Լիլ Արամի
Կիսաեփ նոթեր ասֆալտից
Երազիս գնում եմ շնաձուկ տեսնելու, ինչպես Բուենդիայի տղան՝ սառույցի։ Տոմսը երեքուկես է։ Մի քանի րոպեի համար: Էգ է։ Համեմատաբար փոքր, բայց երբ հայտնվում է ոտքերիս արանքում, վախիս հետ չափերն էլ մեծանում են։
Արթնանալիս դժգոհում եմ, որ նույնիսկ երազում ամեն բան թանկ է։ Եղբայրս է գալիս դասերը ստուգելու։ Դարձյալ շարադրություն։ Գլուխս գնում է պարտադրովի բաներից։ Երկու էջի սահմաններում։ Մտքիդ դեմը պատնեշ են դնում, հետո ասում՝ գրելիս ազա՜տ եղեք։
«Հայաստանն ամուսնացավ: Մի քանիսի հետ, որ մեկի թերացման դեպքում մյուսների կողմից հոգատարություն զգա: Փեսաները խորանի առաջ խոստացան տեր լինել Հայաստանին մինչև մահը կբաժանի: Ներկաները ծափահարեցին, մի քանիսը կասկածեցին և հարկավ: Հետո Հայաստանը ամուսինների հետ մեկնեց «մեղրամսի»: Հյուրերից ստացած գումարով որոշել էին տուն կառուցել, ապրել մինչև խոր ծերություն: Մեղրամսից հետո Հայաստանին շատերը տեսան տխուր, մի տեսակ խաբված աչքերով:
-Օգտագործել են,- մի օր կիսվեց հետաքրքրվողներից մեկի հետ:
-Չկա՞ նրանց մեջ մեկն, ով իրոք սիրում է։
-Գուցե, բայց նրանք հետևում են իրար, չեն հասկանում, ոչի՛նչ: Դեռ կհամբերեմ: Գուցե մի օր խելքի գան։
Հայաստանի մասին մի քանի տարի տեղյակ չեղան: Նույնիսկ ամենամտերիմները:
-Երևի ամեն բան հարթվել է, հասկացել են իրար,- ենթադրեց հարսանիքի հյուրերից մեկը:
Բայց բանն այնքան խորացավ, որ Հայաստանին բռնացրին Ամուսնության պալատ գնալիս:
-Դարձյա՞լ ամուսնանալու։
-Ամուսնալուծվելու:
-Ինչպե՞ս թե, կարծում էինք՝ հարմարված կլինես:
-Անկարելի է: Ես ազատ ապրելու իրավունք ունեմ: Հերիք ստորանամ ու ծառայեմ: Նրանց փրկել չի լինի, ուրիշների ազդեցությունը շատ է մեր հարաբերություններում՝ չհաշված այն, որ վերջին շրջանում սկսել են ընդհանրապես հաշիվ չտալ ու տեղյակ չպահել, թե ուր են գնում իմ բոլոր ջանքերն ու մեր ապագա տան համար հավաքած գումարները: Ինձ հետ անկեղծ են միայն խաղատները: Երեկ այնտեղ էի։ Ասացին՝ հիմա ամուսիններիդ տունն այստեղ է, իզուր մի՛ սպասիր, թե կգան։
Հայաստանը բարկացավ ու ապահարզան պահանջեց»,- կարդում եմ, կետադրում ու Արթուրին ճանապարհում դասի։
-Լավ ես գրել, ապրե՛ս,- ասում եմ,- ուսուցիչդ, կարծում եմ, կհավանի: Միայն ես-երին ու ստորադասական նախադասություններին շատ տեղ մի՛ տուր։ Փչացնում են խոսքը։ Մի քիչ էլ մե՛ծ-մե՛ծ գրիր՝ երկու էջը լրանա։
Ի զարմանս ինձ՝ Արթուրն առանց հակառակելու գլխով հա է անում։
-Գնա՛, որ դասից չուշանաս:
Ճանապարհում եմ, մտնում խոհանոց: Թաբուլեն աչքով է անում։ Սառնարանից հանում եմ ուտելու։ Ականջովս ընկնում է՝ Բաղրամյանում ցույց են անում։ Չեմ ուզում ուտել։
-Այսօր իջնենք,- զանգում եմ Անդրանիկին,- կարոտել եմ Էլեկտրիկ Երևանի Բաղրամյանը:
-Դրա՞ համար:
-Դե Սերժի հրաժարականի դեմ է: Խելքս բան չի կտրում: Եթե բոլորը համախմբվեին․․․
Համախմբվում են։
Մեր կառավարությունը ՀՀԿ-ի հետանցքից մի բացթողում էր։ Բնական է՝ դժգոհությամբ պիտի շնչվեր մինչև ազատվելը: Հայաստանն իրոք շատերին գնաց իբրև կին, բայց վերաբերմունքից զուրկ մնաց, ամուսինների աչքը շուտով դուրսն ընկավ, սկսեցին շոյել ուրիշների ամոթույքը՝ գիշերն անամոթաբար գլուխները դնելով նրա ուսին: Երբ սիրուհի-պետությունները դժգոհություն էին հայտնում, Հայաստանի ամուսինները գլուխները կորցրած տնից տանում էին ամեն գոյացածը, փռում ոտքների տակ ու գնահատված ստրուկի պես շարունակում շոյանքի մեջ թպրտալ: Այս էր մեր իրականությունը։
Իսկ հիմա պայքարի 10-րդ օրն է: Հոգնած ենք: Երկուսս էլ: Ես ու Անդրանիկը։ Տասը օր է փողոցներ ենք փակում-բացում։ Չենք հասցնում իրար կարգին սիրել։ Հրապարակում ելույթ է։ Այս անգամ որոշել ենք մարդկանց հետ ծանոթանալ ոտքերից: Նստել ենք հատակին։ Ոտքերից բացի անցուդարձ անողներից բան չի երևում։ Բրենդավորված տաբատները փորձում են շեղել: Նայում ենք ուղիղ, չենք տեսնում կոշիկի ով լինելը, նայում ու պատկերացնում ենք բարձրահասակ քայլողների ջարդվող ճկույթները հոտավետ չինականների ներսում։ Բրենդն էլի հուշում է: Շեղվում ենք: Հետո նայում ենք ծնկներին: Ճկվում են կոր ու բացվում ուղիղ, ճկվում են կոր ու կիասաբացվում, երբ հետևից մեկ ուրիշ ծունկ է խառնվում: Ծնկներից մեկը խոսում է տոթ լինելու, իսկ մյուսը` պայքարը հաղթելու մասին: Մի ծունկը արևածաղիկ է թքում ու այդքանը: Մեկ ուրիշի ծունկը ոգևորությամբ դղրդում է ու շտապում բաց ընկնել տաբատի միջից: Ջինսը ոտքերի վրա ասֆալտ է փռել, իսկ մենք` իբրև հնէաբան, աչքերով փորում ենք նրա ներսն ու գտնում մերկ մարմիններ, որ այնքան սիրուն են պահպանված «ասֆալտի» ներսում։ Պատահում են նաև պատառոտվածները, վերջիններիս ծնկները մեր առջև բացվում են առանց ջանքերի։ Վիրավորվում ենք ու երես թեքում։ Պայքարի ուժը մեզ է հասնում մարդկանց ծնկներով` իբրև մի հաղորդալար վերևի աշխարհից: Մարդիկ կանգնած են, իսկ մեր հոգնածությունը նստած ընկերություն է անում անցուդարձ անող բոլոր ծնկների հետ:
Փողոցային պայքարում ծանոթանում եմ ստվերված կողմերիս հետ։ Սա բարդույթների հաղթահարման հրահանգ է։ Բռնում եմ կողքինիս ձեռքն ու կարևոր չէ, թե ով է։ Բավական է կողքիս լինի, ես էլ՝ իր։
11-րդ օրն Անդրանիկին չեմ հաջողում տեսնել։ Բոլոր փողոցներից հարյուրավոր մարդիկ են հոսում, մեջները խեղդվում ես հաճույքից։ Մի պապիկ բռնում է ձեռքիցս, դարձնում առաջնորդ։ Այժմ ես եմ կարգողը հավասարաչափ «հու»-երի ու կարգախոսների հարցում։ Քայլում ենք, ու արևը մեզ խանձում է հատ-հատ՝ ոչմեկին աչքաթող չանելով։
Քաղցր մարդիկ արկղեր են տեղափոխում հրապարակի մայթերին, հարսանեկան տրամաբանությամբ շպրտում կոնֆենտների մեծ քանակություն։ Ցուցարարներով ծանոթանում ենք կոնֆետի սցենարում։ Մեզնից յուրաքանչյուրը ստեղծում է ներքին մի հերոս, խելագար պայքարողի մի դեր, որ պիտի բեմադրվի անկեղծությամբ, հաղթահարվի ինքնակամ։ Խիստ հետաքրքրված եմ փողոցային տեսակովս։ Մարդիկ էլ հաճույքով ընդունում են իրենց փողոցինը լինելը, փողոցայնությունն, ու սա ամոթ չէ։ Այստեղ նրանք չեն խնայում իրենց բնավորությունները։ Անկեղծ են ու ընդունվող։ Քյարթուն ներկայություն է ապահովում, դեմքիդ տալիս իրականության ապտակը։ Ուզում ես պայքարել իր հետ ու իր դեմ։ Սիրուն է, բնական։ Անչափահասները ցույցից լրջություն ու զգոնություն են հայցում։ Մարմնին չտիրապետողները զգացնել են տալիս ժամանակի սղությունը։ Այսրոպեական է պայքարը դառնում։
Նրանք՝ բոլորը, ցուցարար են, սիրում են կողքին կանգնած ցանկացածին, ժպտում են ու քաղաքացիական անհնազանդության մեջ զգում իրենց կարևորության հատիկը:
Ցույցը հրապարակում չվերջացավ: Հետևիցս եկավ մինչև տուն։ Չփորձեցի ցրել նրան։ Լիքը գունավոր մարդկանցով լեցուն արկեստրայի հետ Ցույցը բռնեց տանս ճանապարհը: Նախ մետրոյում ելույթ ունեցավ։ Վագոնների ներսում։ Բոլորս լուռ էինք, բայց ժպտում էինք ու ներսից աչքով անում: Հետո բացվեցին դռները: Ցույցը ձայնավոր դարձավ: Արկեստրան երգեց ավելի ուշ, քան ձայնը, որ մեխված էր ամենքի ականջին:
Սերժը մերժվեց վագոնում, մերժվեց աստիճաններին ու հետո՝ դրսում: Մեկի ձեռքից տարած դրոշը կապել էի մեջքիս, քիչ սառելու համար: Դրսում սկսել էր ցրտել: Ցուցարարներից շատերն անցան մեքենաներին։ Ձայնային ազդանշանները ողողեցին տանս փողոցը։ Վարորդներն ինձ որսացին իրբև քայլելու մեջ միայնակ ցուցարարի, ում առաջ պարտավոր էին կիսվել բարձր` աղմկոտ ազդանշանով, ում պիտի բարեկամաբար ձեռք մեկնեին`վստահեցնելով՝ հետս են: Հետո Ցույցին մի անգամ էլ պատահեցի։ Պատշգամբում։ Տնային տնտեսուհինը բողոքի ակցիան այստեղ էին իրականացնում։ Երեկոյան տասնմեկը հայտարարվել էր շերեփով և կաթսայի խուփերով աղմկելու ժամ։ Ընդդեմ քաղաքական շերեփուկների։ Հարմոնիկ բողոքն ամենուր էր։
Հիմա ես իրար եմ զարկում իմ տան բոլոր կափարիչներն ու գզում ինձ իբրև անհնազանդ թմբկահար, որը չի այցելել համաժողովրդական պայքարի որևէ փորձի, բայց ելույթ է ունենում հստակ, իր տեղում ու չի սատարում այս բաց բեմից հնչող երաժշտության խաբանմանը։
Մենք հաջողում ենք։ Սերժը հրաժարական է տալիս։ Անդրանիկն ինձ իր գիրկն է առնում։ Աշխարհի երջանիկն եմ։ Չորս կողմս ժողովուրդն է։ Գոռում է, չի հավատում ու լաց է լինում։ Հավատում է՝ ավելի է գոռում ու լաց լինում։ Միայն ես եմ՝ գրկել եմ Անդրանիկին, ժպտում եմ։ Ուզում եմ ամուսնանալ հետը։ Հենց հիմա։ Այս քրտնահոտ պայքարի ներսում։ Հյուրերը կան, առիթն էլ։ Դժվարանում եմ հասնել բեմ։ Անհաշիվ մարդ կա։ Գերադասում եմ մնալ գրկում, վայելել զգացողության պատմական այս տեսակը, որը էլ երբեք չի պատահելու։
Մենք, ճիշտ է, կարոտում ենք ասֆալտը, բայց թափ ենք տալիս պայքարի մասին պատմող փոշին ու գնում ապրելու Ամենահայաստանում։
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Գեորգի Գյուրջիև
Քրիստոսի Հարությունը
Պայքար․ Հագուստներ․ 1990
Խաղա առցանց