Րաֆֆի
Վերջին երգ
Զո՜ւր թղթեր մի՜ մրոտե,
Հայոց անբախտ հեղինակ,
Թե չըկամիս քաղցած մեռնել,
Կյանք վարե այլ եղանակ:
Զո՛ւր ես մաշում աչքիդ լույս,
Զո՛ւր է, դու ինձ հավատա՜,
Այդ սրբազան քո ճգանց
Ո՞վ մի սև փող գին կըտա:
Թո՜ղ տուր, եղբայր, քեզ ի՞նչ փույթ,
Հոգսը հոգալ ողջ ազգին,
Նորա օգտին զոհ բերել
Կյանքիդ րոպեքն անգին:
Թող նա գնա՜ յուր ճամփով,
Էլ ի՞նչ պետք է քո խրատ,
Թե այդ ուղին տանում է
Դեպի կորստյան խորխորատ:
Թո՜ղ կղերի փառասեր,
Արծաթամոլ, սև խուժան`
Ազգի ծուծը ծըծելով՝
Կյանք վայելեն անարժան:
Թո՜ղ տուր մարդիք անպիտան,
Անգործ, տգետ, անվաստակ՝
Հանգիստ ապրուստ որսալու՝
Պատսպարվին փիլոնի տակ:
Թո՜ղ սրբապիղծ յուր ձեռքով
Ոսկերիչ իսրայելացին
Մեր վանքերի անոթները
Թո՜ղ զոհե յուր հալոցին:
Թո՜ղ տուր պրոտ, կաթոլիկ
Մեր մեջ հերձված սերմ-անեն,
Ազգի կապերը խզելով,
Եղբայր եղբորից բաժանեն:
Եվ մեր անհոգ հովիվներ՝
Գայլի գառը գողնալուն
Միշտ սառնասիրտ մտիկ տան:
Թո՜ղ ամբոխը կուրորեն
Խավարի մեջ խարխափե,
Մոլորցնողի կեղծ լույսը
Նորան շլացնե ու խաբե:
Թո՜ղ թավալվի ցեխի մեջ
Նա մինչև վերջն յուր վըզին,
Այդ միայն է ցանկալի
Աղտեղասեր, գարշ խոզին:
Թո՜ղ ազգը միջին դարու
Մահահրավեր քնի մեջ.
Յուր հին երազն երազե,
Դեռ քրքրե կրոնքի վեճ:
Թո՜ղ նա քնեն չըզարթնի,
Մի՜ վրդովիր դու նորան,
Թեև այդ քունը տանում է
Դեպի անշարժ գերեզման:
Թո՜ղ մեր կանայք, օրիորդք,
Սրտով զոհվին մոդային,
Զուրկ ճիշտ կրթությունից
Կյանք վարեն օդային:
Եվ ամուսնին պարտքի մեջ
Թաղեն մինչ վերջ բողազին,
Նորա ձեռքի վաստակը
Թափեն մոդնի մագազին:
Թո՜ղ տուր մեր նոր սերունդը,
Թողյալ մայրենի ստինք,
Օտար կաթնով սնանին,
Ազգը համարեն նախատինք:
Օտար հոգվով կրթվին
Եվ սիրեն օտարուհիք,
Օտար ազգերի համար
Բազմացնեն շատ որդիք:
Թո՜ղ տուր խղճուկ գյուղացին՝
Այդ ստրուկը, այղ գերին,
Կարոտ օրական հացին՝
Մշակե հողն յուր աղային:
Նորա որդիքը կիսամերկ,
Բախտախնդիր, սովատանջ,
Պանդուխտ աշխարհ հածելով,
Թող կրեն չարիք աննահանջ:
Թո՜ղ հարուստները մամոնի
Կուռքի ոտքերը լիզեն,
Ազգը թողնեն անխնամ,
Ոսկու ամբարներ դիզեն:
Թո՜ղ դավաճան վասակներ
Վայելեն ճոխ ապրուստ,
Պատվի և փառքի համար
Ազգը մատնեն ի կորուստ:
Թո՜ղ հոգևոր հայրիկը
Եվ ագահ հոգաբարձուն`
Յուրյանց շահերին մատնեն
Մեր դպրոցներ, վարժատուն:
Թո՜ղ Այսմավուրք և Ճաշոց
Տըպե մամուլն մեր հիմար,
Ոչ արհեստի գրքերը
Բազմացնե ազգի համար:
Ո՜չ օրագիրք, լրագիրք
Նորա աչքը բաց անեն,
Եվ գիտության սերմերը
Նորա սրտումը ցանեն:
Թո՜ղ տուր, եղբայր, քո խրատ,
Հայը կամակոր, համառ է,
Քո գրվածքներն ու քարող
Անապատի բարբառ է:
Հայը սիրում է գովեստ
Փաղաքշական, կեղծավոր,
Մոլությունքը մերկացնողին
Է թշնամի վտանգավոր:
Ճշմարտությունն` որպես լույս՜
Հիվանդոտ աչքը կըծակե,
Ճշմարտություն քարոզողի
Վարձը՝ փշյա պսակ է...