Նորայր Մանվելյան

Պարի

Պարի’, եթե նույնիսկ զուգընկերդ պահի

հուշախեղդ ազդեցությամբ նրա երեսն ունի,

նրա ձեռքի ու հայացքի բոցն ունի,

մի’ կանգնիր, պարի։

Պարի, որ կյանքի անկանոն հոսքից

դուրս չընկնես մի որոշյալ փոսը,

որի շոշափելի չորս պատերի լույսը

մի օր պիտի մարի,

Պարի’, որ այդ անտեր սենյակի դուռը կոտրես

հնարքով մի հիասքանչ ու գտնես

սպոնտանության սթափեցնող համբույրը հոգնած ճակատիդ։

Պարի’, եթե շուրջբոլորը ծիծաղում են քո... իրենց չպարելու վրա։

Պարի’, բարեկա’մս, պարի՜,

այս կյանքը չի սիրում ծալված ձեռքեր կամ թափթփված ուսեր,

սիրո և գեղեցիկի ճամփորդներին է սիրում,

դրա համար՝ պարի’։

Խելապտույտ ու ջերմ գրկի մեջ առ դիմացինիդ,

տուր այն ինչ մնացել է` անմնացորդ, անհետևանք, անհաշվետու,

Տուր, որ ստանաս, բացվիր, որ զգաս,

Մերկացիր, որ այլևս չվախենաս դիմակդ կորցնելուց։

Պարի’, քանի եռում է արյանդ խինդը, քանի ատամ ունես, պարի’,

քանի մանկանդ չես սպանել ի սպառ, քանի գինին գերում է քեզ,

քանի սիրտդ երգել գիտի, քանի ժպիտը քո ընկեր ունի,

քանի անցորդը կյանքումդ տեղ ունի,

Ընկեր իմ, դու միայն պարի’:

Յատուկ Երաժշտություն
Մեղեդի
Առնո Բաբաջանյան

Մեղեդի