Միսաք Մեծարենց

Հիվանդի հևքեր

(Ցայգերգ)
I
Վանդակին մեջ փակված հեք
Թռչնակին պես մենավոր,
Բանտըվեցան սրտիս սեգ,
Վարդ բաղձանքները բոլոր:

Դուրսն ամեն բան կը խայտա,
Ծառ ու ծաղիկ կամ դալար.
Սրտիս մեջ սև պար մը կա
Նվագներու տրտմալար:

Թռչնոց ճիչին պես հիմար
Եվ նվաղկոտ կ’երկերին,
Թույլ խազերու մեջ տկար՝
Մութ երգերս կ’երկարին:

II
Լուռ քերթված մը կապույտի
Կ’երգե ցայգը լուսավոր.
Լույս երգերով կը ժպտի
Ցերեկներուն հոծ ժըխոր:

Մայթին վրա մոտավոր
Քայլերը միշտ կը շտապեն.
Արձագանգ մը հեռավոր
Թողլով իրենց ըշտապեն.

Կապված անոնց շշուկին
Կու լա սիրտս սըգավոր,
Խուլ թափի մը մեջ ուժգին
Պատուհանեն հեռավոր:

Երգեհոնի ձայնը մը ցունց
Կը հանե սիրտըս տխուր.
Իր շեշտերուն թափն ու ցունց
Կը խըռովեն զիս անլուր:

III
Անշարժ կեցած մեկուսի
Կը հեծեծեմ սգավոր.
«Վայելքն ինձմե կը խուսի,
Կը հատնի կյանքն օրե օր:

Պիտի ըլլա՞ օր մ’արդյոք,
Որ դառնամ հին օրերուս.
Պիտի շնչե՞մ լիաթոք
Զըվարթությունն անոնց կույս...»:

Բայց բնության հըրճվանքեն
Հույս ու ժպիտ կը քաղեմ.
Լույսեր հանկարծ կը ճեղքեն
Մտածումներս դժխեմ:

Եվ անուրջներ ոսկեզօծ՝
Լուռ՝ մտքիս մեջ կը պարեն,
Դուրս վանելով անոր հոծ
Թուխպը լույսի փապարեն:

1903, հունվար 29,30,31

Յատուկ Երաժշտություն
Թավջութակի կոնցերտ-ռապսոդիա
Արամ Խաչատրյան

Թավջութակի կոնցերտ-ռապսոդիա