Նար-Դոս

Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց

Մի ընդարձակ ամայի բակում հետին կողմը կանգնած էր դրոգապան Յագորի հնօրյա տնակը, բաղկացած ընդամենը մի մեծ սենյակից, որի դուռը բացվում էր ուղղակի դեպի բակը։ Տնակի մի կողքին կպած էր տախտակամած խոհանոցը, իսկ խոհանոցի կողքին` մի ընդարձակ ծածկոց, որի տակ Յագորը գիշերները կապում էր իր ծանրաշարժ դրոգի աժդահա ձին։ Բակը փողոցից բաժանված էր տախտակի ցանկապատով, որի տակ մի անկյունում կիտված էր ձիու ամիսներով հավաքված աղբը։ Մինչդեռ բակի մնացած մասում մի ծեղ անգամ չէր կարելի գտնել այնքան մաքուր էր, որովհետև Յագորի կինը Անանը, օրը լուսանար թե չէ, ամենից առաջ ձիու աղբն էր հավաքում և բակն ավլում։

Զարմանալի մաքրություն էր տիրում նաև ներսը, սենյակում։ Հնամաշ, տեղ-տեղ թելերը դուրս թափված կապերտը ցածրիկ թախտի վրա միշտ ավլած էր։ Հողե հատակն անդադար ջրվելուց խոնավացել, պնդացել, գորշ գույն էր ստացել և այնքան մաքուր էր, որ, ինչպես ասում են, յուղ թափեիր՝ կհավաքվեր։ Թախտի, երկու փոքրիկ պատուհանների, ծալքի և թարեքի սպիտակ միտկալի վարագույրները և չորս հատ հնաձև աթոռների սպիտակ երեսները փայլում էին ձյունի մաքրությամբ։ Մինչև անգամ պատի տակ դրված, տակը ջրակալած և ամբողջապես ջուր լացող կարմիր խելադան ամեն անգամ ջրով լցվելիս խնամքով

ողողվում, մաքրվում էր։ Ճանճ ասված բանը գոյություն չուներ այդ սենյակում, ուր ներքնատան մի տեսակ ծանր զովություն էր տիրում։ Հաճախ կարելի էր տեսնել միայն մի որևէ հոթիս, որ դուրս գալով հայտնի չէ որտեղից` լույսից վախեցած վազում էր թախտի տակը մտնելու, կամ մի նամաճիճու, որ տրխկալով ցած էր ընկնում առաստաղից մեջքի վրա և սպիտակ փորը վերև արած երկար ժամանակ ոտները բալդի-բալդի էր անում, մինչև որ աջողում էր շուռ գալ, և ծանր ու բարակ, կարծես խոր մտածմունքի մեջ, սկսում էր ուր-որ գնալ։

Ամառվա տոթ երեկո էր։ Օդն այնքան անշարժ էր, որ պատուհանների վար թողած վարագույրներն ամենևին չէին շարժվում։ Անանը նստած էր հատակին մի չլի վրա և երեխային վեր էր կացնում օրորոցից։ Նա դեռևս շատ ջահել կին էր, հազիվ քսան տարեկան, չթի հնամաշ դերիայով և գլխին մաքուր, սպիտակ աղլուխ փաթաթած։ Կազմվածքն այնքան նիհար էր, որ պարզորոշ նկատվում էին թիակների սուր ծայրերը, որոնք դուրս էին ցցվել բարակ դերիայի տակից և մեջքի վրա, վերևից ներքև, տաշտանման մի փոս էին գոյացրել։ Մի տեսակ սարսափի արտահայտություն կար նրա տեղ-տեղ կարմրատակած, տեղ-տեղ կապտած և տեղ-տեղ ուռած դեմքի վրա, մանավանդ տարօրինակ կերպով չռած քարացած աչքերի մեջ, որոնք կարծես ծայրահեղ ապուշ տարակուսանքով հարցնում էին շարունակ, «ինչո՞ւ, ինչո՞ւ…» ու ոչ մի տեղից պատասխան չէին ստանում։

Լուռ ու մունջ առավ երեխային, դրեց գոգը և սկսեց հագցնել։ Երեխան ծիծաղկոտ աչքերով նայում էր նրա քարացած դեմքին և, ինչ-որ թոթովելով, կարծես քնքշանք էր խնդրում մորից, բայց մայրը կարծես չգիտեր, թե ինչ է քնքշանքը։ Սակայն, երբ երեխան փամփլիկ ձեռքը մեկնեց և սուր եղունգով բռնեց նրա քթից, նրա դեմքի վրա ժպիտի նման մի բան երևաց, նախ համբուրեց երեխայի ձեռքը, գլխի մի թեթև շարժումով քիթն ազատեց նրա ձեռքից, հետո խոնարհվեց և շրթունքը ամուր ու կաթոգին սեղմեց նրա թխլիկ այտերին։ Բայց և այնպես սարսափը քարացած էր նրա դեմքի վրա և աչքերի մեջ։

Ներս մտավ մի կին միջին տարիքով, սև հագուստով, կարմիր քրտնած դեմքով, մի սև շալ ձեռքին։ Ամբողջ թաղում և թաղի սահմաններից էլ դուրս նա հայտնի էր գիժ-Հոռոմսիմ անունով։ Եվ իզուր չէր, որ վաստակել էր այդ անունը։ Կիսախելագարի մեկն էր, վերին աստիճանի չար և կռվարար․ օր չէր անցնի, որ մեկի հետ չկռվեր ո՛վ ուզում է լիներ այդ մեկը՝ հարազատ, հարևան թե անծանոթ։ Տարին տասներկու ամիս անեծքներ էին միայն, որ թափվում էին նրա բերանից։ Անիծելիս շատ անգամ կատարյալ բանաստեղծ էր դառնում․ այնպիսի հզոր ու ազդու, երբեմն և կնոջ բերանին անսազ անեծքներ ու հայհոյանքներ հորինում, որ ոչ ոք ոչ մի տեղ չէր լսել։ Եվ ամբողջ թաղը սարսափում էր նրա բերանից։ Թաղական ոստիկանն անգամ, երբ հարևանները գնում էին գիժ-Հոռոմսիմից գանգատվելու, ձեռքը թափ էր տալիս և հեռանում։

Թաղում դեռ կային ուրիշ մի քանի հայտնի կռվարար կանայք ևս, բայց գիժ-Հոռոմսիմը վաղուց արդեն տվել անցել էր ամենքից թե՛ իր ճարտար լեզվով, թե՛ անեծք-հայհոյանքով և թե՛ նույնիսկ ֆիզիկական ուժով, որին շատ անգամ դիմում էր բերանացի կռվից հետո։

Ցածրահասակ, լղար, ծայր աստիճան արագաշարժ՝ տեղն ու տեղը կրակ էր գիժ-Հոռոմսիմը։ Պստիկ, պլպլան աչքերը ջղային անհանգստությամբ այս ու այն կողմն էին դառնում շարունակ ծտի գլխի պես, կարծես շարունակ կռվի առիթ էր որոնում։ Կռվելիս նախ երկար ժամանակ լեզվակոխ ու անեծքակոխ էր անում համարձակ հակառակորդին սկզբում հանգիստ, հետո արագորեն տաքանալով, վերջը հանկարծ կատվի պես վրա էր ընկնում նրան և եթե աջողում էր բռնել նրա մազերից, ձիգ էր տալիս բոլոր ուժով, իսկ եթե ոչ, սկսում էր կմշտել և ոլորել նրա մարմինը իր երկայն, չոր մատների սուր եղունգներով, որոնց գծած ստորակետներն արնակալում, ուռչում-կապտում էին և երկար ժամանակ չէին ջնջվում։

Գիժ-Հոռոմսիմը Անանի սկեսուրն էր։

* * *

Ը-ը՜, տափը դնեմ քեզ, տափը, ոնց որ փետացել ես էդ տափին, մրթմրթաց նա մտնելուն պես, պստիկ, չար աչքերը ոլորելով հարսի վրա։

Անանն այն աստիճան սովորել էր այդպիսի անառիթ անեծքների, որ մինչև անգամ չնայեց սկեսոր կողմը, այլ անտարբեր ու դանդաղ՝ շարունակում էր հագցնել երեխային։

Գիժ-Հոռոմսիմը շալը շպրտեց թախտի վրա, որի ժամանակ նրա արագաշարժ աչքերը հանկարծ մի վայրկյան կանգ առան պատուհանների վար թողած վարագույրների վրա։

Աղջի, բա էդ քոռացած աչքերովդ տեսնում չե՞ս արևը մեր ա մտել, ասաց նա։ Ա՜յ, ոչ ունենամ քեզ պես հարսը, ոչ, չորանաս կպչես էդ տափից, ոնց որ չորացել կպել ես։

Ու անեծքները շարունակելով գիժ-Հոռոմսիմը բարձրացավ թախտը, պատուհանների վարագույրները գցեց բաց փեղկերի գլխին, հետո ուզում էր իջնել, բայց մի բան մտաբերելով՝ արագ մոտեցավ թարեքին, ետ քաշեց վարագույրը և սկսեց մեկ-մեկ համարել թիթեղյա մատուցարանի վրա թեյի պարագաների կողքին դրված շաքարամանի միջի շաքարի կտորները։ Առավոտյան տնից դուրս գնալիս շաքարամանի մեջ ճիշտ տասը կտոր շաքար էր թողել նա, բայց այժմ, համարելուց հետո, տեսավ երկու կտոր պակաս է։ Ու ծտի նման ցած թռավ թախտից։

Ա՛յ քեզ… ա՛յ, ա՛յ, ա՛յ…

Այս խոսքերով նախ երկու ձեռքով պինդ խփեց հարսի գլխին, հետո ծայրահեղ կատաղությամբ ատամները սեղմած՝ սկսեց սուր-սուր եղունգներով կմշտել նրա դեմքը, ձեռքերը, կողերը ո՛ւր որ պատահեր․ ընդսմին, ամեն մի կմշտոցի հետ եղունգների մեջ բռնած կաշին ոլորում էր և ձիգ տալիս։

Ըը՜… ցավից մղկտաց Անանը և, երկու ձեռքով ամուր գրկելով երեխային, խոնարհվեց նրա վրա։

Առանց ինձ չայ էլ ես խմում, հա՞… Այ քեզ… տասը կտոր շաքարից ութն ես թողել, ութ կտոր դառնաս դու… ա՛յ քեզ, ա՛յ, ա՛յ… շատ էժան ենք առնում, հա՞, որ քոռ ու փուչ ես անում, քոռանաս ու փչանաս դու… ա՛յ քեզ, ա՛յ, ա՛յ…

Ու սուր եղունգները դանակի պես ակոսում էին Անանի վտիտ մարմինը։

Վըի՜, վըի՜… մղկտում էր Անանը ցավերից գալարվելով, և նրա ձեռքերը մեքենայաբար ավելի ու ավելի էին սեղմում երեխային, և նա ավելի ու ավելի էր խոնարհվում երեխայի վրա։ Իսկ երեխան սաստիկ ճչում էր նրա գրկին։

Գիժ-Հոռոմսիմի կատաղությունը գնալով սաստկանում էր։ Երկու ձեռքերի սուր եղունգները կարծես անզոր էին նրա բոլոր բարկությունը թափելու։ Նրան կատաղեցնում էր առանձնապես այն հանգամանքը, որ Անանը համարյա թե ձայն չէր հանում․ կարծում էր, թե ուրեմն հարսը բոլորովին ցավ չի զգում, մինչդեռ սիրտը հովացնելու համար ուզում էր, որ Անանը ճչար, աղաղակեր, լաց լիներ, օգնություն կանչեր, ուստի աշխատում էր խփել կամ կմշտել նրա մարմնի այնպիսի մի նրբազգաց տեղ, որ հարսը ստիպված էլներ վերջապես բարձրաձայն արտահայտել իր ցավը։ Բայց չէ, Անանը համառորեն ձայնը փորն էր գցել և, նրա առջև խոնարհված, զսպած հառաչանքներ էր միայն արձակում, որ գիժ-Հոռոմսիմը հազիվ թե լսում էր իր կատաղած ծկլթոցների և երեխայի լացի մեջ։

Տեսնելով, որ խփելով և կմշտելով ոչինչ չի լինում, գիժ–Հոռոմսիմը պոկեց հարսի գլխից սպիտակ աղլուխը, բռնեց նրա ցանցառ մազերի երկու հյուսերից մեկի ծայրից և ձեռքի ուժգին թափով ձիգ տվեց հանկարծ։

Աա՜աա… երկար ու սուր ճչաց Անանը և, սաստիկ ցավից աչքերը փակելով, ետ ընկավ մեջքի վրա։ Նրա թողացած ձեռքերը բաց թողին երեխային։ Երեխան նրա գոգից գլորվեց ընկավ գետին և սկսեց ավելի ճչալ։

Հարսի սուր ճիչը, վերջապես, փոքր-ինչ հովացրեց գիժ-Հոռոմսիմի սիրտը․ նա թողեց հարսի մազերը, վերցրեց երեխային և, շարունակելով անեծքներ թափել, հոգնած նստեց թախտի վրա ու սկսեց ձեռքերի մեջ օրորել երեխային, որ սուս կացնի։ Նրա պստիկ, չար աչքերը դեռևս պլպլում էին խելագարի կատաղությամբ, քրտինքը վրա էր տվել նեղ ճակատին. նա հևում էր՝ երկար տեղ վազած մարդու նման։

Իսկ Անանը, աչքերը փակ, ընկած էր հատակին մեջքի վրա և նվում էր միալար, հազիվ լսելի ձայով։

* * *

Ամառվա երկարատև, անտանելի տոթ օրը նոր էր մթնել։ Պառավ Հեղնարը և նրա երկու փոքրիկ թոռները մեկը տղա, մյուսն աղջիկ ծալապատիկ նստած էին թախտի վրա և հայտնի չէ՝ ճաշ թե ընթրիք էին ուտում, որովհետև իրենք էլ չգիտեին ո՛րն է իրենց ճաշը և ո՛րը ընթրիքը։ Կապույտ սուփրի վրա պլպլում էր մի փոքրիկ լամպ, որ չմաքրած ապակու միջից պղտոր լույս էր սփռում նրանց հոգնատանջ, քրտնած երեսներին։ Նրանց կերածը փռան սև հաց էր և կիսախակ մի ձմերուկ, որի գույնը դժվար էր որոշել սպիտակ էր, թե դեղին։ Լամպի լույսն իր շուրջը հավաքել էր ահագին թվով մանր մժեղներ, որոնք պտույտ էին անում տաք ապակու շուրջը, շատերն այրվում թափվում էին ներքև, շատերն էլ կպչում թաց ձմերուկից։

Պառավ Հեղնարը ցամաքած, կուչ եկած մի կին էր դեմքի անհամար խորշոմներով։ Հարատև չքավորությունն ու բախտի ծանր հարվածները ծռել էին նրա մեջքը և իրենց անջնջելի կնիքը դրոշմել նրա դեմքին և թախծալի աչքերի մեջ։ Թոռները քույր ու եղբայր որբ էին և մնացել էին պառավ տատի խնամքի տակ։ Այդ երկու փոքրիկ երեխաներն էին, որ պառավ Հեղնարին եռանդ էին ներշնչում ապրելու և աշխատելու։ Բայց պառավ Հեղնարը մի ավելի մեծ վիշտ ուներ․ այդ՝ երկու որբերի մեծ քրոջ Անանի վիճակն էր իր կիսախելագար սկեսոր և նրանից ոչ պակաս վայրագ ամուսնու ձեռքից։

Պառավի մշտական պարապմունքը լվացարարությունն էր և հաց թխելը։ Շատ լվացք անելուց և թոնրի մեջ հաց կող տալուց նրա դեմքի և ձեռքերի կաշին եռացրած ջրի և թոնրի կրակի մեջ մրկվել, չորացել, ճաքճքել, մագաղաթ էր դարձել։ Լվացք անելիս փոքրիկ թոռներն օգնում էին տատին, մեկը փայտն ու տաշեղները խտտած, մյուսը կաթսան ուսած և լվացքի թաբախը քարշ տալով առաջնորդում էին լվացքի ծանր կապոցը շալակած տատին դեպի գետափ։ Եվ այնուհետև, երբ տատը կիզիչ արևի տակ թաբախի մոտ պպզած՝ ճմռում էր լվացքը, նրանք ծակ տոլչով ջուր էին մատակարարում մերթ կաթսայից թաբախին, մերթ գետից կաթսային։ Իսկ երբ պարապ էին մնում, աղջիկը դերիայի փեշերը շեքը հավաքած, տղան վարտիքը մինչև ազդրերը վեր քաշած՝ մտնում էին գետի վճիտ ջուրը և լպրծուն սալ քարերից ու խճից թումբեր կազմում։

Այդ երեկո էլ, ամբողջ օրը կիզիչ արևի տակ գետափին անցկացնելուց և լվացքը, կաթսան ու թաբախը տիրոջը հանձնելուց հետո, նոր էին վերադարձել տուն և հոգնած ու քաղցած՝ հաց էին ուտում, որ շուտով քնեն և առավոտը վաղ-վաղ դարձյալ գործի գնան։

Նանի, որ ուտես՝ կորիզն ինձ տու, ասում էր թոռներից մեկը, ձմերուկի կորիզները հավաքելով իր առջև։

Սուտ ա ասում, նանի ջան, ինձ տու, ասում էր մյուսը, նույնպես կորիզները հավաքելով իր առջև։

Հրեդ, դու քիչ ունե՞ս, ասում էր առաջինը։

Դու ավելի շատ չունե՞ս, առարկում էր երկրորդը։

Ո՞ւր ա, հը՜, ո՞ւր ա. շատ ըլի` քսանն, էլի՛։

Քսանն էլ կըլի, հըլա հարուրն էլ։

Հա, ո՜նց չէ. հարուրը հրեդ քունը կըլի ու…

Դե քիչ բասեբաս մտեք, գլուխս ցավում ա,– բարկացավ տատն իրեն հատուկ բարեսրտությամբ։ Յանի ի՞նչ եք տեսել էդ կորիզի մեջ, որ ամեն հետ իրար միս եք կրծում։ Կեսը մեկիդ կտամ, կեսը մեկելիդ։

* * *

Պառավ Հեղնարը կորիզը երկու թոռների մեջ բաժանելու վրա էր, երբ հանկարծ ներս մտավ Անանը երեխան խտտին։ Մտավ շտապով, հուսահատ, վճռական քայլերով։

Նանի՜, ախր իմ մեղքը ո՞նց ընկար, որ տարար ինձ էն դժոխքը գցեցիր, բացականչեց նա լացակումած, երեխան գրեթե գցելով թախտի վրա։ Քա՞ր եմ, երկա՞թ եմ, որ դիմանամ։ Աստոձ ինձ էլ մարդ ա ստեղծե՞լ, թե շուն…

Նա նստեց թախտի վրա և, սրտի փղձուկը չկարողանալով բռնել, սկսեց սաստիկ, ցնցողաբար հեկեկալ, դեմքը ձեռքերով ծածկած։

Նանն իր երկու պստիկ թոռներով կորիզն էլ մոռացավ, ամեն բան էլ։ Սկզբում, երբ Անանը ներս մտավ այնքան անսովոր կերպով, պառավ Հեղնարը խիստ վախեցավ, բայց երբ Անանի խոսքերից իմացավ բանը, մնաց նստած տեղը ցամաքած, լուռ ու վշտահար։

Էլ ի՞նչ արեց, աղջի,– հարցրեց նա։

Չես գիտի՞ ինչ կանի, արտասանեց Անանը հեծկլտանքի միջից։ Ջանիս վրա էլ տեղ չմնաց, որ արինլվիկ չարեց, էլ գլխիս վրա մազ չմնաց, որ չպոկեց, էլ գլխումս ղուղ չմնաց, էնքան թակեց… մինչև ե՞րբ… Մի հոգի ունեմ, դե էն ա, մի անգամ հանի, պրծնեմ, է՛լի… թե չէ, է՜լ հալ կա՞, որ դիմանամ…

Այ, ոչ էր ըլել էն օրը, սև օր էր մթնել էն օրն իմ գլխին, որ դու մտար էդ քարուքանդ տունը, հառաչեց Հեղնարը։ Քու սաբաբ ըլողի ջանը կրակ ընկնի, ոնց որ կրակ ա ընկել իմ ջանը։ Ախր էն գիժ սրտամեռն ի՞նչ ա ուզում քեզանից, որ ըտենց կրծում ա միսդ, շունը կրծի նրա միսը։

Ի՞նչ ա ուզում, դառնությամբ արտասանեց Անանը, գլխի աղլուխի ծայրով սրբելով աչքերը։ Էն ա ուզում, որ ասում ա՝ մի՛ ուտի, մի՛ խմի, մի՛ հագնի, մի՛ մաշի, հենց իմանաս մանանա ա թափվում ինձ հմար երկնքից։

Ըսօր էլի գժվե՞ց։

Գժվեց թե ընե՜նց… Առավոտը վեր կացավ, կորավ գնաց մեռելի թաղման։ Չունքի ինքը չէր խմելու, չթողեց որ սամավար գցեմ։ Յագորն էլ խո առավոտը լիսանում ա թե չէ, դրոգը լծում գնում ա, առանց չայ խմելու։ Դե իմ գլուխը ջհանդամը, չայի հմար սիրտս շատ էլ չի գնում, էս էրեխեն էր լաց ըլում, սոված էր։ Չուտելուց ծիծս չորացել, կպել ա դոշիս։ Գնացել, հարևանից մի չայնիկ ջուր եմ բերել, էրկու կտոր շաքար եմ գցել, հաց բրդել, ուտեցրել, որ անջախ ձենը կտրել ա։ Սաղ օրը կորած էր։ Իրիկնապահին քելեխը զահրումար արած, հարբած-տրաքված տուն էկավ ու էկած-չէկած՝ հըլա մի լավ անըծքակոխ արավ, ենա վրա ընկավ թարեքին։ Տեսավ էրկու կտոր շաքար պակաս ա․ խո գիտաս, շաքարն էլ ու ամեն բան էլ համբրած ունի տանը, ո՞նց թե, ասում ա, էրկու կտոր շաքար ես բանացրել առանց ինձ. ոնց որ մի կատաղած շուն՝ վրա պրծավ ու ջանիս վրա մի սաղ տեղ չթողաց խփեց, գզգզեց, ծակծկեց… Ջանս որ բաց անեմ, չես կարա մտիկ անի, կասես կեծացրած շամփուրներով դաղդղել են…

Փղձուկը նորից բռնեց Անանին, բայց նա կարողացավ զսպել իրեն։

Սրանից ետը, որ սպանես էլ, նանի, ես էլ ընտեղ գնացողը չեմ, ավելացրեց դողդող, բայց վճռական ձայնով․― կգնամ Քուռը կընգնեմ, կխեղվեմ, հոգիս սատանի փայ կանեմ ու ընտեղ չեմ գնա։ Հերիք ա, հոգիս հրես էկել, դեմ ա առել բկիս։ Իմ մատաղ օրերը սև ու մութ ա արել։ Մի օր ուրախութին չեմ տեսել։ Սաղ իրեք տարի, ոնց որ շամփրի վրա դնես խրովես, ընենց խրովել ա ինձ, ինքը ջոկ, տղեն ջոկ։ Ինքը ծեծել ջարդել, մսերս գզգզել ա, հերիք չի, տղեն էլ հարբած, տրաքված էկել ա, պակասը թամամցրել։ Ընչի՞, ի՞նչ եմ արել։ Մի անլեզու հայվանի պես ընկած եմ ինձ հմար. տալիս են՝ ուտում եմ, չեն տալիս՝ ձեն չեմ հանում։ Սաղ օրը հոգիս դուրս ա գալի Քռից ջուր կրելով, ձիու թրիքը հավաքելով, բակն ավլելով, տունը տեղավորելով, նրանց կարկատաններն անելով, էլ ի՞նչ են ուզում։ Շունը, որ շուն ա, շանն էլ էն չարչարանքը չեն տա, ընչ որ ինձ, բա մի շան ղդար էլ չկա՞մ։ Հրես էս ըրեխի հմար հոգի են տալիս, բա սրա հմար էլ ա խնայեն, է՜, ինձ։ Վո՜ւյ, աստոձ ջան, բացականչեց Անանը՝ արտասվալից աչքերը գցելով առաստաղին, ի՞նչ կըլի հոգիս առնես, պրծնեմ…

Նրա ձայնը բոլորովին դողդողաց և հանկարծ կտրվեց, գլուխն ընկավ տախտակի պես հարթ կրծքի վրա և ուժգին հեկեկանքը նորից սկսեց ցնցել նրա ոսկրացած ուսերն ու մեջքը։

Փոքրիկ քույրն ու եղբայրը սուս արած նայում ու լսում էին նրան մանկական լուրջ հետաքրքրությամբ, մանուկը չոչ անելով մոտեցել էր սուփրին, վերցրել ձմերուկի մի կլեպ և աշխատում էր կրծել իր նոր դուրս եկած պստիկ ատամներով։ Իսկ պառավ Հեղնարը մնացել էր տեղն ու տեղը ցամաքած, չիմանալով ինչ ասի, որ գոնե մի քիչ մխիթարած լինի սկեսոր ու մարդու ձեռին այրված, դաղված թոռանը։ Վշտից և կարեկցությունից նրա պառավ գլուխն օրորվում էր սաստիկ և բարի աչքերը լցվել էին արտասուքով։

Աղջի, ըտենց որ խոսում ես, սաղ ջանս կրակ ա ընկնում ախր, ասաց նա լացակումած։ Ասում ես, թե էլ չես գնա ընտեղ, եննա դրանով կպրծնե՞ս էն կապելու գժերի ձեռիցը։

Չեմ պրծնի ավելի լավ, պատասխանեց Անանը, շարունակելով հեծկլտալ։ Սրանից ավելի ի՞նչ պտի անեն։ Սպանե՞ն, թող սպանեն։ Ջանս էլ ա կդնջանա։ Էլ խո ամեն օր դաղդղորիկ չեն ածի։ Գիշերները չեմ կարում քնի՝ մղկտոցից, ավելացրեց նա և արտասուքը նորից սկսեց գլգլալով թափվել նրա աչքերից։

Պառավ Հեղնարն այլևս չկարողացավ դիմանալ։ Նրա գլուխը դադարեց օրորվելուց, հանգած աչքերը վառվեցին հուսահատական վճռականության կրակով և պառավ մարմինն սկսեց դողդողալ ներքին բուռն զայրույթից։

Լա՜վ, մնա։ Էլ չգնաս, էլ չգնաս էն կապելու գժերի տուն, բացականչեց նա։― Ես նրանց աղջիկ չեմ տվել, որ համ քոծի պես բանեցնեն, համ էլ տակները դնեն, ջարդեն։ Մումի պես հալել մաշել, են, հալվի ու մաշվի նրանց ջանը։ Անտեր չես, ես հըլա չեմ մեռել։ Կաց, էլ չգնաս։ Հալբաթ մի կտոր հաց էլ քեզ հմար կճարենք, որ…

Խոսքը չվերջացավ պառավի բերանում․ գժված գոմշի պես ներս ընկավ մի ահագին մարդ, այնքան ահագին, օր ներս ընկնելուն պես կասես լցրեց իրենով այդ փոքրիկ խրճիթը։ Անանի մարդն էր, դրոգապան Յագորը, իր դրոգի պես կոպիտ ու անտաշ, իր հսկա ձիու պես խոշոր ու ջլապինդ։ Գլխին գդակ չուներ, արևառ երեսն այնքան թավամազ էր, որ մորուքն ու բեղերը կասես խառնվել էին իրար․ կուրծքը բաց էր, կապույտ արխալուղով և այնքան լայն շալվարով, որ եթե տոտերը հաներ անկրունկ երկարաճիտ լափչիների միջից, կկարծեիր, թե կանացի շրջազգեստ ունի հագին։ Կատաղությունից փայլում էին նրա ահագին աչքերը թավամազ, սև հոնքերի տակ, մեծ քթի պնչերը փռնչում էին հոգնած ձիու ռունգների պես լայնացած։

Կինը նրան տեսնելուն պես վայրկենաբար դադարեց լալուց, վեր թռավ տեղից և վազեց կպավ պատին մեռելի պես գունատված։

Ես քու… գոռգոռաց մի սարսափելի հայհոյանք և Յագորը սպառնագին մի քանի քայլ արավ դեպի նա։

Պառավ Հեղնարը վեր թռավ տեղից և ուզեց կտրել նրա ճանապարհը, բայց նա ձեռքի մի թեթև շարժումով նետեց նրան նորից դեպի թախտը և իր հսկա հասակով գնաց կանգնեց վախից տերևի պես թպրտացող կնոջ առջև։

Վո՛ւյ, չխփես, Յագոր ջան… հոգուդ մեռնեմ, չխփես, ջանս ցավում ա, աղաչեց Անանը գլուխը երկարացրած և երկու ձեռքով պինդ գրկած իր ոսկրացած ուսերը։

Չխփե՜մ, չխփե՜մ, որոտաց Յագորը կատաղի աչքերը փայլեցնելով նրա վրա։ Բա ի՞նչ անեմ։ Աչքերդ պաչե՞մ, որ էն պառավը քնած՝ թաքուն վեր ես կացել, էկել, տունն անտեր թողել։ Փախել ես, հա՞, տանից։ Ջառը-ջհանդամը, թե փախել ես. շատ էլ դարդ չեմ անի քեզ հմար, էս էրեխի՞ն ուր ես բերել։ Հը՞։ Խո չե՞ս ուզում էս սհաթին ճիվը ճվիցդ հանեմ, ճիճվի պես ճխլեմ ոտիս տակը։ Հը՞։ Ինձ չես ճնանչո՞ւմ։ Ըըը՜, ես քու…

Եվ մի ահագին բռունցք, կարծես երկաթից ձուլված, ծանր ու դանդաղ, հորիզոնական ձևով գնաց ու եկավ դիպավ կնոջ կողքին։

Անանը մինչև անգամ չճչաց, այլ միայն հանկարծ բերանը բաց արեց, ներս ծծեց օդը մի տարօրինակ հևքով, այնպես, ինչպես ջրից հանած ձուկը, հետո օրորվեց և կամաց, փալասի պես, վար ընկավ գետին։

Ա՛, քու սիրտը չմեռնի, էդ ի՞նչ արիր, ճչաց Հեղնարը… սարսափած և վազեց օգնության։

Յագորը մի րոպե թավամազ հոնքերի տակից նայեց իր ոտքերի առջև թավալված կնոջ չռած աչքերին, հետո, շարունակելով հայհոյանքները, մոտեցավ երեխային, որը շարունակում էր կրծել ձմերուկի կլեպը, վերցրեց և առանց շտապելու դուրս գնաց։

Պառավ նանը խոնարհվեց Անանի վրա և սարսափից քարացավ։

Անանն ընկած էր գետնին՝ որկորը տարօրինակ կերպով վեր ցցած․ չռած աչքերը նայում էին առաստաղին ապակու բութ փայլով․ բաց բերանից արյուն էր հոսում, հևքը կարծես քարացել էր այնտեղ։

―――――――――――――――――

Կնոջն սպանելու համար մեղադրվող դրոգապան Յագորը նախնական քննության ժամանակ դատական քննչի հարցուփորձին պատասխանելով՝ ասաց.

Մի մուշտի տվի, է՛լի, ուրիշ բան խո չե՛մ արել։

Յատուկ Երաժշտություն
Քրիստոսի Հարությունը
Գեորգի Գյուրջիև

Քրիստոսի Հարությունը

Գուշակություն մի բաժակ սուրճով
Գուշակություն մի բաժակ սուրճով
Խաղա առցանց