Մուրացան

Թե ինչու իմ ստորագրությունը չընդունեցին

Ա

Առավոտ էր, նոր էի լվացվել ու հագնվել, երբ ժամկոչ Պետրոսը սեղանատան դուռը կամացուկ բանալով, գլուխը ներս խոթեց և հանգիստ ձայնով ասաց.

Ողորմի աստված։

Հա՛, ի՞նչ ունիս, բարի լինի գալդ, հարցրի ես ժպտալով։

Բարի չելած ի՞նչ պտի լինի. աստված չարը քո թշնամուն տա, պատասխանեց Պետրոսը ծանրությամբ, ապա մեծկակ քոշերը մի քանի անգամ դրսի հատակին զարկելով, ազատեց նրանցից ահագին ոտքերը և մորթե գդակը կռան տակն առնելով, ներս մտավ սենյակ։

Ախպեր, էս անտեր ցեխն ու ձյունը չեն թողնում, որ աչք բանանք, քոշերս հլե նոր եմ առել, երեկ չէ, մեկել օրը, սկի երկու ամիս չկա. ամա էլի ծակվել ա. գուլպաներս դիփ թաց են ըլել... այս խոսքերով առաջ անցավ ժամկոչը՝ հառելով աչքերը մորս կողմի վրա, որ սեղանի առաջ նստած թեյ էր լցնում բաժակները։

Ա՜յ չմեռնես դու, հմի պոլերը կեղտոտել ես, ոտներդ, որ թաց են, ընչի՞ չես սրբում հետո մտնում, նկատեց մայրս ժամկոչին։

Չէ՛, Շուղի-հաքիր, մեղք մ’անիլ. պոլը չեմ կոխել. չտեսա՞ր ոնց ոտիս մեկը շեմքումը դրի՝ մեկելը փահլվանի նման ազըմ արի, խալիչի վրա դրի՞:

Ա՛ մեռած, խալիչան չի՞ կեղտոտվիլ:

Խալիչի բանն ուրիշ ա, կեղտը վրան չի երևում, առարկեց Պետրոսը։

Լավ, կարճ կապիր, ինչի՞ համար ես եկել, հարցրի ես։

Հեր օրհնած, թող մի նափաս (շունչ) քաշեմ է՜. ախր էս նմութին եկա... յա չէ մի ստաքան էս տաք ջրիցը խմեմ, որ խոսամ, նկատեց ժամկոչը, կարծես վիրավորված։

Դրուստ ա ասում, թող չայ խմի, հետո կխոսա, ձայնակցեց մայրս և պատրաստ բաժակը դրավ ժամկոչի առաջ։

Աստված օրհնի էս չայ շինողին. ասըմ էն ռուսն ա շինել, գիտում չեմ ղո՞րթ ա թե սուտ, ամա, հախ աստծու, լավ բան ա. մարդ որ խմում ա, օսկոռները կակղում են, այս հառաջաբանով մոտեցավ ժամկոչը բաժակին։

Ուղիղն ասա, Պետրոս, չա՞յն է լավ թե՞ արաղը, հարցրի ես կատակով։

Պետրոսի աչքերը փայլեցին և նա ժպտալով պատասխանեց.

Ընդենց բանն ընչի՞ ես ասում... դու որ պսակվել ուզենաս ու ես գամ հարցնեմ թե՝ Սիմո՛ն֊ աղա, ջեհե՞լ աղջիկ կուզես, թե՞ պառավ, դու ի՞նչ ջուղաբ կտաս։

Իհարկե, կասեմ՝ ջեհել։

Բա էլ ընչի՞ ես հարցնում թե՝ չայն ա լավ թե արա՞ղը. խի՞ դու գիտում չե՞ս, որ չայը պառավ աղջիկն ա, արաղը ջեհե՞լ... մատաղ ըլեմ արաղ ստեղծողի հոգուն. մի ռոմկա, որ մարդ կուլ ա տալի, ասես անմահական ա դառնում։ Ըդենց չի՞, Շողի-հաքիր, դարձավ ժամկոչը մորս։

Ես ի՞նչ գիտեմ, արաղ հո չե՞մ խմել, պատասխանեց վերջինս։

Բաս է՛ն ա, ասա, անմահական ջրի զորությունը փորձել չես է՞լի... Աստված հաջողի՝ քիչ էլ պառավես, համին կընկնես, էն չախը, որ ռումկան դնես բերանիդ, կասես՝ «հոգիդ լուս դառնա, ժամհար Պետրոս, էս ինչ ղիամաթ (երևելի) զադ ա ըլել»։

Աստված ոչ անի. ես մինչի մահս արաղ չեմ դնիլ բերանիս, նկատեց մայրս։

Չէ, չէ, Շուղի-հաքիր, էդ ասիլ մի՛, արաղը, որ կա, ծերոց գավազանն ա. թե որ մին-մին կուլ չտաս, գիտա՛ որ հարսդ գլուխդ ծեծելու ա։

Ընչի՞, ա՛ մեռած։

Ընդուր, որ օյաղ վախտդ (ժամանակդ) սկսելու ես ամեն բանի խառնվիլ, ամեն բանի հմար խոսալ. հարսդ էլ էս բանը վեր չունենալու, էնդուց դենը տուրուդմբոցն սկսելու ա: Ամա դե որ մին ռումկա ռավոտանց կուլ տաս, մինն էլ կեսօրին, մինն էլ րիգունը. մին-մին էլ թե կարաս, դրանց մեջտեղումը, էն ա քեֆդ չաղանալու ա, էլ սաղ օրը ո՛չ խերին էս խառնվելու, ո՛չ շառին: Հարսդ էդ բանը տեսնելով՝ փարվան (պտույտ) ա տալու, ջան եք ասելու, ջան լսելու։

Ա՛ մեռած, բա ես կա՞րամ ըդենց բան անիլ, հարցրեց մայրս ծիծաղելով։

Դե որ չանես, տունդ սաղ օրը ղալմաղալում կըլի... ա՛յ էդ բանը լավ ա հասկացել մեր երեցփոխը։ Հենց էն ա տեսնում ա, որ սկսում եմ մրթմրթալ, առանց դրան էլ հո չի ըլիլ, մարդ ենք, մի օր էս պակասությունն ենք տեսնում, մեկել օր էն պակասությունը, կարում չենք, որ համբերենք, չխոսանք էն ա էդենց վախտը (ժամանակ) սիպտակ աբասին դնում ա ձեռքումս հու ասում. «Ա Պետրոս, տեսնում եմ, որ ծարավել ես, գնա մի դոյինջան (կուշտ) կուլ տուր»։ Ես էլ, ի՞նչ մեղքս ծածկեմ, գլուխս քաշ եմ գցում ու թուշ (ուղիղ) Կարունի դուքանը գնում։ Նրա արաղը, ղորթ ա, խաղողի չի, թութի ա, ամա դե որ տրիցատկան (չափ) քամում եմ, վրան էլ կտոր հաց, յա աղի խիյար ծամում, էլ ամեն ինչ մոռանում եմ, ոչ ժամ ա միտս գալի, ոչ պատարագ. հենց իմանում եմ աշխարհն իմն ա, միջի մարդիկն էլ մարդիկ չեն, հրեշտակներ են։

Ուրեմն երեցփոխից է՞լ կաշառք ես առնում,- հարցրի ես ծիծաղելով։

Կաշառք խի՞ եմ առնում. ես հո նրա դատավորը չեմ. ամա դե մարդ ա, ղալմաղալ չի սիրում, ուզում ա խաթրս առնի, որ դեսուդեն չման գամ ու իրա վրան չխոսամ։

Ինչո՜ւ, դու ի՞նչ կարող ես խոսել նրա վրա, հարցրի ես միամտորեն։

Բա՛, ինչ կարող եմ խոսել է՜... բաներ շա՜տ...

Օրինա՞կ։

Այ, հենց մեկել օրը նալբանդ Ուհանի կնիկը ջուր էր քաշում ժամի հորիցը։ Ժամավորն էլ դուրս եկած՝ հայաթումը ման էր գալի։ Երեցփոխը եկավ բղավեց խեղճ կնկա վրա թե «ինչի՞ էդ շառինջը (դույլ) հորի պատերին ես խփում, հողը ներս թափում. հո մեկել օրն եմ քյանքյանչուն չորս մանեթ տվել հորը մաքրել տվել. ուզում եք, որ ամեն շաբաթ ժամը ձեր ջրի համար չորս մանեթ կորցնի՞»... Խեղճ կնիկը ամոթից քիչ մնաց տափն էր մտնում։ Էս բանը քեփումս չեկավ։ Եփ որ ժողովուրդը հեռացավ, մուտացի երեցփոխին հու ասացի․ աղա՛, ախր քյանքյանչի Մուստափին ես եմ բերել, հորը թամզացնելի փողն էլ վեց շահի իմ ձեռքովն ես տվել, բա խի՞ խալխի միջումն ասում ես «չորս մանեթ եմ տվել»։

Հետո, ինչ պատասխանեց։

Ասում ա, «հարամզադա՛, գիտում չե՞ս, որ վեց շահին չորս մանեթ պիտի ասեմ, որ էս անզգամ կնանիքը վախեն, հորի ջուրը իթիաթով (խնամքով) բանեցնե՞ն»։ Ամա, ի՞նչ մեղքս ծածկեմ. ես ընենց եմ իմանում թե նա, որ էլլիկի (ժողովրդի) առաջին ընենց բարձր ձենով չորս մանեթ ասեց, հենց ընենց էլ գրելու ա իրա հաշվումը։

Եվ դրանից հետո, ուրեմն, սպիտակ աբասին ստացա՞ր։

Չէ, աբասին երեկ տվավ։

Ի՞նչ պատճառով։

Ա՛յ թե ի՛նչ։ Էս քանի օրը, հո տեսաք, մի գլուխ ձյուն էր գալի։ Ժամի հայաթումն էնքան էր կիտվել, որ չորս մարդ չէին կարալ թամզացնիլ: Բայց ես ու Մուխսի Գալուստը մի օրում հավաքեցինք, դուրս տարանք քուչեն։ Երեկ ըռավոտ, ժամից եդը, ես խորանումը շապիկները ծալում եմ, տեսնեմ Լալյունց Մեսրոբը՝ հենց խորանի լուսամուտի առաջ երեցփոխին հարցնում ա թե՝ «ըստեղ մեծ ձյուն կար, հո՞վ դուրս տարավ...», երեցփոխն էլ ասում ա թե՝ «Հո՞վ պտի տաներ, չորս ղարադաղցի մշակ բռնեցի, հմեն մինը շահով, սաղ օրը բան արին ու անջախ (հազիվհազ) որ հայաթը մաքրեցին»։

Էս որ լսեցի, բեյինս (ուղեղս) ժաժ եկավ։ Մեկ մտածեցի, թե գնամ հենց Մեսրոբ աղի մոտ խոսամ, մեկ էլ ասացի «նահլաթը չար սատանին, թող մի քիչ համբերենք. էն ա, որ Մեսրոբ աղան հեռացավ, թունդված (զայրացած) մոտացա էրեցփոխին. աղա՛, ասում եմ, ախր էս հայաթի ձյունը մենք ենք թամղել, դրա համար էլ իսկի մեզ երկու շահի չես տվել. բա ընչի ես Լալյունց Մեսրոբին ասում, թե մշակներին փող եմ տվել հու մաքրել տվել։ Ասում ա «ա՛յ հայվան, բա դու գիտում չե՞ս, որ մեր ժամն աղքատ ա. եկամուտ չունի՞. ըսենց պետք ա ասենք, որ մարդիկ իմանան, թե ժամը ծախքեր ունի, հու մի-մի անգամ օգնություն անե՞ն»։ Էս խոսքերին, հալբաթ որ (իհարկե), ես չհավատացի. գլուխս ժաժ տվի ու հենց էն ա, ուզում էի ասեմ թե չէ, ա՛ղա, դրուստն էդ չի, դրուստն էն ա, որ Լալյունց Մեսրոբը հաշվատես ա. դու հիմիկվանից նրա ականջն ես գցում էդ բանը, որ հետո հաշվումդ գրես ու նա բան չասի դրա համար։

Եվ չասացի՞ր։

Հենց էն ա, ուզում ի ասեմ, մեկ էլ տեսնեմ աղբաթիխերը սպիտակ աբասին դրավ հափռումս (բռանս մեջ). «գնա՛, ա մեռած, գնա լակիր, ասում ա, տեսնում եմ, որ էլի ծարավել ես, տակից-գլխից դուրս ես տալիս»։ Ես էլ, ի՞նչ մեղքս ծածկեմ աբասիս վեր կալա...

Եվ իսկույն էլ տարիր Կարունի դո՞ւքանը, հարցրի ես ժպտալով:

Բա ըսկի թողա՞ցի, որ ջանին քամի դիպչի՞... տարի, հու քու կենացը լավ անուշ արի։

Յատուկ Երաժշտություն
Թավջութակի կոնցերտ-ռապսոդիա
Արամ Խաչատրյան

Թավջութակի կոնցերտ-ռապսոդիա

Ֆրեզնո, Երեքշաբթի, 3 հոկտեմբերի 1972, 23:00 #1
Ֆրեզնո, Երեքշաբթի, 3 հոկտեմբերի 1972, 23:00 #1
Խաղա առցանց