Շուշանիկ Կուրղինյան

Կռվից հետո

Շրջում էր քամին ամայի կիրճում ու վայրագ երգով աշխատում վանել սարսափն իր սրտի։ Նա լսեց հանկարծ մի մեղմ հեծկլտոց, կռացավ, տեսավ սիրուն մի ծաղիկ լալիս է թաքուն.

Քուն չունե՞ս, աղջի՛կ, գիշեր է, քնի՛ր, մի՛ լար, նազելի․․․

Եղբա՛յր, քարափից վայր գլորվեցին արյունոտ դիեր, տե՛ս, մեկն էլ ահա ընկել է կրծքիս, տնքում է անլուռ ու մորը կանչում․․․ ինքը քուն չունի՝ իմ քունն է կտրել․․․ ասա գեթ թեքվի մի քիչ շունչ քաշեմ․․․

Քամին լուռ չոքեց դիակի առաջ և պաղ թևերով գրկեց գլուխը տաք և արյունոտ ու լալով լացեց․․․

Դե՜հ, մի քիչ կամաց, տրտնջաց առուն։

Ի՜նչ ցասման գիշեր․․․ դիակներ ընկա՜ն։

Իմ կրծքի վրա․ ուղիս կորցրած սողում եմ առաջ թե ո՞ր չգիտեմ․․․

Վա՜յ, վա՜յ, վայեց բուն, ոճիրն ու մութը գրկել են իրար։ Երևի դևը ունի խրախճանք։

Գորտն էլ տաք ճահճից քնահատ և դժգոհ կռռաց ու լռեց։

Ուռին սարսռաց անհայտ սոսկումից

Գլուխը կախեր ջրերի վրա․․․

Այս ի՞նչ աղմուկ կա այսօր ձորի մեջ, հարցրեց նրան աստղ մի սիրունիկ, որ գլորվում էր հստակ առվակում։

Մարդիկ են ընկել․․․

Մարդի՞կ․․․

Հա՜․․․

Ի՞նչ մարդիկ։

Այն, որ ապրում են երկրիս վրա ուժեղ ու հզոր, տեր ու տիրական․․․

Հա՜, դեհ, ցույց տուր, շուտ, ինձ չէ պատահել մոտ լինել նրանց։

Մի՛ նայիր, աստղիկ․․․

Ուզում եմ նայել։

Նոքա մեռած են․․․

Ի՞նչ բան է մեռնել։

Մեռնել֊չքանալ․․․

Ա՜խ, խորամանկներ, ինչ բաներ գիտեն․ պիտ նայեմ, ուռիկ․ վաղը թող աատմեն, որ երազի մեջ վառ աստղ են տեսել։

Ավա՜ղ, չեն պատմի․․․

Ինչո՞ւ, լավ չէ՞ այդ։

Նոքա հոշոտված դիեր են, զավակս․․․

Տե՜ս ագռավներն էլ աչքերն են կտրել․․․

Աստղիկը ճչաց ու թռավ երկինք․

Ո՞վ է խանգարում կես գիշերային անդորրը երկնի, դուրս լողաց խոժոռ լուսնկան իսկո ւյն ու դժգոհ նայեց շուրջը դես ու դեն։

Մա՜յր, վախենում եմ, եկ ինձ մոտ քնիր, աստղիկն էր լալիս սարսափից շշմած։

Ի՞նչ է պատահել, հուր-հերս, պատմիր։

Մա՜յր, երկրում մարդիկ․․․

Դե՜հ, լռի՛ր-լռի՛ր, կանչեց լուսնկան, ամպերով իսկույն ծածկեց աստղիկին, նայեց հեգնանքով դեպի վար երկիր ու նուրբ նազանքով մտավ ամպի տակ․․․

1913 թ. 11 փետրվարի

Յատուկ Երաժշտություն
Վաղարշապատ
Կոմիտաս

Վաղարշապատ

Ծաղիկներ զոհված հերոսներին
Ծաղիկներ զոհված հերոսներին
Խաղա առցանց