Միսաք Մեծարենց

Սոնադին

Միջոցին մեջ կը թոշնի
լույսի ծաղիկը թրթռուն.
ըմպած մըռայլն ամպերուն,
տըխուր է ծովն աշունի:

Ցորեկներուն կը հակին
գորշություններն հոգվույս մեջ`
ու գիշերվա երգը գեջ
լացավ թոնով մը մեկին:

Ամայության մը տրտում
կու գա ինձ ցավն երբեմնի.
և երազանքս անպատում
կը կոծկոծի՜, կ’արյունի:

Հովը կ’ոռնա խուլորեն,
ու գիշերը կ’երկարի՜.
ալիքներու ժըխորեն
ու սարսափեն խավարի:

Դալուկ սիրո մ’աշնանային
կը կաթե դողն հոգվույս մեջ,
ուր հուրիներ կը նային
անրջածին, լուսամեջ:

Բայց կը վախնամ որ նորեն
խուսափի՜ լույսն երազին,
ու մըշուշներ գաղտորեն
վայելքներուս շուրջ հածին:

Աղաղակ մը մեջն հոգվույս,
արագորեն կը ձայնե
մահվան պարը սրտահույզ,
մեռա՜ծ է կույսը ձյունե:

Տարփատենչիկ, զաղփաղփուն,
աղջիկն է ան անուրջիս,
երազունակ ու փաղփուն
հոգին կանգնած է առջիս:

Ու կը տեսնեմ դեռ շողուն
փայլը սրտին իր նըսեմ.
մոգութենեն աչքերուն
հափշտակված կ’երազեմ…:

Յատուկ Երաժշտություն
Հազվադեպ հատկանշական
Գեորգի Գյուրջիև

Հազվադեպ հատկանշական