Վահան Թեքեյան

Քու հիշատակդ այս գիշեր

Քու հիշատակդ, այս գիշեր, զիս լալու չափ կհուզե․
Կարծես մեկնած էր սրտես, և գաղտնաբար այս գիշեր
Ետ կդառնա, ու հին տեղն ու հին գգվանքը կուզե,
Կսեղմվի գրկիս մեջ, կբարձրանա կուրծքս ի վեր։

Քու պատկերըդ աչքիս մեջ և քու ձայնըդ ականջիս,
Կթրթըռան այս գիշեր, երակներուս մեջ կարծես
Քաղցրահոտ շունչդ է լեցված, որ կզգլխե, կօրրե զիս,
Մինչ երեսես ալ կանցնին կարծես մատներըդ անտես։

Ետ կդառնան մի առ մի մեր հին ժամերն անկորուստ,
Կարավանին հետ աստեղց անոնք կուգան վերստին,
Հոգիս փարախն է բացվող ընդդեմ իր քաղցր հոտին։

Հիշատակովդ, այս գիշեր, կզգամ անչափ զիս հարուստ,
Այնչափ բարի, երջանիկ․․․ որ գթությամբ մը անհուն
Կմտածեմ զայն բաժնել երկրի բոլո՜ր խեղճերուն․․․։

Յատուկ Երաժշտություն
Աշնան արև
Տիգրան Մանսուրյան

Աշնան արև