Վահան Տերյան
Հնազանդություն
Օրորված է հոգիս ձմեռվա
Օրերի օրորով, ու անուշ
Թախիծն է ծավալվել իմ վրա,
Եվ նուրբ է իմ կյանքը, որպես հուշ։
Իմ սրտի թագուհին հեռավոր,
Հեռավոր կողմերում է հիմա,
Պարզել եմ երազներըս բոլոր,
Ցնորքներըս բոլոր դեպի նա։
Ու թեև գիտեմ, որ մենք բնավ
Չըպիտի հանդիպենք իրարու,
Բայց արդեն իմ սրտում չըկա ցավ,
Օրհնում եմ նրա կյանքը հեռու։
Եվ աշխարհը պայծառ է նորից,
Երկիրը հարազատ է դարձյալ,
Օրորում են անուշ մի թախիծ,
Եվ գալի՛ք, և ներկա՛, և անցյա՛լ…
Օրորված է հոգիս ձմեռվա
Օրերի օրորով, և անուշ
Թախիծն է ծավալվել իմ վրա,
Եվ նուրբ է իմ կյանքը, որպես հուշ…
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Առնո Բաբաջանյան
Թավջութակի կոնցերտ
Անահիտ
Խաղա առցանց