Րաֆֆի

Սպանդանոց

Ա

1872 թվականի վերջին ամսին էր: Թ... քաղաքը խորին կերպով մրափում էր գիշերային խավարի մեջ: Իսկ մի խուլ անկյունում, մի փոքրիկ և համեստ սենյակ դեռ լուսավորված էր ճրագի աղոտ լույսով: Այդ աղքատիկ բնակարանում, մահճակալի վրա պառկած էր մի մանկահասակ պատանի, որի գունատ դեմքը, շիջած աչքերը և խորին կերպով հոգվոց հանելը ցուցանում էին, թե նա տանջվում էր ծանր հիվանդությունով:

Նրա մոտ տխուր դեմքով նստած էր մի երիտասարդ և հոգս էր տանում հիվանդին:

Դոքա երկու պանդուխտ եղբայրներ էին, այնքան քնքուշ սիրով միմյանց հետ կապված, որք եկել էին այն քաղաքը Ասիայի խորին անկյուններից: Ավագ եղբայրը յուր պարապմունքով խնամք էր տանում հայրենիքումը թողած ծնողաց ապրուստին, միևնույն ժամանակ հոգալով կրտսեր եղբոր կրթության համար, որ ուսանում էր նույն քաղաքի մի դպրոցում, որ և այն օր հիվանդ դրած էր նրա մոտ:

Պատանին մի փոքր ուշքի գալով՝ բաց արավ փակած աչքերը, և տեսնելով եղբորը յուր մոտ՝ հարցրեց.

Քանի ժամն է:

Երկրորդը, պատասխանեց մեծ եղբայրը:

Դու դեռ չե՞ս քնել... գնա՜, քնի՜ր, եղբայր, եթե դու էլ հիվանդանաս, ո՞վ կնայե մեզ վրա...

Իմ քունս չէ գալիս, միայն դու ասա՜, ինչպե՞ս զգում ես այժմ քեզ:

Ես լավ եմ... դու գնա՜ քնի՜ր:

Երիտասարդը վեր կացավ հիվանդի մոտեն, մոտեցավ դիվանին և առանց հանվելու, ձեռքը ծնոտին դնելով՝ պառկեցավ նրա վրա: Քունը, անբախտների միակ մխիթարությունը, վաղուց հեռացել էր նրա աչքերից: Նա նույն րոպեին ընկղմված էր դառն մտածությունների մեջ... Նա ցավակցությամբ սրտի լսում էր եղբոր ծանր հոգվոց հանելը, որ հեռու հայրենի օջախից, հեռու ծնողաց քնքուշ հոգատարությունից՝ տանջվում էր հիվանդության մեջ:

Բ

Առավոտյան երիտասարդը, երկար սպասելով, երբ նշանակյալ ժամուն բժիշկը չեկավ, կամենում էր գնալ նրան կանչելու: Կրտսեր եղբայրը ասաց նրան.

Իմ գրասեղանի արկղում դու կգտնես մի քանի տասնյակ ռուբլի, որոնք ես հավաքել էի այն կոպեկներից, որ շատ անգամ տալիս էիր ինձ մխսելու: Ես միտք ունեի նոցանով նոր տարվա համար ինձ հագուստներ կարել տալ, բայց գուցե էլ չպիտի հագնեմ... առ այն փողերը, քեզ հարկավոր կլինին...

Երիտասարդը, չդիպչելով նրա սեփականությանը՝ տխուր զգացմունքով դուրս գնաց տանից: Նա գտավ բժշկին մի այլ հիվանդի մոտ, և մտածելով, որ նրա ուշանալու պատճառը այն պիտի լիներ, որ կանխիկ չվճարեց այցելության համար՝ տվեց նրան յուր մոտ գտնված վերջին տասը ռուբլիանոց թղթադրամը և հրավիրեց եղբոր մոտ: Այնտեղ արդեն եկած էր և մի հայ բժիշկ երիտասարդի ծանոթներից, որ շարունակ այցելություն էր գործում հիվանդին:

Երկու բժիշկները, միասին մտածելով, խորհուրդ տվին երիտասարդին՝ յուր եղբորը տանել հիվանդանոց, որովհետև նրա բնակարանի անհարմարոլթյունր թույլ չէր տալիս մի քանի բժշկական հնարներ գործ դնել, որք անհրաժեշտ պետք էին հիվանդին:

Բայց կարելի՞ է վստահանալ, որ հիվանդանոցում հոգ կտանեն իմ եղբոր վրա, որպես հարկն էր, հարցրեց երիտասարդը, դառնալով դեպի բժիշկները:

Անտարակույս, անտարակույս, ասացին միաձայն բժիշկները. այս քաղաքի հիվանդանոցը շատ կանոնավոր ձևով կազմակերպված է:

Իսկ ի՞նչ միջոցներով պետք է տանել:

Հարկավոր է միայն ոստիկանության կառավարությանը դիմել. այնտեղ ձեզ կտան թուղթ, որով կընդունվի ձեր եղբայրը հիվանդանոցում: Իհարկե դուք կանխիկ պիտի վճարե՜ք պատկանյալ մի ամսվա արծաթը:

Երիտասարդը համոզվեցավ, բժիշկները հեռացան:

Գ

Մինչ երիտասարդը գնացել էր ոստիկանության կառավարությունից հրաման առնելու հիվանդի մոտ ներս մտավ մի իտալացի պատանի, որոնց տան մեջ բնակվում էին երկու եղբայրները.

Մայրս ուղարկել է քեզ բոլլիոն, ասաց պատանին, մոտեցնելով հիվանդին մի գավաթ. խմիր փոքր-ինչ, քանի օր է դու ոչինչ չես կերած:

Իտալացի պատանու մայրը, որ մի երաժշտի կին էր՝ այդ առաքինին միայն էր, որ խնամք էր տանում պանդուխտ հիվանդի պիտույքներին:

Բայց հիվանդը հրաժարվեցավ խմելուց. Շնորհակալ եմ, ասաց, քո մայրը այնքան բարի է, չէ մոռանում ինձ… նա իմանում է, որ ես այստեղ մայր չունիմ...

Դե՜, խմի՜ր մի փոքր, դա ուժ կտա քեզ, ստիպում էր պատանի իտալացին:

Չեմ կարող, Րիկո, միայն դու ասա՜, ի՞նչ ասացին բժիշկները:

Նրանք խորհուրդ տվին, որ եղբայրդ քեզ հիվանդանոց տանե:

Սարսափեցավ խեղճ հիվանդը այդ խոսքը լսելով:

Հիվանդանոցում ավելի շուտ կառողջանաս դու, քաջալերում էր հիվանդին իտալացի պատանին:

Չէ՜, Րիկո, ես գիտեմ, որ այնտեղից կրկին չպիտի դառնամ... իմ ընկերներից էլ մինը տարան հիվանդանոց, նա էլ ինձ պես ղարիբ տղա էր, քանի ամսից հետո նրա խեղճ հայրը եկավ, մեռած որդու մարմինն էլ չգտավ...

Ինչպե՞ս չգտավ:

Ասում են՝ այնտեղ կտրատում են մեռելներին և ածում են ո՜վ գիտե որտե՜ղ...

Թե վախենում ես՝ մի՜ գնա:

Շատ եմ վախենում, Րիկո, բայց էլի կգնամ... եղբայրս շատ է մաշվում իմ պատճառով... նա ամբողջ գիշերներ չէ քնում... վախենում եմ նա էլ հիվանդանա...

Դեկտեմբերի տասներեքին պատանին տարվեցավ հիվանդանոց:

Դ

Հենց միևնույն ավուր կես-գիշերին հիվանդը, սաստիկ լուծողական ընդունելով՝ ստիպված էր շուտ-շուտ յուր մահճակալից հեռանար: Մի կողմից նրա անձնական տկարությունը, մյուս կողմից՝ լուծողականի թուլացուցիչ ազդեցությունը մինչ այն աստիճան ուժաթափ էին արել նրան, որ խղճալին մի անգամ վերադառնալու միջոցին այլևս չկարողացավ յուր մահճակալին հասնել, և վեր ընկավ ճանապարհին: Երկար այնպես ընկած էր նա սառն հատակի վրա, երբ նորա դրացի մի հայ պատանի հիվանդ, տեսնելով նրան, գնաց վեր բարձրացրեց անխնամ ընկերին, բերեց, պառկեցուց յուր տեղում:

Հիվանդը, մի փոքր ուշի գալով, ասաց յուր դրացուն.

Մի՞թե այստեղ չկան սպասավորներ:

Կան մի քանի արբեցողներ, գուցե հիմա խմած և քնած լինեն, պատասխանեց նրան ընկերը:

Բժիշկներն ասացին եղբորս, թե այստեղ լավ են նայում...

Ահա՜, այդպես, հիվանդները օգնում են հիվանդներին...

Պատանին լռեց և ոչինչ չխոսեց:

Քանի րոպեից հետո պանդուխտ հիվանդի դրությունը ավելի վատ էր: Նա ձայն տվավ յուր դրացի հիվանդին, որի անունը արդեն սովորած էր.

Մարտիրոս, ես խիստ վատ եմ զգում ինձ:

Ի՞նչ անեմ, եղբայր, ես էլ քեզ նման մի հիվանդ եմ, ասաց մյուսը:

Գիտեմ... միայն աղաչում եմ քեզ լսի՜ր, մի քանի խոսքեր, որ քեզ պիտի ասեմ:

Դե՜, ասա՜:

Ես այս քաղաքում ղարիբ տղա եմ, ուրիշ ազգական չունիմ, բայց ունիմ մի եղբայր, գիտեմ, նա առավոտյան այստեղ կգա և ես չեմ կարողանալու նրա հետ խոսել... Նա ինձ մեռած կգտնե... դու ասա՜ նրան, որ մորս չգրե իմ մահը, նա շատ էր սիրում ինձ, թող լաց չլինի իմ մասին... ասա՜ եղբորս, վարժարանում դասընկերներիս մինի` Ն...յանի մոտ ունեմ մի քանի գրքեր, մինը ֆրանսերեն, մինը ռուսերեն և մյուսը հայերեն, ասա՜, այդ գրքերը նրան թողնե, որովհետև այդ տղան շատ է պարապել ինձ հետ... ասա՜, մանդրուք ծախող Խեչոյին պարտական եմ քսան կոպեկ, որից ես թուղթ էի առել, ասա՜, այն պարտքը, վճարե...

Եվ այլ մի քանի այդպիսի խոսքեր ասելուց հետո, հիվանդը կատարեց յուր կտակը և հավիտյան փակեց յուր աչքերը...

Ե

Մյուս ավուր առավոտը, մինչ մեռնողի մարմինը կտրատում էին անատոմիկական կաբինետում, եղբայրը հիվանդանոց եկավ նրան տեսնելու: Նա մոտեցավ դռնապանին, հայտնեց հիվանդի անունը, ազգանունը և յուր ցանկությունը, որ կամենում է նրան տեսնել:

Ներեցե՜ք, պարոն, չէ կարելի, որովհետև այսօր թույլ տված չէ հիվանդներին այցելություն անել, պատասխանեց դռնապանը պաշտոնական ձևով:

Այդ ի՞նչ պատիժ է, ասաց երիտասարդը վրդովվելով, ես չե՞մ կարող տեսնել հիվանդ եղբորս:

Այո՜, պարոն, դուք կարող եք տեսնել նրան միայն կյուրակե օրերը, կրկնեց դռնապանը ավելի սառնությամբ:

Մինչև կյուրակեն դեռ երեք օր կա, գոնյա՜ տվեք ինձ մի լուր նրա մասին:

Դռնապանը մոտեցավ բժշկի օգնականին, խոսեց նորա հետ և դառնալով հայտնեց երիտասարդին, թե նրա եղբայրը այժմ շատ լավ է:

Մի փոքր մխիթարվելով այդ խոսքերից՝ երիտասարդը դարձավ տուն և մեծ անհամբերությամբ սպասում էր կյուրակե օրվանը:

***

Եկավ բոթաբեր կյուրակեն:

Թեև մինչև այն օրը երիտասարդը ոչինչ լուր չուներ եղբոր մասին, այսուամենայնիվ նա խիստ ուրախ էր, որ կարող էր տեսնել նորան: Նա վեր առնելով յուր հետ հիվանդի ընկեր իտալացի Րիկոյին, կառք նստեց և դիմեց հիվանդանոց: Ճանապարհին նրանք մտան մի խանութ, գնեցին զանազան շաքարեղեններ, որ տանին հիվանդի համար:

Կես ժամից հետո նոքա հասան հիվանդանոցը: Դռնապանը, թեև այն օր չարգելեց նոցա մուտքը՝ այնուամենայնիվ դիմեցին նրան, գիտենալու, թե ո՜ր սենյակումն էր գտնվում հիվանդը: Դռնապանը այդ մասին չկարողացավ ոչինչ տեղեկություն տալ նրանց: Նրանք դիմեցին հիվանդանոցի կառավարչին: Նա քրքրելով գրքերը՝ դարձյալ ոչինչ տեղեկություն չկարողացավ տալ:

Երիտասարդը անհամբեր դրության մեջ էր: Կարծես ոչ ոք տեղեկություն չուներ նրա մասին:

Դուք չգիտե՞ք. թե որ սենյակումն է գտնվում իմ եղբայրը, հարցրեց նա կառավարչին:

Միթե հե՞շտ է գիտենալ, այնքան շատ են հիվանդները, խոսեց կառավարիչը հորանջելով:

Երիտասարդի համբերությունը հատավ:

Այդ ի՞նչ սարսափելի կառավարություն է... կոչեց նա:

Կառավարիչը սկսավ տեղեկանալ հիվանդի մասին բժիշկների оգնականներից:

Ո՞ր հիվանդի մասին եք հարցնում, պարոն, խոսեց մի լղար ֆելշեր:

Իմ եղբոր, Ա... Մ...յանի մասին, պատասխանեց երիտասարդը զայրացած կերպով:

Հա, Ա... Մ... յանին կամենում եք դուք տեսնել, կրկնեց ֆելշերը խորհրդական ձայնով: Գնանք պարոն, ձեզ ցույց կտամ նրան:

Երիտասարդը մի փոքր հանգստացավ և ուրախությամբ սկսավ դիմել ֆելշերի ետևից, որ տանում էր նրան մի ստորերկրյա ճանապարհով: Բայց այն խոնավ և սառն գալերեաները, որտեղից հոսվում էր մահաբեր արտաշնչություն՝ մյուս անգամ դող ձգեցին նրա սրտի մեջ, մինչև ֆելշերը ներս տարավ նորան մի սենյակ, ուր կարգով դրված էին մի քանի դագաղներ:

Երիտասարդը սարսափեցավ:

Որոնեցե՜ք, պարոն, դոցա մեջ կգտնեք ձեր եղբորը, ասաց նա դժոխային սառնասրտությամբ:

Երիտասարդը գրկեց մի գեղեցիկ դիակ, որ որպես գերանդու բերնից հնձված մի շուշան, այլանդակված էր խիրուրգի անգութ դանակից…

Սպանդանո՜ց է այստեղ, և ոչ հիվանդանոց... հառաչեց խղճալին, և նրա ձայնը կտրվեցավ:

Փառք տուր աստծուն, պարոն, ասաց մահու թագավորության սպասավորը. եթե մի քանի րոպե հետո գայիր, այդ դիկն էլ չէիր գտնելու դու: Բայց ես պահեցի նորան մտածելով, որ դա նշանավոր ոմն պիտի լինի… իհարկե, պարոն, դուք կշնորհեք ինձ մի բան օղի խմելու...

Երիտասարդը չլսեց այդ խոսքերը: նա ուշաթափ ընկած էր եղբոր դիակի վերա...

Յատուկ Երաժշտություն
Շրջանաձև
Դավիթ Բալասանյան

Շրջանաձև

Գյուղի բակ
Գյուղի բակ
Խաղա առցանց