Րաֆֆի
Երազ
Եւ գայլը գառին հետ պիտի բնակի, ու
ինծը ուլին հետ պիտի պառկի, և որթը ու
առոյգ առիւծը, և պարարտ գուարակը, մէկ
տեղ պիտի արածեն և նրանց մէկ պստիկ
տղայ պիտի քշէ:
ԵՍԱՅԻ ՄԱՐԳԱՐԵ
Ես քնած էի հանգիստ և անուշ,
Ինձ երևում էր հրաշալի աշխարհ,
Այնտեղ թռչունն երգում էր քնքուշ,
Այնտեղ լուսինը շողում էր պայծառ:
Այնտեղ ծաղկունքը խնկեին ամբրոս,
Այնտեղ ծառն յուր չէր թափում տերև,
Եվ բյուրեղի պես կամարվեր ջրհոս,
Անուշ ջերմությամբ փայլում էր արև:
Ամեն ինչ այնտեղ խոսում էր անկեղծ
Բարեկամական սեր, եղբայրություն,
Եվ մշտագարուն կյանքով անեղծ
Գեղափայլում էր անմահ բնություն:
Այնտեղ մահառիթ սուր և հրացան`
Փշրելով՝ շինեին խոփեր արորի,
Եվ չըկար զինվոր, այլ յուր վարուցան
Գործում էր ազատ մշակն արի:
Խաղում էր գառը գայլի հետ անվախ,
Սերտ եղբայրության ուխտելով դաշը,
Եվ միամիտ ցուլն՝ աներկյուղ, ուրա՛խ
Լիզեր ամեհի առյուծի բաշը:
Եվ բազեի մոտ անհոգ ճնճուղիկ
Յուր ուրախալի երգում էր երգը,
Նա չէր վնասում մրգաբեր ծաղիկ,
Ոչ երկրագործի ցորենի բերքը:
Այնտեղ զինվորի գուժկան մուզիկան
Վառոդի ծխում մահ չէր պատճառում,
Այլ սրբանվեր սաղմոս, շարական
Խնկվում էր անուշ՝ աստծո տաճարում:
Եվ ժողովուրդը բնավ չէր կրում
Գառն հոգսերի ցավալի շղթան.
Հայրենի հողում՝ հունձքի և կալի
Էին պարապված, վարեին գութան:
Հրաշալի՛ աշխարհ... Հինավուրց Գուշակ3
Մարդկային կյանքին ձևեց այդ տարազ,
Բայց ես զարթեցա իմ քնեն անուշակ,
Ափսո՛ս, որ տեսածս՝ էր մի լոկ երազ...