Ռուբեն Սևակ

Կարմիր դրոշակը

«― Անոթինե՜ր, անգործներու կո՜ւռ բանակ,
Փոս աչքերնիդ դեպի երկինք զո՜ւր բանաք,
Տառապանքի՜ ոստանյակներ, ի կըռի՜վ...
Ի զե՜ն, կիներ, ի զե՜ն, ծերե՜ր ալեխռիվ...»

Դուրսը ձմրան սույլին միջեն կը լսվեր
Բողոքի ձայն մը գալարվող կարեւեր,
Ընդհատված խո՜ւլ հռնդյունով կատաղա՜ծ,
Որ արձագանք կուտար երկար. «Հա՜ց, հա՜ց, հա՜ց...»

Ի՞նչ կար։ Կուրծքիս տակ ուԺգին սիրտըս դողաց։
Ձյուն-ձմեռո՜վ, այսպես գիշեր ատեն ՝ հա՜ց...
Գաղջ անկողնես վար նետվելով, մրափած,
Պատուհաններն բացի փութով, ու, Աստուա՜ծ...։

Մի՞թե... Ամեն բան հասկացա ու լացի...։
Բոլոր վայրագ պայքարողները հացի,
Հազարներո՜վ, հո՜ն, վա՛րն էին, խեղճ ու վե՛ս,
Կուտվա՜ծ, կատղա՜ծ, մրջյուններու շեղջի պես...

Ցո՜ւրտ, իրենց վրա դանդա՜ղ կ'իջներ ձյունն համակ,
Անհուսության ծաղիկներու պես ճերմակ,
Ցո՜ւրտ, կը պատեր զիրենք գիշեր անսահման,
Թըշվառության մթին դավի մը նման։

Իրենց մեջտե՛ղ, խեղճ կառքի մը վրա խարխուլ,
Հազարներու հռնդյունին մեջեն խուլ,
Աշխատանքի նույն ստրուկ մը ալեփառ,
Կանգնա՛ծ, դողդո՜ջ, կը բողոքեր, կը պոռթկար։

Ու իր խոսքերը կ'իյնային փրփրադեզ,
Անիծապարտ հեք ամբոխին վրա այնպե՛ս՝
Ինչպես Ժայռեր օվկիանին մեջ կատղած...
Ու օվկիանը կը ճողփար. «Հա՜ց, հա՜ց, հա՜ց»...


* * *

«― Ինչո՞ւ ոմանք սնդուսներով օրորուն,
Ոմանց գլուխը՝ մայթին ձյունոտ քարերուն...
Ինչո՞ւ մեկը՝ ձեղուններու տակ ոսկի,
Մյուսը՝ խոնավ խշտյակի մեջ սողոսկի...։

Մեկուն դիակին վրա դամբա՜ն, վա՜րդ, մարմա՜ր,
Ողջը չունի բարձ մ'ուր հանգչի՜լ կարենար...։
Բույն ընտանիք ունի թռչունն օդաչու,
Ան ե՜րգ ունի, իսկ մենք՝ Անեծք միայն ինչո՞ւ...

Ինչո՞ւ հազա՜ր պերճ տաճարներ հրաշակա,
Աստուծո մը հոգվույն համար, որ չիկա...
Մեր խեղճ որբերը կը հալվին, տեղ չի կա...
Մեր խեղճ կիներն են հոգեվար՝ դեղ չի կա։

Ինչո՞ւ, ինչո՞ւ, ու մինչեւ ե՞րբ, սեփական
Մեր քրտինքով պիտի շաղվին պատվական
Համադամներ մեծատունի՜ն, իր շունին,
Մինչ աշխատող բազուկներ չոր հաց չունին...»


* * *

Ծերը դողդոջ իջավ կառքեն այն խարխուլ,
Ու կատաղի գոռյաններուն մեջեն խո՜ւլ,
Կառքին գեղջուկ բեմին վրա՝ հյուծահա՜լ.
Խեղճեր ելան խոսք առնելու, կինե՜րն ալ...

Կը խոսեին- անուս դեմքեր ապաքեն-
Ինչ որ պոռթկար իրենց նոթի աղիքեն,
Իրավունքի կոպիտ բառեր ինքնաբեր,
Զոր կապուտցած իրենց շրթունքը թափեր։

Խո՜ւլ աղաղակը կը ընդհատեր պահ մը. «Հաց»,
Ու ամբոխը լուռ կ'ունկնդրեր ծարավա՜ծ.
Արդարության չքնա՜ղ ձայնին այդ տըկար,
Արդարությո՜ւն, որ երբե՛ք չի պիտի գար...


* * *

Վայրա՜գ գոռյուն մը գիշերին մեջ թնդա՜ց.
Ձյունոտ ցայգին անբա՜վ սուգին մեջեն թաց,
Բոցերու պես շըքեղ, տեգի՜ պես հըպարտ,
Կարմիր դրոշա՜կը բարձրացավ անհանդարտ...

Ու ես տրտո՜ւմ, ու ճմլվա՜ծ, անբարբա՜ռ,
Կը դիտեի, որ կ'երթային տրտմաբար,
Ձյունի՜ն մեջեն, մութին մեջեն անսահմա՜ն,
Գրաստներու սեւ բանակի մը նման...

Ո՞ւր, դեպի ո՞ւր... Քաղցած կյանքեր համորե՜ն,
Իսպառ լքված աստվածներե՜ն, մարդերե՜ն,
Լո՜ւռ կ'երթային, խո՜ւլ բնազդի մը հլո՜ւ,
Նո՛ր օրենքի նո՛ր նԺար մը կերտելու...

Ու ինձ այսպե՜ս թվեցավ, թե լռելյա՜յն,
Ճակատագրին թեւը կ'իշխե՜ր իրենց վրան.-
Բայց կ'երթային անոնք. ի զե՜ն, ի պայքա՜ր,
Արդարությա՛ն կը դիմեին խո՜նջ, տըկա՜ր,

Արդարությա՜ն, որ ա՛ս կերպո՛վ պիտի գար...

Յատուկ Երաժշտություն
Մի՛ վախեցիր - Հայտարմա
Ալեքսանդր Սպենդիարյան

Մի՛ վախեցիր - Հայտարմա

Ձիեր – Մարդիկ
Ձիեր – Մարդիկ
Խաղա առցանց