Սիպիլ

Թիթեռնիկը և մեղուն

(Հին առակ)



Կես օրին մոտ, հոգնած դադրած՝
Մեղուն փեթակ կը փութար,
Առտուն կանուխ, արևուն հետ էր ելեր,
Եվ ծիլե ծիլ ոստոստելով օդահած,
Ծաղիկներուն ծըծեր էր հյութն ու նեկտար,
Ավարելով առէչքներուն նուրբ թելեր:
Իր բեռան տակ՝ ճընշըված խոնջ ու անձայն
Եկավ վարդին վըրա թառիլ խավարծի,
Ուր կը տաքնար թիթեռնիկ մը գունագեղ
Արևուն ջերմ ցոլքերուն տակ ջինջ, շըքեղ:
Թևիկները թավիշ էին
Փետուրի պես, դեփ-դեղին,
Վըրան մանրիկ կիտվածներով թավարծի,
Ուր սև նիշեր բանված էին ցիր ու ցան:
«Խո՛լ թիթեռնիկ, ըսավ մեղուն ծաղկասուն:
«Դուն անպիտա՛ն անասուն,
«Ի՞նչ կ՚ընես հոդ արևուն տակ
«Պարզած թևերդ այլանդակ:
«Աղվորությո՞ւն ցուցադրելու կ՚ելլես դուն,
«Ժիր մեղուներն երբ կ՚աշխատին եռանդուն»:
«Կարծածիդ պես անպիտան չեմ,
«Թիթեռն ըսավ մեղմաբար,
«Մի՛ նախատեր զիս, կ՚աղաչեմ,
«Մ՚ըլլար այդքան սընափառ:
«Աղվոր ըլլալ մե՞ղք կը կարծես

«Որ երեսիս կը զարնես:
«Տըգեղ ես դուն, սակայն, ըսի՞
«Երբեք կոշտ բառ մը քեզի»:
«Օգուտդ ի՞նչ է, ըսե՛ նայինք, փո՛ւճ էակ,
«Եթերին մեջ, վեր վար թըռիլ ու թառիլ
«Հիրիկեն վարդ, վարդեն հասմիկ թափառիլ,
«Բան գործ ընել օրն ի բուն խաղն ու կատակ
«Լիրբ ձևերով խեղկատակ:
«Մինչ ես կռեզեն ոսկեփըրփուր
«Կը քաղեմ մեղր անուշակ,
«Եվ փեթակիս մեջ կը շինեմ թաքթաքուր
«Մարդուց համեղ կերակուր
«Թալլելով թյում, մանուշակ»:
«Տիկի՛ն մեղու, մըտիկ ըրե՛, գոչեց թիթեռն օդապար,
«Կը կարծես թե կերվա՞ծն է լոկ օգտակար:
«Գեղեցիկն ալ չունի՞ օգուտ մեր սըրտին.
«Շատեր իրենց տաղանդն անոր կը պարտին:
«Մարդիկ, իրա՛վ, հարգ կ՚ընծայեն ցորենին
«Որ կուշտ մընա փորերնին,
«Բայց գըրգանքով կը հոտոտեն թավշալանջ
«Շեկ քըրքումներն ու հափուկները կանանչ...
«Եթե մեղրով քիմքին հաճույք կուտաս դուն,
«Իմ հըմայքս ալ աչքին հըրճվանքն է մարդուն:
«Մի՛ նախանձեր իմ ձիրքերես,
«Գիտցի՛ր, արդար է Աստված:
«Քեզ ուժ տըվավ որ բեռ կըրես,
«Իմ թևերուս ալ կիտված:
«Ես քու մեղրիդ, ոչ ալ մոմիդ չեմ տենչար.
«Դուն ալ մ՚ըլլար լեզվով խայթող, սըրտով չար»:

Յատուկ Երաժշտություն
Աշնան արև
Տիգրան Մանսուրյան

Աշնան արև

Լանդշաֆտ
Լանդշաֆտ
Խաղա առցանց