Շուշանիկ Կուրղինյան
Լսո՞ւմ ես, ընկեր, հեռու խորքերից․․․
Լսո՞ւմ ես, ընկեր, հեռու խորքերից
Կատաղի հողմի վայրագ խշխշոց․
Տարերք են լալիս, շանթի որոտից
Խուլ արձագանքով լսվում դղրդոց։
Այնտեղ կռվում են գոյության համար
Երկիրն ու ջուրը դեմ առ դեմ կանգնած՝
Կատաղի հողմը թափով սանձահար
Մահահոտ շնչով նրանց է խառնած։
Այնտեղ լեռները լերկ, կոշտ կրծքերով,
Կախվել են անսաս ձորի եզերքին,
Խեղդել են ուզում անզուսպ տենչանքով
Կուրծքերը քերող հուժկու հոսանքին։
Գոռում է ալին, զայրույթով ըմբոստ,
Ճերմակ փրփուրը դեմքին կատաղած․
Սև հսկաներին որպես չնչին ոստ
Կուզե տապալել, փշրել անկասկած։
Սակայն լեռները անհողդողդ սրտով
Խեղդում են, փշրում հրե բլուրներ,
Ու խրած հողում, հոգով անխռով
Նայում կատաղած ջրին անտարբեր։
Լսո՞ւմ ես, ընկեր, հողմը մերձ ի մահ
Ուժասպառ պարտված․․․
Հեղեղը իջավ․ էլ կռիվ չկա,
Ժայռերի կրծքին արևն է շողում։
Եվ ալիքները թաղման հանդեսի
Տխուր երգելով հոսում են առաջ․
Նրանց ջինջ կրծքին բռնակալ ուժի
Դիակն է ընկած՝ կուրծքը պատռված։
1906