Վահան Տերյան

Մռայլ գիշերն է լռում

Մռայլ գիշերն է լռում,
Խավար գիշերն ամենուր,
Ես վառել եմ խավարում
Իմ ճրագը ոսկեհուր…

Ստվերները ծածանուտ
Կերերան ու կըհանգչեն,
Կըզգամ քայլը քո ծանոթ,
Քո խոսքերը կըհնչեն։

Դու անկարծ կըհայտնվես,
Անակնկալ դու կըգաս,
Քաղցր սուտով կըխաբես,
Կըսիրես ու կըգթաս։

Եվ մենության այս միգում,
Ու խավարում այս մեռած
Սեր կըվառես իմ հոգում,
Ազատությո՜ւն ու երա՜զ…

Մեղմաքայլ կըհեռանաս,
Ես կըմնամ միայնակ,
Նորի՛ց, նորի՛ց կըդառնաս՝
Խորհրդավոր ու հստակ։

Մութ գիշերում կընստեմ՝
Լցված սիրով խնդագին,
Քո գաղտնիքը ես գիտեմ,
Բայց չեմ ասի ոչ ոքին….

Մռայլ գիշերն է լռում,
Խավար գիշերն ամենուր,
Ես վառել եմ խավարում
Իմ ճրագը ոսկեհուր…

Յատուկ Երաժշտություն
Դիմակահանդես – Ռոմանս
Արամ Խաչատրյան

Դիմակահանդես – Ռոմանս