Թերեզա Ամրյան

Պատուհանից

Մի քանի օր է պապիկիս եղբայրն ամեն օր ուզում է գնալ բակում զբոսնելու. նա ի վիճակի չէ քայլել, բայց ասում է, որ պատուհանից դուրս կգնա և կզբոսնի բակում:

Ընե՛, այլևս չեմ կարող ուտել, ինձ ապուր մի՛ տուր, ժամանակ առ ժամանակ ասում է պապիկիս եղբայրը:

Ընեն պապիկիս մայրն է. ընե եզդիների լեզվով մայրիկ է նշանակում: Մի քանի օր է ընեն գնացել է իմ պապիկիս եղբոր մոտ և տուն չի գալիս: Ընեն չի քնում, ամեն երեկո չի լողանում, փայտե սանրով չի սանրում իր սպիտակ, ալիքաձև մազերը, չի փոխում իր գունավոր հագուստներն ու սպիտակ ծոպավոր գլխաշորը: Պապիկիս եղբոր տունը մեր տնից հեռու չէ, և ես վերջերս հաճախ եմ այնտեղ գնում: Միշտ ընեին պապիկիս եղբոր մահճակալի մոտ նստած եմ տեսնում: Ամբողջ օրը ազգականներ են գալիս՝ պապիկիս եղբորը տեսնելու և ընեի հետ զրուցելու:

Պապիկիս եղբայրը ոչինչ չի կարող ուտել, դժվարությամբ է կուլ տալիս ընեի պատրաստած ապուրը: Ժամանակ առ ժամանակ պապիկիս եղբայրը հայացքը հառում է ընեին, իր մի ձեռքի բութ մատն ու ցուցամատը մոտեցնում է իրար և օդում շարժում: Ինձ թվում է՝ պապիկիս եղբայրն ընեից ինչ-որ բան է խնդրում, երևի մի քիչ ջուր կամ որևէ քաղցր բան: Ընեն բացասաբար շարժում է գլուխը և նորից փորձում է իր պատրաստած ապուրը գդալ-գդալ տալ պապիկիս եղբորը: Ազգականները լուռ շարժում են գլուխը, վեր են կենում, փարվում են ընեին և հեռանում:

Ընեն գրկում է որդու գլուխը, մաքրում է ճակատը, ժամանակ առ ժամանակ փոխում է նրա շապիկը: Երբեմն պապիկիս եղբայրն ասես ուժ է հավաքում, նստում է անկողնում, բակ գնալու ցանկություն է հայտնում: Երբ նրան հիշեցնում են, որ ի վիճակի չէ դուրս գնալ, նա ասում է.

Եթե չթողնեք, ես պատուհանից դուրս կգնամ:

Մի փոքր անց պապիկիս եղբայրը նորից է նվաղում: Ընեն բռնում է նրա ձեռքն ու լռում է:

Ընդամենը տասը օր առաջ պապիկիս եղբարն այնքան ուժեղ էր, այնքան ուրախ էր: Այդ օրը ես նրան մեր շենքի բակում տեսա: Նա իր գծավոր կոստյումն էր հագել: Նրա կոստյումի խորը ծոցագրպաններում միշտ քաղցր բաներ կան: Ամռանը ձմերուկ կտրելու համար պապիկիս եղբայրն այդ կոստյումի գրպանից հանում է կաթնագույն կոթով ծալովի դանակը:

Գառնուկս, տե՛ս, իմ դանակի պոչը ոսկորից է, ասում է նա և աչքով է անում ինձ:

Ամեն անգամ իր կոստյումի գրպանից որևէ քաղցր բան հանելուց և ինձ տալուց առաջ պապիկիս եղբայրն ուղղում է իր մեջքը, դեմքին լուրջ արտահայտություն է տալիս, շոյում է գլուխս և ասում.

Ես ո՞ւմ հոպարն եմ:

Դու իմ մեծ հոպարն ես, ասում եմ ես:

Պապիկիս եղբայրը նստեց մեր բակի ցայտաղբյուրի կողքին գտնվող քարի վրա, կռացավ, համբուրեց գլուխս: Հետո սկսեց ինչ-որ բան փնտրել իր գծավոր կոստյումի ծոցագրպաններում. երևի ուզում էր ինձ քաղցր բան տալ: Գրպաններից մեկի մեջ ես երկար վզով շշեր տեսա. շշերից մեկը թեյի գույն ուներ, մեկը թափանցիկ էր: Նա դրանց ձեռք չտվեց, մեկ այլ գրպանից կանաչ խնձոր հանեց, շոյեց գլուխս և ասաց.

Ես ո՞ւմ հոպարն եմ:

Դու իմ մեծ հոպարն ես, հպարտ-հպարտ ասացի ես:

Նա դողացող ձեռքերով բացեց կաթնագույն կոթով դանակը, կլպեց խնձորը, կիսեց, մեծ մասն ինձ տվեց, փոքր մասը ինքը կերավ: Հետո նա ցայտաղբյուրի ջրով լվաց դանակը, ծալեց, դրեց գրպանը, հետո լվացվեց և մեծ, կապույտ գծավոր թաշկինակով սրբեց երեսը:

Կմրսես, կմրսես, այս ցրտին դրսում մի՛ լվացվիր, գոռաց ընեն, որ այդ պահին գլուխը հանել էր պատուհանից և ձեռքերը դեպի դուրս ձգել: Ընեն այնքան հուզված էր, որ ինձ թվում էր՝ ընեի բազուկից մինչև արմունկը ծածկող ձվաձև, մուգ կարմիր թևլիկները կսահեն, կընկնեն ներքև. վախենում էի, որ ընեի թևերին մի քանի շարքով կապված մանր ուլունքները կպոկվեն և ցրիվ-ցրիվ կլինեն:

Ընե՛ ջան, ես քեզ շատ եմ սիրում, ասաց պապիկիս եղբայրը, համբուրեց իր մատների ծայրերը, կարծես ինչ-որ բան ուղարկեց ընեին:

Ա՛յ տղա, արի՛ տուն, վերևից մեր լեզվով գոռաց ընեն և ավելացրեց, մի՛ գնա, ես հիմա կիջնեմ:

Պապիկիս եղբայրը կարծես չլսեց ընեին, նայեց ինձ, աչքով արեց ու մի անգամ էլ հարցրեց.

Ես ո՞ւմ հոպարն եմ:

Դու իմ մեծ հոպարն ես, թթվաշ խնձորը ծամելով ասացի ես:

Պապիկիս եղբայրն այդ պահին աչքիս այնքան ուժեղ էր թվում. ուժեղ էր իր ոլոր-մոլոր քայլվածքով, իր գրպանների պարունակությամբ, ընեին ուղարկած իր օդային համբույրով, չկոճկած կոստյումի՝ քամուց փռփռացող եզրերով, իր դողացող ձեռքերով, իր բարձր հասակով, հեռվում փոքրացող իր ուրվագծով…

Իսկ հիմա պապիկիս եղբայրը թույլ պառկած է, անգամ չի կարող ինքնուրույն լվացվել: Ընեն իր ծաղկավոր թաշկինակով սրբում է նրա ճակատը, իսկ շապիկները փոխելու ժամանակ խոնավ սրբիչով մաքրում է նրա թևերն ու վիզը:

Հորաքույր Ասեն նույնպես պապիկիս եղբոր տուն է եկել. նա օրը մի քանի անգամ տաշտի մեջ ջուր է լցնում և սև օճառով լվանում է ընեի տված շապիկները, սրբիչներն ու թաշկինակները: Իր փոքրիկ լվացքը օրը մի քանի անգամ հարթուկելու ժամանակ հորաքույր Ասեն թաքուն լաց է լինում: Հորաքույր Ասեն պապիկիս եղբոր նման բարձրահասակ է, նա պապիկիս եղբոր աղջիկն է: Երբ ընեն դուրս է գալիս սենյակից, պապիկիս եղբայրն Ասեին իր մոտ է կանչում, բութ մատն ու ցուցամատը մոտեցնում է իրար և օդում տարուբերում: Հորաքույր Ասեն ոչինչ չի խոսում, գլուխը կախում է և լռում:

Դե ուրեմն թողե՛ք գնամ բակում զբոսնեմ, վերադառնամ, ձայնը մի քիչ բարձրացնելով ասում է պապիկիս եղբայրը:

Հորաքույր Ասեն ձեռքով փակում է իր բերանն ու քիթը, նրա ուսերը ցնցվում են:

Եթե չթողնեք գնամ բակում զբոսնեմ, պատուհանից դուրս կգնամ, նվաղած ձայնով շարունակում է պապիկիս եղբայրը:

Այսօր բժիշկ եկավ: Ես և հորաքույր Ասեն միջանցքում կանգնած տեսանք, թե ինչպես իմ պապիկը բժշկի հետ դուրս եկավ սենյակից: Պապիկիս ձեռքում ճամպրուկ կար, ճամպրուկի վրա կարմիր գույնի մեծ խաչ էր նկարված. պապիկիս դեմքը սպիտակել էր, ճակատն ավելի լայն էր թվում:

Ասացի, որ ընեին մեր տուն տանեն. թող մի քիչ հանգստանա, ասաց պապիկս:

Ընեի հեռանալուց հետո ես և հորաքույր Ասեն գնացինք պապիկիս եղբոր մոտ: Պապիկիս եղբայրը շնչակտուր էր լինում, ուզում էր ինչ-որ բան պատմել բարեկամներին, բայց խոսքը կիսատ էր մնում: Այցելուները լարված ներսուդուրս էին անում, ժամացույցին նայում, շքամուտքում ծխում, կարծես ինչ-որ մեկին սպասելիս լինեին: Հորաքույր Ասեն ինձ դուրս բերեց սենյակից. ես մենակ կանգնեցի միջանցքում: Ափսոսեցի, որ ընեի հետ չգնացի մեր տուն: Դրսում մթնում էր, չէի ուզում մենակ գնալ. նստել էի մեծ հոպարի տան միջանցքում և չգիտես ում էի սպասում: Բժշկին ուղեկցելու ժամանակ պապիկս իր կաշվե ձեռնոցները նետել էր միջանցքում դրված կոշիկների վրա և այդտեղ էլ մոռացել:

Հանկարծ պապիկիս եղբոր սենակից բարձր ձայներ լսվեցին. միջանցքում և շքամուտքում կանգնած մարդիկ ներս վազեցին: Րոպեներ անց մի տարեց կին, որ ընեի նման դարսավոր եզդիական հագուստներ ուներ, հորաքույր Ասեի թևը բռնած դուրս բերեց սենյակից: Միջանցքից դուրս գալով՝ ես և հորաքույր Ասեն սկսեցինք իջնել շքամուտքի աստիճաններն ի վար:

Հորաքու՛յր Ասե, ինչու՞ ես լաց լինում, հարցրեցի ես:

Քո մեծ հոպարը գնաց, ասաց հորաքույր Ասեն:

Ես պատկերացրեցի, թե ինչպես է պապիկիս եղբայրը վեր կացել անկողնուց, ինչպես է հագել իր գծավոր կոստյումը, ինչպես է դուրս եկել պատուհանից և գնացել զբոսնելու: Բակով անցնելու ժամանակ աշնանային երեկոյի կիսախավարի մեջ փնտրեցի պապիկիս եղբորը, բայց ոչ մի տեղ չգտա:

Ընեին չասես, որ մեծ հոպարը գնաց, ասաց հորաքույր Ասեն, երբ մենք մոտեցել էինք մեր շենքին և պատրաստում էինք տուն մտնել:

Ընեն լվացել և կախել է իր սպիտակ ծոպերով գլխաշորը: Ընեն նստել է իր մոխրագույն թաղիքի վրա և սանրում է թաց մազերը: Ես ընեին չեմ ասում, որ մեծ հոպարը հագավ իր կոստյումը և պատուհանից դուրս գնաց առանց «Ընե՛ ջան, ես քեզ շատ եմ սիրում» ասելու և առանց օդային համբույր ուղարկելու: Ես ինձ մեղավոր եմ զգում ընեի առաջ, որովհետև չեմ ասում՝ մեծ հոպարը գնաց: Երևի հորաքույր Ասեն նույնպես իրեն մեղավոր է զգում. հեռանալուց կես ժամ առաջ պապիկիս եղբայրն իր մոտ կանչեց նրան, և հորաքույր Ասեն բոլորից թաքուն փոքր բաժակով թափանցիկ հեղուկ տվեց նրան… Ես ինձ կրկնակի, եռակի մեղավոր եմ զգում ընեի առաջ, որովհետև այդ ամենը տեսա և չկարողացա արգելել:վ

Յատուկ Երաժշտություն
Երևանյան էտյուդներ
Ալեքսանդր Սպենդիարյան

Երևանյան էտյուդներ

Աղջիկ պատուհանի մոտ (Գյուղում)-1964
Աղջիկ պատուհանի մոտ (Գյուղում)-1964
Խաղա առցանց