Մարո Մարգարյան

Երգ երգի մասին

Թեթևությունըս՝
Թռիչքըս, թափըս,
Խորքերի խորքըս՝
Իմ սիրո չափըս:

Երևի երգը դառը մխալն է,
Սնարցունք լալն է երևի երգը.
Սրտի սուր ցավի
Կծկումն ու ծալն է,
Ինչ ունես հոգում
Սրբազան հավետ
Կրակին տալն է երևի երգը.
Դրսից ամրակող,
Դրսից սառն ու ձիգ,
Ներսից փլելն է երևի երգը.
Կրակների մեջ
Սեփական սրտի
Իրեն վառելն է երևի երգը.
Ու հոգին վառող
Լուռ ցավի համար
Խոսքեր չեն եղել ու բառեր չկան.
Ատամները սեղմ
Ու հոգին քամած,
Ներսիդ ծխերում
Լեզուն կարկամած
Ինքն իր հատակում
Հանգչելն է կամաց՝
Խեղտված լռելն է երևի երգը:

Սովորել ես խոր վերքերիդ,
Դառն երգերիդ սովորել ես.
Դարձած խեղդվող համր գերիդ՝
Դատարկ, իզուր,
Ջուրը թափած
Բարիքներիդ ու բերքերիդ
Սովորել ես:
Փքվել ես լուռ,
Փայլում ես դու,
Թեթև-թեթև քայլում ես դու՝
Հոգուդ խորքում փշուր-փշուր,
Ծանր դերիդ
Սովորել ես։

ԵՐԳ ԻՄ

Դու մենակ իմը՝
Ոչ մոտ ու հեռու
Մի հարազատի,
Ոչ էլ ենթակա
Որևէ դատի,
Ոչ իսկ սուրբ-սրբոց
Իմ զավակինը,
Դու լուռ ծխացող
Իմ արյան գինը:
Ոչինչ ոչ ոքի
Պետք չէ քեզանից.
Ծխա ինձ համար,
Հրկիզվիր, հատիր,
Քո տաք մշուշով
Կյանքս փաթաթիր:
Խենթացող իմ երգ,
Իմ հոգու ծարավ,
Խլացրու դու ինձ՝
Լցրու քեզանով.
Դու իմ փրկարար,
Վատնում իր վարար,
Աշխարհում արար
Դու մենակ իմը:
Միակ որոշս,
Դիրքս, դրոշս,
Միակ հավատս,
Հավատարիմս,
Մեն ու միայնակ
Իմ մտերիմս,
Եվ միայն իմս:
Ինձ հետ ամեն օր,
Ինձ հետ ամենուր,
Երբեք ինձանից
Դու չես հոգնում:
Ամենադաժան
Պահերը տանող,
Խոր անդունդներից
Ինձ երկինք հանող,
Թեթևությունս,
Թռչողքս, թափս,
Խորքերի խորքս,
Իմ սիրո չափս,
Հիմքերս, հունս,
Երկիրս, տունս,
Կորել է քունս...
Կորել է քունս...
Դու այստեղ միայն
Ինձ չես օգնում։

Հենց որ խոցվում,
Հենց որ գոցվում,
Շվար մնում,
Խավար մնում.
Երբ ոչ կածան,
Ոչ արահետ,
Ոչ մի շավիղ
Էլ չի մնում,
Ու ոչ մի լույս
Ոչ մի ելքից,
Երբ գնում եմ
Արդեն ձեռքից.
Գալիս եմ քեզ՝
Իմ սուրբ, իմ երգ,
Գալիս եմ քեզ
Ապավինում,
Բյուրեղներում
Ցոլցլացող,
Իմ լուսեղե՜ն
Աշխարհ երգի:

ԵՐԳ ԻՄ

Իմ միակ ելքս,
Իմ խիղճս, խելքս,
Խոհըս, խոյանքս,
Գութս, գորովս,
Սիրտս, շոյանքս,
Սիրախորովս...
Իմ անխոտորում,
Անթերի, անթեք,
Միակ ընկերս,
Ստրուկս, տերս.
Շուրջս, աշխարհին,
Հողին ու քարին
Ու մթնող հոգուս
Կյանք տվող սերըս:
Բոլոր ծանր ու մութ
Օրերի համար,
Միակ հատուցում,
Դավերի համար,
Ցավերի համար
Միակ նվերըս
Անդավ, մտերիմ,
Իմ լավ բարեկամ,
Դու՝ ընդդեմ բոլոր
Դավերին չկամ,
Ծովերին հոգսի,
Ցավերին չկամ
Փոքրիկ հրաշքդ
Փորձում ես դու դեռ
Ճայթող կրակի
Թելերով գունեղ
Լուսեղ տողերդ
Գործում ես դու դեռ...
Ուրեմըն եղիր,
Երկարիր այդպես,
Վառիր մոմերիդ
Փշուրը վերջին,
Գումարի մի տառ,
Գումարի մի տող,
Կապիր իմ հոգին
Լույսի մի թելով
Սրբությունների
Մատյանին մեր ջինջ...
Քանի ապրում եմ,
Քանի դեռ ես կամ՝
Իմ լավ մտերիմ,
Իմ լույս բարեկամ։

ԵՐԳ ԻՄ

Հազիվ զգում եմ
Անհարկի տողը,
Անտեղի բառը
Հազիվ զգում եմ:
Իմ նյարդերի մեջ
Ով է երգողը,
Իմ երգի ցավը
Հազիվ զգում եմ:
Դու իմ մեն միակ
Հանգրվան ու տուն,
Իմ ուժ անհատնում,
Իմ տկարություն
Նոտագրություն
Իմ դժվար կյանքի,
Ամենախորունկ
Խոսք իմ չգրվող,
Թղթին չհասնող
Կարոտ իմ անգիր.
Կրակի նման
Ներսից ինձ հալող,
Փշրող ինձ անվերջ,
Ծռող ու ծալող.
Կյանքիս երկու կեսն
Անցել է արդեն
Քո բերած դավը
Հազիվ զգում եմ:

Չես ցամաքում, երգի աղբյուր,
Տարիները քեզ չեն դիպչում.
Չես ցամաքում, կարոտ իմ լուռ,
Տարիները քեզ չեն դիպչում:
Բայց եղյամ է իջնում վրաս,
Օդը դառնում է միգամած,
Ինչ եղել է պայծառ ու ջինջ՝
Ճերմակում է շուրջս կամաց:
Լոկ երազներս մանկամիտ,
Երազներս ճերմակ չունեն...
Ախր մարդիկ իմ սիրելի
Ինձ հիմարի տեղ կդնեն...

ԻՄ ՀԱՐԱԶԱՏՆԵՐ

Իմ հարազատներ,
Իմ կյանքին, հոգուն
Ձիրք ու ձև տված,,
Իմ երազներին
Տաք շնչառություն
Եվ անափների
Այսքան խորունկ սեր.
Եվ այս անհանգիստ
Սրտին ձախավեր
Հոգսեր ու ցավեր,
Հոգու ծաղկունքի
Թերթիկներ դալար
Բխումներ վարար
Հույզ ու հիացում
Աշխարհը արար
Սպասումների,
Կարոտների տենդ
Հրդեհներ պահած
Կայծեր սիրախենթ...
Իմ հարազատներ,
Ամեն-ամեն ինչ
Մեր հոգուն տված,
Հուշերից անգամ
Այսքան շուտ չված
Իմ հարազատներ,
Դժվար եմ ապրում՝
Զրկված, ես հավետ,
Ձեր սուրբ գգվանքից,
Ձեր գորովանքից,
Եվ կարոտներից
Ձեր լուսաթաթախ
Եվ ձեր հոգու տաք
Ամենաթանկից,
Դժվար եմ ապրում
Իմ հարազատներ,
Խոցվում եմ հաճախ,
Չեմ խոցում երբեք:
Չեմ կարող ապրել
Անտարբեր ու պաղ,
Աչքս խղճիս դեմ
Չեմ գոցում երբեք:
Տանուլ եմ տալիս,
Չեմ տանում բնավ՝
Չեմ էլ ցանկանում
Ու չեմ էլ ջանում...
Դժվար եմ ապրում,
Բայց իմ այս անհաշտ
Այս դժվար խփող
Տաք սրտի համար,
Որ տանջանք է ողջ,
Մորմոք է համակ,
Երախտապարտ եմ՝
Պարտական եմ ձեզ:
Դուք, որ ինձ տվիք
Ճանաչել վեհը,
Ազնիվն ու բարին,
Եվ հոգու լույսով
Նայել աշխարհին,
Պարտական եմ ձեզ...
Իմ հարազատներ
Թե վշտացրել եմ
Ես ձեզ երբևէ
Քայլով մի սխալ,
Մի վրիպակով,
Ձեր սուրբ անաղարտ
Հիշատակը ինձ
Թող հավերժ ների:
Թող թեթև լինի
Մեր հողը քարոտ
Ձեր շիրիմներին,
Այս այրվող հոգին
Միայն ինձ տված
Հուշերից անգամ
Այդքան շուտ չված
Իմ հարազատներ:

ԿԱՆՉՈՒՄ Է ՔԵԶ...

Ճամփի շրթին
Խոտի մի դեզ,
Պարզ մի խրճիթ,
Մի պատուհան
Կանչում է քեզ,
Կանչում է քեզ...
Մի մասրենի
Սիրակարոտ,
Ճերմակ աղջիկ
Մի սրտակեզ,
Տաք աշխարհից
Քո քարքարոտ
Կանչում է քեզ,
Կանչում է քեզ...
Լավ է աշխարհն
Ու բազմահուն,
Բազմահմայք,
Խոր սիրելի,
Լավ է ամեն
Ճամփա ու տուն,
Բարիքներով,
Բույրերով լի...
Բայց թե խորունկ
Դու սիրես
Փոքրիկ տունը
Քո հայրենի,
Դժվար թե քեզ
Աշխարհի մեջ
Խոր սիրելի
Մի տեղ լինի:
Պարզ մի խրճիթ –
Լույսը վառած,
Քո Սևանի
Ափին թառած,
Մորդ անգին
Պատկերն առած,
Կանչում է քեզ,
Կանչում է քեզ...

Իմ լավ գրքեր դեռ չգրված,
Իմ խոստումներ դեռ չտրված,
Կարոտների ծով անհատակ՝
Իմ ցնորքներ դեռ չցրված...
Դուք այնքան շա՜տ, դուք այնքան շա՜տ
Կյանքը այնքա՜ն փոքրիկ ու կարճ.
Ախ, ձեզ ինչպե՞ս թողնեմ թերի,
Ախ, ձեզ ինչպե՞ս լքեմ անդարձ...
Բացեմ սիրտն իմ միանգամից
Ու փռեմ ձեզ աշխարհով մեկ...
Իմ լավ գրքեր դեռ չգրված,
Իմ խոստումներ դեռ չտրված,
Կարոտների ծով անհատակ՝
Իմ ցնորքներ դեռ չցրված:

ԻՄ ՀԵՌԱՎՈՐ ՃԱՄՓԻ ՎՐԱ

Իմ հեռավոր ճամփի վրա
Դեռ ինչ-որ մի լույս է շողում,
Մի տերև է դեռ դողդողում
Իմ հեռավոր ճամփի վրա:
Դեռ հնչում է անուշ մի երգ,
Բոցկլտում է դեռ մի կրակ,
Բարձրացել է կարոտ մի ձեռք,
Մի թաշկինակ է փողփողում
Իմ հեռավոր ճամփի վրա:
Ինչ լա՜վ է, որ կա դեռ ցնորք,
Սրտի կրակ դեռ կա տալու,
Բարձունքներ կան դեմս գալու,
Կատարներ կան բարձրանալու
Իմ հեռավոր ճամփի վրա:

ՔՈ ԼՈՒՍԵ ՃԱՄՓԻՆ

Քո ճամփին քարեր
Ու քերծեր կային,
Սուր կատարներով
Շուրջդ բոլորած:
Ծաղիկներ հագած
Անդունդներ կային
Հատակները մութ
Անհայտում կորած:
Քո ճամփին լուսե
Հեղեղներ կային՝
Ջրվեժներ ճերմակ
Երազներ դառած,
Աղեղներ կային
Ծիածանների,
Սպասումների
Լուսալիքներով
Ու կարոտներով
Երկինքը վառած։
Եվ սերեր սերեր
Սերեր մարդկային
Գորովներով լի
Արևներով լի
Մութերով հատած
Ու կիսակատար
Քո ճանապարհին
Կատարներ կային
Արևով օծուն
Սառույցով պատած
Լանջերին շուշան
Ու զանգակ ծաղիկ
Արծաթ փշուրներ
Մանկան ծիծաղի:
Ու երգեր կային
Թևածող օդում
Տաք լուսակտոր
Ու արևատառ։
Եվ ապառաժներ
Երկինք ծառացած
Վիշտ ու վրեժից,
Եվ մանուշակներ,
Եվ մանուշակներ,
Ծաղկած դեղձենու
Ճյուղերի վրա
Արցունքներ խեժի:
Եվ բախտավոր ես,
Բախտավոր ես դու,
Որ ընկալում ես
Բոլորի լեզուն:
Ամեն ինչ զգում
Ամեն ինչ տեսնում,
Եվ հասկանում ես,
Որ անմեկնելի
Մի ուժ կա քեզնում
Եվ մնալու է
Այդ ուժը հավետ՝
Աշխարհն ափեափ
Սիրտդ առնելու
Ու սավառներու
Ու սավառնելու
Բոլոր լույսերի
Ու լավերի հետ:
Որ կարող ես դու
Ճախրով հիանալ
Կարոտով լցվել
Ու հոգիանալ
Դեմ գնալ չարին,
Ու նենգին դավել
Եվ չհանդուրժել,
Մերժել ու դրժել
Լաց լինելու չափ
Խնդալ ու ցավել
Պետք չէ քեզ ոչինչ
Սրանից ավել:

Եվ ծիածանի
Փշուրներ ջաղոտ
Եվ ծաղիկների
Թերթեր՝ փայլփլուն
Մնացին հավետ
Հոգուս մութի մեջ,
Անցած օրերից.
Որ մեկիկ-մեկիկ
Առկայծում են լուռ,
Շողարձակում են
Ու հանգչում նորից.
Եվ ինչ որ նշում,
Եվ ինչ, որ հուշում
Անցած օրերից,
Անցած օրերից...
Եվ այս մնաց հենց
Այսքան սերերից.
Ու սիրաշաղախ
Այսքան դերերից
Լույսերից գունեղ,
Ու գորովանքից,
Հոգսերից անթիվ,
Ճիգեր ու ջանքից,
Եվ կարոտների
Խորունկ ծփանքից,
Որ եկան անցան
Հեղեղի նման
Այս մեն, մի հատիկ,
Մինուճար կյանքից:

Նստիր խաղաղ
Ու լույս մանիր,
Ճառագայթներ փաթաթիր դու
Ճախարակիդ...
Ավելացրու երանգները
Ծիածանի
Եվ առ նրան հոգուդ երկնում,
Շրջանակիր կամար-կամար,
Մութն ու մշուշը փարատիր:
Մորմոքել են քեզնից առաջ
Քեզ նմաններ
Քանի՜-քանի՜,
Հույսը դրած երջանկախոս
Գալիքներին...
Մի ենթարկվիր հոգուդ պղտոր
Ալիքներին,
Նստիր խաղաղ
Ու լույս մանիր,
Ճառագայթներ փաթաթիր դու
Ճախարակիդ:

ԻՄ ԼՈՒՍԵ ԵՐԿԻՐ

Իմ լուսե երկիր, իմ բարի աստված,
Ես չեմ երազում
Չար հատուցումներ.
Տուր իմ զավակին երջանկության լույս,
Բոլոր հին ու նոր
Չարիքների տեղ.
Տուր սեր աննկուն զվարթ ու զորեղ
Ու ոչ մի չարիք,
Ոչ մի օտարի.
Բոլոր կողմերում, բոլոր հողմերում
Բոլոր կենդանի արարածներին
Հույզերով հազար վարարածներին
Բեր խաղաղություն.
Դու լույս տուր միայն
Անքեն ու բարի
Աստված դարձրու քեզ պես բոլորին՝
Այն որ քնած է հոգիների մեջ
Այն որ չի կարող վերցնել երբեք
Վրիպում ու վեճ:
Այն առանց որի
Չի եղել ոչ մարդ,
Ոչ էլ մարդկային
Խորունկ պաշտամունք.
Եվ հրաշագործ կամքով քո վերին
Աստղածիրային բարձրությունների
Հասցրու հավետ,
Եվ իմ զավակին այս բոլորի հետ.
Թող հոգսերի մեջ
Կսկիծների տակ
Երբևէ մեկը երբեք չչոքի
Տուր դու բոլորին
Ատոմը ճեղքած ուժն անճեղքելի
Սերերով լեցուն
Բարությամբ օծուն
Եվ տուր բոլորին իրենց սերերի
Անգտանելի անհաս աստծուն
Ջուր դարձրու դու
Ավազ ու մոխիր,
Ժանտ ու մահաբեր
Կուտակուների վազքն այս խելագար
Փրկիր դու հոգնած
Հողագունդն այս ծեր,
Եվ չարածնունդ ուեղների խուլ
Ընթացքը փոխիր:
Ու չար երազը՝ միայն ձախողիր.
Լուռ բարի դու հող, կապույտի խորհուրդ,
Հավատներ բոլոր,
Ժամանակների
Երկնային դու սեր,
Մարդկային դու ուժ, բնության կորով,
Եվ ինչ որ խորունկ,
Դեռ չվերծանված
Անհայտ գոյություն,
Դու մարդկանց սրտի
Գգվանք ու գորով,
Ինչ անուն էլ դու ունենաս հատուկ
Հզոր եզակի,
Թե բազմահոլով
Հզորացիր դու, ինքդ էլ բարձրացիր,
Ճիշտ ու ճշմարիտ պաշտամունք դարձիր
Բարիքներ տալով
Ու երջանկություն՝ փռիր հորդալով։
Իսկ ես նվաստս
Ամենաչնչին,
Որ պահում եմ ինձ խոսքով ու բառով,
Ես տարալուծվեմ այս ամենի մեջ
Ես խնդությունից
Խենթանամ լայով:
Դու լռած իմ հող, բնության ոգի
Իմ բարի աստված ամենակարող:

ՀԱՅԱՊԱՏՈՒՄ

Ես քո փառքին եմ իմ երգը ձոնում,
Դու իմ հորովել սիրող ժողովուրդ.
Դու մաճ ու գութան, ճաղ ու ճախարակ,
Դու հյուսվածք ու թել սիրող ժողովուրդ.
Դու ոսկի շաղախ, կիր ու կավ թափող,
Հնձաններ արդար, կամուրջներ կապող,
Դու ներկ ու նաղաշ, սրինգ ու սափոր,
Գիր ու մագաղաթ պաշտող ժողովուրդ.
Դու հոգով հզոր, դու կամքով ամուր,
Անառիկ բերդի պատի պես համառ,
Բայց բարի երգեր լոկ անձրևեցիր
Քո տաճարներում հազարակամար:
Ուր էլ նետեց քեզ ոճիրն անողոք,
Դու գտար քարեր, գտար մի բուռ հող
Ու խեղճ պանդուխտի պարկի մեջ լքած,
Մի վերջին պատառ հացի փոխարեն,
Քո մատյանները տարար ոսկեկող:
Ուր ոտք դնելու մի տեղ ճարեցիր,
Պատերը շարեցիր, օջախ վառեցիր,
Եվ արվեստները քո սիրաշաղախ
Հրաբխեցիր ու հանճարեցիր։
Հին-հին քարերըդ մատներով մաշած,
Ժայռերի վրա ժանյակներ քաշած,
Դու սրտի խոսքեր ու սեր նաղաշած,
Դու դարեր անվերջ եռացող ու փակ,
Հալոցքը հոգուդ շեկ լեռների տակ,
Կսկիծն անճամփա, կարոտն անհատակ,
Հրաբուխի պես լռող ժողովուրդ:
Կործանումների քո ծուխն ու փոշին
Բռնեցին խորունկ երկինք ու դարեր.
Բայց հանճարներիդ հրդեհը մարել
Ոչ ոսոխներիդ տրվեց մոլեգնած,
Ոչ «պաշտպաններիդ» առավել դավող.
Կեղծավորներից այն դարանակալ,
Եվ ո՞վ մի վայրկյան այրվեց քո ցավով:
Ո՞ւմ են հարկավոր փրփուրներ ճառի
Եվ կարեկցանքի մուրացիկ բառեր՝
Դու քեզնով հզոր, քեզնով անառիկ,
Կործանումներով կռած ու կոփած
Հավատ իմ քարե:
Կոթող չթողեց իր կերպարանքով
Ոչ մի բռնակալ, որքան էլ ջանաց.
Ու կանգնեցիր դու բյուր հազար անգամ,
Ածխակույտերից մարմարդ հանած:
Ու չմարեցին ոչ մի լույս անուն,
Ոչ մի դավադիր դիրք ու դարանից,
Աստղեր ես անվերջ դու շատրվանում
Հոգուդ հինավուրց կրակարանից։
Հավերժ հրաշաղ քո համաստեղով
Քեզ ավագների կարգի մեջ դասած,
Քո մի բուռ տեղով, դժվար ու նեղով,
Ամեն ինչ տարած, ամեն ինչ տեսած.
Մտքի գարունով ու սրտի գեղով,
Շեղ հրթիռներով արևին հասած,
Արևի նման շռայլ ու բարի,
Հոգուդ մեջ բոլոր ափերն աշխարհի,
Առանց խտրության ու խնայելու
Գոհարները քո ցրող ժողովուրդ:
Հիմա հավաքիր, հավաքիր մեկ-մեկ
Գոհարները քո բոլոր թագերից․
Եվ հողագնդի բոլոր ծագերից
Հիմա հավաքիր, հավաքիր մեկ-մեկ,
Քո զավակներին թռչող աշխարհով,
Պեծ-պեծին տալով, կորչող աշխարհով.
Քո զավակներին խեղճ ու թևաբեկ,
Քո սիրուց հալչող, քեզանից կառչող,
Եվ քեզ ուրացող քո զավակներին:
Դու զավակի խենթ, դու որդու գերի,
Մոր պաշտամունքի դու գերաստիճան:
Դու մոր կարոտի ծխացող հնոց,
Աչքդ հեռավոր ճանապարհներին.
Պարզ հաղորդակից սրտաբաց հավետ,
Եվ անմեկնելի անթեղած ու գոց:
Քո հազարագույն, քո հազարաթև
Քարերն արցունքով տաք-տաք ողողած,
Քարե կնիքներ քո ճամփին թողած,
Պատմությունըդ ողջ արյունով տողած,
Իմ քարե դափնի կրող ժողովուրդ:

Խշշում է գետը,
Թշշում է գետը՝
Կռվում է ափի քարերի հետ,
Իսկ բանաստեղծը բառերի հետ է,
Հոգում ծանրացած քարերի հետ է
Տառերի հետ է,
Դարերի հետ:
Խշշում է գետը
Թշշում է գետը,
Կռվում է ափի քարերի հետ,
Իսկ բանաստեղծը ցավերի հետ է,
Երգի երկնքի դավերի հետ է
Սերերի թռչող,
-Կարոտների փակ,
Երազների լույս,
Խոստումների տաք,
Սպասումների
Կույր ցասումների
Հոգու խենթացող ներքնալիքների
Ափերից ելած խելահեղության
Խուլ ինքնափշուր շվար շեղության
Ու չեղած երբեք
Ու չլինելիք
Անհայտ անանուն համաստեղության
Խրթին ու խառնակ խավերի հետ է:
Եվ այդ ամենի մութերից քամած,
Լույսերի հետ է
Լավերի հետ:
Եվ դրա համար, հենց դրա համար
Դժվար է ամեն
Շարժում ու հյուլե,
Չգիտես ով է
Օրերը ձուլել
Դարձրել տարի,
Ու ձգել դարի
Իսկ մարդու կյանքը փշուր պատառի
Իսկ բանաստեղծը
Խելքը կորցրած
Խեղճ անօգնական թղթի ու տառի
Իսկ բանաստեղծը արար աշխարհի
Բոլոր մոլորված ու մենակների,
Բոլոր հին ու նոր ժամանակների,
Օրերի հետ է
Դարերի հետ:
Խշշում է գետը
Թշշում է գետը
Կռվում է ափի քարերի հետ:
Յատուկ Երաժշտություն
Սերենադ
Ղազարոս Սարյան

Սերենադ

Ձմեռ. Երևան, 1971
Ձմեռ. Երևան, 1971
Խաղա առցանց

Աջակցեք մեզ։ Գնեք արվեստի գործերի հիմքով ստեղծված ապրանքները մեր օնլայն խանութից