռում էր, որպեսզի չպղտորվի պահը։ Ավետիս Ամուճան շատ գոհ էր մնում, երբ կինը չէր պատասխանում, այն ժամանակ գրկում էր նրան, բեղերը քսում կնոջ երեսին և ասում.

Հոգի՛դ սիրիմ։

Տարիներ անցկացան, բայց նրանց չորս ոտը չդարձավ վեց։

Գուվար Քորոն մնաց անպտուղ։

Է՜հ, էդ կողմեն ըլ բան մը չես, մի օր ասաց Ավե­տիս Ամուճան իր կնոջը, այս անգամ ոչ թե արհամարհական կամ կշտամբանքի շեշտով, այլ խորը թախիծով և ապաշա­վով։

Իսկ Գուվար Քորոն պատասխանեց.

Ի՞նչ էնիմ, կյոյա էրիկմարդ ես, իշտե էրիկմարդու բոյդ տեսանք։

Կարծես մեկն ապտակեց Ավետիս Ամուճային, կարծես մի հսկա ձեռք բարձրացրեց նրան և խփեց գետնին։

Ծանր էին Գուվար Քորոյի խոսքերը։

Ամբողջ մի շաբաթ ո՛չ մի վեճ չեղավ նրանց միջև, Ավետիս Ամուճան խոսում էր ցածր և քաղցրագին, գիշերները չէր քնում, ծխում էր անընդհատ, ախուվախ էր քաշում։

Գուվար Քորոյի խոսքերը խորապես վիրավորել էին Ավետիս Ամուճային։

Մա՛րդ, ի՞նչ կմտմտաս, մի օր ասաց Գուվար Քորոն, մեյ մը դուն քեզ հեքիմին ցուցուր։

Ավետիս Ամուճան չպատասխանեց, բայց մյուս օրը դիմեց։

Բժիշկը երկար քննություն կատարեց և, ի վերջո, ասաց.

Բան մը չունիս, մեյ մը կնի՛կդ բեր տեսնամ։

Կնիկս ի՞նչ պիտի տեսնաս, ջանը՜մ։

Կերևա կնիկեդ է։

― Հա՞, հա՞։

Այդպես կերևա կոր։

Փե՛ք աղեկ, բերիմ։

Ավետիս Ամուճան դուրս եկավ բժշկի մոտից և փողոցում կանգնած շշնջաց ինքնիրեն.

Կնիկդ բեր՝ տեսնա՜մ… մենք քեզպեսները շատ տեսեր ենք, հեքի՛մ էֆենդի, քու միտքդ հասկցանք, դուն իմ կնկան վարտիկին ծարն ըլ չես տեսնար, հայդե՜…

Երբ Գուվար Քորոյին խրատեցին, թե երեխա ունենալու համար հարկավոր է ջերմուկ գնալ, Ավետիս Ամուճան հնա­րավորություն ստեղծելու համար ոչինչ չխնայեց։

Գուվար Քորոյի անպտուղ մնալը ջարդուփշուր էր անում Ավետիս Ամուճայի էրիկմարդությունը։

Բայց ջերմուկն էլ չօգնեց։

Գուվար Քորոն մնաց անպտուղ, իսկ Ավետիս Ամուճան մինչև վերջն էլ համառեց կնոջը բժշկին ցույց տալու։

Նամուսս սոխախը չիմ դրեր, ասում էր նա։

Երեխա ունեցող կանայք, սակայն, երանի էին տալիս Գուվար Քորոյին։

Երնեկ քըզի, ասում էին նրան, չոջուխ-մոջուխ չունիս, շալդ քաշե գլուխդ, ուր կուզես նե՝ հոն գնա օ՜խ…

Բայց Գուվար Քորոյին այրում էր զավակ ունենալու մորմոքը, մանավանդ նրան համոզել էին, որ եթե երեխա ունենար,

ամուսինը բոլորովին կփոխվեր, վրան կտաքնար և ոչ մի վեճ չէր լինի։ Բռնում էր նա ուրիշների երեխաները, գրկում, շաքարեղեն տալիս և բուռն ցանկությամբ սեղմում կրծքին։

Ավետիս Ամուճան երբ տեսնում էր կնոջը ուրիշ երեխաներ սիրելիս, ասում էր.

Ուրիշների փիճերը ի՞նչ կգրկես, կսիրես, ջանը՜մ։

Երբ Գուվար Քորոն չէր պատասխանում, այլ խեղճացած նայում էր Ավետիս Ամուճային, կարծես նրանից հայցելով մի զավակ, Ավետիս Ամուճան ավելացնում էր.

Ինչ էլ աղվոր է լակոտը…

Հա՜, աղվոր է, փամբող կըլմանի, շշնջում էր Գուվար Քորոն և գոգնոցի ծայրով սրբում արցունքոտ աչքերը։

Տարիներն անցնում էին, Ավետիս Ամուճայի և Գուվար Քորոյի հարաբերությունները չէին փոխվում, կռիվները շա­րունակվում էին, բայց արդեն սովորական դարձան, դար­ձան մինչև անգամ զվարճախոսության և կատակի առարկա։ Երբ կռիվը վերջ էր գտնում, նրանք ծիծաղով սկսում էին հիշել, թե կռիվն ինչպե՛ս սկսվեց, ի՛նչ վախճան ունեցավ դուն որ էսպես ըսիր, ես ըլ էսպես ջուղաբ տվի և սկսում էին ծիծաղել, թե ով ավելի սուր պատասխան տվեց, ով տակ մնաց և ով՝ վրա։

Երբ Գուվար Քորոն հանդիպում էր հարևաններին, ասում էր.

Փեսիդ հետ բայրախ բացի, ելա դուրս։

Շատ անգամ Ավետիս Ամուճան շուկայից տուն վերադառ­նալուց հետո մոտենում էր Գուվար Քորոյին, բեղերի տակ մանր ժպտալով և ցածր ձայնով ասում.

Աղջի՛, կնի՛կ, ի՞նչ կ՚ըսես, արաղս խմեմ, վե՞րջը բայ­րախ բանամ, թե առաջ բայրախ բանամ։

Գուվար Քորոն համաձայն էր, որ նախ և առաջ կռվեն, վերջացնեն, հետո արաղ խմի։

Իսկ կռվի առիթը պատրաստ էր։

Էն շունը կինե՞ եկեր էր հոսիկ։

Հա՜։

Ոտքերը հլոս-հլոս կենիմ, անմիջապես գոռում էր Ավետիս Ամուճան։

Ձա՛յնդ, փնթի՛։

Կինե էրիկմարդու ջուղաբ տվիր, շա՛ն աղջիկ։

Տարիքեդ ամչցիր։

Ամոթը կնկան համար է։

Մուրս գլխո՜ւդ…

Շատ մի՛ վռվռա, արաղս բե՛ր։

Գուվար Քորոն անմիջապես արաղը բերում էր։

Իսկ ո՞վ էր շունը։

Դա Գուվար Քորոյի մի ազգականն էր, որ տարիներ առաջ Ավետիս Ամուճայի խանութից մի նավթի աման էր գնել և փողը չէր վճարել։ Չէր վճարել ոչ թե նրա համար, որ չէր ուզել վճարել, այլ Գուվար Քորոն, առանց Ավետիս Ամուճայի հետ խորհրդակցելու, ասել էր այդ ազգականին, թե՝ փեսադ էդ ամանը քըզի հեդիյե կենե։ Գուվար Քորոն այդ ասել էր ազգականին, բայց Ավետիս Ամուճային հետագայում էլ չէր հայտնել և մինչև վերջն էլ չհայտնեց, իսկ Ավե­տիս Ամուճան կարծել էր, որ «էն շունը» փողը կերել էր։

Բ

Տարիներ և տարիներ անցան։

Երկուսի գլուխների վրա էլ բարակ ձյուն մաղվեց։ Կռիվ­ների սուր ծայրերն էլ մաշվեցին, տան մեջ շատ չնչին փոփո­խություններ եղան․ առաստաղի մի գերանը ճեղքվեց ու չո­քեց, լուսամուտներից մեկի ապակին կոտրվեց և ժամանա­կավորապես թուղթ փակցրին և ընկույզի միջուկով յուղոտեցին, հակառակ այն իրողության, որ Ավետիս Ամուճան, իբրև թիթեղագործ, ապակի անցկացնող էր։ Երկու թթենու

մեջտեղում ինքնիրեն մի ծիրանի կուտ էր ընկել, բուսավ, աճեց և սկսեց պտուղ տալ։

Մի օր, երբ Գուվար Քորոն Ավետիս Ամուճայի առաջը մի աման հորի սառը ջրով լվացված ծիրան դրեց ուտելու հենց տան ետևում ինքնիրեն բուսած ծիրանի ծառից, Ավետիս Ամուճան նորից հիշեցրեց կնոջն անպտուղ մնալը՝

Սա ծառին չափ ըլ չեղար, պտուղ մի չունեցար։

Նա հիշեցնում էր այդ այն ժամանակ, երբ կինը հիսունհինգն անց էր և ոչինչ չէր օգնի նրան զավակ ունենալու, ինչպես արմատից չորացած բույսը, որին չի կարող զարթեց­նել կանաչահուր ոչ մի գարուն։

Գուվար Քորոն պատասխանեց նրան.

Մերեֆեթը էրիկմարդունն է, կնկանը չէ։

Ավետիս Ամուճայի հոգու վրա նորից իջավ թախիծը, ինչ­պես սև, ծանր ամպը՝ հողի վրա, նա սուտ չլսել արավ և շա­րունակեց.

Տղա մի ունենայի՜, դուդուկ առնեի՜, փչե՜ր… Բունկալ մի չունեցանք… Աստծո շիշին շուշուլ ծարը մըզի դպավ…

Գուվար Քորոն ավելի զգացվեց և լալով ու բարձրաձայն ասաց.

Թակը սրտին կախեի, դպրոց ճամփեի՜ առտըվները…

Զավակ չունենալու թախիծն Ավետիս Ամուճային ավելի ու ավելի սկսեց այրել, երբ տեսնում էր, որ իր հասակակից ծերունիները, հոգնած աշխատանքից, կամ քիչ էին աշխա­տում և կամ թողնում աշխատանքը, խանութները ծախում, համրիչը ձեռներին, գնում, նստում արեգդեմ պատերի տակը, և զրույց անում հնից, հեքիաթներ պատմում, և երբ ժամուն զանգը ղողանջում էր, վեր էին կենում և գնում իրիկնային աղոթքի, որովհետև այդպիսիների որդիները մեծացած էին լինում, տանը տնտեսության ծանրությունը իրենց ուսերի վրա վերցրած և հայտարարած ծնողներին՝ «Դուք ըռահաթ տունը նստեցեք, քեֆ ըրեք, ասքան տարի դուք աշխատեր եք, հիմա ըլ մենք կաշխատինք, միասին կուտենք»։

Գուվարն էլ իր կարգին գնում էր հարևանների մոտ և անպտղության մասին էր խոսում ու լաց լինում։

Քա՜, աղջի՛, ի՞նչ եղավ, որ լակոտ մի չկրցար ունենալ, հարց էին տալիս հարևանուհիները։

Գուվար Քորոն պատասխանում էր.

Ես ի՜նչ գիտնամ անտերիս ի՞նչ եղավ…

Ավետիս Ամուճան ահա վաթսուն և հինգ տարեկան էր, ամբողջովին սպիտակած, ստիպված էր ամեն առավոտ գնալ խանութ, թիթեղները ծալել, կլորացնել, ծեծել, փուքսը փչել և կլայել, որպեսզի ինքը և Գուվար Քորոն ապրեին։

Երբեմն այնքան կանուխ էր գնում, որպեսզի գործը ետ չմնա, Գուվար Քորոն ասում էր.

Մա՛րդ, ի՞նչ էսպես մութնուլուսուն կերթաս, դահա գելերը քաղաքեն չեն փախեր։

Գել մըլ ես, անկաճ մի՛ կախեր։

Վերջին տարիները, երբ Գուվար Քորոն տեսավ խանութի եկամուտը մի քիչ պակասեց, ինքն էլ որոշեց փող վաստակել։ Այս մասին խոսեց Ավետիս Ամուճայի հետ։

Խենթ-մենթ մըլլիր, ի՞նչ տենես, ձեռքեդ ի՞նչ կուգա, հարց դրեց Ավետիս Ամուճան։

Խալի ու բուրդ տանիմ առուն, վլամ, ասաց Գուվար Քորոն։

Տեղդ ծանտըր նստիր, դահա վյուճյուտս տեղն է,― վերջացրեց Ավետիս Ամուճան։

Բայց Գուվար Քորոն չլսեց իր ամուսնուն, պարզապես խիղճը չտարավ, ծերունին շատ էր հոգնում։ Նրանից գաղտնի մի քանի օր գորգ տարավ քաղաքի պռնկին հոսող մեծ առուն, լվաց և փող ստացավ, երկրորդ անգամ բուրդ վերցրեց և երկար ժամանակ թակելով, սպիտակացնելով և ազնվացնելով բուրդը, չդիմացավ առվի սառը հոսանքին, հիսուն և ութ տա­րեկան պառավը մրսեց, պառկեց մի քանի օր և մեռավ։

Այս մահը Ավետիս Ամուճայի վրա գրեթե ոչ մի ազդեցու­թյուն չարավ, մանավանդ՝ իր խոսքը չլսելու պատճառով էր եղել, հանգիստ և առանց արցունքի մի քանի ազգականների

ընկերակցությամբ տարավ գերեզմանոց, թաղեց և վերադար­ձավ։ Սիրտ առնողները, երբ տունը լցվեցին, Ավետիս Ամու­ճան ինքը բաց արավ պահարանը, դուրս բերեց օղիի շիշը և իր ձեռքով լցրեց բաժակները, հրամցրեց բոլորին և ասաց.

Է՛հ, աշխարհք է, կյա՛նք ըլ կա, մա՛հ ըլ կա։

Դրսում աշնան քամին էր սուրում, դեղնած և կարմրած տերևներն էին թափվում ծառերից։ Գերեզմանոցում Գուվար Քորոյի թարմ հողակույտը մինչև երեկո ծածկվեց աշնան տերևներով։

Ավետիս Ամուճան, տանը նստած, սիրտ առնողների հետ զրույց էր անում, հին-հին բաներ պատմում և խմում օղին։ Նրա մոտից դուրս եկողներն ասում էին.

Հեչ ումուռեն չէ։

Մի քանի ազգական կանայք մի քանի օր մնացին Ավե­տիս Ամուճայի տանը, այդպես էր սովորությունը, մեռելա­տիրոջը մի քանի օր մենակ չէին թողնում։ Վերջին ազգակա­նուհին հեռացավ Գուվար Քորոյի թաղման ութերորդ օրը, և Ավետիս Ամուճան մնաց բոլորովին մենակ։

Առաջին գիշերը տարօրինակ թվաց մենակությունը, բայց ինքն իրեն մխիթարեց.

Սեպե քի՝ ջերմուկ գացեր է, մտածեց և սովորականից մի քիչ ավելի օղի քաշեց, պառկեց և քնեց։

Առավոտյան, առաջին անգամ իր կյանքում, Ավետիս Ամուճան ավելն առավ և ավլեց աշնան դեղնած տերևները, որ քամին քշել, բերել դիզել էր տան ետևի դռան առաջը և դուռը դժվարությամբ էր բացվում։

Նա մինչև անգամ կարծեց, որ որևէ տարի այդպես բան չէր պատահել, միայն այս տարի է պատահել, նրա մտքիցն անգամ չանցավ, որ ամեն տարի էլ միևնույնը պատահում էր, բայց Գուվար Քորոն ավլում, մաքրում էր և երբ ինքը քնից զարթնում էր, չէր տեսնում։

Ավլեց տերևները, մաքրեց ճանապարհը, եկավ ներս, մի երկու օղի տնկեց և առանց նախաճաշի դուրս եկավ տնից դեպի խանութ։

Նախաճաշ չանելն էլ նրան տարօրինակ թվաց, բայց էլի մխիթարեց իրեն.

Սեպե քի՝ կռիվ ըրի, դուրս ելա։

Խանութի հարևանները անսովոր ոչինչ չնկատեցին նրա վրա։ Ավետիս Ամուճան, սովորականին պես, ինչպես տարի­ներ և տարիներ, բարևեց հարևաններին, բաց արավ խանութը, ներս մտավ, կապեց կաշվե գոգնոցը, կրակ շինեց, նստեց և սկսեց ձևավորել թիթեղը։

Կեսօրի մոտ դիմացի մսագործը նոր մորթած ոչխար բե­րեց, կախ արավ և սկսեց աղաղակել.

Հե՜, հե՜, հե… ծախածս ոչխարի միս չէ, աղվընիկի միս է, աղվընիկի՜…

Ավետիս Ամուճան գլուխը բարձրացրեց՝ իսկապես թարմ և յուղոտ միս, վեր կացավ, գոգնոցը վրան, ականջներից թե­լով կապված ակնոցը քթին, մոտեցավ մսագործի խանութին և կախված ոչխարը տնտղելով և հիանալով ասաց.

Սըկե օհա մը կըյրե, տեսնամ։

Միսը բերեց խանութը, մի քիչ էլ աշխատեց, հետո վեր կացավ, խանութը փակեց և միսն առնելով՝ գնաց տուն։

Երբ բանալին խրեց կղպանքի ծակը, հանկարծ հիշեց՝ Գուվարը ներսը չէ։

Մտավ ներս, միսը դրեց սովորական տեղը, նստեց, մի քանի անգամ չորս կողմը նայեց և հանկարծ բարձրաձայն պոռաց.

Աղջի Գուվա՜ր․․․

Ո՛չ մի պատասխան։

Մի անգամ էլ պոռաց, բայց այս անգամ իր ձայնից սիր­տը փլվեց և սկսեց լաց լինել։ Լաց էր լինում Ավետիս Ամու­ճան մի կնոջ համար, որի հետ կես դարից մի քիչ պակաս կռվել էր գրեթե ամեն օր։

Գուվա՜ր, աղջի՜, ո՞ւր ես գացեր, եկո՜, է՜…

Կարծես ուզում էր իրեն խոցել, ներքին զգացածն ասում էր բարձրաձայն, ազդվում էր ձայնից և լաց լինում։

Գուվա՛ր, քուզո՛ւմ, միս եմ բերեր, եփե՛, ուտեմ…

Որովհետև սովոր չէր լաց լինելու, անճոռնի կերպով հեկեկում

էր և, խեղճացած, մենակ ու ծերացած, նայում էր լուռ պատերին և ասում.

Գուվա՛ր, անունդ սիրեմ, եկո՛, է՜, ո՞ւր գացիր…

Վեր կացավ, գնաց ներսի օդան, պահարանի ներքևի աչքից հանեց Գուվար Քորոյի շալ գոտին, մոտեցրեց քթին, հոտ քաշեց և երկար հեկեկաց։

Հետո բերած միսը թողեց դրած տեղը, դուրս եկավ տնից, փակեց դուռը, գնաց նորից շուկա, խանութ չհասած, փռից մի հաց վերցրեց, մի քանի քայլ հեռու գտնված մի կրպակից ձիթապտուղ գնեց, գնաց խանութ, բերած հացն ու ձիթա­պտուղը դրեց թիթեղի մի մաքուր թերթի վրա և սկսեց ուտել՝ լուռ արցունք թափելով հացի և ձիթապտուղի վրա։

Հարևան խանութպանը՝ Թումուճան Ախպարը, մոտեցավ նրան, չնշմարեց, որ Ավետիս Ամուճան լուռ լաց էր լինում և ծամում հացը, ասաց.

Է՜հ, լուսահոգին չիկա, հիմա խանութը կճաշես։

Ավետիս Ամուճան ուզեց խոսել, բայց շրթունքները կար­կամեցին, ջանաց զսպել իրեն, բայց չկարողացավ և, կես ծամած հացը բերանում, սկսեց բարձրաձայն լաց լինել։

Թումուճան Ախպարն էլ զգացվեց, երկու տարի առաջ նա էլ իր կինն էր կորցրել, միացավ լացին, բայց նրա լացը մեղմ էր, ժամանակը մաշել էր մորմոքի սրությունը։ Ավետիս Ամու­ճան ձեռքը գրպանը տարավ թաշկինակը վերցնելու համար, բայց չկար։ Լացով և հեկեկալով ասաց.

Դահա հեչ չէր եղեր՝ մենդիլ չունենայի, լուսահոգին միշտ ճեպս կդներ հատ մը, Թումուճան Ախպար։

Երկարեց, կաշվե գոգնոցը քաշեց և դրանով սրբեց ար­ցունքով ողողված քիթը, հետո հարցրեց հարևանին.

Դուն ըլ հետը կկռվեի՞ր։

Է՜հ, աշխարհք էր, բազի֊բազի կ՚ըլլեր։

Ես աստուծու օրը բայրախ կբանայի։

Մինչև հարևանի հեռանալը էլ չխոսեց, միայն լաց եղավ։

Չանցավ մի շաբաթ, տունն ամբողջովին և հիմնովին կեր­պարանափոխվեց, կեղտոտվեց, բոլոր իրերի վրա թանձր փոշի նստեց, սպիտակեղենները դեղնեցին, ո՞վ պիտի լվա­նար, ինքն էր լվանում, պատերից և առաստաղից չանչուլ­ներ կախվեցին, ինքն էր կերակուր եփում, շատ պարզ կերակուրներ,

որ ամեն մի մարդ էլ կարող է եփել, ամաններն օրերով չէր լվանում, թղթով սրբում էր և նորից գործածում։

Գուվար Քորոն ահավոր դատարկություն էր թողել տան մեջ և Ավետիս Ամուճայի հոգում։

Քանի օրերն անցան, Ավետիս Ամուճայի թախիծն այնքան խորացավ, նա Գուվար Քորոյին փնտրում էր այնպես, ինչպես մայր թռչունը՝ իր կորցրած ծիտին, անընդհատ ման էր գալիս փոքրիկ տարածություն ունեցող իր տան մեջ, մենակ, և բարձրաձայն աղաղակում.

Գուվա՛ր, աղջի՛ Գուվար, ո՞ւր գացիր, եկո՛, է՛, եկո՜…

Գրեթե ամեն երեկո բաց էր անում Գուվար Քորոյի սնդուկը, դուրս էր բերում շորերը, քսում երեսին և լաց լինում։ Լացը վերածվում էր դառը ողբի, երբ հիշում էր, թե ո՛ր շորը հագած օրը ինչ բանի մասին կռիվ էր եղել։

Գուվա՛ր, քըզի կ՚ըսիմ, նորե՛ն եկո, հետս կռիվ ըրե՛, աչքս քոռնա՝ բան չեմ ըսեր. եկո՛, է՜, եկո՛…, կանչում էր Ավետիս Ամուճան։

Հաջորդող ձմռան հիվանդացավ։

Գիշերը բաց էր մնացել, մրսել էր։ Ոչ ոք չկար, որ մի բաժակ ջուր տար։ Հազիվ կարողացավ վեր կենալ, պահարանից օղի վերցրեց մարմինը շփելու և տաքացնելու։ Մարմնի ամեն տեղը մի կերպ քսեց, բայց կռնակը չկարողացավ, մարմնի այն մասը, որ ամենից շատ էր կոտրատվում և ցավում։ Ավետիս Ամուճան խեղճացած նայեց տարածության մեջ և կանչեց։

Գուվա՛ր, ելի՛ր, մեջքս արաղ քսե՛, մսեր իմ…

Այն մարդը, որ Գուվարի ողջության, երբ նրա մասին խոսք էր լինում, նեղանում էր, թե՝ ուրիշ խոսելիք չունիք, այժմ ինքը հանդիպած բարեկամին, ազգականին, ծանոթին և խանութի հարևաններին խոսում էր լուսահոգիի մասին։ Թվում էր նրա առաքինությունները, մինչև անգամ նրա թերությունները ներկայացնելով իբրև առաքինություններ։

Հաճախ ուրախությամբ հիշում էր.

Լուսահոգիի հետ օր մը անանկ կռիվ ըրի, անանկ կռիվ ըրի, արար աշխարհքը թոզ ու դուման բռնեց։

Ամենափոքրիկ դեպքն անգամ հիշեցնում էր նրան մեռած կնոջը։

Երբ տան հաստ և խռպոտ աքլորը մի թևը գետինն ավլելով՝ դառնում էր հավերից մեկի շուրջը, Ավետիս Ամուճան շշնջում էր.

Կտեսնաս՝ խորոզը հավ ունի, ես չունիմ։

Թթի առաջին հատիկը և առաջին ծիրանը բերանը դնելիս հիշում էր Գուվար Քորոյին, և արցունքը չէր թողնում, որ հալալ կուլ տա։

Մի անգամ հիշեց, որ տարիներ, տարիներ առաջ Գուվար Քորոն նրան առաջարկել էր գնալ լուսանկարչի մոտ և միասին պատկերը քաշել և ինքը մերժել էր՝ համարելով դա ամոթ բան։ Քրքրեց պահարանը, գտավ Գուվար Քորոյի աղջկության մի նկարը, իր երիտասարդության նկարի հետ միասին տարավ լուսանկարչին և խնդրեց, որ միացնի իրար և մեծացնի։ Երբ այդ նկարը տուն բերեց, կախեց պատից, նայեց երկար և ասաց.

Մեռար, գացիր՝ հետո միացանք, Գուվա՛րս…

Բոլորն ապշեցին, չէին հավատում, երբ լուր տարածվեց, որ Ավետիս Ամուճան գնացել է գերեզմանոց և Գուվար Քորո­յի վրա երկար, կուշտուկուռ լաց է եղել։

Ավետիս Ամուճան մնացել էր մենակ այս աշխարհում, մենակ, ծերացած և լքված, մխիթարական ո՛չ մի կետ չէր գտնում իր կյանքում, հույսի և ուրախության ո՛չ մի առկայծ չէր պլպլում ծերության մութ հորիզոնի վրա։

Մի գիշեր պահարանից օղի վերցնելիս աչքին կպավ մի փոքրիկ ծրար պահարանի անկյունում։ Որոշեց բաց չանել։ «Լուսահոգին դրած կ՚ըլլի, թող մնա», մտածեց և փակեց պահարանի դուռը։

Բայց քնելուց առաջ նորից միտքն ընկավ ծրարը, վեր կացավ, դողդողալով վերցրեց, բերեց լամպի մոտ և բաց արավ։ Ավետիս Ամուճան երբ տեսավ բովանդակությունը, սկսեց ողբալ բարձրաձայն.

Գուվա՛րս, ես քու հոգուն ղուրբան ըլլիմ, լեզուս չոր­նա՜ր, աչքս քոռնա՜ր…

Խփում էր ծնկներին Ավետիս Ամուճան և ողբում՝ կարծես նոր էր մեռել կինը և դագաղը դրված էր առաջը։

Ծրարի մեջ գտել էր մի տեսակ ծաղիկ, որ հրաշալի դարման է հազի համար և շատ դժվարությամբ է ձեռք բերվում։ Գուվար Քորոն ընկել էր սարուձոր, հավաքել էր այդ ծաղիկը, չորացրել, որպեսզի Ավետիս Ամուճան ձմեռը խմի և չհազա։ Այդ ծրարը Գուվար Քորոյի վերջին հոգատարությունն էր ամուսնու համար։

Գուվա՛ր, մատնե՜րդ սիրեմ, աս ծաղիկը ինտո՞ր ժողվեցիր…

Ո՛չ ոք չկար, որ մի քանի մխիթարական խոսք ասեր, ծրարը հեռացներ աչքիցը և հանգստացներ, մենակ էր, նայում էր չորացած ծաղիկներին, հոտ քաշում և հեկեկում։

Գ

Մի առավոտ Ավետիս Ամուճան խանութը բաց անելիս նկա­տեց, որ Թումուճան Ախպարի խանութը փակ է։ Խանութի փակ լինելը տարօրինակ թվաց, որովհետև Թումուճան ախպարը միշտ իրենից առաջ էր խանութը բաց անում։ Մինչև կեսօր սպասեց, Թումուճան Ախպարի խանութը չբացվեց։

Կերևա հիվընդցեր է, մտածեց Ավետիս Ամուճան։

Բայց մինչև իրիկուն պարզվեց, որ Թումուճան Ախպարը խանութը չի բաց արել, որովհետև պսակվել է։

Վա՛յ, շունշանորդի՛, վա՜յ, բացականչեց Ավետիս Ամուճան, երբ առաջին անգամ լուրն ստացավ։

Ծո՛, մարդ կնիկ մը թաղե ու նորեն կարգվի՞… Ի՜նչ աշխարհք մնացինք։

Երկու օր հետո Թումուճան Ախպարը եկավ խանութ։

Ի՞նչ ընեի, տանը մեջ մինակ՝ շվաքիս հետ կխաղայի՛․․․― պատճառաբանեց Թումուճան Ախպարը։

Ավետիս Ամուճան տարակուսանքով օրորեց գլուխը։

Այդ օրերից մեկում նա հանդիպեց մի ծանոթի։ Ծանոթը տեսավ, որ Ավետիս Ամուճան շատ տխուր է, ասաց.

Է՜, Ավետի՛ս Ամուճա, շատ մի՛ մտմտա, դուն ըլ ար­դեն ծեր ես, ասկեց ետքը կնիկն ի՞նչ տ՚ենես։

Ավետիս Ամուճան պատասխանեց։

Ծո՛, սարսախ, կնիկը վաթցունեն վերջը պետք է։

Հա՞։

Թումուճան Ախպարը կճանչնա՞ս։

Հա՛, կճանչնամ։

Իշտե վաթցունին վերջը կարգվավ մարդը։

Եթե էդպես է, դո՛ւն ըլ կարգվիր, կնիկը կնիկ է, խրատեց ծանոթը։

Ավետիս Ամուճան ցնցվեց.

Կարգվի՞մ։

Կարգվիր յա՜։

Նոր կնիկ բերիմ, հա՞։

Հա՛։

Ավետիս Ամուճային դուր եկավ այս խրատը, բայց երբ բաժանվեց և տուն գնաց, չկարողացավ մոռանալ։ Մի քանի օր հետո նա նորից հանդիպեց նույն ծանոթին փողոցում, կանգնեցրեց նրան և ասաց.

Գիտե՞ս, դուն գլխուս մեջը ճրագ վառեցիր։

Ծանոթը մոռացել էր, գլխի չընկավ։

Ի՞նչ կըսես, չի՛մ հասկնար։

Ըսիր քի՝ նորեն կարգվիր։

Հա յա՜, նորեն կըսիմ, նոր կնիկ ա՛ռ, նոր կնիկը ավե­լի քաղցր կ՚ըլլի։

Ավելի քա՞ղցր։

Յա՜…

Երբ Ավետիս Ամուճան Թումուճան Ախպարին հարցրեց, թե՝

Նոր կնիկդ ինտո՞ր է։

Թումուճան Ախպարը պատասխանեց.

Շեքերի պես։

Ավետիս Ամուճայի մտքում մեխվեց նորից ամուսնանալու գաղափարը։ Դրանից հետո նա զգալապես աշխուժացավ։ Եր­կար ժամանակ էր մորուքը չէր կտրել, գնաց և մաքուր սափրվեց և նոր, չուխայից շալվար կարել տվեց, մեկ֊մեկ սրճարաններում սկսեց երևալ և կիրակի օրերն էլ՝ ժամի բակը։

Նրան հաճախ տեսնում էին քաղաքի Վարի թաղը։ Սա բոլորովին անսովոր երևույթ էր։ Այդ թաղում նա ո՛չ ազգա­կան ուներ, ո՛չ էլ բարեկամ։

Վարի թաղում մենակ, փոքրիկ և խարխուլ մի խրճիթում ապրում էր Թագուկ Տուտուն, մի այրի, որի ամուսնուն տարիներ,

տարիներ առաջ Ավետիս Ամուճան ծանոթ էր եղել և պատահել էր մի քանի անգամ, որ Ավետիս Ամուճան նրա կնոջ ձեռքից օղի էր խմել, երբ նրանք ապրում էին Վարի թաղում։

Ավետիս Ամուճայի Վարի թաղում քսվռտվելու, ինչպես ասում էին, պատճառը Թագուկ Տուտուն էր, որին տեսել էր ժամից դուրս գալիս և հիշել, որ նրա ամուսինն ահա մի քանի տարի է, որ չկա։

Վարի թաղում մեկ֊երկու շաբաթ քսվռտվելուց հետո մի օր տեսավ Թագուկ Տուտուին խարխուլ խրճիթի դռան շեմ­քին կանգնած, ձեռքերը ծալած և գոգնոցի տակով դրած փորի վրա։

Ավետիս Ամուճան մոտեցավ նրան և հարցրեց.

Հալըդ, վախտդ ինտո՞ր է։

Հալ ու վախտ կհարցնե՞ս, հալ ու վա՞խտ է մնացել, պատասխանեց Թագուկ Տուտուն և տխրորեն նայեց երկնքին, որ սկսել էր սևանալ անձրևով ծոցվորված ամպերով։

Արզև տի գա։

Թող գա, ի՞նչ զերեր։

Տեներնիս ծակերն ըլ ըհը ամեն մեկը, պատասխա­նեց Թագուկ Տուտուն, մատներով ցույց տալով կտուրի ճեղ­քերի չափը։

Էդի հե՜չ, մեռնել է, ճա՞ր չիկա, ատոր ճարը կա, մեյ մը վեր ելլամ, նայիմ, ասաց Ավետիս Ամուճան և ուղիղ քշեց դեպի կտուրի աստիճանները։ Մի ժամից ավելի նա չարչարվեց, փակեց ճեղքերը, ոտներով կոխկռտեց, ժրաց­րեց և իջավ ներքև, երբ արդեն անձրևի խոշոր կաթիլները սկսել էին թափվել երկնքից։

Թագուկ Տուտուն, խորապես զգացված այս բարեկամու­թյունից, թույլ չտվեց, որ Ավետիս Ամուճան անմիջապես հե­ռանա, աթոռ տվեց, նստեցրեց և, բանալով պահարանը, նրան երկու բաժակ օղի հրամցրեց։

Ավետիս Ամուճան երկար ժամանակ էր, ինչ կնոջ հետ

չէր խոսել, ուղղակի հեշտանք զգաց և ուզեց մի քիչ ավելի մնալ։

Կուզիմ քիչ մըլ կենալ, տեսնամ պիտի կաթե՞, թե չէ, ասաց և նայեց առաստաղին։

Հա՜, աղեկ ըսիր, դուրսն ըլ արզևը կշռշռա։

Եվ Ավետիս Ամուճան նրան ասաց,

Է՜հ, Թագուկ Տուտու, ես ըլ, դուն ըլ էս աշխարհքի մեջ մնացինք մինակ։

Քա, ի՞նչ կըսես,..

Յա՜, Գուվարս մեռավ․․․

Եվ Թագուկ Տուտուն իր աչքերով տեսավ, որ այդ վաթսուն և հինգ տարեկան ծերունին, այդ կոպիտ մարդը մանկան նման լաց էր լինում իր մեռած կնոջ վրա։

Այդ իրողությունը խորը, խորը տպավորություն թողեց Թագուկ Տուտուի վրա և ինքն էլ ձայնակցեց լացին։

Հաջորդ առավոտյան Թագուկ Տուտուն բոլոր հարևանուհիներին պատմեց դեպքը և ասաց.

Կնկա բախտն էլ էն է, որ էրիկմարդուն առաջը մեռնի, ինքը չի լա մարդուն վրա, մարդը լա իրեն վրա։

Այդ օրվանից Ավետիս Ամուճան հաճախ էր երևում Վարի թաղում և հատկապես Թագուկ Տուտուի խրճիթում։

Այն օրն անձրևը չէր կարողացել թափանցել Թագուկ Տուտուի կտուրը։

Հեչ չպիտի թողում, որ կաթիլ մի վար գա, վճռա­կանորեն ասաց Ավետիս Ամուճան։

Սաղ ըլլիս, Ավետիս Ամուճա, պատասխանեց Թա­գուկ Տուտուն։

Երբ անձրևներից հետո ձյունը թափվեց, Ավետիս Ամուճան սկսեց գնալ և Թագուկ Տուտույի կտուրի ձյունը մաքրել։

Առաջին ձյունը երբ թափվեց և առավոտյան դեմ կտրվեց, Ավետիս Ամուճան գնաց Թագուկ Տուտույի տունը, առանց նրան լուր տալու բարձրացավ կտուրը, կտուրի աստիճանները դրսից էին, և սկսեց մաքրել ձյունը։ Թագուկ Տուտուն դեռ չէր զարթնել, հենց Ավետիս Ամուճայի՝ կտուրի վրա գնալ-գալուց էլ զարթնեց։

Քա, վո՞վ է տեները ելեր, ձոնը կմաքրե, ասաց Թա­գուկ Տուտուն ինքնիրեն և դուրս ելավ։

Ե՛ս իմ, Թագուկ Տուտո՛ւ։

Քա՛, ի՜նչ նեղություն։

Ավետիս Ամուճան էլ չպատասխանեց և փայտե թիի կոթը փորին դրած՝ քշեց ձյունը դեպի փողոցը։

Թագուկ Տուտուն ներս եկավ։ Էլ նրա մեջ ո՛չ մի կասկած չմնաց, թե ինչ էր Ավետիս Ամուճայի միտքը։ Երբ Թագուկ Տուտուն եկավ այդ եզրակացության՝ խորը ուրախություն զգաց, նրան պաշարեց մի այնպիսի զգացում, որ ամուսնու մեռնելուց հետո չէր ունեցել։ Չհամբերեց, նորից դուրս եկավ և բարձր ձայնով կանչեց.

Ավետիս Ամուճա՜, Ավետիս Ամուճա՜…

Ավետիս Ամուճան նորից եկավ կտրի ծայրը, կանգնեց և ցուցադրական ձևով քրտինքը սրբեց։

Ավետիս Ամուճա խալըսելեն ետքը վար եկո՛, բան մը պիտի ըսեմ։

Փե՛ք աղեկ, փե՛ք աղեկ, կուգամ։

Թագուկ Տուտուն պատրաստություն տեսավ, որ նրան նախաճաշ տա։

Քիչ անց Ավետիս Ամուճան հայտնվեց ներքևում։

Քա՜, շնորհակալ եմ, ընծի համար նեղություն քաշեցիր։

Բան մը չէ։

Թագուկը նորից նրան հրամցրեց երկու բաժակ օղի և ձվածեղ եփեց այս անգամ։

Նեղություն մի քաշեր, Թագուկ Տուտու։

Քա՜, նեղությունս ի՞նչ է, քըզի նման բարեկամի համար պարտականությունս է գառնուկ մորթել, ամա չունիմ։

Մեկ խոսքդ հազար գառնուկ արժե, Թագո՛ւկ Տուտու, ջերմագին ասաց Ավետիս Ամուճան։

Ձյունը մաքրելու օրերից մեկում, ձմռան կեսերին, Ավետիս Ամուճան Թագուկ Տուտուի առաջ բաց արավ իր սիրտը։

Եվ ձմռան կեսերին Թագուկ Տուտուն տանտեղ որոնող մի մարդու ծախեց իր խրճիթը, ինքն էլ փոխադրվեց Ավետիս Ամուճայի տունը, իբրև օրինավոր կինը՝ եկեղեցիով թագ ու պսակ եղած։

Թե Ավետիս Ամուճան ինչպես վերջացրեց այդ հարցը, ո՜չ ոք չիմացավ։

Ավետիս Ամուճայի համար սկսվեց նոր մի կյանք, ինչպես գիշերից հետո լուսաբացը, աշխույժ, ոգևորված և ուրախ։

Աշխարհքն աղեկ բան է եղեր, ես չէի գիտեր, ասում էր նա բոլորին։

Մի քանի օրվա րնթացքում Թագուկ Տուտուն վերականգնեց հին տունը, մաքրեց, դարսեց, լվաց, արդուկեց, կարկատեց։ Տան ամեն մի առարկան սկսեց ծիծաղել, ինչպես առաջ, ամաններն ստացան իրենց նախկին փայլը։

Ամա՜ն, Թագուկս, հոգուդ ղուրբան ըլլիմ, դուն էզիյեթ մի՛ քաշեր, ե՛ս կենիմ։

Եվ շտապում էր նա օգնելու Թագուկ Տուտուին, չթողնե­լով որ, գեթ իր ներկայության, ամենաթեթև իրն անգամ վերցնի և տեղափոխի, այն մարդը, որ կես դարից քիչ պակաս ապրել էր մի ուրիշ կնոջ հետ և, ինչպես ասում են, մատը մատին չէր թաթխել։

Նրա թախիծին ծանոթները երբ հանդիպում էին նրան և չիմանալով, որ ամուսնացել է, զարմանում էին՝ տեսնելով նրա փոփոխությունը, հարց էին տալիս.

Ի՞նչ եղավ, որ էսպես…

Չե՜ս ըսեր՝ կարգվա։

Հա՞։ Ինտո՞ր է։

Խայմախի պես։

Ավետիս Ամուճան, թեև զգալիորեն կզած, բայց կարծես թռչկոտում էր, այնքան բարձր տրամադրության մեջ էր։

Երբ Թագուկ Տուտուն օղին բերում էր, դնում Ավետիս Ամուճայի առաջը, նստում կողքին և ասում՝ «Անուշ ըրե», Ավետիս Ամուճան իրեն զգում էր երջանկության յոթերորդ երկնքում, աճապարում էր իր թևի տակի կակուղ բարձը վերցնել և դնել Թագուկ Տուտուի կողքին, որ վրան հենվի։

Կողերդ չցավի, մեղք ես, Թագո՛ւկս, շշնջում էր նա։

Եվ ակնարկելով բարձի բրդին, ավելացնում էր.

Լուսահոգին է չփխեր։

Հակառակ այնքան գուրգուրանքներին, Թագուկ Տուտուին դուր չէր գալիս, որ լուսահոգիի մասին մի բան էր ասում Ավետիս Ամուճան կամ որևէ առիթով հիշում էր նրան, թեև ոչինչ չէր ասում և ճիգ էր թափում ոչինչ ցույց չտար։ Ժամանակի ընթացքում Ավետիս Ամուճան գլխի ընկավ և այլևս չհիշեց և չխոսեց նրա մասին, և Գուվար Քորոն բոլորովին մոռացվեց այդ տանը։

Մի օր, գրեթե պատահաբար, Ավետիս Ամուճան հարցրեց Թագուկ Տուտուին,

Ինչո՞ւ անպտուղ մնացիր։

Թագուկ Տուտուն չկարողացավ անմիջապես պատասխա­նել, աչքերը թացացան և ապա արցունքի խոշոր կաթիլներ կախվեցին նրա կոպերից.

Լուսահոգին Ստամբոլ գացեր էր, կ՚ըսեին քի՝ հիվնդցեր է, ի վերջո շշնջաց Թագուկ Տուտուն մռայլագույն թա­խիծով։

Ավետիս Ամուճան բռնեց նրա գլուխը և ասաց.

Ընծի ըռաստ գայի՜ր…

Թագուկ Տուտուի աչքերը պայծառացան։

Տղա մի, աղջիկ մի, էվել չէ, շշնջաց նա։

Հա՜, յա՜, բացականչեց Ավետիս Ամուճան հպարտու­թյամբ։

Մի օր Ավետիս Ամուճան տուն մտնելիս լսեց, որ Թագուկ Տուտուն ինքնիրեն գանգատվում էր. «Էս հավերն ըլ հոգիս հանեցին, քը՜շ, քը՜շ, քըշա՜ ա՜ …»։

Այդ օրվանից Ավետիս Ամուճան սկսեց հավերը մեկիկ-մեկիկ մորթել։ Տասն և հինգ օր նրանք ամեն օր հավ կերան, որպեսզի վերջացնեն։

Քա՜, մա՛րդ, ասում էր Թագուկ Տուտուն, մի՛ մորթեր, մեղք են։

Դո՞ւն մեղք ես, թե հավերը, անոնց խե՛րն անիծեմ, ասաց Ավետիս Ամուճան։

Հարևան կանայք, տեսնելով Ավետիս Ամուճայի գուրգու­րանքը նոր կնոջ հանդեպ և հիշելով Գուվար Քորոյին, ասում էին.

Անտե՜ր մնար Գուվարը, արևոտ օր չի տեսավ, հիմա կնկանը Թագուկ մըլ կըսե, Թագուկ մըլ բերն են կըյնի։

Եվ օրերը թռչում էին ուրախ։

Ավետիս Ամուճան այնքան երիտասարդություն էր զգում իր մեջ, որ խանութում մեկ աշխատանքի տեղը տասն էր անում։

Ժամանակի ընթացքում Թագուկ Տուտուն, որն սկզբում բավական տատանվել էր իր խրճիթը ծախելու և ճակատա­գիրը կապելու Ավետիս Ամուճայի հետ, գտավ, որ այդ չեչոտ և տափակ քթով, մազակալած ականջներով, մեծ բեղերով, ֆիզիկապես գրեթե այլանդակ մարդու մեջ կար ջերմագին մի սիրտ։

Երբ Թագուկ Տուտուն ձավար կամ այլ բան փռում էր կտուրը, որ չորանա, Ավետիս Ամուճան ժամերով նստում էր կտրի ծայրին, ծխում և հսկում, որ ճնճղուկներն ավերում­ներ չանեն։ Եվ դա անում էր ուրախ սրտով, առանց ջղայնա­նալու։ Իրերը շալակում էր, բարձրանում կտուրը, կտուրից վար բերում, էլի բարձրանում, էլի վար բերում, և՝ ո՛չ մի հոգնություն, ո՛չ մի սրտնեղություն։

Եթե պատահեր, որ Թագուկ Տուտուն բաժակը ջուր լցներ խմելու և մի ումպ կուլ տալուց հետո կանգ առներ, թե՝ տա­քացել է, Ավետիս Ամուճան անմիջապես ձեռքիցն առնում էր բաժակը և չէր թողնում, որ խմի.

Քիչ մը բեքլեմիշ ըրե, երթամ թաժա ջուր բերիմ։

Չէ՜, թող խմիմ, ջեննե՜մ…

Չէ՛, երթամ բերիմ։

Եվ ծերունին վազում էր աղբյուր՝ մանրիկ քայլերով, ուրախ և աշխույժ, թարմ և սառը ջուր բերում, որ Թագուկը խմի։

Էս ջրին պես երկար ըլլիս, մա՛րդ, ասում էր Թագուկ Տուտուն խմելուց և կռթալուց հետո։

Բերանդ պագնիմ, Թագո՛ւկս, բացականչում էր Ավե­տիս Ամուճան։

Շատ անգամ էր պատահում, որ Ավետիս Ամուճան ժա­մանակից առաջ խանութը փակեր և տուն վազեր։

Ո՞ւր էսպես, հարցնում էին խանութի հարևանները։

Երթամ տեսնամ կնիկս ի՞նչ կենե, հազար տարի է չիմ տեսեր, պատասխանում էր Ավետիս Ամուճան և շտապում դեպի տուն։

Հարևանները ետևից ծիծաղում էին և ասում.

Թամա՜մ խենթըցեր է։

Թագուկ Տուտուն, ամեն անգամ որ ցանկություն էր հայտնել այսինչ կամ այնինչ բանը լիներ՝ ուտեր, զղջացել էր, որովհետև տարվա այդ եղանակին այդ բանը գրեթե անկա­րելի էր ճարել, բայց բավական էր, որ Թագուկ Տուտուն ցանկություն հայտներ ուտելու՝ Ավետիս Ամուճան անպայման պիտի գտներ։ Նա խփում էր իր ծերացած գլուխը ամեն մի քարի, որպեսզի ճարի և իր Թագուկին կերցնի։

Ամա՜ն, մուրազը փորը չմնա, ասում էր Ավետիս Ամուճան։

Մի ձմեռ գիշեր, երբ երկուսը տաք քուրսիի շուրջը նստած՝ զրույց էին անում, ինչպես եղավ, Թագուկ Տուտուի բերնիցը թռավ.

Ասմա խավող ըլլեր՝ ուտեինք։

Ավետիս Ամուճան դիտմամբ արձագանք չտվեց, որպեսզի Թագուկ Տուտուն արգելք չլինի իր մտադրության։ Քիչ անց նա վեր կացավ և սկսեց դուրս գնալ։

Քա՛, ո՞ւր։

Ոտաց ճամփա։

Քա՜, ես ըլ… էլ չշարունակեց Թագուկը, այն մտահոգությամբ, որ Ավետիս Ամուճայի միտքը բան չգցի։

Ավետիս Ամուճան դուրս եկավ փողոց, որպեսզի գնա խաղող գտնի։ Դրսում քամին, սառնաշունչ և դաժան, ոռնում էր, հեռագրական թելերը սուլում էին, և բարձր չոր բարդիները խոնարհվում էին կես մեջքով և ուղղվում։

Ավետիս Ամուճան ուղղակի դիմեց թուրքերի թաղը, որովհետև միայն թուրքերն ասմա խաղող կպահեին։ Ծեծեց մի դուռ։ Երկու, երեք, չորս։ Հինգերորդ դուռն արձագանքեց՝ ո՞վ է։

Հիվանդ ունիմ, կմեռնի, խավող կուզե, աղաչեց Ավետիս Ամուճան։

Բաց արին դուռը, տվին խաղողը։

Տուն մտնելիս Ավետիս Ամուճայի բեղերից լուլաներ էին

կախվել։ Թագուկ Տուտուն ուրախության արցունքներով փա­թաթվեց նրա վզովը և ասաց.

Քա՛, ո՞ւր գացիր, կարծեցի քի կինե աշխըրքի մեջ մինակ մնացի։

Գացի ասմա խաղող բերի, որ ուտես, Թագո՛ւկս, ասաց Ավետիս Ամուճան և հպարտությամբ խաղողը դրեց նրա առաջը։

Քա՜, բացականչեց Թագուկ Տուտուն։

Ձմռան կեսգիշերին, փոքրիկ խրճիթի մի սենյակում, լամպի աղոտ լույսի տակ, ծաղկում էր մի սեր, որ ավելի խորն էր, քան որևէ երիտասարդ զույգի սերը։

Երբ Ավետիս Ամուճան փորձեց ձեռքով պոկել բեղերի սառույցի կտորները, Թագուկ Տուտուն չթողեց.

Բեղերդ կցավի, քիչ մի բեքլեմիշ ըրե,, կլկի։

Ավետիս Ամուճան ականջ չկախեց, պոկեց սառույցը, թաշկինակով չորացրեց բեղը և ասաց.

Կե՛ր, տեսնամ։

Դո՛ւն ըլ կեր։

Հըլա դո՛ւն կեր։

Ավետիս Ամուճան անսահման հրճվանքով դիտում էր Թագուկին, որ սմքած, բայց շաքարի պես քաղցրացած խաղողի հատիկները հատիկ-հատիկ դնում էր բերանը, ծամում։

Քեֆդ եկա՞վ, Թագու՜կս, ի վերջո հարցրեց Ավետիս Ամուճան։

Էն էլ ինչպե՜ս…

Ավետիս Ամուճան մոտեցավ նրան, մի ձեռքը դրավ նրա գլխի ետևը, մյուս ձեռքով բռնեց և վեր բարձրացրեց ալեխառն մազերի մի փնջիկ և ասաց.

Աս մազը կա՞ յա, աս մազը քսան տարեկան աղջկան մազերի հետ չեմ փոխեր, կե՛ր, Թագու՜կս, կե՛ր։

Երբ Թագուկ Տուտուն խաղողը կերավ և վերջացրեց՝ ի տրիտուր Ավետիս Ամուճայի հերոսական սիրո, զգուշության համար չորս կողմը նայելով, որպեսզի ոչ ոք չլսի, ասաց.

Աս գիշեր ծոցդ գամ…

Դ

Կյանքի դաժան օրենքը, սակայն, չթողեց, որ այս ծերունիները սպիտակ մազերից հետո նորից ծաղկեին, ինչպես գարունն էր ծաղկում՝ սևանային նրանց մազերը, կնճիռներն անհետանային, մեջքերն ուղղվեին և աչքերը, պայծառացած, թարթեին կանաչ դաշտերի և կակաչներով վառվող արտերի վրա։

Թագուկ Տուտուն հիվանդացավ, հազում էր սաստիկ, հազը երբ բռներ, աղիքները դուրս էին թափվում։

Հեքի՛մ էֆենդի, աղաչում էր Ավետիս Ամուճան, ճար մի ըրե՛, փրկե մեկ հատիկս, քու եսիրդ ըլլիմ։

Բայց ո՛չ մի ճար չեղավ։

Գարնան սկզբին, երբ ուռենին հազիվ էր կանաչ ոստեր տվել, Թագուկ Տուտուն փակեց իր աչքերն ընդմիշտ։

Վերջին անգամ նա ասաց Ավետիս Ամուճային, զարմա­նալիորեն պայծառացած, խոշորացած աչքերը հառելով նրան.

Մա՛րդ, դուն ըլ ետևես եկո՛, աշխըրքի մեջ մինակ մի՛ մնար։

Խորտակվեց փիրուզյա և աստղերով ծածկված գմբեթը Ավետիս Ամուճայի սպիտակած գլխի վրա։

Նորից հավաքվեցին ազգականներ և ծանոթներ, վերցրին Թագուկ Տուտուի դագաղը և շտկվեցին դեպի հին գերեզմա­նոցը։

Մինչև գերեզմանոց Ավետիս Ամուճան ձեռքը դրել էր Թագուկ Տուտուի սառը ճակատի վրա, լաց էր լինում և ասում.

Ո՞ւր կերթաս, ընծի մինա՞կ կթողուս։

Մարդիկ զարմանում էին, թե ինչո՞ւ մի ծերունու այդքան վիշտ պիտի պատճառեր մի պառավի մահը։

Երբ դագաղը դրին փորված փոսից գոյացած հողակույտի վրա, Ավետիս Ամուճան կռացավ դագաղի վրա, բարձր լաց եղավ և ասաց.

Թագո՛ւկս, Գուվարին բարև ըրե՛, ասոր, վաղը ե՛ս ըլ կուգամ, Թագո՛ւկս, իլք բահարի ծաղի՛կս…

Արցունքը խեղդեց ծերունու կոկորդը, չկարողացավ շարու­նակել։

Դագաղը իջեցրին փոսը և սկսեցին հողը լցնել։

Ավետիս Ամուճան էլ չկարողացավ նայել, ետ քաշվեց, աչքերը հառեց երկնքին, ինչ֊որ շշնջաց դողդոջուն շրթունք­ներով, ապա աչքին զարկավ Գուվար Քորոյի գերեզմանը, որ գտնվում էր հիսուն քայլ հեռու, նայեց, նայեց և սկսեց քայլել դեպի նրան։ Գնաց, չոքեց Գուվար Քորոյի հողակույտի վրա, արցունքի մի նոր ուղխ ողողեց նրա աչքերն ու հոգին, և ասաց.

Թագո՜ւկս ըլ մեռավ, Գուվա՛ր, իրարու աղեկ նայեցեք՝ մինչև ես ըլ գամ։

Մինչ այդ հուղարկավորներն անտարբեր էին, թաղում էին մի պառավ կին, բայց երբ Ավետիս Ամուճան գնաց և սկսեց ողբը շարունակել Գուվար Քորոյի հողակույտի վրա, բոլորի աչքերն էլ խոնավացան։

Երբ տուն բերին Ավետիս Ամուճային, տանն ավելի ողբագին շարունակեց լացը և ասաց.

Աշխըրքի մեջ մինակ երկու գերեզման ունիմ, ուրիշ բան չունիմ…

1934 թ.
Յատուկ Երաժշտություն
Հայաստան սիմֆոնիկ պանել
Ղազարոս Սարյան

Հայաստան սիմֆոնիկ պանել