Վահան Տերյան

Հրաժեշտի գազել

Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով. Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով ասում եմ ես բոլոր մարդկանց չար ու բարի, Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով ասում եմ ես ընկերներիս` մոտ ու հեռու, Ոսոխներիս` չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով:

Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին, Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:

Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին, Արտույտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով:

Ծաղիկներին դեռ չբացված, դեռ չկիզված հոգիներին, Մանուկներին վառ-խլրտուն ասում եմ ես մնաք բարով:

Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու, Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնաք բարով:

Յատուկ Երաժշտություն
Այզորների երգը
Գեորգի Գյուրջիև

Այզորների երգը

Գազելներ
Գազելներ
Խաղա առցանց