Պարույր Սևակ

Բողոքարկման հույսը

Վախենում եմ վաղ գարունից, որովհետև, ճիշտն ասած,
Վախենում եմ, որ չբացվի՛, այլ... տրաքի՜ սիրտըս գոց...
Վախենում եմ սիրահարվեմ վերջին անգամ՝ մահացու,
Եվ առաջին անգամ մերժվեմ իմ այդ վերջին սիրածից...
Վախենում եմ, որ մոռացած նախկին փորձ ու նախկին դաս՝
Տանջանքի մեջ նորից մխվեմ ու դուրս չգամ՝ մեխի պես...
Վախենում եմ...
Բայց գարունն է անվախորե՜ն մոտենում:
Խուժան քամին խելքի գալիս վերջապես
Ու դառնում է լուրջ ու խոհուն սերմնացան.
Սար ու ձորում նա զարթոնք է շաղ տալիս:
Արևն ինքը՝ մեծ մոր նման՝ ձյան վրա
Այստեղ-այնտեղ կարկատաններ է գցում:
Հողն օրեցօր կարծես դառնում է յուղոտ,
Ու գոլորշին գրգռում է ախորժակ
Բողբոջումի՛,
Բեղմնավորմա՛ն
Ու սիրո՜՝
Կենդանո՛ւ մեջ,
Բույս ու ծառի՛
Եվ սրտի՜...
Ելման ջրերն ասես ոչ թե ջուր լինեն,
Այլ գարեջո՛ւր,
Պղպջացո՜ղ գարեջուր:
Եվ արբում է շրջակայքում ամեն ինչ՝
Մարդ ու գազա՛ն,
Բույս ու մրջյո՛ւն,
Սիրտ ու ծե՛րպ:
Եվ արբում են՝
Խմած կամ թե չխմած.
Եվ արբում են միայն տեսքից կամ հոտից:
Եվ արբում են...
Ես կրկնակի՜ եմ արբում.
Նաև քեզնի՛ց՝
Սիրված կամ թե չսիրված,
Նաև քեզնի՜ց՝
Լոկ քո տեսքի՛ց ու հոտի՛ց...
Եվ ո՞ւր կորչեմ գլուխս առած,
Ո՞ւր կորչեմ:
Հիացմունքից ու սարսափից կարկամած,
Կարծես հանկարծ հոդախախտված
Ու ջլատված ակամա՝
Անտարբեր եմ ես ձևանում,
Դեմքըս փոխում դիմակով,
Բայց... շոյելու և շոյվելու մի ցանկություն կատաղի,
Ակնհայտի մի տենչանքի դավադրություն ծպտըված
Իմ աչքերի մատնըչությամբ բացահայտվում ի վերջո
Ու տրվում են դատապարտման...
Դատը պիտի դո՛ւ վարես:
Եվ մի՞թե դու
Մեղմացուցիչ դեպք հանցանաց չես գտնում
Թեկուզ և իմ ա՛յս վախի մեջ խոստովանված կամովին,
Գեթ գարնա՛ն մեջ այս խելքահան,
Այս խելքահան օդի՛ մեջ,
Նաև... քո՛ մեջ՝
Քո պահվածքի՛,
Քո նայվածքի՛,
Հոտի՜ մեջ...
Տե՛ս, հայցում եմ,
Բայց և մի քիչ սպառնում.
Չհասցընե՜ս բողոքարկման, դատավո՛ր...

18.III.1964թ.
Դիլիջան
Յատուկ Երաժշտություն
Արի
Դավիթ Բալասանյան

Արի

Նոյի իջնելը Արարատ լեռից
Նոյի իջնելը Արարատ լեռից
Խաղա առցանց