Ռափայել Պատկանյան

Օտար օրիորդ և հայ պատանի

Օտարուհին ինձ ասաց. «Հե՞ր ես լալիս, արցունքը
Հեղեղի պես ինչո՞ւ են ոռոգում քու աչքունքը,
Քու տըրտմության ճար ունիմ, կըփարատեմ քու դարդը,
Թըշիս վըրա չե՞ս տեսնում փայլած շուշանն ու վարդը»։

Զուր մի՛ ջանար, սիրական, իմ դարդը չես փարատիլ,
Հոգիս հոգսից, ցավերից չես փըրկիլ, չես ազատիլ.
Թո՛ղ իմ աչքից հեղեղա արտասունքի աղբյուրը,
Արտասունքն է լըվանում սըրտի խոր–խոր ցավերը։

Օտարուհին ինձ ասաց. «Տե՛ս, հասել է գարունը,

Դաշտերի մեջ բացվել են հազարերանգ ծաղկունքը,
Իջնենք դաշտը, օդ քաշենք, ծաղկունք քաղե՛, փունջ փընջե՛,
Հայրենիքիդ կարոտն ա՛ռ, որ թախիծ քեզ չի տանջե»։

Հայրենիքիս կարոտը ձեր դաշտիցը չեմ առնիլ,
Սառ Հյուսիսում՝ երկինքը Հայաստանի չեմ տեսնիլ,

Ուր բյուր պատիկ ցոլուն են արեգակի շողերը,
Կենսատու է անձրևը, մեղրածին են ցողերը։

Օտարուհին ինձ ասաց. «Մոռացի՛ր քու հայրենիք,
Քու հայրենին այնտեղ է, ուր սիրում են քեզ մարդիկ.
Տե՛ս արևին, նա պայծառ չէ՞ շողշողում Հյուսիսում.

Հայաստանը կորել է, խե՜ղճ, դու ցընորք ես ուզում»։

Սուտ են, սուտ քո զըրույցքը, Հայաստանը չէ՛ կորած,
Նա այնտեղ է, ուր Եփրատ ու Տիգրիսն են գըրկված,
Ուր Երասխը մըրմունջով հուզած ջուրն է գըլորում։
Ուր Մասիսի գագաթը ամպերից ցած է նայում,

Ուր փայլում է արեգը իր կուսական շողերով,
Ուր ջըրում է երկինքը երկիրն զով ցողերով,
Ուր որ չի կա բորեաս, չիկա շիմուն ու խորշակ,
Օդը շունչ է հրեշտակի, ջուրը մեղր է անուշակ...
Հայաստանը կա՛... ավա՜ղ, խոպանացած, ամայի,

Եվ կըծաղկի, երբ նորից ծըծե քըրտինքը Հայի...
Նորա ստինքը համառ է, չի կերակրում օտարին,
Օտարն խաբված ասում է «շիջավ աստղը հայերին»։
Բայց ի՞նչ, դու չես հասկանալ իմ սըրտամաշ դարդերը.
Մի՛ ջանար, ինձ չեն սփոփիլ թըշիդ փայլուն վարդերը։

Իմ տըրտմության ցավակից խանդաղակաթ գըրկելով,
Օտարուհին ինձ տվեց գավաթը լի գինիով.
Երկնակապույտ աչերը անթարթ աչերիս հառած,
Լաց ու ժըպիտ երեսին՝ նա մեղմ ձենով ինձ ասաց.
«Խըմե՛ գինի, պատանի, ի հիշատակ այն երկրին,

Որ սըրտամաշ կարոտով կոչում ես քու հայրենին.
Պարզե՛ ազնիվ ճակատըդ, զըվարթացի՚ր, ոգի առ,
Հուսակըտուր այդ դեմքով խըղճալի մի՛ ձևանար.
Ձյունաթաղ ու կիսամեռ դաշտքը գարնային շընչից
Չե՞ն ըսթափում և հառնում մահահանգույն խոր քընից.

Երբ ծագում է արևը՝ մըռայլը չի՞ հալածվում,
Մեռած բնությունն դեպի նոր կյանք նա չի՞ վերածում,
Դե՜հ, պատանի, քա՛ջ եղիր, խըմե՛ գինի, երգ երգե՛,
Տերն է որբոց օգնական, նա քու ազգըն էլ կըփըրկե»։


ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆ ԵՐԳՈՒՄ է


Հայկ ու Լևոնին մոռանանք, եղբարք,

Թափ տանք մեզանից փոշին հընության,
Վերածնենք մեր մեջ նոր կյանք ու նոր բարք,
Կեցցե՛ շատ օրեր մանուկ-Հայաստան։

Կեցցե՛ շատ օրեր մանուկ-Հայաստան,
Նա, որ դեռ միայն մեր սըրտի խորքում

Ունի յուր հիմքը, ո՛չ տուն, ո՛չ կայան
Չունի տակավին բուն Հայաստանում։

Եղբա՛րք, բանը դեռ անշոշափելի
Այժմուս մեր մըտքին՝ ցընորք չի կարծենք,
Բանը կմարմնանա ու տեսանելի

Կը լինի շուտ, միայն մենք վըստահ լինենք։

Մեր հույսը միայն մեր վըրա լինի,
Չեն պետք մեզ նըպաստ մեծատուններին,
Ողորմությամբ թո՛ղ մուրացիկն ապրի,
Մուրացողըն միշտ ստրուկ է օտարին։

Կեցցե՛ Հայաստան, որ երազական
Կարծում են ծերերն. իրոք չէ՛ այդպես,
Մեր հայրենին դեռ չէ՛ չվառական,
Քանի որ ունի քաջ որդիք մեզ պես։

Բա՛վ է, օտարին շատ ծառայեցինք,

Ըստրկի վիճակն չէ՛ հավերժական,
Ազատության գինն մենք քաջ սերտեցինք,
Էլ չենք հավատալ օտարի խոստման։

Օտարի շահը թույն է մահաբեր,
Աչք է կուրացնում, միտք է պըղտորում,

Գերի է դարձնում մարդ ազատասեր,
Ոսկի ջըղթայով ձեռք ոտք է կապում։

Կըփըշրեմ շըղթաս, կերթամ Հայաստան,
Կըպագնեմ նորա հողը անարատ,
Կասեմ. «Եկել եմ որդիդ չվառական,

Գըրկիդ մեջ ինձ ա՛ռ, մայր իմ հարազատ։

Չունիմ ես ոսկի, այլ ոսկու մադան,
Ջըլոտ ձեռք ջուխտակ ու սիրտ անվեհեր,
Ձեռքումըս ունիմ բահ ու հըրացան,
Սըրտումըս ունիմ ազնիվ խորհուրդներ։

Քու հողն արգավանդ, ես մըշակ արի,
Մենք հաշտ կու ապրինք շատ ու շատ տարի.
Ուրջուներեդ քեզ ոչինչ շահ չըկա,
Թո՛ւյլ տուր, որ բըռնի հալածեմ նոցա։

Դու որդիք ունիս չորս միլիոն ու կես,

Թե հանկարծ գաղթեն՝ նոցա տեղ ունե՞ս,
Ըստինքիդ կաթը խնայե՛ օտարեն,
Գալու որդիքըդ քաղցած, ծարավ են...»։

Հարավ, հյուսիսեն փոշի վերացավ...
Ձայն, տրոփ, խոսք, շըշուկ զիլ-զիլ լըսվեցավ...

Մասսա ճակատեն մեգը հեռացավ...
Մանուկ-Հայաստանն ոտքի կայնեցավ...

Յատուկ Երաժշտություն
Շուշիկի
Կոմիտաս

Շուշիկի

Քնի հրեշտակ
Քնի հրեշտակ
Խաղա առցանց