Սերգեյ Դովլաթով
Լեոպոլդ հորեղբայրս
Լեոպոլդ հորեղբորս կյանքը պատված էր տարաշխարհիկ մշուշով: Նրա մեջ ինչ-որ բան կար Մայն Ռիդի ու Կուպերի հերոսներից: Երկար տարիներ նրա ճակատագիրը խռովում էր իմ երևակայությունը: Հիմա արդեն՝ չէ:
Սակայն առաջ չընկնենք:
Իմ հրեա պապը երեք որդի ուներ: (Թող ձեզ չշփոթեցնի ասքապատումի այս խաբուսիկ նոտան): Որդիներին կոչում էին Լեոպոլդ, Միխայիլ և Դոնատ:
Կրտսերին՝ Լեոպոլդին, ասես դիտմամբ էին անդրծովյան անուն տվել: Կարծես կանխատեսելով աշխարհաքաղաքացու կենսագրությունը:
Դոնատը անորոշ, բալթալիտվական ծագում ունի: (Ինչը համահունչ է հորս անորոշ կարգավիճակին: Յոթանասուներկու տարեկանում նա վտարանդվեց Ռուսաստանից):
Զտարյուն ուղղափառ անուն կրող Միխայիլը տուբերկուլյոզից մահացավ պաշարված Լենինգրադում:
Համաձայնեք. անունը էապես կանխորոշում է մարդու բնավորությունն ու նույնիսկ կենսագրությունը:
Անատոլին համարյա միշտ անպատկառ ու կռվարար է:
Բորիսը՝ գիրության հակված խոլերիկ:
Գալինան՝ ճղճղան ու բանսարկու:
Զոյան՝ միայնակ մայր:
Ալեքսեյը՝ թուլակամ ու բարեհոգի:
Գրիգորի անվան մեջ նյութական բարեկեցության հնչյուններ եմ լսում:
Միխայիլ անվան մեջ վաղաժամ ողբերգական մահվան խուլ կանխանշան կա: (Հիշեք Լոմոնոսովին, Կոլցովին, Բուլգակովին…):
Եվ այսպես շարունակ:
Միխայիլը ինքնամփոփ ու անմարդամոտ էր: Բանաստեղծություններ էր գրում: Հեռավոր Արևելքում ֆուտուրիստական խմբակ հիմնեց: Անձամբ Մայակովսկին նրան մի չափավոր բռի նամակ էր ուղարկել:
Հայրս պահել էր ավագ եղբոր գրքերից երկուսը: Մեկի անունը ,Մ-ու-ուե էր: Երկրորդինը մոռացել եմ: Այնտեղ ինչ-որ բարդ հանրահաշվական բանաձև կար:
Բավական անհեթեթ բանաստեղծություններ են: Մի քնարական բանաստեղծություն ավարտվում է այսպես.
Դողում էի ամբողջ մարմնով, ուզում էի
Գլուխս՝ պատին ու փռվեմ գետին…
Գրքի պահպանված գրախոսությունից մտքումս մի կոպիտ արտահայտություն է մնացել. ,Հիմարին ասա՝ աղոթիր Աստծուն, գլուխը գետնին տալով կջարդվի…ե:
Միխայիլը անսովոր ներամփոփ մարդ էր: Ազգականները գաղափար անգամ չունեին, թե ինչով է զբաղվում: Մի անգամ, երբ արդեն հասուն մարդիկ էին, Դոնատն ու Միխայիլը հանդիպեցին Բրյանսկի ամառային թատրոնի հետնաբեմում: Պարզվեց՝ եղբայրները մասնակցում են նույն էստրադային ծրագրին: Դոնատը քառյակներ էր երգում: Միխայիլը հանդես էր գալիս գեղարվեստական ասմունքով:
Ավագ եղբայրները մղվում էին դեպի գրականությունը, արվեստը: Կրտսերը՝ Լեոպոլդը, մանկությունից գնում էր այլ՝ ավելի հուսալի ճանապարհով: Խարդախ էր մեծանում:
Տասնչորս տարեկանում նավահանգստում ծխախոտ էր վերավաճառում:
Օտարերկրյա նավաստիներից սիգար էր գնում: Ուրին եղբայրների գիշերային ռեստորանի համար: Հետո անցավ գուլպաներին ու դիմահարդարման պարագաներին: Եթե պետք էր լինում, արտասահմանցիներին ուղեկցում էր Կոսոյ փողոցի հասարակաց տուն: Զուգահեռ՝ բռնցքամարտում էր ,Իկարե ակումբում: Իսկ կիրակի օրերը շեփոր էր փչում քաղաքային ակգում:
Տասնութ տարեկանում Լեոպոլդն իրականացրեց առաջին իսկական խարդախությունը: Բանն այսպես եղավ:
Քաղաքի կենտրոնական խանութներից մեկը մտավ մի տրտում, համեստ պատանի: Ճմռթված թերթով փաթաթած ջութակը ձեռքին: Պատանին դիմեց խանութպան Տանակիսին.
– Դրսում հեղեղ է: Վախենում եմ ջութակս թրջվի: Կարո՞ղ եմ առժամանակ թողնել այստեղ:
– Ինչու՞ ոչ,- անտարբեր պատասխանեց Տանակիսը:
Մեկ ժամ անց խանութ մտավ շքեղ հագուստով մի օտարերկրացի, որը հսկայական, կասկածելիորեն երկար բեղեր ուներ: Երկար զննեց դարակներին շարված գաղութային ծագումով ապրանքները: Հետո ձեռքը պարզեց, բացեց ճմռթված թերթն ու ճչաց.
– Չի՜ կարող պատահել: Չե՛մ հավատում: Սա երազ է: Արթնացրեք ինձ: Ի՜նչ հաջողություն. Իսկական Ստրադիվարիուս: Գնո՜ւմ եմ, գնո՜ւմ եմ:
– Չի վաճառվում,- ասաց Տանակիսը:
– Բայց ես պատրաստ եմ վճարել ինչքան կամենաք:
– Շատ եմ ցավում, բայց…
– Տասհինգ հազար, առձեռն:
– Շատ եմ ափսոսում, մսյո՛…
– Քսա՛ն,- գոչեց օտարերկրացին:
Տանակիսը թեթևակի վարդագունեց:
– Ես կխոսեմ տիրոջ հետ:
– Դուք շռայլ միջնորդավարձ կստանաք: Ախր իսկական Ստրադիվարիուս է: Օ՜, մի՛ արթնացրեք, մի՛ արթնացրեք ինձ…
Շուտով հայտնվեց գունատ պատանին:
– Եկել եմ ջութակի ետևից:
– Ծախեք ինձ,- ասաց Տանակիսը:
– Չեմ կարող,- տխուր-տրտում պատասխանեց պատանին,- ավա՜ղ, չեմ կարող: Պապիկիս նվերն է: Միակ արժեքավոր բանը, որ ունեմ:
– Կանխիկ երկու հազար կտամ:
Պատանին քիչ էր մնում լաց լիներ:
– Իրոք շատ նեղն եմ: Այդ փողն իսկը տեղին կլիներ: Կգնայի բուժիչ ջրեր, ինչպես խորհուրդ է տալիս դոկտոր Շվարցը: Բայցևայնպես, չեմ կարող… Նվեր է…
– Երե՛ք,- ասաց խանութպանը:
– Ավա՜ղ,- չեմ կարող:
– Հի՛նգ,- գոռաց Տանակիսը:
Նա մտքում լավ էր հաշվում: «Հինգը կտամ այս տղային: Արտասահմանցին կվճարի քսանհինգ հազար՝ գումարած միջնորդավարձը: Արդյունքում…»:
– Պապի՛կ, ների՛ր,- հեծկլտաց պատանին:- Ների՛ր ու մի՛ բարկանա: Հանգամանքներն են ստիպում գնալ այս քայլին:
Տանակիսն արդեն փողն էր հաշվում:
Պատանին համբուրեց ջութակը: Հետո, համարյա հեկեկալով, դուրս եկավ:
Տանակիսը գոհունակությամբ ձեռքերն էր շփում:
Պատանին անկյունադարձին կանգ առավ: Խնամքով հաշվեց փողերը: Հետո գրպանից հանեց հսկայական շեկ բեղերը: Գցեց ջրատարն ու արագ հեռացավ…
Մի քանի ամիս անց Լեոպոլդը փախավ տնից: Օվկիանոսային շոգենավի նավամբարում հասավ Չինաստան: Ճանապարհին նրան կծեց առնետը:
Չինաստանից մեկնեց Եվրոպա: Չգիտես ինչու՝ հաստատվեց Բելգիայում:
Անզիջում Իսահակ պապը նրա բացիկները չէր կարդում:
– Մալխամովես,- ասում էր պապը,- պերե օդոմ:
Ու կարծես մոռացավ Լեոպոլդի գոյությունը: Տատիկը թաքուն լալիս ու աղոթում էր:
– Էդ Բելգիայում երևի լրիվ անհավատներ են,- կրկնում էր նա:
Անցավ մի քանի տարի: Իջավ ,երկաթե վարագույրըե: Լեոպոլդից այլևս լուր չկար:
Հետո հայտնվեց ոմն Մոնյա: Մի շաբաթ մնաց պապ ու տատիս մոտ: Ասաց, որ Լեոպոլդը գնում է առևտրական գծով:
Մոնյան հիանում էր հնգամյակների թափով: Երգում էր. ,Մեր շոգեքարշ, սուրա առաջ…ե: Ընդ որում, ակնհայտորեն անդաստիարակ մարդ էր: Զուգարանից բնակարանով մեկ գոռում էր.
-Պապի՜ր: Պապի՜ր:
Տատիկս դռան արանքից նրան էր տալիս թերթը:
Հետո Մոնյան մեկնեց: Շուտով պապիս գնդակահարեցին որպես բելգիական լրտեսի:
Կրտսեր որդու մասին մոռացան ամբողջ քսան տարով:
Վաթսունմեկ թվին հայրս պատահմամբ մտավ կենտրոնական հեռագրատուն: Խոսքի բռնվեց աշխատակցուհիներից մեկի հետ: Պարզվեց, որ հեռագրատանն ունեն բոլոր եվրոպական մայրաքաղաքների հասցեներն ու հեռախոսահամարները: Բացեց Բրյուսելի հեռախոսագիրքը: Եվ անմիջապես գտավ իր բավական եզակի ազգանունը…
– Կարո՞ղ եմ խոսակցություն պատվիրել:
– Իհարկե,- եղավ պատասխանը:
Երեք րոպեից միացրին Բրյուսել: Ծանոթ ձայնը հստակ ասաց.
– Հելո՜:
– Լեոպո՜լդ,- գոռաց հայրս:
– Մի րեպո, Դո՛դիկ,- ասաց Լեոպոլդը, – տելեվիզիոնն անջատեմ…
Եղբայրներն սկսեցին գրել իրար:
Լեոպոլդը գրում էր, որ կին ունի՝ Հելենան, որդին՝ Ռոմանոն և դուստրը՝ Մոնիկը: Ինչպես և պուդել, որին Իգոր են կոչում: Որ «իր գործն» ունի: Զբաղվում է գրամեքենաների ու թղթի վաճառքով: Որ թուղթը թանկանում է, ու դա շատ ձեռնտու է: Որ արժեզրկումը, համենայն դեպս, համարյա սնանկացրել է իրեն:
Լեոպոլդն իր աղքատությունն այսպես էր նկարագրում.
«Տներս նորոգման կարիք ունեն: Ավտոպարկս չորս տարի է՝ չի թարմացվել…»:
Հորս նամակները շատ ավելի լավատես էին.
«…Ես գրող եմ ու ռեժիսոր: Ապրում եմ ոչ մեծ, հարմարավետ բնակարանում: (Նկատի ուներ նրբատախտակով միջնապատված իր փոքրիկ սենյակը): Կինս մեքենայով մեկնել է Մերձբալթիկա: Իսկապես, հորս կինը արհմիութենական ավտոբուսով մեկնել էր Ռիգա՝ զուգագուլպա առնելու): Իսկ ինչ վերաբերում է արժեզրկմանը՝ չգիտեմ էլ՝ ինչ է…»:
Հայրս հուշանվերներով ողողեց Լեոպոլդին: Փայտե գդալների ու թասերի մի ամբողջ տորմիղ ուղարկեց: Լև Տոլստոյի ինքնաեռի մելքիորե պատճենը: Մի քանի փոքրիկ քանդակ՝ ուրալյան փայլաքարերից: Շևչենկոյի «Կոբզարի»՝ տապանաքարի չափսի հոբելյանական հրատարակությունը: Ինչպես և՝ «Բրոնզե տապանակ» անվանումով ստեղծագործություն:
Լեոպոլդն արձագանքեց գեղեցիկ փաթեթավորված ձյունաճերմակ թաշկինակով:
Հետո հորս տրիկոտաժե շապիկ ուղարկեց «Էդդի Շապիրո. Անիվներ ու դողեր» մակագրությամբ:
Հայրս չէր հանձնվում: Զանգեց քաղկոմի ծանոթ հրահանգչին: Ծանոթությամբ մի եզակի հուշանվեր հայթայթեց: Այն է՝ ութ կիլոգրամանոց գլուխ շաքար: Փաթաթված երկնագույն սատինափայլ թղթով: Վեց դյույմ տրամաչափի արկի պես մի բան: Ու մակագրություն՝ յատերով. «Առաջին գիլդիայի վաճառական Ելպիդիֆոր Ֆոմինի առևտրական վաճառատուն»:
Ստիպված էր եղել ծանոթ հրահանգչին ոռոգել կոնյակով: Եզակի հուշանվերն ուղարկվեց Լեոպոլդին:
Երկու ամիս անց՝ ծանրոցի ծանուցագիր: Քաշը՝ տասուկես կիլոգրամ: Մաքսատուրքը՝ վաթսունութ ռուբլի:
Հայրս անսովոր հուզված էր: Փոստատան ճանապարհին երևակայում էր. «Մագնիտաֆոն… Մուշտակ… Վիսկի…»:
– Քո կարծիքով՝ մուշտակը ինչքա՞ն կքաշի:
– Երեք կիլոգրամ,- պատասխանեցի:
– Ուրեմն երեք մուշտակ է ուղարկել…
Գլխավոր փոստատան ծառայողը բերեց ծանր արկղը:
– Տաքսի նստենք,- ասաց հայրս:
Վերջապես հասանք տուն: Հայրս, նյարդային ծիծաղով, հանեց դուրը: Նրբատախտակե կափարիչը ճռնչոցով պոկվեց:
– Ապո՜ւշ,- տնքաց հայրս:
Արկղի մեջ տասը կիլոգրամ դեղնավուն շաքարավազ էր…
Ութ տարի անց ես ու մայրս ստիպված էինք վտարանդվել: Հայտնվեցինք Ավստրիայում: Հյուրանոցի տերը՝ Ռեյնհարդը, խիստ բարեհաճ էր մեր հանդեպ: Ամեն առավոտ տաք բուլկիներով ու ջեմով թեյ էին մատուցում: Ամեն առավոտ հյուրանոցատերը անփոփոխ հարցնում էր.
– Մի բաժակ օղի կխմե՞ս…
Բացի այդ, ռադիոընդունիչ ու էլեկտրական տոստեր տվեց:
Երեկոները երբեմն զրուցում էինք:
Իմացա, որ Ռեյնհարդը Արևելյանից անցել է Արևմտյան հատված: Որ շինարար-ինժեներ է: Որ հյուրանոցում աշխատելը սրտովը չէ, չնայած փոքր եկամուտ չի բերում…
– Ամուսնացա՞ծ ես,- հարցրի ես:
– Էրիկան Զալցբուրգում է ապրում:
– Ասում են՝ ամուսնությունն ապահարզանի սահմանին ամենատևականն է:
– Ես արդեն անցել եմ այդ սահմանը: Բայց, մեկ է, ամուսնացած եմ: Զարմացա՞ր:
– Չէ,- ասացի ես:
– Կուսակցության անդամ եղե՞լ ես:
– Չէ:
– Իսկ երիտասարդական միությա՞ն:
– Հա: Իրեն-իրեն ստացվեց:
– Հասկանում եմ: Արևմուտքը դուրըդ գալի՞ս է:
– Բանտից հետո ինձ ամեն ինչ դուր է գալիս:
– Հորս քառասուն թվին բանտարկեցին: Հիտլերին «բրաուն շվայն» էր ասել:
– Կոմունի՞ստ էր:
– Չէ: Կոմի չէր: Նույնիսկ կարմիր չէր: Պարզապես կրթված մարդ էր: Լատիներեն գիտեր… Դու լատիներեն գիտե՞ս:
-Չէ:
– Ես էլ չգիտեմ: Իմ երեխաներն էլ չեն իմանա: Ափսո՜ս… Կարծում եմ՝ լատիներենն ու Ռոդ Սթյուարտը անհամատեղելի են:
– Ո՞վ է Ռոդ Սթյուարտը:
– Շիզոֆրենիկ՝ կիթառով: Մի բաժակ օղի կխմե՞ս:
– Կխմեմ:
– Սենդվիչներ բերեմ:
– Կարիք չկա:
– Ճիշտ ես…
Վիեննայից գրեցի Լեոպոլդին: Հորեղբայր զանգեց հյուրանոց: Ասաց, որ կգա ինքնաթիռով, շաբաթվա վերջին: Ավելի ստույգ՝ շաբաթ օրը: Կիջևանի «Կոլիզեումում»: Խնդրում է շաբաթ օրը չնախաճաշել:
– Քեզ կհյուրասիրեմ մի լավ ռեստորանում,- ասաց նա…
Վաղ առավոտյան նստած էի ,Կոլիզեումիե սպասասրահում: Այդ հյուրանոցը մերինից շատ ավելի շքեղ տեսք ուներ: Սրահում նրբագեղ շներ էին շրջում: Հանդերձապահը նման էր կինոդերասանի:
Ուղիղ տասնմեկին իջավ հորեղբայրս: Անմիջապես ճանաչեցի: Լեոպոլդն այնքան նման էր հորս՝ բարձրահասակ, վայելչատես, գեղեցիկ, արհեստական ատամներով: Կողքից քայլում էր ջահելատես կինը:
Գիտեի, որ պետք է գրկեմ այդ, ըստ էության, անծանոթ մարդուն: Մենք գրկախառնվեցինք: Համբուրեցի Հելենայի ձեռքը, որով հովանոցն էր բռնել:
– Ինչ խոշո՜ր ես,- գոչեց Լեոպոլդը:- Իսկ մայրի՞կն ուր է:
– Վատառողջ էր:
– Ափսո՜ս: Ես նրա լուսանկարներն եմ տեսել: Դու շատ նման ես մորըդ:
Ես փաթեթը պարզեցի նրան. Ձկնկիթ էր, փայտե գեղջկատիկնիկներ ու քաթանե սփռոց:
– Շնորհակալ եմ: Իրերը կթողնենք բարապանի մոտ: Ես էլ ձեզ համար նվերներ ունեմ… Իսկ հիմա կգնանք ռեստորան: Ռեստորաններում լինել սիրու՞մ ես:
– Դրա մասին մի տեսակ չեմ մտածել:
– Հաճելի երաժշտությո՜ւն, գեղեցիկ կանա՜յք…
Գնում էինք դեպի կենտրոն: Լեոպոլդն անդադար խոսում էր: Հելենան լուռ ժպտում էր:
– Տես ինչքան մեքենա կա: Արտասահմանյան մեքենա տեսած կա՞ս:
– Լենինգրադում զբոսաշրջիկներ շատ են լինում:
– Վիեննան փոքր քաղաք է: Ասենք՝ Բրյուսելն էլ: Ամերիկայում մեքենաներն ավելի շատ են: Բա խանութնե՜րը: Լենինգրադում մեծ խանութներ կա՞ն:
– Խանութները կան…
– Ինչ խոշ՜՜րն ես: Կանայք երևի քեզ սիրում են:
– Շուտով կերևա:
– Հասկանում եմ: Կինդ Ամերիկայում է: Նրան Հռոմում այցելեցինք: Պլաստիկե տոպրակ էր բռնել պայուսակի փոխարեն: Մի լավ պայուսակ նվիրեցի, տասնութ դոլարանոց:
Մտանք ներս, հանվեցինք, տեղավորվեցինք լուսամուտի տակ:
Ընդհանուր կարգի մեղմ երաժշտություն լսվեց: Գեղեցիկ կանայք կարծես թե չէին երևում:
– Սրտիդ ուզածը պատվիրիր,- առաջարկեց Լեոպոլդը:- Գուցե սթե՞յք կամ որսամի՞ս:
– Իմ համար մեկ է: Ձեր հայեցողությամբ:
– Խնդրում եմ, ինձ «դու» ասես: Ախր հորեղբայրդ եմ:
– Քո հայեցողությամբ:
– Որևէ նրբախորտի՞կ: Նրբախորտիկներ սիրու՞մ ես:
– Չգիտեմ:
– Ես շատ եմ սիրում: Բայց լյարդս լավ չի: Քեզ համար ձկան պաշտետ ու մի քիչ ծնեբեկ կպատվիրեմ:
– Հրաշալի է:
– Ի՞նչ կխմես:
– Գուցե օղի՞:
– Դեռ շատ շուտ է: Կարծում եմ՝ սպիտակ գինի կամ թեյ:
– Թեյ,- ասացի ես:
– Եվ պիստակով պաղպաղակ:
– Հրաշալի է:
– Ի՞նչ կխմես,- կնոջը դիմեց Լեոպոլդը:
– Օղի,- ասաց Հելենան:
– Ի՞նչ,- զարմացավ Լեոպոլդը:
-Օղի՛, օղի՛, օղի՛,- կրկնեց կինը:
Մոտեցավ մատուցողը. սևահեր, թիկնեղ, հավանաբար հարավսլավացի կամ հունգարացի:
– Զարմիկս է, Ռուսաստանից,- ինձ ներկայացրեց Լեոպոլդը:
– Մի րոպե,- ասաց մատուցողը:
Ու անհետացավ: Երաժշտությունն անսպասելի դադարեց: Թեթև ֆշշոց լսվեց: Հետո՝ «Մերձմոսկովյան երեկոների» ձանձրացրած հնչյունները:
Հայտնվեց մատուցողը: Դեմքը շողում ու փայլում էր:
– Շնորհակալ եմ,- ասացի ես:
– Լավ թեյավճար կստանա,- ականջիս շշնջաց Լեոպոլդը:
Մատուցողն ընդունեց պատվերը:
– Հա՜, քիչ մնաց մոռանայի,- գոչեց Լեոպոլդը,- ասա՝ ինչպես են մահացել ծնողներս:
– Պապին պատերազմից առաջ բանտարկեցին: Ռայա տատը վաթսունվեց թվին մահացավ: Նրան մի քիչ հիշում եմ:
– Բանտարկեցի՞ն: Ինչի՞ համար: Ի՞նչ է, կոմունիստների դե՞մ էր:
– Չեմ կարծում:
– Ուրեմն՝ ինչի՞ համար:
– Հենց էնպես:
– Աստվա՜ծ իմ, ինչ վայրենի երկիր է,- տնքաց Լեոպոլդը:- Բացատրի՝ հասկանամ:
– Վախենում եմ՝ չկարողանամ: Դրա մասին տասնյակ գրքեր են գրվել:
Լեոպոլդը թաշկինակով սրբեց աչքերը:
– Ես չեմ կարող գիրք կարդալ: Չափազանց շատ եմ աշխատում: Նա բանտու՞մ է մահացել:
Չէի ուզում ասել, որ պապին գնդակահարել են: Մոնյայի մասին էլ չհիշեցրի: Ի՞նչ իմաստ ուներ…
– Ի՜նչ վայրենի երկիր է: Ես եղել եմ Ամերիկայում, Իսրայելում, շրջել եմ ողջ Եվրոպան…Իսկ Ռուսաստան չեմ գնա: Ինչ կա այնտեղ՝ շախմատ, բալետ ու «սև ագռա՞վ»… Շախմատ սիրու՞մ ես:
– Ոչ այնքան:
– Իսկ բալե՞տ:
– Էնքան էլ գլուխ չեմ հանում:
– Ինչ-որ անհեթեթություն՝ ուրվականներով,- ասաց հորեղբայրս:
Հետո հարցրեց.
– Հայրդ ուզում է գալ այստե՞ղ:
– Հուսով եմ:
– Իսկ ինչո՞վ է զբաղվելու:
– Ծերանալու է: Ամերիկայում նրան փոքրիկ թոշակ կտան:
– Այդ փողով ուզածիդ պես ապրելը դժվար կլինի:
– Կդիմանանք:
– Քո հայրը ռոմանտիկ է: Երեխա ժամանակ շատ էր կարդում: Իսկ ես՝ հակառակը՝ լրիվ առողջ մեծացա… Լավ է, որ մորըդ ես նման: Ես տեսել եմ նրա լուսանկարները: Շատ նման եք…
– Մեզ հաճախ նույնիսկ շփոթում են,- ասացի ես:
Մատուցողը բերեց պաղպաղակը: Հորեղբայրս շշնջաց.
– Եթե փողի կարիք ունենաս, ասա:
– Մեզ հերիքում է:
– Համենայն դեպս, եթե փող պետք լինի, լուր տուր:
– Լավ:
– Իսկ հիմա արի քաղաքը նայենք: Ես տաքսի կվարձեմ…
Հորեղբորս մեջ ինձ ամենից շատ դուր էր գալիս, որ սրընթաց էր տեղաշարժվում: Ու որտեղ էլ հայտնվեինք, անպայման կրկնում էր.
– Շուտով կճաշենք:
Ճաշեցինք քաղաքի կենտրոնում, բաց պատշգամբում: Նվագում էր հունգարական կվարտետը: Հորեղբայրս նրբագեղ ու գեղեցիկ պարեց կնոջ հետ: Հետո նկատեցինք, որ Հելենան հոգնել է:
– Գնանք հոթել,- ասաց հորեղբայրս:- Նվերներ եմ պատրաստել քեզ համար:
Հյուրանոցում, երբ մենակ մնացինք, Հելենան շշնջաց.
– Մի՛ բարկանա: Նա չնայած պարզունակ, բայց բարի մարդ է:
Ահավոր շփոթվեցի: Չգիտեի էլ, որ խոսում է ռուսերեն: Ուզում էի զրուցել նրա հետ: Բայց արդեն ուշ էր:
Տուն վերադարձա ժամը յոթին մոտ: Ձեռքիս ծրարում մեղմ կլկլում էր մայրիկիս նվեր օդեկոլոնը: Փողկապն ու Ճարմանդները դրել էի գրպանս:
Նախասրահը դատարկ էր: Ռեյնհարդը հաշվիչն էր մատնահարում:
– Լինոլեումն ուզում եմ փոխեմ,- ասաց նա:
– Վատ միտք չի:
– Արի խմենք:
– Հաճույքով:
– Բաժակները չեխական հայրենակցականի տղաները տարան: Թղթե բաժակով կխմե՞ս:
– Պատահել է՝ ակնոցի պատյանով էլ եմ խմել:
Ռեյնհարդը հարգալից վեր քաշեց հոնքերը:
Մի-մի բաժակ բրենդի խմեցինք:
– Կարելի է հենց էստեղ էլ քնել,- ասաց նա,- մենակ թե բազմոցները նեղ են:
– Պատահել է՝ գինեկոլոգիական բազկաթոռին եմ քնել:
Ռեյնհարդն առավել հարգանքով նայեց ինձ:
Նորից խմեցինք:
– Լինոլեումը չեմ փոխի,- ասաց նա:- Միտքս փոխեցի, որովհետև աշխարհը դատապարտված է:
– Ճիշտ է,- ասացի ես:
– Յոթ հրեշտակները, որ յոթ փող ունեն, արդեն պատրաստվել են:
Դուռը թակեցին:
– Չբացես,-ասաց Ռեյնհարդը,- դեղնականաչ ձին է… Ու հեծյալը, որի անունն է Մահ…
Նորից խմեցինք:
– Ժամանակն է, ասում եմ,- մայրիկս կանհանգստանա:
– Ողջ եղիր,- դժվարությամբ արտաբերեց Ռեյնհարդը,- չա՛ո: Եվ կեցցե քունը: Քանզի քունը անգործունեություն է: Իսկ անգործունեությունը միակ բարոյական վիճակն է: Ցանկացած կենսագործունեություն նեխում է… Չա՛ո…
– Մնաս բարով,- ասացի ես,- կյանքն անհեթեթ է: Կյանքն անհեթեթ է արդեն նրանով, որ գերմանացին ինձ ավելի հարազատ է, քան հարազատ հորեղբայրս…
Ռեյնհարդն ու ես հետո տեսնվում էինք ամեն օր: Անկեղծ ասած՝ չգիտեմ էլ՝ ինչպես հայտնվեց այս պատմվածքում: Խոսքը լրիվ ուրիշ մարդու մասին էր: Իմ հորեղբայր Լեոյի…
Հա՜, լինոլեումը նա, համենայն դեպս, փոխեց…
Լեոպոլդին այլևս չտեսա: Որոշ ժամանակ գրում էինք իրար: Հետո մենք մեկնեցինք Նահանգներ: Նամակագրությունը դադարեց:
Երևի պետք է բացիկ ուղարկել Ծննդյան տոներին…
ԻՄ ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐԸ
Կյանքը մորաքրոջս տղային քրեական դարձրեց: Կարծում եմ՝ բախտը բերել է: Հակառակ դեպքում հաստատ կուսակցական խոշոր պաշտոնյա էր դառնալու:
Դրա համար բազում ամենատարբեր նախադրյալներ կային: Բայց առաջ չընկնենք…
Մորաքույրս գրական աշխարհումհայտնի խմբագիր էր: Ամուսինը՝ Արոնը, զինվորական հոսպիտալ էր ղեկավարում: Զուգահեռ՝ դասախոսություններ էր կարդում ու դրոշմանիշեր հավաքում: Համերաշխ, լավ ընտանիք էր…
Ավագ եղբայրս ծնվել էր բավական առեղծվածային հանգամանքներում: Մինչև ամուսնությունը մորաքույրս սիրավեպ էր ունեցել: Սիրել էր Սերգեյ Միրոնովիչ Կիրովի տեղակալին: Ալեքսանդր Ուգարովին: Տարեց լենինգրադցիները հիշում են այդ նշանավոր մարզկոմական գործչին:
Նա ընտանիք ուներ: Իսկ մորաքրոջս սիրում էր հընթացս:
Եվ մորաքույրս հղիացավ:
Վերջապես եկավ ծննդաբերելու ժամանակը: Նրան տարան հիվանդանոց:
Մայրս գնաց Սմոլնի: Հասավ ընդունելության: Կիրովի տեղակալին հիշեցրեց քրոջ ու նրա խնդիրների մասին:
Մռայլված Ուգարովը մի քանի հանձնարարական տվեց: մարզկոմական ծառայամիտները ծարվեշարան ծաղիկներ ու մրգեր հասցրին ծննդատուն: Իսկ մորաքրոջս կացարանում թղթախաղի մի նրբակերտ դրվագազարդ սեղանիկ հայտնվեց: Ըստ երևույթին՝ դասակարգայնորեն օտար տարրերից բռնագրավված:
Մորաքույրս տղա ունեցավ՝ առողջ, համակրելի Բորյան: Մայրս որոշեց նորից գնալ մազկոմ: Բայց ընդունելություն գտնել չհաջողվեց: Ոչ թե նրա համար, որ Ուգարովը քիթը ցցել էր: Ավելի շուտ՝ հակառակը: Այդ ընթացքում երջանիկ հայրիկին ձերբակալելէին որպես ժողովրդի թշնամի:
Երեսունութ թիվն էր… Մորաքույրս մենակ մնաց նորածնի հետ:
Լավ է, որ Ուգարովը նրա ամուսինը չէր: Հակառակ դեպքում մորաքրոջս կաքսորեին: Իսկ այսպես՝ աքսորեցին նրա կնոջն ու երեխաներին: Ինչը, իհրկե, նույնպես հաճելի չէ:
Մորաքույրս, ըստ երևույթին, գիտեր, թե ինչի է գնում: Գեղեցիկ, եռանդուն, անկախ կին էր: Ու եթե որևէ բանից վախենում էլ էր, ապա միայն կուսակցական քննադատությունից…
Բացի այդ, հայտնվեց Արոնը: Ըստ երևույթին սիրում էր մորաքրոջս: Առաջարկեց իր ձեռքն ու սիրտը:
Արոնը գլխարկագործական արհեստանոցի տիրոջ որդի էր: Բայց և տիպիկ հրեայի տեսք չուն էր՝ կարճատես, թուլակազմ ու մտախոհ: Բարձրահասակ, ուժեղ, առնական մարդ էր: Նախկին հեղափոխական ուսանող, կամիրբանակային ու նէպման: Հետագայում՝ վարչական աշխատող: Եվ, վերջապես, ծերության օրերին՝ ռևիզիոնիստ ու այլախոհ…
Արոնը պաշտում էր մորաքրոջս: Երեխան նրան հայրիկ էր ասում…
Սկսվեց պատերազմը: Մենք հայտնվեցինք Նովոսիբիրսկում: Բորյան երեք տարեկան էր: Գնում էր մանկապարտեզ: Ես կրծքի երեխա էի:
բորյան ինձ զտած շաքարի կտորներ էր բերում: Բերանում, լեզվի տակ պահած: Իսկ տանը հանում ու դնում էր ափսեի մեջ:
Ես քմահաճություն էի անում, չէի ուզումուտել: Բորյան մեր ծնողներին տագնապով ասում էր.
– Ախր շաքարը հալվո՜ւմ է…
Հետո պատերազմը վերջացավ: Ու մենք այլևս չէինք քաղցում:
Եղբայրս մեծացել, արևմտաեվրոպական տիպի գեղեցիկ տղա էր դարձել: Բացգույն աչքեր ուներ ու թուխ գանգուր մազեր: Հիշեցնում էր առաջադեմ իտալական կինոյի պատանի հերոսներին: Այդ կրծիքին էին մեր բոլոր ազգականները…
Օրինակելի սովետական տղա էր: Պիոներ, գերազանցիկ,ֆուտբոլիստ, մետաղի ջարդոն հավաքող: Օրագիր էր պահում, որտեղ գրի էր առնում իմաստուն ասույթներ: Իրենց բակում կեչի տնկեց: Թատերական խմբակում նրան երիտգվարդիականների դերեր էին տալիս…
Ես ավելի փոքր, բայց ավելի վատն էի: Ու միշտ նրան ի ցույց էին դնում:
Նա ճշմարտախոս էր, ամաչկոտ ու կարդացած: Ինձ ասում էին՝ Բորյան լավ է սովորում, օգնում է ծնողներին, սպորտեվ է զբաղվում… Բորյան շրջանային օլիմպիադայի հաղթող դարձավ… Բորյան բուժեց վիրավոր թռչնակին… Բորյան դետեկտորային ընդունիչ է հավաքել: (Մինչ օրս չգիտեմ ինչ է…):
Ու հանկարծ աներևակայելի բան կատարվեց… Աննկարագրելի՛բան… Տառացիորեն բառ չեմ գտնում…
Մի խոսքով, եղբայրս միզել էր դպրոցի տնօրենի վրա:
Դասերից հետո էր: Բորյան Ֆիզկուլտուրնիկի օրվան վիրված պատի թերթն էր պատրաստում: Շուրջը խմբվել էին համադասարանցիները:
Մեկը պատուհանից դուրս նայելով՝ ասաց.
– Ծախո՜ղը…
(Դպրոցի տնօրեն Չեբոտարյովին էին Ծախող ասում):
Հետո. եղբայրս բարձրացավ պատուհանի գոգին: Աղջիկներին խնդրեց շրջվել: Վարպետորեն հշվարկեց հետգիծը: Ու Չեբոտրյովին ողողեց ոտից գլուխ…
Աներևակայելի ու վայրի բան էր: Դրան անհնար էր հավատալ: Մի ամիս անց ներկաներից ոմանք կասկածում էին՝ այդ ամենը իսկապե՞ս եղել է: Այնքան հրեշավոր էր տեարանը:
Տնօրեն Չեբոտարյովի արձագանքը նույնպես անսպասելի էր: Բացարձակ կորցրեց դեմքը: Ու հանկարծ վրա տվեց ճամբարական կիսագողական արագախոսությամբ.
– Քու նմաններին ես զոնում բուշլատով էի խռիկ տալի… Հիմա կե՜ղտ եմ կերցնելու… Շո՜ւն եմ շինելու…
Տնօրեն Չեբոտարյովի մեջ արթնացել էր նախկին ճամբարային կարգագրիչը: Ո՜ւմ մտքով կանցներ… Նրբաթաղիքե լայնեզր գլխարկ, չինական վերարկու, տռուզ պորտֆել…
Եղբայրս այդ արարքը գործեց դպրոցն ավարտելուց մի շաբաթ առաջ: Այդպիսով իրեն զրկելով ոսկե մեդալից: Ծնողները տնօրենին դժվարությամբ համոզեցին, որ Բորյայաին հասունության վկայական տա…
Ես այդ ժամանակ հարցրի եղբորս.
– Ինչի՞ արեցիր:
Եղբայրս պատասխանեց.
– արել եմ էն, ինչ թքուն երազում է ամեն մի դպրոցական: Ծախողին որ տեսա, հասկացա՝ հիմա կամ երբեք… Կանեմ էդ բանը… Կամ ինձ երբեք չեմ հարգի…
Արդեն այն ժամանակ բավական թունավոր դեռահաս էի: Եղբրս ասացի.
– Հարյուր տարի անց մեր դպրոցի ճակատին հուշատախտկ կկախեն. «Այստեղ սովորել է Բորիս Դովլաթովը… դրանից բխող բոլոր անկանխատեսելի հետևանքներով…»:
Եղբորս վայրի արարքը մի քանի ամիս քննարկվում էր: Հետո Բորիսն ընդունվեց թատերական ինստիտուտ: Որոշել էր արվեստաբան դառնալ: Նրա հանցանքը սկսեց մոռացվել: մանավանդ, որ հրաշալի էր սովորում: Կոմերիտական կազմակերպության քարտուղար էր: Ինչպես և՝ դոնոր, պատի թերթի խմբագիր ու դարպասապահ…
Հասունանալով՝ ավելի էր գեղեցկացել: Նման էր իտալացի կինոդերասանի: Աղջիկները նրան հետապնդումէին անթաքույց ոգևորությամբ:
Միևնույն ժամանակ՝ ողջախոհ ու ամոթխած պատանի էր: Զզվւմ էր կանացի սեթևեթանքից: Հիշում եմ նրա օրագրիգրառումը. «Գրքում և կնոջ մեջ գլխվորը ոչ թե ձևն է, այլ՝ բովանդակությունը…»:
Նույնիսկ հիմա, անհամար հիասթափություններից հետո, այդ կանխադրույթը ձանձրալի է թվում: Եվ ինձ առաջվա պես դուր են գալիս միայն գեղեցիկ կանայք:
Ավելին՝ սնահավատ եմ: Ինձ թվում է, օրինակ, որ բոլոր հաստլիկ կանայք ստախոս են: Հատկապես երբ չաղությունն ուղեկցվում է փոքրիկ կրծքերով…
Ասենք, խոսքը իմ մասին չի…
Եղբայրս ավարտեց թատերական ինստիտուտը: Գերազանցության դիպլոմ ստացավ: Նրան հետևում էր անբասիր կոմերիտական դոսյեն: Խոպան յուրացնող էր ու շինջոկատների հրամանատար: Դրուժինայի ակտիվիստ ու միլիցիայի օգնական: Մարդկանց գիտակցության մեջ կապիտալիզմի մնացուկների ու քաղքենիական տրամադրությունների ահուսարսափ:
Նրա աչքերն ամենաազնիվն էին միկրոշրջանում:
Դարձավ գրական բաժնի վարիչ: Աշխատանքի անցավ Լենինյան կոմսոմոլի անվան թատրոնում: Դա համարյա աներևակայելիէր: Ջահելտղա, բոլորովին վերջերս՝ ուսանող, ու հանկարծ՝ այդպիսի պաշտոն…
Գրական բաժնի վարիչի պաշտոնում պհանջկոտ էր ու գործունյա: Պայքարում էր հանուն առաջադիմական մշակույթի: Ընդ որում, նրբանկատ, զուսպ ու զգուշորեն: Հմտորեն անց էր կացնում Վամպիլովի, Բորշագովսկու, Մռոժեկի գործերը…
Նրանից վախենում էին վաստակաշատ սովետական դրամատուրգները: Նրանով հիացած էր խռովարար թատերական երիտասարդությունը:
Նրան ուղարկում էին պատասխանատու գործուղումների: Մի քանի խորհրդակցության մասնակցեց Կրեմլում: Նրբանկատ առաջարեկեցին կուսկցության անդամ դառնալ: Տատանվում էր: Նրան թվում ր՝ արժանի չք…
Ու հանկարծ եղբայրս նորից աչքի ընկավ: Չգիտեմ էլ ոնց ավելի լավ արտահայտվեմ… Կարճ ասած, Բորյան տասներկու կողոպուտ կատարեց:
Ինստիտուտում մի ընկեր ուներ՝ Ցապին ազգանունով: Եվ ահա Ցապինի հետ տասներկու արտասահմանյան տուրիստական ավտոբուս թալանեցին: Տարան ճամպրուկներ, ռադիոընդունիչներ, մագնիտաֆոններ, հովանոցներ, թիկնոցներ ու լայնեզր գլխարկներ: Նաև՝ պահեստի անիվ:
Մեկ օր անց նրանց ձերբակալեցին: Մենք ցնցված էինք: Մորաքույրս վազեց ընկերոջ՝ Յուրի Գերմանի մոտ: Սա զանգեց միլիցիայի գեներալ ընկերներին:
Դատարանում եղբորս պաշտպանում էր քաղաքի լավագույն փաստաբանը՝ Կիսելյովը:
Դատավարության ընթացքում ի հայտ եկան որոշ մանրամասներ ու հանգամանքներ: Պարզվեց, որ կողոպուտի զոհերը զարգացող երկրների ներկայացուցիչներ են: Ինչպես և՝ առաջադիմական սոցիալիստական կազմակերպությունների անդամներ:
Կիսելյովը որոշեց օգտվել դրանից: Եղբորս հարց տվեց.
– Մեղադրյա՛լ Դովլաթով, գիտեի՞ք, որ այդ մարդիկ զարգացող երկրների քաղաքացիներ են: Ինչպես և՝ առաջադիմական սոցիալիստական կազմակերպությունների անդամներ:
– Ցավոք՝ ոչ,- խելամտորեն պատասխանեց Բորիսը:
– Իսկ եթե իմանայիք… ոտնձգության կդիմեի՞ք նրանց անձնական սեփականության հանդեպ:
Եղբորս դեմքը ծայրահեղ վիրավորվածություն էր արտահայտում: Փաստաբանի հարցը նրան միանգամայն անպատշաճ էր թվացել: Սրտմտությամբ վեր քաշեց հոնքերը: Ինչը նշանակում էր. «Ու դեռ հարցնո՞ւմ եք… Ինչպե՜ս կարող էիք մտածել…»:
Կիսելյովը նկատելի աշխուժացավ:
– Այդպե՜ս,- ասաց նա:- Եվ վերջապես վերջին հարցը: Չե՞ք մտածել, արդյոք, որ այդ պարոնները ներկայացնում են հասարակության հետադիմական շերտերը…
Այդ պահին դատավորն ընդհատեց.
– Ընկե՛ր Կիսելյով, ամբաստանյալից համաշխարհային հեղափոխության մարտիկ մի՛ սարքեք…
Բայց եղբայրս հասցրեց գլխով անել: Իբր՝ եղել է այդպիսի ենթադրություն…
Դատավորը ձայնը բարձրացրեց.
– Եկեք չշեղվենք քննության տնօրինած փաստերից…
Եղբորս երեք տարի տվեցին:
Դատարանում իրեն պինդ ու հասարակ էր պահում:Ժպտում ու ջղայնացնում էր դատավորներին:
Երբ հրապարակեցին դատավճիռը, եղբայրս աչքն էլ չթարթեց: Պահակախումբը նրան հանեց դահլիճից:
Հետո վճռաբեկ բողոքն էր… Ինչ-որ վազվզոց, բանակցություններ ու հեռախոսազանգեր: Եվ ամբողջն ապարդյուն:
Եղբայրս հայտնվեց Տյումենում: Ուժեղացված ռեժիմի ճամբարում: Գրում էինք իրար: Նրա բոլոր նամակներն այսպես էին սկսվում. «Ամեն ինչ կարգին է…»:
Ու հետևում էին բազմաթիվ, բայց զուսպ ու ողջամիտ խնդրանքները. «Երկու զույգ բրդե գուլպա… Անգլերենի ինքնուսույց… Ոտաշոր… Ընդհնուր տետրեր… Գերմաներենի ինքնուսույց… Սխտոր… Լիմոն… Ինքնահոս գրիչներ… Ֆրանսերենի նքնուսույց… Ինչպես և՝ կիթառ նվագելու ինքնուսույց…»:
Ճամբարից միանգամայն լավատեսական տեղեկություններ էին ստացվում: Ավագ դաստիարակ Բուկինը մորաքրոջս գրում էր.
«Բորիս Դովլաթովն անշեղորեն հետևում է ճամբարային ռեժիմի բոլոր կանոններին… Հարգանք է վայելում կալանավորների շրջանում… Մշտապես գերակատարում է աշխատանքային հանձնարարությունները… Ակտիվորեն մասնակցում է գեղարվեստական ինքնագործունեության աշխատանքներին…»:
Եղբայրս գրում էր, որ իրեն օրապահ են նշանակել: Հետո՝ բրիգադիր: Այնուհետև՝ բրիգադիրների խորհրդի նախագահ: Եվ վերջապես՝ բաղնիքի վարիչ:
Գլխապտույտ կարիերա էր: Ինչը ճամբարում չափազանց դժվար է: Ազատության մեջ նույնպիսի ջանքերը հասցնում են բյուրոկրատական ղեկավարության սինեկուրներին: Բաշխիչ կետերին, ամառանոցներին ու արտասահմանյան գործուղումներին…
Եղբայրս սրընթաց վերադաստիարակման էր գնում: Նա ճամբարային փարոս էր: Նրան նախանձում էին, նրանով հիանում էին:
Մեկ տարի անց տեղափոխեցին քիմիայի: Այսինքն՝ ազատ բնակության: Տեղի քիմիական կոմբինատում աշխատելու պարտադիր պայմանով:
Այնտեղ ամուսնացավ: Նրա մոտ եկավ անձնազոհ համակուրսեցի Լիզան: Դեկաբրիստների կանանց պես: Նրանք ամուսիններ դարձան…
Իսկ ինձ այդ ընթացքում հասցրին վռնդել համալսարանից: Հետո բանակ տարան: Ու ես հայտնվեցի պահնորդությունում: Վերածվեցի ճամբարային վերակացուի:
Այնպես որ, ես պահնորդ էի, իսկ Բորյան՝ կալանավոր:
Պատահեց, որ նույնիսկ եղբորս հսկեցի: Ճիշտ է՝ ոչ երկար: Դրա մասին պատմել չեմ ուզում: Հակառակ դեպքում մի տեսակ շատ գրքային կլինի: Ինչպես Շոլոխովի «Դոնի պատմվածքներում»:
Բավական է արդեն, որ ես պահնորդ էի: Իսկ եղբայրս՝ կալանավոր…
Համարյա միասին վերադարձանք: Եղբորս ազատեցին, ես զորացրվեցի:
Մեր հարազատները վիթխարի խնջույք կազմակերպեցին «Մետրոպոլում»: Պատվում էին գերազանցապես եղբորս: բայց ինձ էլ բարի խոսքով հիշեցին:
Ռոման քեռին այսպես արտահայտվեց.
– Մարդիկ կան, որսողունների պես են: Ճահիճներում են ապրում… Մարդիկ էլ կան, որ հշեցնում են լեռնային արծիվներին: Արևից վեր են սավառնում, թևերը լայն բացած… Խմենք, ուրեմն, Բորյայի՝ մեր լեռնային արծվի կենացը… Մաղթենք, որ ամպերը հետևում մնան:
– Բռավո,- գոչեցին ազգականները:- Կեցցես, արծի՛վ, ջիգի՛թ…
Քեռուս խոսքերում Գորկու «Մրրկահավի երգի» մոտիվները որսացի…
Հետո Ռոմանը, ավելի ցածր ձայնով, ավելացրեց.
– Սերյոժայի համար էլ խմենք, մեր արձվաճտի: Ճիշտ է, ջահել է դեռ: Թևերը չեն պնդացել: Բայց նրան էլ արձակ հեռաստաններ են սպասում…
– Աստված չանի,- լսելի ասաց մայրիկս:
Քեռին հանդիմանությամբ նայեց նրա կողմը…
Մորաքույրս նորից զանգում էր տարբեր մարդկանց: Ու եղբորս ընդունեցին «Լենֆիլմ»: Կարծեմ լուսավորողի գործ տվին:
Իսկ ես ընդունվեցի բազմատիրաժ թերթ: Հետն էլ սկսեցի պատմվածքներ գրել…
Եղբորս կարիերան զարգանում էր արագացումով: Շուտով լաբորանտ դարձավ: Հետո՝ կարգավար: Հետո՝ ավագ կարգավար: Եվ վերջապես՝ կինոնկարի տնօրենի տեղակալ: Այսինքն՝ նյութական պատասխանատու անձ:
Իզուր չէր, որ ճամբարում անշեղորեն վերադաստիարակման էր գնում: Հիմա արդեն, ըստ երևույթին, չէր կարողանում կանգ առնել…
Մի ամսից լուսանկարը կախված էր պատվո տախտակին: Նրան սիրեցին ռեժիսորները, դերասանները և անձամբ «Լենֆիլմի» տնօրեն Զվոնարյովը: Ավելին, հավաքարարներն էին սիրում…
Ոչ հեռու ապագայում նրան ինքնուրույն կինոնկար էին խոստանում:
«Լենֆիլմի» տասնվեց հին կոմունիստները պատրաստ էին երաշխավորել կուսակցության մեջ ընդունվելու համար: Բայց եղբայրս տատանվում էր:
Նա հիշեցնում էր «Աննա Կարենինայի» Լևինին: Ամուսնության նախօրեին Լևինի հոգին խռովում էր ջահել տարիներին կորսված անմեղությունը: Եղբորս էլ համանման խնդիր էր տանջում: Այն է. կարելի՞ է կոմունիստ լինել քրեական անցյալով:
Հին կոմունիստները վստահեցնում էին, որ կարելի է…
Եղբայրս կտրուկ ընդգծվում էր իմ վհատ ֆոնին: Զվարթ էր, շարժուն ու սակավախոս: Նրան ուղարկում էին պատասխանատու գործուղումների: Բոլորը փայլուն վարչական կարիերա էին կանխատեսում: Անհնար էր հավատալ, որ բանտ է նստել: Շատերը, ոչ այնքան մոտ ծանոթներից, որ բանտ նստել եմ ես…
Ու նորից ինչ-որ բան կատարվեց: Չնայած՝ ոչ միանգամից. աստիճանաբար…
Ինչ-որ տարօրինակ խզումներ սկսվեցին: Կարծես «Ապասիոնատի» հանդիսավոր հնչումը կտրտվեր ականջ ծակող ծղրտոցներով:
Եղբայրս առաջվա պես կարիերա էր անում: Ելույթներ էր ունենում ժողովներում: Գնում էր գործուղումների: Բայց զուգահեռ սկսեց խմել: Ու սիրահետել կանանց: Ընդ որում, անսպասելի ոգևորությամբ:
Նրան սկսեցին տեսնել կասկածելի ւընկերախմբերում: Նրան շրջապատում էին հարբեցողներ, ֆարցովշիկներ, Խալխին գոլի ինչ-որ կասկածելի վետերաններ:
Խումարաթող լինելով՝ վազում էր ժողովի: Ժողովու մ հաջողությամբ հանդես գալով՝ շտապում էր ընկերների մոտ:
Սկզբում այդ երթուղիները չէին հատվում: Եղբայրս կարիերա էր անում ու զուգահեռ կործանում էր իրեն:
Պատահում էր՝ երեք օրով տուն չէր գալիս: Գլուխն առնում կորչում էր ինչ-որ անառակ կանանց հետ:
Դրանց մեջ գերակշռողը բավական տգեղներն էին: Մեկի անունը, հիշում եմ, Գրետա էր: Զոբ ուներ:
Եղբորս ասացի.
– կարող էիր ավելի լավին գտնել:
– Հետամնա՜ց,- բարկացավ եղբայրս,- իսկ գիտե՞ս, որ գործի տեղը սպիրտ է ստանում: Ընդ որում, անսահմանափակ…
Ակնհայտորեն դեռ ռաջնորդվում էր պատանեկան ուսմունքով. «Գրքում և կնոջ մեջ գլխավորը ոչ թե ձևն է, այլ բովանդակությունը»:
Հետո Բորիսը «Նարվա» ռեստորանում ծեծեց մատուցողին: պահանջել էր, որ մատուցողը «Սուլիկո» երգի…
Սկսեց միլիցիա ընկնել: Միշտ օգնության էր հաասնում «Լենֆիլմի» կուսակցական բյուրոն: Բայց ամեն անգամ՝ ավելի ու ավելի պակաս հաճույքով:
Մենք սպասում էինք, թե այդ ամենը ինչով է վերջանալու:
Ամռանը նա մեկնեց Չիտա՝ «Դաուրիայի» նկարահանումներին: Ու հանկարծ տեղեկացանք, որ եղբայրս պետական մեքենայով մարդ է գցել տակը: Այն էլ՝ սովետական բանակի սպայի: Մահացո՛ւ:
Ենթադրությունների ու գուշակությունների սարսափելի օրեր էին: Ամենահակասական լուրեր էին գալիս: Ասում էին, որ սպան էլ է խմած եղել: Չնայած դա նշանակություն չուներ, քանի որ մեռած էր…
Այդ ամենը թաքցնում էինք մորաքրոջիցս: Քեռիս մոտ չորս հարյուր ռուբլի հավաքեց: Ես պիտի թռչեի Չիտա՝ իմանալու մանրամասներն ու ինչ-ինչ խելամիտ գործողություններ ձեռնարկելու: Պայմանավորվելու հանձնուքի մասին, փաստաբան վարձելու…
– Ու եթե հնարավոր է՝ քննիչին կաշառելու,- հիշեցրեց քեռի Ռոմանը…
Սկսեցի պատրաստվել:
Ուշ գիշերով հնչեց հեռախոսի զանգը: Վերցրի լսափողը: Լռությունից դուրս լողաց եղբորս հանդարտ ձայնը…
– Քնա՞ծ էիր:
– Բո՜րյա,- գոռացի:- Ո՞ղջ ես: Քեզ չե՞ն գնդակհարել: Խմա՞ծ էիր…
– Ողջ եմ,- պատասխանեց եղբայրս,- ինձ չեն գնդակահարել… Ու հիշիրէ դժբախտ պատահար էր: Մեքենան վարելիս խմած չեմ եղել: Ամենաշատը չորս տարի կտան: Սիգարետները ստացա՞ր:
– Ի՞նչ սիգարետ:
– Ճապոնական: Գիտե՞ս, Չիտան սեպարատ պայմանագիր ունի Ճապոնիայի հետ: Ու էստեղ հրաշալի սիգարետներ են ծախում՝ «Հի լայթ»: Մի բլոկ ուղարկել եմ՝ ծնունդիդ: Չե՞ս ստացել:
– Չէ: Էդ կարևոր չի:
– Ո՞նց կարևոր չի: Արտակարգ սիգարետներ են,ամերիկյան արտոնագրով:
Բայց ես ընդհատեցի.
– Կալանքի տա՞կ ես:
– Չէ,- ասաց նա,- ինչի՞ համար: Հյուրանոցում եմ մնում: Քննիչը գալիս է ինձ մոտ: Անունը Լարիսա է: Էսպես լիքոտ… Ի դեպ, բարևում է քեզ…
Հեռախոսափողի մեջ կողմնակի կանացի ձայն լսվեց.
– Կու-կո՜ւ, ճուտի՛կ:
Հետո՝ նորից եղբայրս.
– Հեչ պետք չի, որ թռնես Չիտա: Դատը, կարծում եմ, Լենինգրադում կլինի… Մայրիկը գիտի՞:
– Չէ,- ասացի ես:
– Լավ է…
– Բո՜րյա,- գոռացի,- ի՞նչ ուղարկեմ: Դու երևի ահավոր վիճակում ես: Ախր մարդ ես սպանել: Մա՜րդ ես սպանել…
– Մի գոռա: Սպաները ստեղծված են զոհվելու համար… Ու, նորից եմ կրկնում, դժբախտ պատահար էր… Եվ գլխավորը՝ ո՞ւր են կորել սիգարետները…
Շուտով Չիտայից եկան պատահարի երկու չտուժած մասնակից: Այդպիսով պարզվեցին գործի մանրամասները: Ահա թե ինչ էր պատահել:
Ինչ-որ մեկի ծննդյան օրն էր: Նշում էին բնության գրկում: Բորյան եկել էր արդեն երեկոյան, պետական մեքենայով: Ինչպես միշտ՝ խմիչքը քչություն արեց: Հյուրերը նկատելիորեն քթները կախեցին: Խանութներն արդեն փակ էին:
Բորյան հայտարարեց.
– Գնում եմ արաղի: Ո՞վ է գալիս:
Քեֆը լավ էր: Փորձեցին չթողնել: Արդյունքում՝ երեք հոգի ընկերացան: Այդ թվում՝ մեքենայի վարորդը, որ քնեց հետևի նստիքին:
Կես ժամից խփեցին մոտոցիկլիստին, որ մահացավ առանց գիտակցության գալու:
Ուղևորության մասնակիցները հիստերիայի մեջ էին: Իսկ եղբայրս, հակառակը, սթափվել էր: Գործում էր հստակ ու վճռական: Այն է. համենայնդեպս գնաց ինքնաթոր օղու ետևից: Տասնհինգ րոպե տևեց: Հետո շռայլորեն հյուրասիրեց ուղևորության բոլոր մասնակիցներին: Այդ թվում՝ մի քիչ սթափված վարորդին: Սա նորից քնեց:
Միայն այդ ժամանակ եղբայրս զանգեց միլիցիա: Շուտով ժամանեց օպերատիվ մեքենան: Հայտնաբերվեց դիակը, ջարդված մոտոցիկլն ու չորս հարբած մարդ: Ընդ որում պարզվեց, որ եղբայրս ամենասթափն է:
Լեյտենանտ Դուդկոն հարցրեց.
– Ձեզանից ո՞րն է վարորդը:
Եղբարս մատնացույց արեց քնած վարորդին: Նրան խցկեցին օպերատիվ մեքենան: Մյուսներին տարան տներն ու գրանցեցին հասցեները:
Եղբայրս երեք օր թաքնվում էր, մինչև ալկոհոլը ցնդեց: Հետո մեղայականով ներկայացավ միլիցիա:
Վարորդն այդ ընթացքում, բնականաբար, սթափվել էր: Նրան պահում էին նախնական կալանքի խցում: Համոզված էր, որ հարբած վիճակում մարդ է գցել մեքենայի տակ:
Այստեղ հայտնվեց եղբայրս ու ասաց, որ մեքենան ինքն է վարել:
– Այդ դեպքում ինչո՞ւ մատնացույց արեցիք Յուրի Պետրովիչ Կրախմալնիկովին,- զայրացավ լեյտենանտը:
– Հարցրիք՝ ով է վարորդը, ես էլ պատախանեցի…
– Իսկ ո՞ւր էիք կորել երեք օր:
– Վախեցել էի… Շոկի մեջ էի…
Եղբորս դեմքի կեղծ ծամածռությունը փխրուն ներաշխարհ էր արտահայտում:
– Քո նմանը կվախենա, բա չէ՜,- չհավատաց լեյտենանտը:
Ապա հարցրեց.
– Հարբա՞ծ էիք:
– Բացարձակ,- պատասխանեց եղբայրս:
– Կասկածում եմ…
Բայց արդեն անհնար էր որևէ բան ապացուցել: Ուղևորության մասնակիցները երդվում էին, որ Բորյան չի խմել: Վարորդը գլուխն ազատեց ծառայողական նկատողությամբ:
Եղբայրս խելացի էր վարվել: Հիմա արդեն նրան հարբած վիճակում մեքենա վարելու համար չէին դատելու, այլ որպես դժբախտ պատահարի մեղավորի:
Քննիչ Լարիսան ասում էր.
– Նույնիսկ անկողնում շարունակում ես խաբել նախաքննությանը…
Մեկ շաբաթ անց նա հայտնվեց Լենինգրադում:
Մորաքույրս արդեն ամեն ինչ գիտեր: Լաց չէր լինում: Զանգեց գրողներին, որոնք գործ ունեին միլիցիայի հետ: Նույն գրողներին՝ Յուրի Գերմանին, Մետտերին, Սապարովին:
Արդյունքում՝ եղբորս ձեռք չտվին: Հանգիստ թողեցին մինչև դատը: Միայն չբացակայելու ստորագրություն վերցրին:
Շուտով եղբայրս եկավ ինձ մոտ: Հարցրեց.
– Դու Լենինգրադի մոտ ես, չէ՞, ծառայել: Գիտե՞ս ճամբարների տեղական համակարգը:
– Ընդհանուր առմամբ գիտեմ: Օբուխովոյում եմ եղել, Գոռլովոյում, Պիսկարյովկայում…
– Քո կարծիքով՝ լավ կլինի որտե՞ղ նստեմ:
– Կարծում եմ՝ Օբուխովոյում ռեժիմն ավելի մեղմ է:
– Մի խոսքով, պետք է գնալ ու ծանոթանալ…
Գնացինք Օբուխովո: Մտանք զորանոց: Խոսեցիքն օրապահի հետ: Պարզեցինք՝ ով է մնացել ծանոթ գերակետիկներից: Քիչ անց զորանոց վազեցին սերժանտներ Գոդերիձեն ու Օսիպենկոն:
Գրկախառնվեցինք: Նրանց ծանոթացրի եղբորս հետ: Հետո հարցրի՝ ով կա ճամբարի հին վարչակազմից:
– Կպպիտան Դերյաբինը,- պատասխանեցին գերակետիկները:
Կապիտան Դերյաբինին լավ էի հիշում: Համեմատաբար բարեհոգի ու անհեթեթ հարբեցող էր: Կալանավորները նրանից ծխախոտ էին թռցնում: Իմ ծառայության ժամանակ Դերյաբինը լեյտենանտ էր:
Զանգեցինք զոնա: Մի րոպեից Դերյաբինը հայտնվեց պահականոցում:
– Հա՜,- գոռաց՝ ինձ տեսնելով:- Սերյոգան՝ էստե՜ղ: Հապա տեսնեմ ինչի նման ես: Լսել եմ՝ գրող ես դառել: Ուրեմն կյանքի էս դեպքը նկարագրի: Իմ առանձնացված կետից մի զեկ թռել էր: Հանեցի, ուրեմն, սանտեղխնիկների բրիգադը առանձնացված կետ: Պահնորդ դրեցի: Բացակայում եմ՝ պուճուր կարիքի պահով: Հետո գան տեսնեմ՝ զեկերից մեկը չկա: Թռե՜լ է… Սոճին, ուրեմն, քաշել-կռացրել են: Զեկին մոնտաժայաին գոտիներով վերևից կապել ու բաց են թողել: Զեկն էլ թռչելիս արձակել է գոտին ու՝ վերջ: Թռել անցել էր համարյա գծանցից էն կողմ: Բայց մի քիչ սխալ էր հաշվել: Մտածել էր՝ փայտահատարանի մոտ ձյուների մեջ կիջնի: Բայց էնպես էր ստացվել, որ ընկել էր զինկոմիսարիատի բակը… Էս էլ քեզ զուտ գրական նրբություն. բռնելիս զինկոմիսարի քիթն էր կծել…
Դերյաբինին ծանոթացրի եղբորս հետ:
– Լյոխա,- ձեռքը պարզելով՝ ասաց կապիտանը:
– Բոբ:
– Էնպես որ, ասում եմ,- վատ չէր լինի կոկորդներս թրջեինք, հը՞…
Որոշեցինք զորանոցից տեղափոխվել մոտակա անտառակը: Գոդերիձեին ու Օսիպենկոյին էլ հրավիրեցինք: Պորտֆելից չորս շիշ «Հիպերիկօղի» հանեցինք: Նստեցինք տապալված եղևնու վրա:
– Դե, լավ բաների համար,- ասացին բանտապանները:
Հինգ րոպե անց եղբայրս արդեն գրկախառնվում էր Դերյաբինի հետ: Ու հետն էլ հարցուփորձ անում.
– Բարաքները լա՞վ են տաքացնում: Պահակաշները շա՞տ են: Հսկման խցային կա՞րգն է գործում:
– Չես կորչի,- վստահեցնում էին գերակետիկները:
– Լավ զոնա է,- պնդում էր Գոդերիձեն,- տեսքի կգաս, կհանգստանաս, աժդահա կդառնաս…
– Ծանութն էլ մոտ է,- լրացնում էր Օսիպենկոն,- գծանցից դենը… Սպիտակ, կարմիր, գարեջուր…
Կես ժամ անց Դերյաբինն ասում էր.
– Նստեք, տղե՛րք, քանի դեռ ողջ եմ: Թե չէ կարձակեն Լյոխա դերյաբինին, ու ձեր վերջը կգա… Գործիչներ կհայտնվեն՝ թերի բարձրագույն կրթությամբ… Այ էդ ժամանակ կհիշեք Լյոխա Դերյաբինին…
Բորյան գրեց նրա տան հեռախոսի համարը:
– Ես էլ քոնը գրեմ,- ասաց Դերյաբինը:
– Իմաստ չունի,- ասաց եղբայրս,- մի ամսից գալու եմ…
Էլեկտրագնացքում, երբ տուն էինք վերադառնում, ասում էր.
– Առայժմ էնքան էլ վատ չի:
Իսկ ես քիչ էր մնում լաց լինեի: Երևի «Հիպերիօղին» էր ազդել…
Շուտով սկսվեց դատը: Եղբորս պաշտպանում էր նույն փաստաբան Կիսելյովը: Ներկաները ժամանակ առ ժամանակ ծափահարում էին նրան:
Հետաքրքիր է, որ որպես պատահարի զոհ էր ներկայացնում ոչ թե հանգուցյալ Կորոբչենկոյին, այլ՝ եղբորս:
Ամփոփելով խոսքը՝ ասաց.
– Մարդու կյանքը լեռան ճանապարհ է հիշեցնում՝ բազմաթիվ վտանգավոր կեռմաններով: Դրանցից մեկը ճակատագրական եղավ իմ պաշտպանյալի համար…
Եղբորս նորից երեք տարի տվին: Հիմա արդեն՝ խիստ ռեժիմում:
Դատի օրը ծանրոց ստացա Չիտայից: Ծանրոցում տասը տուփ «Հի լայթ» ճապոնական սիգարետ էր:
Բորյայաին տարան Օբուխովո: Գրում էր, որ ճամբարը լավն է, իսկ պահնորդությունը՝ բավական մարդասեր:
Կապիտան Դերյաբինը խոսքի տեր մարդ դուրս եկավ: Բորյային նշանակեց հաց կտրելու: նախանձելի, նոմենկլատուրային պաշտոն էր:
Այդ ընթացքում եղբորս կինը հասցրեց աղջիկ ունենալ. ծնվեց Նատաշան: Մի անգամ նա զանգում է ինձ.
– Ընդհանուր տեսակցություն են թույլատրել: Եթե ազատ ես, միասին գնանք: Իմ համար, կրծքի երեխայի հետ, դժվար կլինի:
Գնացինք չորսով՝ մորաքույրս, Լիզան, երկու ամսական Նատաշան ու ես:
Օգոստոսի շոգ օր էր: Նատաշան ամբողջ ճանապարհին լաց էր լինում: Լիզան ջղայնանում էր: Մորաքրոջս գլուխը սկսեց ցավել:
Մոտեցան պահկանոցին: Հետո հայտնվեցինք տեսակցության սենյակում: Մեզնից բացի վեց այցելու կար: Կալանավորներից նրանց բաժանում էր ապակե արգելապատը:
Լիզան արձակեց երեխայի բարուրը: Եղբայրս չկար ու չկար: Մոտեցա հերթապահ գերակետիկին:
– Իսկ ո՞ւր է Դովլաթովը,- հարցնում եմ:
Նա կոպիտ պատասխանեց.
– Սպասե՛ք:
Ասում եմ.
– Զանգի օրապահին ու կանչի եղբորս: Լյոխա Դերյաբինին էլ կասես, որ ասել եմ՝ քեզ հուպ տա:
Հերթապահի փուքսը մի քիչ նստեց:
– Ես Դերյաբինին չեմ ենթարկվում, օպերին եմ ենթարկվում…
– Շո՛ւտ արա,- ասում եմ,- զանգի՛…
Այդ պահին հայտնվեց եղբայրս: Ճամբարայի գորշ արտահագուստով էր: Մեքենայով խուզած մազերը մի քիչ երկարել էին: Արևահարվել էր ու կարծես մի քիչ ձգվել՞
Մորաքույրս հրակնատի միջով նրան խնձորներ, երշիկ ու շոկոլադ փոխանցեց:
Լիզան դստերն ասում է.
– Տատո՛ւսյա, սա հայրիկն է: Տես՝ հայրի՜կը…
Իսկ եղբայրս միայն ինձ էր նայում: Հետո ասաց.
– Զզվելի շալվար ես հագել: Գույնն էլ ոնց որ քաքի գույն: Կուզե՞ս մի հրեայի հետ ծանոթացնեմ: Էստեղ՝ զոնում մի հրեա շշմելու շալվարներ է կարում: Ի դեպ, ազգանունը Պորտնով է: Լինում են, չէ՞, էդպիսի զուգադիպություններ…
Ես գոռացի.
– Ինչի՜ մասին ես խոսում: Էդ ի՜նչ նշանակություն ունի…
– Չնեղվես,- շարունակեց նա,- ձրի է: Փող կտամ, կտորը կառնես, իսկ նա կկարի… Հրեան ասում է «Քամակը մարդու դեմքն է»… Իսկ հիմա նայի քո… Էդ ի՞նչ ծալքեր են…
Ինձ թվաց ռեցիդիվիստի համար նա չափազանց պահանջկոտ է…
– Փո՞ղը որտեղից,- տագնապես մորաքույրս:- Գիտեմ, որ ճամբարում փող չի թույլատրվում:
– Փողը մանրէի պես է,- ասաց Բորիսը,- ուր ասես՝ կա: Կոմւոնիզմը կառուցենք, ամեն ինչ ուրիշ կերպ կլինի:
– Գոնե մի անգամ երեխայիդ նայի,- խնդրեց Լիզան:
– Տեսել եմ,- ասաց եղբայրս,- հրաշք աղջիկ է…
– Սնունդը ո՞նց է,- ասում եմ:
– Էնքան էլ… իշտ է, ես ճաշարան չեմ գնում: Գերակետիկներից մեկնումեկին ուղարկում եմ մթերային… Պատահում է՝ առնելու բան էլ չի լինում: Ժամը մեկից հետո արդեն երշիկ ու ձու չես ճարի… Հա՜, կործանեց Նիկիտան գյուղատնտեսությունը… Բայց ժամանակներ են եղել՝ Եվրոպա ենք կերակրել… Միակ հույսը մասնավոր հատվածքն է… Նէպի վերականգնումը…
– Կամա՜ց,- ասաց մորաքույրս:
Եղբայրս կանչեց հերթապահ գերակետիկին: Շշուկով ինչ-որ բան ասաց: Սա սկսեց արդարանալ: Մեզ խոսքի պատառիկներ էին հասնում:
– Բայց խնդրել էի, չէ՞,- ասում էր եղբայրս:
– Հիշում եմ,- պատասխանում էր գերակետիկը,- մի անհանգստանա: Տասը րոպեից Տոլիկն էստեղ կլինի:
– Բայց խնդրել էի, որ տասներկու երեսունին…
– Հնար չկար:
– Դի՛մա, կնեղանա՛մ:
– Բո՛րյա, դու ինձ գիտես: Ես էն մարդն եմ՝ որ խոստացա, կանեմ… Տոլիկը ուղիղ հինգ րոպեից կգա…
– Բայց մենք հիմա ենք ուզում խմենք:
Ես հարցրի.
– Ի՞նչ է պատահել: Ինչի՞ մասին է խոսքը:
Եղբայրս պատասխանեց.
– Էս գործիչներից մեկին օղու էի ուղարկել, իզութոզը չկա… Բարդակ է, ոչ թե զինվորական ստորաբաժանում:
– Քեզ կարցեր կնստացնեն,- ասաց Լիզան:
– Ինչի՞, կարցերում մարդիկ չե՞ն…
Երեխան նորից լաց եղավ: Լիզան նեղացավ: Եղբայրս նրան անուշադիր ու անտարբեր էր թվում: Մորաքույրս իրար հետևից դեղ էր կուլտալիս:
Տեսակցության ժամանակը սպառվում էր: Զեկերից մեկին համարյա ուժով տարան: Դուրս էր պրծնում ու գոռում.
– Նա՜դկա, բոզություն արիր՝ կսպանեմ: Կգտնեմ ու շան ծեծ կտամ… Էդ երաշխավորում եմ… Ու հիշի, լի՛րբ, Վովիկը սիրում է քեզ…
– Գնալու ժամանակն է,- ասացի ես:- Ժամանակն է:
Մորաքույրս շրջվեց: Լիզան փոքրիկին էր օրորում:
– Բա օղի՞ն,- ասաց եղբայրս:
– Դուք կխմեք,- ասում եմ:
– Ուզում էի քեզ հետ խմեմ:
– Պետք չի, էստեղ ի՞նչ խմոլ…
– Ոնց կասես… Իսկ էդ գերակետիկը, մեկ է, ձեռիցս չի պրծնի: Իմ համար մարդու մեջ գլխավորը պատասխանատվությունն է…
Հանկարծ հայտնվեց Տոլիկը՝ շիշը ձեռքին: Ակնհայտորեն շտապում էր:
– Ահա՛,- ասաց,- մեկ ու երեսուն էլ մանրը:
– Էնպես, որ տեսնող չլինի, տղե՛րք,- էմալապատ գավաթը Բորյային տալով՝ ասաց հերթապահը:
Եղբայրս արագ լցրեց: Եվ ամեն մեկս մի կում արեց: Այդ թվում և զեկերը, նրանց հարազատները, վերակացուները, գերակետիկները: Եվ ինքը՝ հերթապահը…
Մի անթրաշ, դաջվածքներով նախշված զեկ գավաթը բարձրացնելով ասաց.
– մեր մեծ հայրենիքի համար: Անձամբ ընկեր Ստալինի: Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի: Բոլոր ցամաքային հրանոթներից՝ կրա՛կ…
– Կեցցե Իմրե նադի թունդ հետադիմական հանցախումբը,- նրան միացավ երկրորդը:
Հերթապահը թոթվեց եղբորս ուսը.
– Կներես, Բո՛բ, ժամանա՛կն է…
Մենք հրաժեշտ տվեցինք իրար: Հրակնատի միջով սեղմեցի եղբորս ձեռքը: Մորաքույրս լուռ նայում էր որդուն: Լիզան հանկարծ լաց եղավ՝ արթնացնելով արդեն ննջող Նատաշային: Երեխան ձայնը գլուխը գցեց:
Մենք դուրս եկանք ու փորձեցինք տաքսի բռնել…
Անցավ մոտ մեկ տարի: Եղբայրս գրում էր, որ ամեն ինչ կարգին է: Հաց կտրող էր, իսկ երբ Դերյաբինը գնաց թոշակի, էլեկտրամոնտյոր դարձավ:
Հետո եղբորս գտավ ներքին գործերի վարչության ներկայացուցիչը: Ճամբարների մասին պատմող վավերագրական ֆիլմ նկարելու որոշում էր կայացվել: Այն մասին, որ սովետական ճամբարներն ամենամարդասիրականն են աշխարհում: Ֆիլմը նախատեսված էր ներքին օգտագործման համար: Անվանումը չոր էր՝ «Խիստ ռեժիմի ուղղիչ-աշխատանքային գաղութների հսկողության մեթոդները»:
Եղբայրս շրջում էր հեռավոր ճամբարային կետերով: Նրան պետական «ԳԱԶ-61» մեքենա էին տվել: Համապատասխան սարքավորում: Մշտապես երկու պահնորդ էին ուղեկցում՝ Գոդերիձեն ու Օսիպենկոն:
Եղբորս հաջողվում էր հաճախ տուն գալ: Մի քանի անգամ այցելեց ինձ:
Ամռանը ֆիլմը պատրաստ էր: Եղբայրս միաժամանակ կինոօպերատորի, ռեժիսորի ու հաղորդավարի գործառույթներ էր կատարում:
Հունիսին դիտումն էր: Դահլիճում գեներալներ ու գնդապետներ էին նստած: Ֆիլմի քննարկման ժամանակ գեներլ Շուրեպովն ասաց.
– լավ նկար է, պետքական… «Հազար ու մի գիշերվա» պես նայվումէ…
Բորյայաին գովեցին: Սեպտեմբերին պատրաստվում էին ազատել:
Ես վերջապես որսացի եղբորս բնավորության ամենագլխավոր գիծը: Նա բնազդային էկզիստենցիալիստ էր: Կարող էր գործել միայն սահմանային վիճակներում: Կարիերա անել միայն բանտում: Հանուն կյանքի պայքարել միայն անդունդի եզրին…
Վերջապես նրան ազատեցին:
Սրանից հետո ստիպված եմ կրկնվել: Մորաքույրս զանգեց Յուրի Գերմանին: Եղբորս որպես սևագործ բանվոր աշխատանքի վերցրին վավերագրական ֆիլմերի ստուդիայում: Երկու ամիս անց ձայնագրող օպերատոր էր: Իսկ կես տարուց՝ մատակարարարման բաժնի պետ:
Մոտավորապես այդ օրերի ինձ վերջնականապես ազատեցին աշխատանքից: Պատմվածքներ էի գրում ու ապրում մայրիկի թոշակով…
Երբ մորաքույրս հիվանդացավ ու մահացավ, նրա թղթերում մի գորշաչյա հմայիչ տղամարդու լուսանկար գտան: Կիրովի տեղակալն էր՝ Ալեքսանդր Իվնովիչ Ուգարովը: Նման ր եղբորս: Չնայած՝ շատ ավելի ջահելատես:
Բորյան առաջ էլ գիտեր՝ ով է հայրը: Հիմա դրա մասին բացահայտ խոսեցին:
Եղբայրս կարող էր փնտրել ազգականներին: Բայց չուզեց: Ասաց.
– Դու կաս, ու էլ ոչ ոք ինձ պետք չի…
Հետո միտք արեց ու ավելացրեց.
– Տարօրինակ է: Ես կիսով ռուս եմ: Դու՝ կիսով հրեա: Բայց երկուսս էլ գարեջրով օղի ենք սիրում…
Յոթանասունինը թվին ես որոշեցի վտարանդվել: Եղբայրս ասաց, որ չի գա:
Նորից սկսել էր խմել ու տոիրուդմփոց սարքել ռեստորաններում: Նրան սպառնում էր աշխատանքից ազատումը:
Կարծում եմ՝ նա կարողանում է ապրել միայն անազատության մեջ: Ազատության մեջ թուլանում ու նույնիսկ հիվանդանում էր:
Վերջին հանդիպմանը ասացի.
– Գնա՛նք:
Անտարբեր ու տխուր արձագանքեց.
– Էդ ամենը իմ համար չի: Պիտի անցնես ատյաններով: Բոլորին պիտի համոզես, թե հրեա ես… Անհարմար եմ զգում: Այ եթե խումարի մեջ, միանգամից… աչքդ թարթեցիր ու Կապիտոլիումի բլրին ես…
Օդանավակայանում եղբայրս լաց եղավ: Ըստ երևույթին ծերացել է: Բացի այդ, մեկնելը միշտ ավելի հեշտ է, քան մնալը…
Չորրորդ տարին է՝ ապրում եմ Նյու Յորքում: Չորրորդ տարին է՝ ծանրոցներ եմ ուղարկում Լենինգրադ: Ու հանկարծ՝ բանդերոլ այնտեղից:
Փոստատանը բացեցի: Տրիկոտաժե երկնագույն ֆուֆայկա էր՝ Օլիմպիական խաղերի խորհրդանշանով: Մեկ էլ՝ կատարելագործված կառուցվածքով մետաղյա ծանր խցանահան:
Մտածեցի՝ ի՞նչն է եղել ամենաթանկը իմ կյանքում: Ու հասկացա՝ չորս կտոր շաքարը, ճապոնական «Հի լայթ» սիգարետները, երկնագույն ֆուֆայկան և ահա այս խցանահանը…