Վահան Տերյան

Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս

Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս,
Աներևույթ դու խոսում ես աշխարհում,
Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս,
Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում.

Քնքուշաբույր ծաղիկների թերթերում,
Հույս դաշտերի խաղաղ նիրհող օվկիանում
Եվ աստղազարդ, խորհրդավոր գիշերում,
Եվ ջրերի արծաթաճոճ օրրանում։

Ամենուրեք մի կարոտ ես դու նետել,
Քո ըստվերն ես փռել անծիր աշխարհում,
Դու ես հյուսում աստղացանցը ոսկեթել,
Գիշեր ու զօր կյանքը դու ես զարդարում։

Եվ աշխարհի ուղիներում ես մոլոր
Թափառում եմ և որոնում տխրադեմ,
Լսում եմ քո ձայնը անուշ-լուսավոր,
Կանչում եմ քեզ, բայց անունըդ չգիտեմ։

1908
Յատուկ Երաժշտություն
Սիմֆոնիկ պատկերներ
Ղազարոս Սարյան

Սիմֆոնիկ պատկերներ

Հետևելով անմեղ աղավնիներին
Հետևելով անմեղ աղավնիներին
Խաղա առցանց