Րաֆֆի
Հայ օրիորդ
Հայ օրիորդ եմ ես, պարոն,
Սիրուն, սև-սև աչքերով,
Որ պատած են կամարաձև
Բարակ նխշած հոնքերով:
Վարդն ու մեխակ իմ թշերեն
Ստանում են պայծառ գույն,
Եվ քան զամեն ծաղիկներն
Ես բուրում եմ գերագույն:
Հայ օրիորդ եմ ես, պարոն,
Եվ հայ տղա կըսիրեմ,
Նորան միայն իմ սեր, իմ սիրտ,
Հաճությամբ զոհ կըբերեմ:
Խավար օրին ես լույս կտամ`
Թե չծագե արեգա,
Եվ գիշերը ես մրցում եմ
Լուսնի հետը համարձակ:
Հայ օրիորդ եմ ես, պարոն,
Հայկա զավակ հարազատ,
Հայոց երկրի հողի վերա
Ես կըսիրեմ կյանք ազատ:
Շրթիս վերա եդեմական
Հոտով ծաղկել է մի վարդ
Հեռո՜ւ, հեռո՜ւ, օտարական,
Թող քաղե հայ տղամարդ:
Հայ օրիորդ եմ ես, պարոն,
Չեմ տալ իմ սերն օտարին,
Օտարի հետ ես չեմ վարի
Կյանքիս ունայն իմ տարին:
Ես սիրում եմ ընտանեկան
Կարն ու գործը տնային,
Ես սիրում եմ ուսում, արհեստ,
Կրոն, լեզու ազգային:
Հայ օրիորդ եմ ես, պարոն,
Ինձ համար է հայ տղան,
Մի՜ նախանձիր, օտարուհի,
Մի՜ հրապուրե դու նորան:
Քո թշերի շինծու դեղը
Վաղանցուկ է և դժգույն,
Ծոցիդ միջումն օձ է բնակվում,
Շրթունքիդ մեջ դրած է թույն:
Հայ օրիորդ եմ ես, պարոն,
Քնքուշ, համեստ, աննման,
Սիրե՜, սիրե՜ ինձ, հայ տղա,
Դու չես լինի փոշիման: