Պարույր Սևակ
Խոստանում եմ
Խոստանում եմ
Լինել ո՛չ թե հարկհավաքը,
Այլ զավա՜կը
Դժվար դարի,
Ինչպես նրան՝ և ինքըս ինձ
Հավե՜տ մնալ հավատարիմ.-
Թեկուզ կրել և մահացու ցավը դարի,
Թեկուզ նույնիսկ կյանք արժենա դավը դարի,
Մեռնելիս էլ ո՛չ թե տանել,
Այլ կտակե՜լ լավը դարի.
Լինել բոցը նրա հրի,
Բերք հասցընող նրա տոթը,
Ո՛չ թե նրա անցնող քամին ու մոխիրը,
Լինել նրա ո՛չ չորացած,
Ո՛չ էլ անգամ կանաչ խոտը,
Որով սնվում,
Որին նաև կոխկըրտում է հոծ նախիրը.
Լինել նրա բո՜ւյրը, հո՛տը,
Հոտը,
որին
Ո՛չ մի սմբակ,
Ո՛չ մի կճղակ
Կամենա էլ՝ չի՜ տրորի...
Խոստանում եմ
Բաց ճակատով զուր չխփվել հաստ պատերին:
Ինչի՞ համար.
Էլի՛ պատը կմնա պատ,
Կպակասի մի լավ ճակատ:
Խոստանում եմ
Չբարձրանալ ու չքայլել ձիգ տարիներ
Իմ ոտերի
Խեղճ թաթերին:
Ինչի՞ համար.
Այն, որ չկա՝
Չի՜ երևա...
Համաձայն եմ, որ սագերը նկատելի
Ինչ-որ բանով ազգակից են և բադերին:
Բայց սագը՝ սագ,
Բադը բադ է:
Ինչո՞ւ խփվել պատեպատ էլ.
Մի՞թե աչքի արձակուրդ է
Կամ ուղեղի հանգըստյան օր...
Լավ չէ՞ արդյոք ապաստանել հին լաթերին,
Քան նորաձև հագուստ կոչված այն անտերին,
Երբ որ մարդուն բարձրահասակ
Հագցընում են մանկան թասակ,
Մի համառոտ անդրավարտիք,
Քաղվածքի պես նեղ է գալիս և շապիկը,-
Ա՛յ շատ որդիք,
Մա՞րդ ենք կոչվում,
Թե՞ կապիկ ենք...
Կարգ ու կանոն պահպանելու մտքից մղված՝
Ընդդեմ գոռոզ - անկարգապահ անհատների՝
Չե՛մ ստիպի ճնճղուկներին ու ծտերին
Աշնան վերջին չվել հարավ,-
Էհ, ի՜նչ դառավ.
Ծիտը ես եմ՝ չե՜մ կամենում...
Նաև պիտի ձեզ խոստանամ
Երբեք հոգով, ձեռքի նման, չկոշտանալ.
Թե շատ թանկ եմ ու շատ դժվար՝
Չէժանանալ ու հեշտանալ.
Խաբվածության խումից հետո
Ինչպես պետք է զգաստանալ
Ու դրանից չվշտանալ.
Չխստանալ հնազանդի, խոնարհի դեմ.
Հանգստանա՛լ,
Բայց ոչ երբեք այլոց մեջքին.
Ճամփա՛ բանալ
Եվ հույսի դո՛ւռ,
Դավադրությո՛ւն
Ու փակ աչքե՜ր.
Տքնել-ջանալ՝
Ո՛չ թե փողով կամ պատվերով,
Այլ ակամա ինքն իրենից անջատվելով՝
Ինչպես հրից ջերմությունը...
Ի՞նչ խոստանամ.
Եթե լեռ եմ՝ դա՛շտ չեմ դառնա,
Ոխերիմ եմ՝ հա՛շտ չեմ դառնա,
Թե սրբության ավազան եմ՝
Ի՜նչ լվացքի - և խմորի՜ տաշտ չեմ դառնա...
Չե՛մ խոստանում,
Որովհետև համոզված եմ, հաստա՛տ գիտեմ,
Որ երբևէ կոխ չեմ բռնի կամ չեմ պարի
Ուրիշների դեռ նոր թաղած
Կամ չքաղած
Մարգերի մեջ ու բոստանում...
Չե՛մ խոստանում,
Որովհետև համոզված եմ, հաստա՛տ գիտեմ,
Որ ինձ նման մարդը երբեք
Չի զրպարտում - ամբաստանում
Անմեղ տեղը և ո՛չ մեկին,
Մինչև անգամ... մարդանման գինու տկի՜ն...
Բայց, ա՜յ, խնդրե՜մ,
Խոստանում եմ պարապ մնալ
Եվ կամ տրվել խաղ ու պարի,
Քան թե դառնալ ագիտատոր
Վնասակար գաղափարի:
Խոստանում եմ զրկվել նաև
Սուրբ անունից ուղղափառի,
Քան թե կորցնել ոտքերիս տակ
Մարդկայնության հողը բարի:
Եթե անգամ դառնալ թռչուն՝
Բուի՛ նման, չղջիկի՛ պես
Ապրել թեկուզ մթին որջում,
Քան թե դառնալ սիրված... թութակ:
Ո՛չ մեղ դրեք,
Ո՛չ համարեք հիմար կատակ.
Որովհետև շա՜տ են խաբել միամիտիս
(Լավերն անգամ վատացել են),
Որովհետև երկրի վրա
Դրամանենգ մարդիկ այնքա՜ն շատացել են՝
Ստիպված եմ ոսկին փորձել,
Ատամներո՛վ ոսկին կրծել,
Նույնիսկ ոսկի՜ն,
Էլ ո՜ւր մնաց թե հավատամ
Դեռ ոսկու տեղ ծախվող խոսքին...
Հանդիսավոր խոսք եմ տալիս
Քեզ ուրագե՜լ
Ու կացինե՜լ,
Տմարդությո՛ւն,
Իսկ քեզանով, ճշմարտությո՛ւն,
Իսկ քեզանով սի՜րտ վարակել,
Անձրև ու ջուր թե բարակեն՝
Եվ իմ արյա՛մբ քեզ ոռոգել -
Վերստեղծել ու նորոգել...
Խոստանում եմ
Ոմանց նման իզուր տեղը չխոստանալ...
20-21.VI.1957թ.
Մոսկվա
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Կոմիտաս
Երկինքը ամպել է
Կապված քնի մեջ
Խաղա առցանց