Լիլ Արամի

Ինքնատարկետում

Մի տարի առաջ էլի օգոստոս էր։ Շոգն էլի վրա էր տվել։ Հուլիսի վերջին դուրս շպրտեցին մի վարձով տնից: Լավ եղավ։ Տեղադիրքը սրտովս չէր։ Իրերի տեղափոխման համար բեռնատար կանչեցինք։ Վարորդը մկանուտ, բայց դեմքին կնճիռ ունեցողներից էր։ Սիրահարվելը բացառեցինք, բայց մահճակալն ու ընկերներիս պահարանն իսկական նրա բռնելու բանն էր։ Հրաժարվեց։ Այս օրն անասելի բանվորացանք։

Մի օրվա մեջ տուն գտանք, թաղի ջահելությանն ու ննջասենյակները բաժանեցինք «իմ ու քո»-ի, սրբեցինք նախորդ տնվորների թողած փոշին ու փռեցինք մերը։ Առաջին շաբաթում տուն չէինք մտնում։ Գիշերվա հազարին գալիս էինք գործից, կանգնում դարպասի մոտ, մերժողաբար նայում աստիճաններին ու մթության մեջ հաստատում հոգիների գոյությունը։ Երկրորդ շաբաթում օգնության եկան տղա ընկերներս։ Գալիս-հսկում էին հյուրասենյակում, որ գլուխներս հանգիստ բարձին դնենք։

Մի տարի առաջ էլի օգոստոս էր։ Նկուղից հասցրել էի ճանկել մի կարմիր ներկ ու մխտռել սենյակիս պատուհանները։ Ու մի տարի առաջ էր, որ հարսնաքուր էի։ Փակված էի մնացել տանն ու առաջին անգամ ԱԻՆ-ի կարիքն ունեի։ Բաղնիքի սառը ջուրը մարմին ապտակելու հակում ուներ։ Սթափեցնող կաթլների մրցավազքի մեկնարկը կողտոտ գլխից էր մինչև քրտնաթոր ոտնաթաթի ավարտը։ Ստիպված ծիծաղելով էինք լողանում։ Անցած օգոստոսին մեր նոր տան բակում հարակից շենքից շպրտված բիչոկներ էին վխտում։ Սառնարանը դեռ չէի լվացել, ու տանը, ստիպված, ֆասթ ֆուդ էինք ուտում։

Մի տարի առաջ էլի օգոստոս էր։ Օրերով հարբում էի ու շփվում մի հայուգեն շանտղու հետ։ Անտանելի բնավորություն ուներ ու վրայից թանձր քրտնահոտ էր բուրում։ Շոգին էջերով գրում էի ու հետո՝ հովին, փոշմանում։ Շոգ էր ու մոծակոտ։ Շեղվել էր պետք։

Մի տարի առաջ էլի օգոստոս էր։ Անհայտ ծագումնաբանությամբ մի խալի գցում էինք բակում՝ կես մետրանոց հայաթի վրա, ոտքներս խաչում ու խմում առիթներից տանը կուտակված շշերից։ Թաղի երեխաներին զոռով էինք բերում տանը սիրելու։ Լաց էին լինում ու վազում դուրս։

Հիմա օգոստոս է։ Մի տարի հետո։ Շոգը թեթև է գնում։ Տնից գրեթե դուրս չենք գալիս։ Հարևանի երեխաներն առանց թույլտվության մտնում են տուն։ Դժվարությամբ ենք դուրս անում։ Մի տարի է՝ բակում բիչոկների պակաս կա․ շենքի բնակիչներն ինձ լավ գիտեն։ Բաղնիքում ջուրը եռռում է շոգից, լողանալ չի լինում։ Հյուրասենյակի լույսը երկու ամիս է՝ վառվել է։ Չենք դժգոհում մթից։ Մեր ելումուտն անկաշկանդ է։ Սառնարանում ասեղ գցելու տեղ չկա։ Չի ուտվում։

Հիմա էլ պակաս հարբեցող չենք։ Դրսում խալու փոխարեն բարձ ենք դնում և պարզապես փոխում խմելու շարժառիթը։ Հիմա ամեն բան կենացոտ է թվում։ Օրերով խմում ենք մորուքավոր մի տղայի հետ։ Իրեն էլ առիթ չունեցանք բաժանելու «իմ ու քո»-ի։ Միանգամից ինձ բաժին հասավ։

Բայց սա ընդամենն օգոստոսն է։

Յատուկ Երաժշտություն
Վերհիշելով
Դավիթ Բալասանյան

Վերհիշելով

Աշնանային այգի
Աշնանային այգի
Խաղա առցանց