Պարույր Սևակ
Անորոշություն
Դու` 20-րդ և, անտարակույս, հոբելյանական,
Դու` հյուլեական,
Կարծես էական
Եվ ավելի քան կարծես բանական,
Բայց նաև նույնքան խելագար դարի,
Ո՜վ քաղաքացիդ անզոր ու հզոր,
Անորոշության ցավով ես հիվանդ,
Անորոշության անդարման ցավով,
Որ բողբոջում է բջիջներիդ մեջ,
Ծաղկում է անգամ քո զույգ բիբերում,
Նյարդերդ է խեղդում ճյուղերով իր պիրկ
Եվ իր թունավոր սաղարթն է բերում
Խառնելու գլխիդ մազերին անգամ:
Անորոշության ցավով ես հիվանդ,
Անորոշության ահարկու՜ ցավով...
Եվ ինչպե՞ս ապրես միայն անցյալով,
Եթե ներկադ էլ
Արդեն չի ծախսվում այլ բանի վրա,
Քան վաղվա մասին պարապ խորհելու...
Ի՞նչ է սպասվում այս մոլորակին,-
Ի՞նչ պատասխանես,-
Ի՞նչ է լինելու այս աշխարհի հետ,-
Ինչպե՞ս իմանաս:
Ի՞նչ է բուսնելու այս թշվառ հողին:
Եվ ի՞նչ լեզվով են խոսելու այստեղ...
Կրակն ես ընկել մտքերի ձեռքից:
Ազատու՜մ չկա: Եվ պրծու՜մ չկա:
Կա մի վիթխարի՜ անորոշություն,
Որ տորիչելյան դատարկության պես
Երբեք չի՛ լցվում:
Կա մի անսահմա՜ն անորոշություն,
Որ սողոսկում է`օդի պես` այնտեղ,
Ուր կա ծակոտիք:
Կա մի որոշյա՜լ անորոշություն,
Կրկնակաղապար` ընկույզի՛ նման:
Եվ ինչպե՞ս ապրել
Թունոտ ու կարծըր կաղապարների
Անշունչ արանքում,
Էլ ինչպե՞ս ապրել...
Աղն էլ է ծանոթ արցունքոտվելուն
Ու կուրանալուն`
Խոնավությունի՛ց,
Ինչպես որ մարդը` անորոշության
Օվկիանին անափ:
Իսկ ու՞ր է ցամաքն ու չորությունը:
Ցեմենտ կոչվածը
Կարգին շնչում է միայն ջրի՛ մեջ,
Մինչդեռ այդ խեղճը շնչահեղձվում է
Հենց ի՛ր իսկ փոշով,
Ինչպես որ մարդը`անորոշությամբ:
Իսկ ու՞ր է ջուրը...
Արևի շողերն ուզում են մտնել
Նաև եղնջի թփուտի մեջ թավ,
Բայց, դաղդղվելով, բեկվում են կողքի:
Թող ցույց տան նույնիսկ եղնջի՛ թփուտ,
Որ չի ստվերվում անորոշությամբ,
Եվ բնակավայր դու կդարձընես
Այդ եղնջու՜տը...
Թե ծառ լինեիր`
Դու կարտասվեիր սեփական խեժով
Եվ քո կեղևով քեզ շրջափակած`
Քեզ կբուժեիր:
Բայց քո արցունքը
Քեզ կրծոտում է... սնդիկի՜ նման,
Եվ այս աշխարհի ցավերի դիմաց
Դու կեղևահան ծառ ես մարդաձև,
Եվ կեղևահան այդ ծառի վրա մնում են հիմա
Քիչ թե շատ առողջ այս քո աչքե՛րը`
Լեցու՜ն, լեփ-լեցո՛ւն անորոշությամբ...
Անորոշության ցավով ես հիվանդ,
Անորոշության ոխերի՜մ ցավով,
Որ մահդ է տենչում:
Բայց մահ էլ չունես.
Կարգին մեռնելու համար էլ
Պիտի մարդ բախտ ունենա...
Եվ զուր մի՛ հարցրու. «Ուրեմն ի՞նչ անել»:
Այդ պատասխանը քեզ ե՛ս չեմ տալու:
Ինձ նմանները եկել են աշխարհ
Եվ այսուհետև աշխարհ են գալու,
Որ իրենց կյանքով ցույց տան ինչ չանե՜լ:
Այսքա՛նը միայն:
Իսկ մնացածի համար դիմեցեք
Դուք դարձյա՛լ ցավին,
Անորոշության անորո՜շ ցավին...
11.VII.1961թ. 01.XI.1965թ.
Մոսկվա Չանախչի
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Էլեն Յոլչյան
Նոր երկինք Լուսնի համար
Կոշիկները
Խաղա առցանց