Պետրոս Դուրյան

Ի պատրիարքական ընտրություն Ամեն․ Հայրիկին

Այն սգալի սև սև նոճյաց ետևեն
Արշալույսին շողք մեզի «Լո՜ւյս» կավետեն,
Խուսեց խավարն, փողփողե լույս արևուն
Հայոց կարմիր մարգաց սառուտ սարերուն.
Փըլատակաց մըթին խորքեն կուգա ձայն
Հայե՛ր, Հայե՛ր, դեռ Հայաստան չ՚է՛ կործան…

Ձայն տըվողը չ՚է՛ ըստվեր,
Հուր ներշնչողք չ՚ե՛ն աստղեր,
Եղբայրության է հուր, ձայն,
Հայը սիրող Հա՛յն է այն:

Նա գիշերվան հետ ազգ խոկաց ու լացավ,
Եվ արևուն սըլաքաց հետ կրակ դարձավ,
Հողմոց թևով միշտ սըլացավ Հայկարան,
Տիգրիսի հետ թըրջեց ավերք տխրական.
Հայաստանի, եղբայրության սիրահար
«Հա՜յ» գոչելով շուրթերն եղան դալկահար։

Ավարայրի նա վարդին
Սոխակն եղավ տրտմագին,
«Վարդա՛ն» գոչեց նա, անդեն
Վասա՛կն ելավ դամբանեն:

Նա իրավո՛ւնք, ազատությո՛ւն գոչեց հար,
Փոշոտ ու խոնջ ոտքերն նետեց ուր Հայ կար,
Ուր որ Հայ կար ջերմ համբուրեց նա այն հողն,
Ուր Հայն շնչեց՝ հառաչ և հուր ղրկեց հոն.
Բոցաթըռիչ Հայե ի Հայ նա թըռավ,
Հարված, ցավ, դավ՝ սերն խեղդելու չ՚եղան բավ:

Այս հայկազնը չ՚ուներ սուր,
Այլ կուրծն ուներ Հայ, խաչ, հուր.
Կը հագներ սեր և գրգլյակ,
Նա գո՛ւթ ուներ, ո՛չ քըսակ:

Ազա՛տ սիրեց, ազա՛տ գոչեց, չը թովեց.
Հայն զ՚այն ատեց, Հայ մը ձեռքը չը թոթվեց.
Բանտ, կախաղան, աքսոր, Սիպիր և սուսեր
Չը կրցին ձայնն մարել, խեղդել իր հույսեր.
Միշտ «Հա՜յ» կանչեց, բարձն էր գլխուն Մասյաց սար.
Նա սիրտն ըրավ հայրենահուշ գոռ քընար.

Արդ հայրենյաց մեր շնչիկ՝
Հով մը կուգա անուշիկ՝
Վառ ճակատուց այցելու,
Հայուն աչերն սրբելու:

Բա՛ց են թևեր, բա՛ց են սրտեր, բա՛ց ճակատ,
Եկո՛ օգնել տըկար Հայուն ապաբախտ,
Հո՛ւր հայրենյաց, եղբայրության դու հագա՛գ,
Քընարահար Հայու մը իղձ քեզ հրեշտակ.
Վես Վոսփորին ալիք ըզքեզ բարևեն.
Ցըրվե՛ սև ձեռք՝ սև ամպ Հայոց արևեն.

Արտոսր ու քիրտդ թող փալփլին՝
Զերթ աստղեր Հայ երկնքին,
Եվ սորվեցուր Հայուն դու
Սիրե՛լ, օգնե՛լ իրարու։

Արտասվաթոր՝ քե՛զ կը նային Հայ աչեր,
Սև շղթաներ քեզ ցույց կուտան գոռ քաջեր,
Մըշո կտրիճք՝ աղջիկք ի քեզ ապաստան
Հայն ու դամբանն, տաճարն, հյուղակն՝ Հայաստան:
Թո՛ղ փլատակաց մոխրեն հառնեն հիշատակք,
Մութ մենաստանք վերափայլե՛ն նախնի փառք…

Լո՜ւյս, լո՜ւյս տեղան ամեն տեղ,
Գիտությո՜ւն, լո՜ւյսն Հայ աստեղ,
Լո՜ւյս հյուղակին, լո՜ւյս վըհին,
Լո՜ւյս Հայ փառաց շեջ ջահին:

Ահա սրանա մեզ ապագա բոցագես,
Մեր հայրենի ավերակաց տալ լույս վես.
Հարկ չ՚են մեզի նիզակ և սուր ու վառոդ.
Իրավունքի, սիրո, լուսո ենք կարոտ.
Եղբայրությա՛ն Հայն կը հենու, ո՛չ թագի,
Բռնե ձեռքեն, որ շունչ առնե և հոգի.

Եվ ալ մոռնա հայկազն հեք
Հին հարվածներն ու խոր վերք.
Եվ սիրտք ի տրոպ որոտան
Կյա՜ց միշտ, ՀԱՅՐԻ՛Կ ԽԸՐԻՄՅԱՆ»:

Սեպտեմբերի 27, 1869

Յատուկ Երաժշտություն
Oրորոցային
Ալեքսանդր Սպենդիարյան

Oրորոցային